Ես գրեթե բացառում եմ ԱՄՆ-ի կողմից Արցախի տարածքն Իրանի դեմ օգտագործելը. Արման Նավասարդյան (տեսանյութ)

10-08-2018 | Հայաստան | Քննաարկում:

«Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքի օգտատերերից մեկը հարց էր ուղղել մեզ` խնդրելով այն առաջադրել մասնագետի:

«Իրանի հյուսիս-արևելքում ապրում է 20 միլիոնից ավելի ազերի, Իսրայելը ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջոցով ցանկանում է Իրանը ներսից բունտերի միջոցով թուլացնել և ռազմական գործողություններ սկսել,- գրել է նա:- Ազերիներն առավոտվանից իրիկուն, տարիներ շարունակ գլուխները մտցրել են, որ Իրանի նշված տարածքները պետք է դառնան իրենց երկրի մի մասը, իսկ իրենց ժողովուրդները միանան իրար»:

Ըստ օգտատիրոջ, Արցախն այսօր շատ մեծ վտանգի տակ է, Ադրբեջանն օգնություն է խնդրելու միջազգային հանրությունից, որ օգնեն իրեն պաշտպանել Իրանի ազերի բնակչությանը, նա իր օդային և ցամաքային տարածքը տրամադրելու է ԱՄՆ-ին, որ իրեն օգնի: Քանի որ Արցախը ճանաչված չէ ՄԱԿ-ի կողմից, ԱՄՆ-ը կարող է օգտագործել Արցախի օդային և ցամաքային տարածքները, առանց հարցնելու Հայաստանի կամ Արցախի իշխանություններին, և, ահա, այստեղ է ամենամեծ վտանգը:

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի ուղիղ եթերում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը պատասխանելով վերոնշյալ հարցին, ասաց.

«Ես գրեթե բացառում եմ դեպքերի նման զարգացումը` օգտագործել Արցախի տարածքը Իրանի դեմ Ամերիկայի կողմից,- ասաց Արման Նավասարդյանը:- Ես ուրիշ բան կարող եմ ենթադրել ու պատկերացնել, որ դեպքերը զարգանում են այնպես, որ Ադրբեջանը նման դերակատարություն ունենա, որովհետև նման իրադրություն եղել է, նրանք օգնել են և փորձել են օգնել Իսրայելին այդ առումով: Սրանք շատ հետաքրքիր պահեր են քաղաքական առումով:

Դրա վրա նաև ավելացնենք Ատրպատականի հարցը՝ այդ 20 միլիոնի… Հիմա, իրոք, այդ վտանգը կա, իրոք, Ադրբեջանն ամեն ինչ անում է, բայց Ադրբեջանը նաև հարաբերություններ ունի և ոչ միայն երկկողմ հարաբերություններ ունի, այլև դաշնակցային հարաբերություն ունի Իրանի հետ: Հիմա Հայաստանի (ես սա միշտ ասել եմ, շեշտել եմ և նորից եմ ասում) դիվանագիտության խնդիրներից մեկը պետք է լինի այս բոլորն այնպես մեկնաբանել, զարգացնել և աշխատել Իրանի հետ, որպեսզի, եթե կոպիտ ասելու լինեմ, սեպ խրվի Իրանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև Իսրայելի և Ադրբեջանի միջև:

Ի միջի այլոց, ես նման մի հոդված ունեի, որը մեծ աղմուկ բարձրացրեց և Ադրբեջանում, և Իսրայելում: «Յերուսալիմ պոստը» գրել էր, որ Նավասարդյանն այսպիսի կոչ է անում… Այո, ես նման կոչ եմ անում, որովհետև քաղաքականությունն այնպիսի մի բան է, որ պետք է օգտագործել այն թուլությունները և այն սայթաքումները, որոնք տեղի են ունենում մեր թշնամիների ճամբարում»:

Արման Նավասարդյանը Հայաստանի անկախացումից հետո նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: Գլխավորել է Հայաստանի պատվիրակությունը ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի՝ Վիեննայում գործող բոլոր միջազգային կազմակերպություններում: Աշխատել է դեսպան Ավստրիայում, Հունգարիայում և Լիբանանում:

Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը ուղիղ եթերով կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։

Նոյյան տապան – Քննաարկում

Facebooktwitterredditpinterestlinkedinmail