Այսօր ազատամարտիկ, պահեստազորի սպա, կապիտան Արթուր Եղիազարյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ սահմանին ադրբեջանական ագրեսիային, նաև ՊՆ հաղորդագրություններին: Նրա խոսքով` վերջին շրջանում, բացի ինքնաձիգներով գնդակոծություններից, արդեն կրակային այլ միջոցների է դիմում Ադրբեջանը` դրանով իսկ խաբկանք ստեղծելով, թե իբր ցուցադրում են իրենց գերազանցությունը:
«Ադրբեջանական հանրությունը սխալ է ինֆորմացված, նրանք հիմնականում իրենց զոհերի թիվը թաքցնում են` ստեղծելով տպավորություն, թե իրենք համարյա զոհ չեն տալիս, և հայկական կողմն է պարբերաբար զոհեր տալիս: Վերջին օրերին մեր կողմից Ադրբեջան փախուստի դիմած անձնավորությունն ավելի շատ ադրբեջանական իշխանություններին էր պետք, որ իր հանրությանը ցույց տա, թե Հայաստանի պայքարող «ակտիվիստը» ինչպես է նկարագրում այստեղի վիճակը: Այսինքն` Ադրբեջանը փորձում է իր հանրության մոտ գերազանցության տպավորություն ստեղծել: Իսկ ադրբեջանական հանրությունը պատրաստ չէ պատերազմի և չի ցանկանում պատերազմ»,- ասաց Արթուր Եղիազարյանը:
Անդրադառնալով հայկական կողմի որդեգրած ռազմավարությանը` նա կարծիք հայտնեց, որ հայկական կողմը ոչ թե զգուշավորություն է ցուցաբերում, այլ ավելի ճիշտ է մոտենում բանակցային գործընթացին, քանի որ հայկական կողմը իսկապես ցանկանում է խաղաղություն:
Ադրբեջանական կողմի մոտեցումները մի քիչ այլ են` ըստ Եղիազարյանի, և հենց բանակցային գործընթացների ժամանակ են նրանք դիմում նման գործողությունների, որովհետև բանակցային գործընթացներում նրանք հիմնականում տանուլ են տալիս:
Անդրադառնալով ՀՀ ՊՆ հաղորդագրությանը, ըստ որի` հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը, Արթուր Եղիազարյանը ասաց. «Հայաստանի պաշտպանության նախարարության նման մոտեցումները շատ ճիշտ են, դա վաղուց պետք է արվեր: Դա չի նշանակում` լայնամասշտաբ պատերազմի ենք անցնում: Թեև, եթե անկեղծ ասեմ, արդեն վերապահումով ես մոտենում` արժե՞, թե՞ չարժե գնալ լայնամասշտաբ գործողությունների, որովհետև, եթե տարիների կտրվածքով ես նայում նման միջադեպերին և զոհերի թվին, ապա ինչո՞վ են այսքան տարիները զիջում բուն 90-ականների սկզբի պատերազմական գործողությունների ցուցանիշներին, զոհերի թվին: Ու ինչքա՞ն է սա շարունակվելու` այս տեմպով զոհեր տալը: Մեկ-մեկ, որ ասում ենք` կներքաշվենք պատերազմի մեջ, ախր պատերազմը չի ավարտվել, որ սկսվի, սա ուղղակի պայմանական հրադադար է, որն օրեցօր ավելի է խախտվում, և այսօր լոկալ պատերազմի մեջ ենք` ամեն օր ինչ-որ հատվածում, հատկապես` անցած տարվանից սկսած»:
Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք ադրբեջանական ագրեսիան կապ ունի արտգործնախարարների հանդիպման կամ նախագահների հավանական հանդիպման հետ, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ միայն այդ հանդիպումներով չի պայմանավորված այդ ագրեսիան, թեև նման հանդիպումներից առաջ Ադրբեջանը նույնատիպ ձեռագիր է ձեռք բերել:
Արթուր Եղիազարյանը հավելեց, որ ինքը լուրջ ակնկալիք չունի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպումից: «Պետք է արդեն ոչնչացնել այն կետերը, որտեղից խոցում են մեզ: Եվ արդեն նրանց իշխանությունները չեն կարող թաքցնել ամեն ինչ, ինչն էլ կհարուցի ադրբեջանական հանրության դժգոհությունը: Կարելի է ասել, որ մենք սրանով կպաշտպանենք նաև Ադրբեջանի ժողովրդին ապագա պատերազմի մեջ ներքաշվելուց, որովհետև եթե այսօր նման հարվածներ չտանք, ապա հետո` լայնամասշտաբ գործողությունների ժամանակ, նրանք 1000-ներով են զոհեր տալու: Սա ոչ թե համարժեք հակահարված է, այլ` նրանց մոտեցումները, նրանց ձեռագիրը փոխելու հակահարված: Նրանք պետք է հասկանան, որ այլևս չարժե խփել հայկական սահմանին, պետք է հասկանան, որ եթե իրենք խփեն, ավելի վատ հետևանքներ են ունենալու»,- ասաց Արթուր Եղիազարյանը:
http://www.yerkir.am