Արցախեան Հիմնախնդրի Ուժային Լուծման Պաքուի Մարմաջը

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՃԵԱՆ Քաղաքական վերլուծաբան

17 ՕԳՈՍՏՈՍ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ –

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Մարմաջը, ինչպէս գիտէք եւ ինչպէս ստուգաբանում է Էդուարդ Աղայեանի «Արդի հայերէնի բացատրական բառարան»-ը, մորթի գրգռումն է, այսինքն` եռքը, մոլաքորը, նաեւ նշանակում է բուռն ձգտում, մոլուցք: Որ ահա երեսուն տարիէ ի վեր Պաքուն տառապում է այդ ախտով, կարծում եմ, որեւէ կասկած լինել չի կարող: Երեւոյթին ինքներս ենք ականատես եւ քանիցս, լինի խորհրդային, թէ հետխորհրդային շրջանում, փորձել ենք մերձաւոր դրացու իրաւունքով, զուտ մարդասիրական մղումով «օգնել» նրան` ազատուելու այդ մոլուցքից, հասկացնելով, որ խաշնարածներին յատկանշական մաշկային եռքի միակ ու վերջնական բուժումը Լեռնային Արցախի ալպիական արօտավայրերից մէկընդմիշտ երես թեքելն է, սակայն` ապարդիւն: Եւ ամէն անգամ էլ, աւա՜ղ, ստացուել է այնպէս, ինչպէս ժողովրդական առածն է իմաստնաբանում. «Հասկացողին մէկ, անհասկացողին` հազար ու մէկ ասա»:

Մենք երբեք չենք մոռացել, բայց ահա մեր հիւանդ հարեւանը, երեւի թէ իր կարճ խելքից, մշտապէս մոռանում է, որ ժողովրդական բուժման այդ եղանակի մասին իրեն յուշել ենք տակաւին 88-ի սկզբներից` արցախեան շարժման առաջին տարիներին, երբ արցախահայութիւնը, ձգտելով վերականգնել պատմական արդարութիւնը, ցանկանում էր վերամիաւորուել մայր հայրենիքի` Հայաստանի հետ: Ընդ որում` հիմք ընդունելով խորհրդային սահմանադրութեան եւ օրէնսդրութեան իրաւական կանոնները, մարզային իշխանութեան ներկայացուցչական մարմնի` մարզխորհրդի, որոշումները, հաւատարիմ մնալով ժողովրդավարութեան այն ժամանակուայ ու ներկայիս կանոններին` բացառապէս խաղաղ ցոյցերի, հանրահաւաքների ու երթերի միջոցով, առանց Ազրպէյճանի եւ ազրպէյճանական ժողովրդի նկատմամբ ատելութեան ու թշնամանքի թէկուզ դոյզն իսկ դրսեւորման: Աւա՜ղ, Պաքուի եւ նրա հետ մէկտեղ` դարձեալ խորհրդային Մոսկուայի պատասխանը միաձեւ ու միանշանակ էր. հայ քաղաքացիների սումկայիթեան, Պաքուի ջարդեր, աւելի քան կէս միլիոն մարդկանց բռնատեղահանումներ ամբողջ հանրապետութեան տարածքից, միով բանիւ` ցեղասպանութիւն:

Յետոյ յիշեցրել ենք 91-ի աշնանից: Գրեթէ ամէն օր: Երբ անկախութիւն հռչակած Ազրպէյճանի Հանրապետութիւնն առաջին անգամ լայնածաւալ պատերազմ սանձազերծեց նոյնպէս պետական անկախութիւն հռչակած Արցախի հայութեան դէմ` իր ճանապարհին ոչնչացնելով հայկական բնակավայրերը, բնաջնջելով ու բռնագաղթի ենթարկելով տասնեակ հազարաւոր արցախցիների` խտրութիւն չդնելով ոչ տարիքի եւ ոչ էլ սեռի միջեւ, ծերերի, կանանց ու երեխաների:

Վերջին անգամ մեր յիշեցումը 90-ականների պատերազմի աւարտից` մայիսեան հրադադարի հաստատումից աւելի քան քսան տարի անց էր` 2016-ի ապրիլին, երբ դարձեալ զօրաշարժի ենթարկելով իր ողջ զինուժը` Պաքուն հերթական անգամ դիմեց արկածախնդրութեան եւ հակադիր զօրքերի շփման գծի ողջ երկայնքով` հարաւից մինչեւ հիւսիս, յարձակման անցաւ այն սին ու անիմաստ յոյսով, որ անցած տասնամեակներում ձեռք բերած արդիական զինատեսակների միջոցով ի զօրու կը լինի մահացու հարուածով ցաք ու ցրիւ անել, ջարդել, պարտութեան մատնել Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակը եւ անպատիժ կերպով արեան ծովի վերածել Հայկական Բարձրաւանդակի այս անառիկ ամրոցը` Արցախ աշխարհը: Ինչպէս խորհրդային շրջանի Սումկայիթում էր ու Պաքւում, այդ արհեստածին միութենական հանրապետութեան միւս բոլոր բնակավայրերում, որտեղ հայ ազգաբնակչութիւնը, հոծ լինելով հանդերձ, ցաւօք, անզէն ու անպաշտպան էր եւ, ի տարբերութիւն սեփական զինուած ուժեր ձեւաւորած արցախահայութեան, որպէս այդպիսին, փաստօրէն ունակ չէր համախումբ դիմադրութեան:

Ու թէկուզ, թէ՛ 90-ականների պատերազմում եւ թէ՛ 2016-ի ապրիլեանում կրած կարծես բաւարար ուսանելի դասերին, խայտառակ ռազմական պարտութիւններին, ինչպէս տեսնում ենք, Պաքուն դարձեալ ականջի ետեւ գցած մոլաքորի բուժման մեր առաջարկած միանգամայն արդիւնաւէտ եղանակը` յամառօրէն շարունակում է նոր պատերազմի տանել իր զօրքերը կամ, այլ կերպ ասած, խաշնարածի անգիտակից սովորոյթով դէպի արցախեան բարձրադիր արօտավայրեր ուղղել իր նախիրն ու հօտը: Մերթ սպառնում է, որ մէկ-երկու օրուայ մէջ կ՛ամայացնի Ղարաբաղը, Ղարաբաղի հետ միասին նաեւ Հայաստանը` յայտարարելով այդ տարածքներն իր նախնեաց սեփականութիւն:

Մեր նախորդ մեկնաբանութիւններում արդէն ներկայացրել ենք Ազրպէյճանի նախագահի այդ կարգի յայտարարութիւնները: Ուստի վերստին չկրկնենք դրանք եւ այս անգամ դիմենք ազրպէյճանական մամուլին, որ բառիս բուն իմաստով հեղեղուած է համարժէք յոխորտանքներով: Որպէս օրինակելի նմուշ` ներկայացնեմ դրանցից միայն մէկը, որ օրերս քաղել եմ Պաքուի minval.az լրատուական կայքից: Մէջբերում եմ ոմն Հիւսէյնպալա Սալիմովի «Ինչո՞ւ ղարաբաղեան հակամարտութիւնը ձգուեց երեսուն տարի» յօդուածից. «Մենք պէտք է ուժեղացնենք մեր ղարաբաղեան քաղաքականութեան ուժային բաղկացուցիչը, ռազմական փոխհատուցման նոր առիթներ անպայման կը լինեն: Եւ պէտք չէ մտածել, որ ժամանակի մեր պաշարներն անսահման են, ցաւօք, միշտ չէ, որ իրենց արդարացնում են պնդումներն առ այն, որ «ժամանակը մեր օգտին է աշխատում», քանզի ժամանակի ընթացքում աշխարհը դառնում է առաւել խճճուած ու ոչ միանշանակ, իսկ քաղաքական գործիչները` աւելի մոռացկոտ, քանզի ծագում են նոր մարտահրաւէրներ ու սպառնալիքներ, ուստի եկէք` բաց չթողնենք մեր առիթը, իսկ այն անպայման կը լինի եւ, ամենայն հաւանականութեամբ, ոչ այնքան հեռու ապագայում: Մենք ունենք ուժեղ, փորձառու եւ լաւ յագեցած բանակ»:

Մերթ տեսնելով, որ ոչ մի սպառնալիք էլ չի ազդում ազատասէր, անվախ ու հպարտ արցախցիների վրայ, Պաքուն, յղում կատարելով ինքնավարութեան եւրոպական մոտելներին, վերստին ստիպուած է լինում խոստանալ ամենալայն ինքնավարութիւն Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում: Մասնաւորապէս դարձեալ մատնացոյց է արւում հիմնականում շուէտներով բնակեցուած Ալանտեան կղզիների ինքնավարութիւնը` Ֆինլանտիայում: Յիշեցման կարգով նշեմ, որ դեռեւս 1993թ. դեկտեմբերին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովն Ալանտեան կղզիներում կազմակերպել էր Ազրպէյճանի, Հայաստանի եւ Արցախի խորհրդարանականների հանդիպում“ շուէտների ու ֆինների միջեւ ազգային-քաղաքական հակամարտութեան լուծման փորձի հետ կողմերին ծանօթացնելու նպատակով, որը, ինչպէս ենթադրւում էր, իբր թէ կարող էր օգտակար լինել ղարաբաղեան կարգաւորման գործընթացում: Արցախից այցին մասնակցում էր այն ժամանակ ԼՂՀ Գերագոյն խորհրդի նախագահի պաշտօնակատար, ներկայումս լուսահոգի Կարէն Բաբուրեանը: Ուշագրաւ է այցի ընթացքում նրա արած հեգնալի ու միանգամայն դիպուկ արտայայտութիւնը. «Եթէ մեր հարեւանները քաղաքակիրթ ֆինները կամ շուէտները լինէին, ապա գուցէ թէ կարելի լինէր գոնէ մտածել այդ մասին»: Յատկանշական է, որ հէնց նոյն այդ դեկտեմբերին էր, երբ Ազրպէյճանի նախագահ Հայտար Ալիեւը, յոյս կապելով հիմնախնդրի ուժային լուծման հետ, խախտելով կրակի դադարեցման մասին մինչ այդ ձեռք բերուած բոլոր պայմանաւորուածութիւնները, մարտական գործողութիւններ սկսեց ռազմաճակատի ողջ երկայնքով մէկ:

Հանգուցեալ հօր անյաջող փորձը հետագայում` 2011-ին կրկնել է նաեւ նոյնպէս նախագահ կարգուած որդին` Իլհամ Ալիեւը, սակայն այս անգամ ներկայացնելով եւրոպական ինքնավարութեան մէկ այլ օրինակ: Պաքւում ելոյթ ունենալով միջազգային գիտաժողովում` նա առաջարկել էր Լեռնային Ղարաբաղի իրաւական կարգավիճակը մշակելիս օգտագործել Հարաւային Թիրոլի փորձը: Դարձեալ յիշեցման կարգով նշեմ, որ Ա. Աշխարհամարտից յետոյ այդ գերմանախօս գաւառն անցել էր Իտալիային, բայց Աւստրիան շարունակում էր նրա նկատմամբ յաւակնութիւններ ներկայացնել: Հարցը վերջնականապէս կարգաւորուեց 1992թ., եւ աւստրիական իշխանութիւնները ՄԱԿ-ին յայտարարեցին Հարաւային Թիրոլի հարցում Իտալիայի հետ հակասութիւնների դադարեցման մասին, տարածք, որը 2001-ին ստացաւ անկախ գաւառի կարգավիճակ եւ իտալախօս մէկ այլ գաւառի` Թրենթոյի հետ միասին այժմ մէկ ինքնավար մարզ է կազմում:

Եւրոպացիների տեսանկիւնից ե՛ւ Ալանտների, ե՛ւ Հարաւային Թիրոլի դէպքերում, անշուշտ, հետաքրքրաշարժ պատկեր է ստացւում: Սակայն, ինչպէս իրաւացիօրէն նշում է «Ազատ Արցախ» թերթի գլխաւոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Լէոնիտ Մարտիրոսեանը` «Եւրոպական մոտելի շրջանակներում խաղաղ համատեղ գոյակցութեան մասին որքան էլ «ճիշդ» խօսքերով Ազրպէյճանը քօղարկի իր գործողութիւնները, եւ՜ քառորդ դար առաջ, եւ՜ հիմա դրանք ամենայն համոզչութեամբ ապացուցում են, որ նրա իրական մտադրութիւնը մնում է մէկը` հայերին վտարել Արցախից կամ պարզապէս ոչնչացնել նրանց: 2016թ. ապրիլեան պատերազմը դրա վառ ապացոյցն է: Ազրպէյճանն արեւելեան բռնակալութիւն է` ֆաշիստական գաղափարախօսութեամբ, եւ եւրոպական փորձը նրա նկատմամբ պարզապէս կիրառելի չէ»:

Ասենք` արցախցիներս եւրոպական այդ եւ այլ մոտելներն ընդօրինակելու կարիքն ու անհրաժեշտութիւնն ամենեւին էլ չունենք: Առաւել եւս, որ ինչքան էլ լայն լինի առաջարկուող ինքնավարութիւնը, ապա հազիւ թէ հաւասարազօր դառնայ այն կարգավիճակին, որպիսին Արցախն ունի այսօր` իբրեւ անկախ եւ ինքնիշխան պետութիւն, որ արցախահայութիւնը հռչակեց 1991թ. սեպտեմբերի 2-ին` ԽՍՀՄ փլուզման նախաշեմին, խորհրդային օրէնսդրութեանն ու միջազգային իրաւունքին խստիւ համահունչ եւ միտք էլ չունի հրաժարուելու անկախութեան գաղափարից: Իսկ եթէ անգամ հրաժարուի էլ, ապա միայն մէկ էական ու վճռորոշ նախապայմանով` Հայաստանի Հանրապետութեան հետ վերամիաւորուելու պարագայում, այն, ինչ արցախահայերիս նուիրական երազանքն էր մինչեւ արցախեան շարժումը` տասնամեակներ շարունակ, շարժման ընթացքում եւ անփոփոխ է առ այսօր:

Աւելին կ՛ասէի` անկախ պետականութեան գաղափարն ամենեւին էլ Արցախում չի ծնուել: Այն արցախահայերին իրենց իսկ համար անսպասելի թելադրուել ու, կարելի է ասել, պարտադրուել է տակաւին ինքնավար մարզի կարգավիճակում գտնուած Արցախի սահմաններից դուրս` որպէս թէ առաջացած իրավիճակում Հայաստանի պատասխանատուութեան բեռը թեթեւացնելու կարծեցեալ միջոց եւ այդպիսով իսկ հիմնախնդրի լուծման շուրջ բանակցային գործընթացում պաշտօնական Երեւանի համար անհամեմատ ազատ ու ճկուն քաղաքականութիւն վարելու հնարաւորութիւն: Այդ մասին տողերիս հեղինակին անձամբ պատմել է լուսահոգի Լէոնարդ Պետրոսեանը, ով մինչ այդ` 1991-ին ժողովրդական պատգամաւորների ԼՂԻՄ մարզխորհրդի գործկոմի նախագահի պաշտօնակատարն էր եւ, որպէս այդպիսին, մասնակցել է ՀԽՍՀ Գերագոյն խորհրդի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի հետ Երեւանում այդ խնդրի շուրջ կայացած հանդիպմանը: Ի լրումն` տեղեկանքի տեսքով նշեմ նաեւ, որ Լէոնարտ Պետրոսեանն այնուհետեւ` 1991-ի սեպտեմբերից ընդհուպ մինչեւ ԼՂՀ նորընտիր Գերագոյն խորհրդի եւ նրա ղեկավար կազմի ընտրութիւնները` մարզխորհրդի նախագահն էր, հետագայում` ՀՀ Կառավարութեանն առընթեր յատուկ ծրագրերի վարչութեան (ՀՀ ԿԱՅ ՀԾՎ) պետի 1-ին տեղակալը, ապա` պետը:

1995թ. յունուարից մինչեւ 1998թ. ԼՂՀ վարչապետն էր: 1997-ի ապրիլ-սեպտեմբերին միաժամանակ եղել է ԼՂՀ նախագահի պաշտօնակատար: Այնուհետեւ, քաղաքական հանգամանքների բերումով տեղափոխուել է Երեւան եւ նշանակուել ՀՀ պաշտպանութեան նախարարի տեղակալ: Նահատակուել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին` ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած յայտնի արիւնալի միջադէպի ժամանակ: Լ. Պետրոսեանի խօսքով, Հայաստանի ԳԽ նախագահի հետ այդ հանդիպմանն Արցախի պատուիրակութեան անդամները, այդ թւում` ինքը, խորը տարակուսանքով ու կասկածանքով, անգամ` մտավախութեամբ ընդունեցին հնչած առաջարկութիւնը, սակայն ստիպուած եղան այն ընդունել` լսելով ԼՏՊ-ի երաշխիքները մայր հայրենիքի հետ վերամիաւորուելու արցախահայութեան նուիրական իղձ ու երազանքի իրականացման, ղարաբաղեան հիմնախնդրի արդարացի, ազգաշահ լուծման գործում իր լիարժէք աջակցութեան մասին: Թէ որքա՛ն «անկեղծ ու հաստատուն» էին այդ երաշխիքները, եւ ի՛նչ աստիճան «լիարժէք» էր խոստացուած աջակցութիւնը, կարելի է պատկերացում կազմել թէկուզեւ նրանով, որ Հայաստանի արդէն նորընտիր առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը 1992-ին հրաժարուեց ընդունել ԼՂՀ անդրանիկ գումարման Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանին, ինչ-ինչ` վերջինս ՀՅԴ անդամ էր: Եւ կամ ամէն անգամ, երբ Արցախի Ինքնապաշտպանութեան ուժերը, իսկ հետագայում նաեւ Պաշտպանութեան բանակն այս կամ այն ռազմագործողութիւնը պէտք էր իրականացնէին, Երեւանի համար անսպասելի տեւականօրէն` երկու-երեք օրով, ընդհատւում էր հայկական երկու մայրաքաղաքների միջեւ սովորաբար կանոնաւոր գործող հեռախօսակապը: Սակայն այն մէկէն, կարծես կախարդական փայտիկի զօրութեամբ, վերականգնւում էր ռազմագործողութեան աւարտից անմիջապէս յետոյ միայն, երբ ազատագրուած էր այս կամ այն բնակավայրը կամ վերացուած` թշնամու որեւէ խոշոր ռազմական յենակէտ: Անձամբ ես ականատես էի այդ իրողութեանը` աշխատելով ՀՀ ԿԱՅ ՀԾՎ լրատուական-վերլուծական կեդրոնում: Մենք` գործընկերներով, հասկանում ու գիտակցում էինք հեռախօսակապի այդ յանկարծակի ընդհատումների դրդապատճառը. այլապէս հազիւ թէ Բաղրամեան 26-ից թոյլ տրուէր վերացնելու թէ՛ Խոջալուի (ներկայումս` Իւանեան), թէ՛ Շուշիի, թէ՛ Աղտամի (Ակնա), թէ՛ Քելբաջարի (Քարվաճառ), թէ հակառակորդի որեւէ այլ ռազմական յենակէտ: Ահա իրականում այսպիսին էր պատերազմական գործողութիւնների շրջանն Արցախում` Հայաստանի Հանրապետութեան առաջին, այսպէս ասած, «յաղթող նախագահի» կառավարման օրօք:

Բայց կարծես թէ շեղուեցի թեմայից: Խօսքս ի սկզբանէ արցախեան հիմնախնդրի ուժային լուծման Պաքուի մարմաջի մասին էր: Այդ ախտը, այո՛, Պաքւում առ այսօր հաստատապէս առկայ ու մնայուն է: Մարդիկ, առանձնապէս պետութեան ղեկավարն ու իր անխտիր բոլոր ենթակաները շարունակում են տառապել մոլաքորով: Ով` երեսուն տարի ի վեր: Ով` մի քանի տարի: Ով` վերջերս: Նայած` ում երբ է, այսպէս ասած, բախտ վիճակուել տեղ գրաւելու երկրի նախագահի հովանու ներքոյ` նրա շքախմբում: Օրինակ, նախկին ոստիկան, ներկայումս պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը հինգերորդ տարին է, ինչ քորում է մարմնի տարբեր մասերը մէջընդմէջ յայտարարելով. «Յարձակման մասին հրամանը կ՛ընդունուի ամենապատեհ պահին` հաշուի առնելով միջազգային քաղաքական իրադրութիւնը»: Եւ ամէն անգամ էլ, լսելով նրան, Իլհամ Ալիեւը իւրօրինակ գոհունակութիւն է ապրում, որ, փա՛ռք Ալլահին, իր Ազրպէյճան սուլթանութեան մայրաքաղաքում ինքը միակը չէ, որ տառապում է մարմինը քորելու մոլուցքով:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

aztagdaily.com/archives/405442

Facebooktwitterredditpinterestlinkedinmail