10 ՕԳՈՍՏՈՍ 2018 – aniarc.am:
Յուրաքանչյուր օգոստոսի 10-ին հայ պատմաբանները, ուսումնասիրողները հիշում ու հիշեցնում են, որ 1920 թվականի այդ օրը հայկական պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ ստորագրել է Սևրի դաշնագիրը, որի իրագործման դեպքում Հայաստանը կունենար 160 հազար քառակուսի կիլոմետր տարածքով հանրապետություն:
Դիվանագիտական հաղթանակ համարվող Սևրից շաբաթներ անց թուրք քեմալականները ներխուժեցին Հայաստան, գրավեցին Կարսի մարզն ու Սուրմալուն, Ալեքսանդրապոլը և Շիրակի դաշտավայրը: Դեկտեմբերի 2-ին Սիմոն Վրացյանի կառավարությունը առանց դիմադրության իշխանությունը փոխանցեց Բաքվում ձևավորված և Երևան հասած բոլշևիկյան Հայհեղկոմին՝ Սարգիս Կասյանի գլխավորությամբ:
1920-ի օգոստոսի 10-ին Հայաստանի կյանքում տեղի ունեցավ մեկ այլ իրադարձություն, որը հիշելը կարծես այնքան էլ ձեռնտու չէ: Խոսքը Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև համաձայնագրի մասին է, որը Թիֆլիսում ստորագրեցին, մի կողմից՝ Արտաշես Բաբալյանը և Արշակ Ջամալյանը, մյուս կողմից՝ Բորիս Լեգրանը:
Այս համաձայնագրի ամենից կարևոր կետը հետևյալն էր՝ «Ռուսաստանի զորքերի կողմից գրավվում են վիճելի մարզերը՝ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը»:
Փաստաթղթում, որը հայ-ռուսական առաջին համաձայնագիրն է, ասվում էր նաև, որ «խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը, Ռուսաստանը ժամանակավոր գրավումով մտադիր էր բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարածքային վեճերը խաղաղ լուծելու համար այն հիմքերով, որոնք սահմանվելու են Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենամոտ ապագայում ստորագրվելիք խաղաղության պայմանագրով»:
Հետագա տարիների իրադարձությունները ցույց տվեցին, թե ինչպես Մոսկվան լուծեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի երեք շրջանների պատկանելության հարցը. Նախիջևանը և Արցախը՝ Խորհրդային Ադրբեջանին, Զանգեզուրը՝ Խորհրդային Հայաստանին: Ընդ որում, դժվար է ասել, թե ինչ ճակատագիր կունենար Զանգեզուրը, եթե չլինեին բոլշևիկների դեմ կռիվները 1920-1921 թթ․՝ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ, եթե չլիներ Ալեքսանդր Մյասնիկյանը:
Ինչո՞ւ հայ-ռուսական համաձայնագիրը ստորագրվեց Թիֆլիսում
Ինչո՞ւ հայ-ռուսական առաջին համաձայնագիրը ստորագրվեց Թիֆլիսում՝ Վրաստանում, որը անկախ էր և դեռ չէր խորհրդայնացվել, ինչպես Հայաստանը:
1920 թ. մայիսի սկզբին հայկական պատվիրակությունը մեկնել էր Մոսկվա` խորհրդային իշխանությունների հետ բանակցություններ վարելու և բարեկամական դաշինք կնքելու նպատակով: Պատվիրակությանը, որի ղեկավարը խորհրդարանի փոխնախագահ Լևոն Շանթն էր, տրվեցին մի քանի հրահանգներ. Խորհրդային Ռուսաստանը պետք է ճանաչի Հայաստանի անկախությունը` ընդունելով ՀՀ-ի սահմաններում Ղարաբաղն ու Գյուլիստանը, գոնե սկզբունքով ընդունի թուրքահայ հողերի կցումը Հայաստանին, չմիջամտի Հայաստանի ներքին գործերին:
Շանթի պատվիրակությանը տրվել էին հրահանգներ, որոնց իրագործումը, կարել է ասել, անհնար էր: Նաև այն պատճառով, որ 1920-ի ապրիլի 28-ին Ադրբեջանը խորհրդայնացվել էր և դարձել Ռուսաստանի դաշնակիցը: Ռուսաստանի մյուս դաշնակիցը Մուստաֆա Քեմալն էր:
Հայ-ռուսական բանակցությունները Մոսկվայում ընթանում էին շատ դանդաղ: Պատճառները տարբեր էին: Ռուսները այդ նույն ժամանակահատվածում բանակցում էին իրենց դաշնակիցներ Ադրբեջանի և քեմալականների հետ: Հայաստանը տարածքային խնդիրներ ուներ Ռուսաստանի այս երկու դաշնակիցների հետ: Շանթի պատվիրակությունը Մոսկվայում ռուսական կողմի հետ որևէ պայմանագիր չստորագրեց և օգոստոսի կեսերին վերադարձավ Հայաստան: Այս նույն ժամանակահատվածում՝ հուլիսի կեսերից հետո, Կովկասում Ռուսաստանի լիազոր Բորիս Լեգրանի պատվիրակությունը շարժվեց դեպի Երևան:
Հայաստանի Բյուրո-կառավարությունը, սակայն, արգելեց Լեգրանի պատվիրակության մուտքը` առարկելով, որ տիրող պայմաններում նա իր խմբով Ռուսաստանի պաշտոնական պատվիրակություն չի կարող համարվել: Լեգրանին ցույց տված վերաբերմունքից անհանգստացած` Թիֆլիսում Հայաստանի դեսպան Տիգրան Բեկզադյանը դիմում է Վրաստանի կառավարությանը` Լեգրանին Թիֆլիս հրավիրելու:
Հուլիսի 29-ին Լեգրանը Թիֆլիսից հեռագրել էր Երևան և խորհուրդ տվել` չսպասելով Շանթի վերադարձին` բանակցությունները վերսկսել: Ահա այսպես որոշվում է Լեգրանի հետ հանդիպել Թիֆլիսում: Հայաստանի կառավարությունը, ռուսական կողմի՝ Չիչերինի առաջարկած համեմատաբար նպաստավոր պայմաններով չբավարարված, ստիպված էր շուտափույթ կնքել ավելի նվաստացուցիչ համաձայնագիր, ինչպիսին էր օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագիրը:
Հետագայում Հայաստանի Հանրապետության բազմաթիվ բարձրաստիճան գործիչներ գրեցին, որ չպետք էր տարվել Սևրի շլացնող խոստումներով և փորձել ցավալի փոխզիջումներով լեզու գտնել բոլշևիկների ու քեմալականների հետ, որոնց համատեղ հարվածների ու սպառնալիքների տակ Հայաստանը կորցրեց տարածքներ, իսկ 1920-ի դեկտեմբերի 2-ին՝ խորհրդայանցվեց:
Թաթուլ Հակոբյան
ՍիվիլՆեթ
aniarc.am/2018/08/10/august-10-armeno-russian-agreement-10-august-1920-civilnet/