22-08-2018 | Հասարակություն:
Մինչ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը շիկանում է, Թուրքիայի անխելք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հասկանում, որ շարունակելով կեղծ մեղադրանքներով պահել ամերիկացի պատվելի Էնդրյու Բրանսոնին, նա մեծ հարված է հասցնում Թուրքիայի տնտեսությանը և նրա անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Մեկ այլ խելամիտ թուրք ղեկավար արդեն վաղուց արձակած կլիներ պատվելի Բրանսոնին և կպահպաներ ռազմական ու առևտրային հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:
Թեև թուրքական կառավարությունը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ է վճարում ամերիկյան լոբբիստական և հասարակայնության հետ կապերի ընկերություններին, նրանցից ոչ մեկը չի կարող պաշտպանել Թուրքիայի հեղինակությունը Էրդողանի անխոհեմ վարքագծից: Ամեն անգամ, երբ Էրդողանը բացում է իր բերանը և անմիտ քայլ անում, նա ավելի է վնասում Թուրքիայի հարաբերություններին այլ երկրների հետ, հիշեցնելով աշխարհին և ամրապնդելով վաղուց հաստատված «բարբարոս թուրքի» կերպարը:
Ահա բացասական PR-ի մի օրինակ, որ Էրդողանն առաջացրել է ամերիկյան լրատվամիջոցներում իր սեփական երկրի դեմ: Լիզա «Քենեդի» Մոնտգոմերին Fox բիզնես հեռուստատեսությունում, որը նախագահ Թրամփի սիրած ալիքն է, 2018 թ. օգոստոսի 18-ին ջախջախիչ հարձակում է իրականացրել նախագահ Էրդողանի դեմ: Նրա մեկնաբանությունները դիտող միլիոնավոր ամերիկացիներից բացի, 662 հազար այլ մարդիկ ևս տեսան այն Ֆեյսբուքում և շատ ուրիշները՝ Թվիթերում: Քենեդին նույնիսկ հիշատակեց Հայոց ցեղասպանությունը՝ որպես Թուրքիայից վրեժ լուծելու միջոց…
«Ինչպե՞ս եմ քեզ արհամարհում, Էրդողան: Թույլ տուր նշել ուղիները: Թուրքիայի նախագահը իր երկիրը դնում է դիվանագիտական ողբալի վիճակի մեջ, հրաժարվելով ազատ արձակել ամերիկացի պատվելիին «ահաբեկչության մեղադրանքներով»: Կեղծ հանցագործությունն անհիմն մի բան է հոտած թուրքական լոխումի նման, և չնայած Էրդողանն իր իշխանությունը կենտրոնացրել է կեղծ ընտրությունների, լրագրողների բանտարկության և մտավորականների մաքրագործման վրա, նա չէր սպասում, որ կարող է մի այլ ուժեղ մարդ իրեն տապալի: Մեր նախագահը զզվել է Թուրքիայի վիրավորական հայտարարություններից, և դատարկ խոսքերի փոխարեն, նախագահ Թրամփը հուժկու էլեկտրոնային ապտակ հասցրեց Էրդողանին՝ գրառում անելով Թվիթերում. «Ես հենց նոր կարգադրեցի կրկնապատկել պողպատի և ալյումինի սակագները Թուրքիայի նկատմամբ, քանի որ նրանց դրամը՝ թուրքական լիրան, սրընթաց անկում է ապրում մեր ուժեղ դոլարի դիմաց… Ալյումինն այժմ կդառնա 20 տոկոս, իսկ պողպատը՝ 50 տոկոս: Մեր հարաբերություններն այժմ լավ չեն Թուրքիայի հետ…»:
Քենեդին շարունակել է իր քննադատությունը, ասելով՝ «Ե՞րբ են դրանք [Թուրքիայի հետ հարաբերությունները] երբևէ լավ եղել: Թուրքական կառավարությունը խայտառակություն է, և նախորդ վարչակազմերը կամ գրկել են նրանց, կամ ձեռքերը ծալած նստել, երբ հյուրընկալ գորգ են փռել ու դռները բացել ԻԼԻՊ-ի առջև, անընդհատ մտերմանալով Ռուսաստանի հետ: Սա մեր ռազմավարական գործընկերը չէ: Սա կոռումպացված, մարդասպան վարչակարգ է, որին պետք է դուրս շպրտել ՆԱՏՕ-ից՝ մարդու իրավունքների ոտնահարման համար, չխոսելով ռուսների հետույքը համբուրելու մասին, որոնք իբր թե տարածաշրջանի ամենամեծ սպառնալիքն են: Այժմ, իհարկե, եղել են փոխադարձ սպառնալիքներ: Այժմ Էրդողանն ասում է, որ iPhone-ը կհանի շուկայից, կարծես թե մարդիկ այնտեղ կարող են սարքն օգտագործել ուժերը համախմբելու, իրենց հարստացնելու և ազատություն փնտրելու համար մարդասպան ռեժիմից, որը ցանկանում է համընդհանուր վերահսկողություն, և ուզում է տապալել համաշխարհային տնտեսությունը՝ ապացուցելու երեխայական մի դիրքորոշում… Եվ մինչ մենք դրա մեջ ենք, և մինչ նախագահը [Թրամփը] զայրացած է, եթե նա իրոք ցանկանում իր նոր գործընկեր Քիմ Քարդաշյանին երջանկացնել, նա պետք է պաշտոնապես, կրկին և վերջնականապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որը ոչ թե «հարց» է կամ «ցավալի իրադարձությունների շարք», այլ 1.5 միլիոն մարդկանց սառնասիրտ սպանդ, որոնց հիշողությունը չի ջնջվի նապոլեոնյան որևէ տխմարի կողմից: Բաց թող պատվելի Էնդրյու Բրանսոնին, նախագահ Էրդողան, և վախեցիր [նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Ռ. Բոլթոնի] բեղերից, քանի որ Բոլթոնը ռազմատենչ է: Ուստի հանուն աշխարհի խաղաղության, համակերպվիր ու ձայնդ կտրիր, որպեսզի չկործանվես…»:
Թրամփը, իրավիճակն ավելի բարդացնելով Էրդողանի համար, 2018 թ. օգոստոսի 17-ին հայտարարել է ամերիկացի լրագրողներին՝ «Թուրքիան խնդիր է եղել երկար ժամանակ: Նրանք բարեկամի նման չեն վարվել: Մենք կտեսնենք, թե ինչ կլինի: Նրանք հիանալի քրիստոյա հովիվ ունեն: Պատվելի Բրանսոնը հրաշալի մարդ է: Նրանք առաջ քաշեցին այդ կեղծ մեղադրանքը, որ նա լրտես է, իսկ նա լրտես չէ: Հիմա նա դատվում է, եթե դա կանվանեք «դատավարություն»: Նրան պետք է վաղուց վերադարձրած լինեին: Եվ, իմ կարծիքով, Թուրքիան, շատ, շատ վատ է վարվել: Այնպես որ, այս հարցը դեռ չի ավարտվել: Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել: Նրանք չեն կարող բռնել մեր մարդկանց: Ուստի, կտեսնեք, թե ինչ կլինի…»:
Մինչ հայերը չափազանց տպավորված են Թրամփի սպառնալից խոսքերից, նրանք պետք է հիշեն, որ չնայած Թուրքիայի հակաամերիկյան և հականատոյական տասնյակ տարիների քաղաքականությանը, Արևմուտքը շարունակում էր գովաբանել Թուրքիայի ղեկավարներին: Արևմուտքում ոչ ոք չկարողացավ իր տեղը դնել Թուրքիային: Եթե վաղը, անկանխատեսելի Էրդողանը ազատ արձակի պատվելի Բրանսոնին, ես վախենում եմ, որ Թրամփը կսկսի գովաբանել Էրդողանին, ինչպես արեց Հյուսիսային Կորեայի Կիմ Չեն Յունի և Ռուսաստանի Վլադիմիր Պուտինի հետ…
Նախագահ Թրամփը չպետք է մոռանա, որ պատվելի Բրանսոնին պահելուց բացի, Թուրքիան 1974 թ. ներխուժել և գրավել է Հյուսիսային Կիպրոսը, իրաքյան պատերազմի ժամանակ արգելել է ամերիկյան զորքերի անցումը Թուրքիայից Հյուսիսային Իրաք, Հյուսիսային Սիրիայում հարձակվել է Միացյալ Նահանգների դաշնակից քրդերի վրա, պատրաստվում է գնել ռուսական S-400 հրթիռային համակարգը՝ հակառակ ՆԱՏՕ-ի դիտողությանը, օգնել է շրջանցել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները և աջակցել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին՝ Թուրքիայից մուտք գործելու Սիրիա:
Նույնիսկ այն բանից հետո, երբ պատվելի Բրանսոնը ազատ արձակվի, չպետք է ներել Թուրքիային իր բազմաթիվ սխալների համար: Ինչպես վերջերս առաջարկել էին մի շարք վերլուծաբաններ՝ Թուրքիային պետք է անմիջապես դուրս շպրտել ՆԱՏՕ-ից…
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Նոյյան տապան – Հասարակություն
nt.am/am/news/258131/