Թուրքիային ու Ռուսաստանին նախապատրաստում են նոր աշխարհակարգին

10.08.2018 | Քաղաքականություն |  ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Ռուսաստանն ու Թուրքիան հայտնվել են ԱՄՆ քաղաքականության թիրախում: Ռուսական ռուբլին ու թուրքական լիրան սկսել են սրընթաց անկում ապրել, երբ ԱՄՆ-ն հայտարարեց այդ երկու երկրների նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: Այսօր Թրամփը բարձրացրել է Թուրքիայից ներմուծվող ալյումինի ու պողպատի մաքսերը, իսկ մեկ օր առաջ էլ կոշտ պատժամիջոցներ է հայտարարել Ռուսաստանի նկատմամբ, որը կարող է ազդել նրա անվտանգության վրա:

Մոսկվան ու Անկարան փորձում են հանգստացնել ժողովրդին: Դմիտրի Մեդվեդեւը ԱՄՆ քայլերն առեւտրային պատերազմ է անվանել եւ պատասխան միջոցներ խոստացել, իսկ Էրդողանն ասել է, որ «նրանք դոլար ունեն, մենք՝ ժողովուրդ ու Ալլահ»: Երկու երկիրն էլ վստահ են, որ կարող են խուսափել տնտեսական փլուզումից:

Նրանք մեղադրել են ԱՄՆ-ին Թուրքիան ու Ռուսաստանը թուլացնելու եւ անգամ մասնատելու մտադրության մեջ: Էրդողանը ժամանակին քննադատել էր Սիրիայի հարցով Ռուսաստանի ու ԱՄՆ համաձայնությունը՝ հայտարարելով, որ քրդական խմբերի խնդիրը «Թուրքիայի գոյատեւման հարց է»: Իր հերթին, Ռուսաստանի իշխանությունը խոստովանում է, որ ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանին զրկել ինքնիշխան քաղաքականության հնարավորությունից:

Փորձագետներն ասում են, որ Թրամփի քաղաքականությունը որպես կանոն հանգում է այս կամ այն երկրի հետ հարաբերությունների սրմանը, որից հետո նրան ստիպում է բանակցել ու զիջումների գնալ: Դժվար է ասել, թե ինչով է ավարտվելու Թուրքիայի ու Ռուսաստանի հետ պատմությունը: Առավել եւս, որ Ռուսաստանի հետ Թրամփի խնդիրները Պուտինի հետ չեն կապված, այլ, ավելի շուտ, ամերիկյան հանրության ու Կոնգրեսի: Թրամփին մեղադրում են նախընտրական շրջանում Պուտինի հետ պայմանավորվածության մեջ, եւ հիմա նա ստիպված է պարբերաբար ապացուցել, որ չի խնայում Ռուսաստանին:

Ինչ վերաբերում է Թուրքիային, չնայած հարաբերությունների սրման ֆորմալ պատճառներին՝ Թուրքիայում ամերիկացի հոգեւորականի ազատազրկմանը, Ֆեթհուլլահ Գյուլենին հանձնելուց հրաժարվելուն, Թուրքիայի կողմից ռուսական Ս400-ի գնմանը, պետք է ենթադրել, որ դրանք ավելի խորքային են: Պատահական չէ, որ Էրդողանը խոսում է «Թուրքիայի գոյատեւման» մասին, որովհետեւ ներկայիս Թուրքիան ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների հիման վրա, իսկ հիմա նոր աշխարհակարգ է ստեղծվում:

Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ ԱՄՆ կոնֆլիկտները կարող են ավարտվել հերթական հաշտությամբ ու պայմանավորվածությամբ, բայց չի բացառվում նաեւ կոշտ առճակատումը՝ հղի ցնցումներով: Դա չի բացառվում, քանի որ ուժի համաշխարհային կենտրոնները մտադիր են հանգուցալուծել սիրիական ճգնաժամը, ճշգրտել Իրանի տեղը տարածաշրջանում եւ նոր կարգ հաստատել Մերձավոր Արեւելքում:

Հատկանշական է, որ Հայաստանը ներկայիս սահմաններով գոյություն ունի ռուս-թուրքական պայմանագրերի եւ Ռուսաստանի կոմկուսի որոշումների հիման վրա: Հատկանշական է նաեւ, որ հարեւան Ադրբեջանում նույնպես հետաքրքիր գործընթացներ են: Այսօր բանկերը սահմանափակել են դոլարի գնումը: Բաքուն նույնպես պատրաստվում է ցնցումների, առավել եւս, որ Ադրբեջանը հին աշխարհակարգի ծնունդ է:

www.lragir.am/2018/08/10/370760/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail