Երբ Բաքուն հակված կլինի փոխզիջման, մենք ազգովի կքննարկենք, թե մեզ համար փոխզիջման ինչ սահման գոյություն ունի. Փաշինյան

20.07.2018 – Տարածաշրջան:Հայաստան, Արցախ, Ադրբեջան – Թեմա: Քաղաքականություն:

Երբ ասում ենք փոխզիջում, դա նշանակում է, որ կա երկու կողմ, որոնք պատրաստ են զիջումների. Ինչո՞ւ ենք մենք ուզում քննարկել փոխզիջման գնալու մեր պատրաստակամությունը, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալու փոխզիջման: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մեթոդական սխալ ենք թույլ տալիս, երբ կառավարության որեւէ պաշտոնյայի հարցնում ենք՝ ընդունելի՞ է իր համար արդյոք «տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքը: Երբ ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք կքննարկենք, ընդ որում, ոչ թե կառավարության մակարդակով, այլ ազգովի, թե մեզ համար փոխզիջման ինչ սահման գոյություն ունի:

Ես կարող եմ ասել մի բան. Ես բացառում եմ ԼՂ հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: ՀՀ-ում չի կարող լինել մի իշխանություն, որը կարող է նման լուծման գնալ»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների դիրքորոշումների փաստաթղթերում արձանագրված է, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում չի լինելու. «Բոլոր փաստաթղթերում դա արձանագրված է, որ կարգավորման վերջնական փուլում Արցախը պետք է ներգրավված լինի: Սա չի նշանակում, որ մենք չենք կարող խոսել ընդհանրապես: Կարող են լինել քննարկումներ, այդ թվում այս թեմայի շուրջ: Ստեփանակերտում ես հայտարարել եմ, որ պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ, ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բանակցելու նյութ կա:

Բանակցություն ինքնին նույնպես օգտակար է, որովհետեւ պետք է որոշակի վստահության մթնոլորտ ստեղծվի, որ հարցը կարգավորվի: Մենք պետք է ջանքեր գործադրենք, որ այդ մթնոլորտը ձեւավորվի, բայց միաժամանակ ասում ենք, որ մեզ համար անընդունելի է ռազմաշունչ եւ ագրեսիվ հռետորությունը, որը վարում է Ադրբեջանը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ.,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ կարծիք հայտնեց, որ հեղափոխությունից հետո ադրբեջանական կեցվածքի, ագրեսիվության մեծացումը կապված է այդ երկրի ղեկավարության մտավախությանը հետ, թե Ադրբեջանի ժողովուրդը կարող է ոգեւորված լինել Հայաստանում եղած ժողովրդավարական փոփոխություններով, կոռուպցիայի դեմ պայքարով: «Նրանք փորձում են իրենց հանրության ուշադրությունը շեղել դեպի Արցախի հարց եւ թշնամական հովանոցի տակ շարունակել իրենց ավանդական քաղաքականությունը: Գուցե սա ամենամեծ խնդիրն է, որ ունենք»,- իր խոսքն ավարտեց Փաշինյանը:

news.am/arm/news/462690.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail