«Ծովից ծով» Հայաստան. որտեղից ծնունդ առավ աշխարհակալական այս ապշեցուցիչ պահանջը

10 ՕԳՈՍՏՈՍ 2018 – aniarc.am:

Հատված Հովհաննես Քաջազնունու՝ 1923թ. ապրիլին Հ. Յ. Դաշնակցության արտասահմանյան մարմինների խորհրդաժողովին ներկայացրած զեկուցագրից

1919թ. գարնանը Փարիզում հանրապետության պատվիրակությունը, Ազգային պատվիրակության հետ միասին, դաշնակից մեծ պետություններին ներկայացրեց մի հուշահիր՝ մեր պահանջները Խաղաղության համաժողովից:

Ըստ այդ հուշագրի, հայ պետության սահմանների մեջ պիտի առնվեին.

ա) Անդրկովկասյան Հանրապետությունը ընդլայնված սահմաններով (Երևանյան նահանգը ամբողջովին, Կարսի շրջանը առանց Արդահանի հյուսիսային մասի, Թիֆլիսի նահանգի հարավային կեսը, Գանձակ նահանգի հարավ-արևմտյան մասը):

բ) Թուրքահայաստանի յոթ վիլայեթները (Վան, Բաղեշ, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա, Կարին ու Տրապիզոն՝ դուրս ձգելով միայն Դիարբեքիրի հարավային և Սեբաստիայի արևմտյան շրջանները):

գ) Կիլիկիայի չորս սանջակները (Մարաշ, Սիս, Ջեբել-Բերեքեթ ու Ադանա՝ Ալեքսանդրետով):
Ծրագրվում էր ու պահանջվում մի լայնատարած պետություն, մի մեծ Հայաստան՝ Սև ծովից մինչև Միջերկրականը, Ղարաբաղի լեռներից մինչև արաբական անապատները:

Ո՞րտեղից ծնունդ առավ աշխարհակալական այս ապշեցուցիչ պահանջը:

Ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ էլ պետական կյանքին ուղղություն տվող կուսակցությունը՝ Հ. Յ. Դաշնակցությունը, մտքով անգամ չէին անցկացրել այդպիսի մի ցնորամիտ, տղայական ծրագիր: Հակառակը, մեր պատվիրակությունը, իբրև հրահանգ, Երևանից տարել էր շատ համեստ պահանջներ, համապատասխան մեր շատ համեստ կարողությունների:

Ի՞նչպես պատահեց, ուրեմն, որ պատվիրակությունը ստորագրեց ու ներկայացրեց «ծովից ծով» պահանջը:

Տարօրինակ ու միանգամայն անհավատալի է թվում, բայց փաստը այն է, որ հայկական Փարիզը որոշեց այդ և մեր պատվիրակությունը պարզապես տարվեց գաղութներում տիրող հոսանքով, ենթարկվեց դրսի ազդեցություններին և թույլ տվեց ահաբեկելու իրեն, մի բան, որ այնքա՛ն ծանոթ է մեզ:

aniarc.am/2018/08/10/kajaznuni-armenias-border-before-severe/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail