Ինչերի են համաձայնվել երեք նախագահները. Վարչապետի աղմկոտ բացահայտումը

19.08.2018 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ի հանրահավաքի ելույթին, գրել է, թե պահանջում է Արցախի հարցի բանակցային գործընթացի տեղեկատվության հրապարակում, սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակից:

Նիկոլ Փաշինյանն այդ հարցը շոշափել էր ի պատասխան այն մեղադրանքի, թե ինքը պատրաստվում է «հող հանձնել»: Ընդ որում, մեղադրանքի աղբյուրը ՀՀԿ-ն էր, հետո այն տարածեցին այլ շրջանակներ Հայաստանում ու Արցախում, որպես կրակի վրա յուղ օգտագործելով ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի հայտնի հայտարարությունը:

Օգոստոսի 17-ի հանրահավաքում Փաշինյանը հայտարարեց, թե իրեն հող հանձնելու համար մեղադրում են մարդիկ, որոնք իրենք են մշտապես բանակցել եւ պատրաստակամություն հայտնել հող հանձնել: Փաշինյանը հայտարարեց, թե ինքը տիրապետում է բանակցային ամբողջ գործընթացի թղթաբանությանը, որտեղ հստակ է, թե ինչերի են համաձայնել Հայաստանի բանակցող ղեկավարները:

Եվ ահա, Արմեն Աշոտյանը պահանջում է հրապարակել այդ ամենը, սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից: Պահանջը հետաքրքիր է, սակայն մյուս կողմից այստեղ գաղտնիք չկա՝ Հայաստանի երեք նախագահներն էլ բանակցել են ու հայտնել տարածք զիջելու պատրաստակամություն: Այլ հարց է, թե նրանցից ով ինչ է պահանջել դրա դիմաց: Այդ տեսանկյունից կան հրապարակված տվյալներ, ու հաստատ թերեւս չհրապարակվածներ: Առ այսօր տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են փուլային, փաթեթային, Ընդհանուր պետության, քիվեսթյան տարբերակները, Մեղրիի հարցը եւ այլն:

Երեք նախագահներից ամենաբացը այդ առումով կարծես թե եղել է Սերժ Սարգսյանը, որն ապրիլյան պատերազմից հետո հայտարարեց, թե Կազանի ինչպիսի պլանի է եղել կողմ ու ինչ էր պատրաստ ստորագրել: Սարգսյանը խոստովանեց, որ համաձայնել է տարածքների հանձնմանը, խաղաղապահների տեղակայմանը՝ ընդ որում առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման:

Սերժ Սարգսյանը Բլումբերգին հարցազրույցում ասել էր, թե ինքը դրան համաձայն լինելով հանդերձ՝ միաժամանակ տեղեկացրել է ՌԴ նախագահ Մեդվեդեւին ու ԱՄՆ նախագահ Օբամային, որ այդ ամենն իզուր է, եւ Ադրբեջանը չի համաձայնի: Այդպես էլ եղել է: Արդյոք Սերժ Սարգսյանը համաձայնել էր հենց այդ վստահությամբ, որ միեւնույն է դա չի լինի:

Թերեւս մեծ հավանականությամբ Հայաստանի երեք նախագահներն էլ առաջնորդվել են այդ սկզբունքով, որ տարածքների հանձնմանը կասեն այո, որովհետեւ միեւնույն է Ադրբեջանը կպահանջի ամբողջը, հետեւաբար Հայաստանը որպես փոխզիջման պատրաստ կողմ միավոր կհավաքի, իսկ Բաքուն՝ ոչ:

Հետեւանքը սակայն եղել է այն, որ միավոր իրականում հավաքել է Բաքուն, որը լուռ համբերել է, մինչեւ նավթի եւ գազի փողով կկարողանա խախտել ռազմական բալանսը, իսկ հետո արդեն դիվանագիտական հարցերը դնել կոշտ, ասելով, որ հայկական կողմը ճանաչել է իր տարածքների իրավունքը, ուրեմն թող վերադարձնի, իսկ վիճելի հարցի շուրջ կբանակցեն դրանից հետո:

Այդպիսով գործընթացը հայտնվել է ծուղակում, իսկ հայկական կողմի գրեթե քառորդ դարի դիվանագիտական թվում է թե հնարամտությունն իրականում վերածվել է Բաքվի խաղաքարտի, որից Ադրբեջանին զրկեց հայկական զինուժն ու հանրությունը իր կամավոր աջակցությամբ՝ 2016 թվականի ապրիլին:

Այդ տեսանկյունից, բանակցային թղթերի հրապարակումը թերեւս նշանակություն կունենա այն իմաստով, թե արդյոք որեւէ նախագահ քննարկել է ընդհուպ պետական դավաճանությանը հավասարազոր հարց: Իսկ բուն խնդրի առումով, այդ հրապարակումը թերեւս իմաստ էլ չունի, քանի որ այս տարիների ընթացքում շատ բան է պարզ դարձել, առնվազն ապրիլյան քառօրյայից հետո:

Հիմա Հայաստանին ու Արցախին պետք է ոչ թե եղածը, այլ նորը՝ նոր բովանդակություն, որը զերծ կլինի եղածի «ծուղակային» բնույթից եւ որը հիմնված չի լինի այն տրամաբանության վրա, թե միեւնույն է Ադրեջանը չի համաձայնելու, կամ գերտերությունները միմյանց հակակշռելով չեն գալու մեկ տարբերակի եւ դա չեն պարտադրելու կողմերին ուժով:

Հայաստանին պետք է արցախյան հարցի նոր հայեցակարգ, ռազմավարություն, որը հիմնված կլինի աշխարհի հետ մեր անվտանգության եւ շահի, նաեւ քաղաքակրթական դերակատարման մասին բաց ու անկեղծ խոսակցության վրա, որի ներուժը կա եւ թույլ է տալիս այդ իմաստով բավական արժեքավոր խոսակցություն ծավալել անգամ հակադիր բեւեռների հետ:

Եթե հայկական կողմը իր երկու տասնամյակի դիվանագիտությամբ Ադրբեջանին փաստորեն տվեց պատերազմի հնարավորություն, ապա Ադրբեջանը անհաջող պատերազմով Հայաստանին տվեց նոր մոտեցման անցնելու պատմական հնարավորություն: Իհարկե, բառի բուն իմաստով այդ հնարավորությունը Հայաստանին տվել է ապրիլյան քառօրյայում Ադրբեջանին զսպած հայկական զինուժը եւ հանրությունը:

Երկու տարի անց ապրիլին էլ այդ հնարավորությունը հասարակությունն ավելացրել է թավշյա գործընթացով:

Ներկայում հինը կարեւոր չէ, նորն է կարեւոր: Հատկապես, որ դրան անցումը անշուշտ բավական բարդ, աշխատատար, երկարատեւ գործընթաց է: Բայց այն պետք է սկսել, սկսել ներքին աշխույժ քննարկումներով եւ դրանց բազայի վրա էլ աշխարհքաղաքական կենտրոնների հետ խոսակցություն ծավալելով, ընդ որում թե ուղիղ՝ արցախյան թեմատիկայով, թե անուղղակիորեն՝ հայկական պետականության ավելի լայն դերի ու նշանակության համատեքստում, ընդհուպ տնտեսական եւ մշակութային, արժեհամակարգային:

Նոր կառավարությունն այդ ուղղությամբ արել է որոշակի հայտարարություններ, որոնք սակայն պահանջում են առավել կոնցեպտուալություն, ինչն անկասկած միայն կառավարության գործը չէ, այլ նաեւ հանրային տարբեր խմբերի: Բայց այդ գործը խթանել ու գեներացնել պարտավոր է կառավարությունը:

www.lragir.am/2018/08/19/372439/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail