09 ՕԳՈՍՏՈՍ 2018 – ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ:
Վեր կաց, հայ մարդ.
Վեր կաց եւ մօտեցիր տանդ գրադարանին (եթէ ունես). փնտրիր այդտեղ եւ գտի՛ր հին գրքերդ: Գտիր Բոլշեւիկեան հակադաշնակցականութեան ամենէն հաստ հատորներդ, եւ թափէ՛ վերջապէս, հեռացո՛ւր այդ աղբը քեզի յաջորդող սերունդների աչքից և ուղեղից:
Դու չե՞ս ամաչում. չե՞ս ամաչում պատմութիւնից: Քո մէջ վաղուց սատկած ազգային բջիջը քեզ չի՞ հալածում ուրվականի նման: Ո՞նց ես կարողանում գիշերը գլուխդ դնել բարձին, երբ Նժդեհն ու Անդրանիկը, որոնց «գովում էիր» այսօր Facebook-ում, «օրհնում են» քեզ, որովհետեւ նոյն դո՛ւն էիր, որ այսօր հայհոյում էիր Արամին, հայհոյում էիր Առաջին հանրապետութեան, հայհոյում էիր «դաշնակների կառավարութեան»:
Մակարդա՞կ է, տգիտութի՞ւն. ի՞նչ բանի չափանիշ է այն՝ որ ցոյց ես տալիս ամէն օր մի հարթակում, որտեղ մի օր, կարող են յանկարծ քո իսկ զաւակները տեսնեն այն ինչ գրել ես, տեսնեն լեզուիդ «անուշութիւնն» ու մտքիդ «թռիչքները»:
Չե՞ս մտածում, որ Դաշնակցութեան դէմ արձակուած այդ լեզուները ամենայն «անուշութեամբ» իրենք են պապանձուել առաջինը, ու միայն իրենք են որ չեն յիշւում պատմութեան մէջ: Չե՞ս մտածում, որ այդ մտքերդ, որ թռցնում ես այստեղ ու այնտեղ Դաշնակցութեան դէմ, չի՛ հասնում նոյնիսկ այն բարձրութեան, որի վրայ հենց ինքը՝ անանձնաւորուած ու անձնապաշտութեան հոգեբանութիւնը վաղուց ճզմած Դաշնակցութիւնն է, որ բազմած է իր վեհութեամբ:
Մոլորուել ես հայ մարդ, եւ ի տարբերութիւն այն բոլոր մոլորեալներին ովքեր լո՛յս են փնտրում, դու փորձում ես քո հետ սերունդները մոլորեցնել: Ինչու՞ ես ուզում շարունակել ազգը բաժանելու ցարական ու սուլթանական «առաքելութիւնը». ինչո՞ւ ես ուզում յաջորդ սերունդն էլ ծնուի բաժանուած՝ «մեր» եւ «ձեր»-ով:
«Բարձրաձայն» գրում ես, որ նախկին «դաշնակցականներ» չեն լինում, բայց երբ հերթը գալիս է նոյն Նժդեհին ու Անդրանիկին (եւ շատերին…) ամենայն տգիտութեամբ, քո կեղծուած փաստաթղթերով ու ծիծաղելի «փաստարկներով» փորձում ես համոզել, որ անոնք «Դաշնակ» չեն եղել, իսկ ի՞նչ են եղել, Բոլշեւի՞կ. թէ՞ արդէն նոր Հայաստանի չափանիշներով՝ «դուխով» են եղել:
Եթէ առաջին հորդորս չհուզեց քեզ, սիրով կրկնեմ հեշտութեամբ եւ կոչ անեմ, որ թեթեւացնե՛ս գրադարանդ ու մտային պաշար-աղբդ Բոլշեւիկեան կեղծիքներից: Թերեւս անոնք «անուշ լեզու» չունէին քո նման, բայց իրենց մօտ էլ, շատ լաւ էր ստացվում հակադաշնակցական «մտային թռիչքները», ու այնքան թռան, այնքա՜ն բարձրացան, որ այսօր պարզապէս չկան… Ես անձամբ նրանց յիշում եմ միայն այն ժամանակ, երբ կառավարութեան շէնքի դիմացից անցնելիս պատահական նայում եմ վեր ու տեսնում եմ անոնց մուրճն ու մանգաղը… պահում ենք դրանք… ոնց որ ձեր համար պահած լինի: Երեւի մի անլուսին գիշեր, երբ ձեր քնի մէջ քայելելու սկսէք, այդտեղ գնաք առաջինը՝ ձեր հակադաշնակցական երազներին համար նոր եռանգներով հաղորդուելու: Դա մեր պատմութիւնն է. այո՜, եւ ինչպէ՞ս… մուրճն ու մանգաղն էք յիշում դուք եւ երանի՜ էք տալիս այդ օրերին. իսկ ես երբ տեսնում եմ դրանք, Իսահակեանի տողերն եմ յիշում եւ պատմութիւնը՝ ուր անոնք մուրճն էին, իսկ պետութիւնը հիմնած Դաշնակցականները զնդանում… անոնք մանգաղն էին, իսկ Համազասպները մորթուած մի ուրիշ զնդանում…:
«Մեզ» Ապրիլ 24-ն էք յիշեցնում… մեղադրում էք «Երիտասարդ Թուրքերի» հետ համագործակցութեան համար ու հայհոյում: Նոյն արեւելահայ ու արեւմտահայի մտածելակերպով այպանո՛ւմ էք ու անյարգում մի կուսակցութեան, որի գաղափարական դրօշակակիրներն էին այն օրերի մտաւորականութեան ամէնայայտնի ներկայացուցիչները՝ Սիամանթոյի, Գրիգոր Զոհրապի, Դանիէլ Վարուժանի ու Ռուբէն Սեւակի նմանները: Յիշե՞նք միասին երբ եւ ինչպէս նահատակուեցին անոնք. Եւ ապա յիշե՞նք ձեր «թռիչքներէն» մէկը՝ որ լկտիաբար ասում է «ամէնալաւ դաշնակը մեռած դաշնակն է»…
Դու նոյն այդ մտայնութեամբ այսօր անյարգում ես ազգիդ միասնութիւնը. դու առիթը բաց չե՛ս թողնում հայհոյելու Արցախում ծնուած Հային, առիթը բաց չե՛ս թողնում շահագործելու Սիրիայում ծնուած բայց Հայրենիք փոխադրուած Հային, թալանելու իր իսկ Հայրենիքը տեսնելու եկած Ամերիկայում ծնուած Հային: Իսկ կարո՞ղ է մի օր, բոլորդ հաւաքուէք, գաք ու մեր հետ միասին, Ամերիկայից մինչեւ Արցախ, Հալէպից մինչեւ Ֆրանսիա եւ հեռաւոր Ուրուկուէյներ հաշւենք թէ քանի կուսակցականներ ենք ունեցել 128 տարւայ մէջ… արդեո՞ք կը հաշւուի: Գիտէ՞ք այդքան հայհոյանք:
«Դաշնակցութիւնից միայն փետուրն է մնացել, այն էլ քամին կը տանի»: Այս էլ մէկ ա՜յլ մտային թռիչք. հոյակա՜պ… պարզապէս հիանալի: Վիրաւորական չընկալէք երբէք… բայց պէտք է համեստաբար իրականութիւնը յայտնեմ ձեզ, թէ երբ Դաշնակցութիւնը իր դրօշի վրայ փետուր էր դնում, իր հայրական բազուկների տակ մտած ու իր «որդեգրած» զաւակների կէսից առաւել լեռներում էին… այդտեղ էին նաեւ ձեր նախնիները. պարզապէս պատահականութեան սկզբունքով այդտեղ՝ լեռներում, ինչ որ գիւղում… ձեր նախնիները իրենց համրացած լեզուներով ու կոյր դանակով ոչխա՛ր էին մորթում թուրքերի ոտքերի տակ: Դա բոլորիս դժբախտութիւնն է, որ անզօր էր ժողովուրդը, անզօ՛ր էր գիւղացին… բայց յաջորդ գիշերը իսկ անո՛նք էին, նոյն այդ ձեր նախնիները, ովքեր «ղաչախճիներին» վռնտում էին իրենց գիւղերից, իրենց համրացած լեզունե՛րն էին թրջում իրենց գոյութիւնը ապահովագրելու եկած ֆէդայիներու դէմքին: Հայհոյո՛ւմ էին այդ նուիրեալներին, երբ անոնց ձիերի սմաբկների ձայնը սկսում էր արդէն հեռուից գալ…: Այո, միայն փետուրն է մնացել Դաշնակցութիւնից. բայց մենք մեր այդ փետուրը չե՛նք օգտագործում մատնութեան ու ազգադաւութեան… մենք մեր փետուրը օտարի թանաքով երբէք չե՛նք թրջել ազգի պատմութիւնը գրելու պահին: Այդքան կա՞րճ է յիշողութիւնդ հայ մարդ. չե՞ս յիշում, երբ նորօրեայ գրագրութիւններն ու անոր գործիքները (Facebook-ն ու բոլոր նմանատիպ հարթակները) ձեզի յանձնած 2016 թուականի Ապրիլի 2-ի առաւօտից, Դաշնակցութիւնը Արցախի պաշտպանական դիրքերում էր մինչեւ Մայիսի կէս… իսկ դու տանը նստած, ստեղնաշարը մատներուդ տակ կամ «փետուր» մը ձեռքիդ, հայհոյում էիր «կոալիցիա մտած դաշնակներին»: Թէ՜… դու մտածում ես դեռ, որ «դրսի դաշնակներն ուրիշ են». ուրիշ են այո: Ուրիշ են այնքանով, որքանով որ չեն տեսնում ձեր հայհոյանքները Դաշնակցութեան հասցէին, որքան «ներսի դաշնակները»: Իսկ «դրսի» ու «ներսի» Դաշնակները տարբեր են իրարից այնքանով, որքանով Մայիսի կէսին Թալիշից վերադարձած տղերքը, Յունիսի կէսին Երեւանի եկեղեցիներից մէկում, խո՛ւնկ էին ծխում օրեր առաջ նահատակուած Հալէպի հայկական թաղամասերի ինքնապաշտպանութեան նահատակուած ղեկավար Ռաֆֆի Պչաքճեանի պայքարող հոգու խաղաղութեան ու պայթած մարմնի հանգստութեան համար:
Ե՞րբ հայ մարդ. Ե՞րբ ես պատրաստվում չխառնել քաղաքականութիւնը, դիւանագիտութիւնը, ազգասիրութիւնը, պատմութիւնն ու հայրենիքի անվտանգութիւնը իրար: Ե՞րբ ես պատրաստվում չ-մանվելացնել բոլոր Էջմիածինցիներին, չ-քոչարեանացնել ամբողջ Արցախահայութիւնը, չ-միասեռականացնել Ամերիկայի հայութեան, եւ վերջապէս ահաբեկիչ տեսածի զարմանքով չնայել մօրուքաւոր Սփիւռքահային…:
128 տարուայ մէջ հարիւրաւոր սահմանային ընդհարումներ, գիւղական ու գաւառական բախումներ, տասնեակ միջ-պետական եւ ներազգային հակամարտութիւններ ու կոտորածներ, նեղ ու լայն, անլոյս ու արեւկոտ խուցեր ունեցող բանտեր, երկու համաշխարհային, սառը, տաք ու պաղ, անտառային, լեռնային ու անապատային պատերազմներ տեսած երկրներու մէջ ներկայ գտնուած Դաշնակցութեան դէմ, այսօր, հարիւրաւոր «հայրենիքի նուիրեալներ» բազմազան գույներով հարիւրաւոր հայհոյանքներ են հնչեցնում: Ի՞նչ ըսեմ… կարծես «Երիտ-թուրքերու» հետ Դաշնակցութեան համագործակցութեան համար, ընդդիմադիր Համիդականներու վրէժն են ուզում առնեն…:
Տղե՛րք, մենք դեռ բոլորիս հայրերին պատկանող լեռներում կորած մեր զինւորների յստակ թիւը չգիտենք… մենք մեր նահատակների ամբողջական ցանկ տակաւին չունենք. իսկ եթէ ունենանք մի օր, յոյսով եմ մինչ այդ նոր թուաբանական հնարքները հնարաւորութիւն կու տան հեշտութեա՛մբ հաշուել ու թուարկել անոնց անունները…: Կը հրապարակենք այդ ալ, անո՛նց ալ հայհոյէք. Չէ՞ որ անոնք մեռած են լինելու… անոնք «լաւ դաշնակներից» կլինեն:
Սիրելի ընթերցող.
Եթէ մտածում ես այս ամբողջ յօդուածը «էժանագոյն» յօդուած է եւ հերթական «դաշնակ» մըն եմ, ով ժամանակդ խլեց ու գլուխդ կերաւ… առաջարկում եմ քեզ, մեր համար մի ազգանուէր յօոդւած գրես իսկ մենք կարդանք. Կարծում եմ արդէն գիտես որքան «դաշնակներ» իրենք իրենց «գլուխն են կերել», որի պատճառով դու կարողութիւնը ունես յօդուած գրելու… մենք էլ՝ ողջերս, մեր սովորած ազգասիրութիւնը գերազանցութեան հասցնելու համար այնքա՜ն ժամանակ ունենք…: Միայն մէկ խնդրանք, հայհոյանքը քիչ, թերեւս զաւակներդ կարդան մի օր, ու համրացած նախնիներիդ թուրքի ոտքերի տակ ոչխար մորթելու տեսարանը էլ երբէք չանհետանայ անոնց մտքի հորիզոններից…:
08.08.2018
Կեդրոն, Երեւան
Սեւակ Արոյեան
yerkir.am/news/view/155095.html