Երկու պատմական փաստաթուղթ` Համշենի վերաբերյալ

26 ՄԱՅԻՍ 2015 – ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ, ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՀԱՄՇԷՆԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ, ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Ուսումնասիրող Էրոլ Քեթենջիի` Ստամբուլում գտնվող Վարչապետարանի օսմանյան արխիվում հայտնաբերած երկու փաստաթղթեր խիստ կարևոր տեղեկություններ են պարունակում Համշենի և համշենահայության վերաբերյալ:

Փաստաթղթերից առաջինը գրվել է 1913 թ. հունիսի 1-ին: Տվյալ ժամանակաշրջանի օսմանյան գլխավոր շտաբի կողմից Ներքին գործերի նախարարությանը հղված սույն փաստաթղթում նշվում է, որ Համշենի շրջանում տեղ գտած որոշ գյուղերի բնակիչները, գյուղեր, որոնց անվանումները մեկ առ մեկ տրվում են, «Համշեն անվամբ հայտնի հայերից կրոնափոխված մահմեդականներ» են: Իսկ 1913 թ. հունիսի 1-ի ամսաթիվը կրող մյուս փաստաթուղթը մի պաշտոնական գրություն է` Ներքին գործերի նախարարությունից հղված Տրապիզոնի նահանգապետարանին: Սույն գրության մեջ նշվում է, որ առաջին փաստաթղթում մեկ առ մեկ հիշատակված գյուղերի բնակչությունը «թեև ծագմամբ հայ է, սակայն դավանափոխ է եղել»: Այս երկու գրությունների ընդհանուր նպատակը համշենահայերի «միամտության և անգրագիտության պատճառով միսիոներների խաբեություններին տրվելուն» արգելք հանդիսանալն է:

Փաստաթղթերը «Ակօս»-ի ընթերցողների համար մեկնաբանել է հայագետ Հայկազուն Ալվրցյանը: Իսկ պատմաբան Թաներ Աքչամն անդրադարձել է համշենահայերի մասին հանրահայտ «գաղտնիքներին»: Թե Թաներ Աքչամը և թե համշենցի ուսումնասիրող Էրոլ Քեթենջին արձանագրեցին, թե վերոհիշյալ փաստաթղթերը որքան կարևոր են` տվյալ շրջանի ժողովրդի պատմությունն ու մշակույթն ըմբռնելու առումով:

1Ներքին գործերի նախարարություն

Փաստաթուղթ թիվ` 388
Պատրաստման ամսաթիվը` 1913 թ. հունիսի 3
Մաքրագրման ամսաթիվը` 1913 թ. հունիսի 4

Տրապիզոնի նահանգապետարանին

Ծագումով հայ, սակայն կրոնափոխ եղած և Համշեն անվամբ հայտնի Խոպայի սահմանային գումարտակի կողմերում գտնվող Զուրփիջի (Յոլդերե), Արվալա (Էշմեքայա, Չիմենլի), Հայկի, Զարգինա (Գյունեշլի), Գարճի (Հենդեք) գյուղերը միամտության և անգրագիտության պատճառով կարող են տրվել միսիոներների խաբեություններին: Տեղական իշխանությունները պետք է լուսաբանեն համշենցիներին և նրանց ճիշտ ուղին ցույց տան: Այդ անհրաժեշտության մասին մեզ է հայտնել մեր Պաշտպանության նախարարությունը` Ռուսաստանի հետ սահմանին գտնվող մեր կոմիսարության գրության վրա հիմնվելով և ուշագրավ համարելով իրավիճակը մեկնաբանող այդ գրությունը: Պետք է այդ ուղղությամբ անել այն, ինչ անրաժեշտ է:

***
Գլխավոր շտաբի նախագահություն
Չորրորդ մասնաճյուղ
321
1
Ստամբուլ

Թեման` Խոպայի սահմանային գումարտակի շրջանում գտնվող գյուղերի բնակչության մասին
Ներքին գործերի նախարարությանը

Գաղտնի է

2Հարգարժա՛ն պետական այր, Տրապիզոնի նահանգին ենթակա Խոպա գավառում գտնվող Խոպայի սահմանային գումարտակի կողմերի Զուրփիջի /Յոլդերե/, Արվալա /Էշմեքայա, Չիմենլի/, Չավուշլու, Հայկի, Զարգինա /Գյունեշլի/, Գարջի /Հենդեք/ գյուղերի բնակչությունը հայտնի է Համշեն անունով և բաղկացած է հայ կրոնափոխ մուսուլմաններից. մնացած բնակչությունը կազմված է մահմեդական լազերից: Քանի որ համշենցիները միամիտ և անգրագետ են, որևէ միսիոներ կարող է հաջող կերպով գործունեություն ծավալել այնտեղ: Այդ պատճառով մեր տեղական իշխանությունների կողմից բնակչության նախազգուշացման և ուղեցույց լինելու անհրաժեշտությունը վերին աստիճանի կարևոր է: Այդ կարևորությունը շեշտվել է Ռուսաստանի հետ սահմանային կոմիսարության Խոպայի գումարտակին պատկանող զեկույցի մի պարբերության մեջ: Եվ մենք սույն հարցն ուշագրավ համարելով` ցանկանում ենք, որ անհրաժեշտն արվի այդ ուղղությամբ:

1913 թ. հունիսի 1
Պաշտպանության նախարարի անունից` խորհրդական

Ստորագրություն

Հայագետ Հայկազուն Ալվրցյան. «Միսիոներ ասելով` հայերին նկատի ունեն»

Համշենի և համշենահայերի վերաբերյալ վերջին տասնամյակներին բավականին հետաքրքրություն է նկատվում. հատկապես շատ է խոսվում իսլամացած համշենահայերի մասին: Գիտական անաչառ ուսումնասիրությունների կողքին ի հայտ են գալիս հատուկ պատվերով գրվող նյութեր, որոնցում փորձ է արվում իսլամացած համշենահայերի պատմությունն ամբողջությամբ նենգափոխել կամ աղավաղել: Դրանցում, որպես օրենք, համշենաահայերն անպայման ներկայացվում են որպես թուրքական այս կամ այն ցեղից սերվածներ: Այս համատեքստում ավելի անհեթեթ և անլուրջ են այն բացատրությունները, թե նրանք ինչու են խոսում հայոց լեզվի Համշենի բարբառով:

Թուրքիայի բազմաթիվ ազգային փոքրամասնությունների նկատմամբ գործադրվող պետական այս քաղաքականության խարխլվելու հետևանքով այսօր երկրի բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն են ստացել, թեև առայժմ զգուշավոր կամ վարանոտ, խոսել իրենց ազգային ինքնության մասին:

Այս համատեքստում համշենցիների վիճակը փոքր ինչ շահեկանորեն տարբերվում է: Ճիշտ է՝ նրանք երբեք իրենց թուրք չեն համարել, սակայն հիմնական զանգվածը, վախի կամ այլ գործոնների ազդեցության տակ, նաև իր հայկական ինքնության մասին բարձրաձայն չի խոսել:

Այսօր նորանոր հետազոտություններ են ի հայտ գալիս համշենահայերի պատմության, մշակույթի, լեզվի և ինքնության վերաբերյալ, որոնք, անշուշտ, ավելի են հիմնավորվում պատմական-արխիվային փաստաթղթերի առկայությամբ:

Այս առումով ներկայացվող փաստաթուղթը ձեռք է բերում գիտական-ապացուցողական կարևոր նշանակություն հատկապես այն պատճառով, որ

1. Հերքում է Թուրքիայի այսօրվա իշխանությունների և նրանց կողմից ուղղորդվող այն «գիտնականների» պնդումները, թե հեմշիլները հայկական ծագում չունեն:

2. Հատկապես ուշադրություն է գրավում այն միտքը, թե, «Քանի որ համշենցիները միամիտ և անգրագետ են, որևէ միսիոներ կարող է հաջող կերպով գործունեություն ծավալել այնտեղ»: Ակնհայտ է, որ սահմանապահ ծառայությունները անհանգստացած են համշենցիների և Հայաստանի այլ շրջանների հայերի միջև շփումներից, որոնք, ինչպես պետք է ենթադրել, եղել են բավականին ակտիվ, այլապես իշխանությունների համար անհանգստանալու առիթ չէին դառնա: Ասվածի ապացույց է նաև այն, որ «Ծագումով հայ, սակայն կրոնափոխ եղած և Համշեն անվամբ հայտնի Խոպայի սահմանային գումարտակի կողմերում», ինչպես նշված է փաստաթղթում, բնակվում են նաև գրագիտությամբ համշենցիներից չտարբերվող մահմեդական լազեր, որոնց առիթով, սակայն, չի նշվում միսիոներների ազդեցության տակ ընկնելու վտանգի մասին: Դժվար չէ ենթադրելը, որ «միսիոներ» անվան տակ փաստաթղթի հեղինակը նկատի ունի հայերի:

3. Փաստաթղթից բխող մյուս կարևոր եզրակացությունն էլ այն, է որ 200 տարի անց էլ իշխանությունները վախեցել են, թե բռնի իսլամացած համշենահայերը կարող են վերադառնալ իրենց հայկական ինքնությանն ու նախնիների կրոնին:

4. Եվ, վերջապես, փաստաթուղթը աներկբա պատասխան է տալիս նաև մի խիստ կարևոր հարցի. ո՞վ, ե՞րբ և ինչու՞ սկսեց կեղծել Համշենի և համշենահայերի պատմությունը: Այդ մասին հստակ նշված է. «Տեղական իշխանությունները պետք է լուսաբանեն համշենցիներին և նրանց ճիշտ ուղին ցույց տան: Այդ անհրաժեշտության մասին մեզ է հայտնել մեր Պաշտպանության նախարարությունը»:

Ուսումնասիրող Էրոլ Քեթենջի. «Մահմեդական հայ» իրողությունը

Իթթիհադականների` գրեթե Ալլահի դեմ պատերազմ հայտարարելով` ժողովուրդներին և նրանց լեզուներն անտեսող բռնապետական կիրառումների հետևանքով իրենց ինքնությունները թաքցնել հարկադրված ժողովուրդների մեկը եղող համշենական ժողովրդի ծագման վերաբերյալ ի հայտ եկած սույն փաստաթղթերը խիստ մեծ կարևորություն ունեն: Այս վավերագրերը մեզ մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ ոչ մի բան չի կարող մինչև վերջ գաղտնի մնալ: Ինքս, որպես այդ շրջանից գաղթած մի ընտանիքի անդամ, արդեն իսկ ներքուստ գիտեի այդ փաստի մասին: Բազմաթիվ համշենցիներ ևս առնվազն կասկածներ ունեն այդ հարցի վերաբերյալ: Թե գենետիկական ուսումնասիրությունները և թե տվյալ շրջանի ժողովորդի օգտագործած լեզուն ևս վերջին տարիներին վերստին օրակարգ են բերել այդ իրողությունը: Սակայն այսօր մեր կողմից հրապարակված այս փաստաթղթերը վերջ են տալիս այդ բանավեճին: Այսօրվա իմաստով օսմանյան Գլխավոր շտաբի և Ներքին գործերի նախարարության` իրար հետ ունեցած գաղտնի նամակագրություններում բացեիբաց ցույց է տրված, որ Համշենի բնակչությունը «մուսուլման հայ է»: Սույն հարցն այլևս դադարեց քննարկման թեմա լինելուց և այնպիսի պարզորոշություն ձեռք բերեց, որը ոչ մի կասկածի տեղիք չի տալիս:

Սույն փաստը մի կողմից մեզ ցույց տվեց, որ այսուհետև հայերը ևս պարտավոր չեն իրենց միայն քրիստոնյա ինքնությամբ բնորոշել, իսկ մյուս կողմից Անատոլիայի բնակչությանը ներկայացրեց այն իրողությունը, թե ինչպես որ կարող են լինել քուրդ, վրացի, չերքեզ կամ ալբանացի մուսուլմաններ, այնպես էլ` հայ մահմեդական եղբայրներ:

Թաներ Աքչամ. Հանրահայտ «գաղտնիքները»

Պատմաբան Թաներ Աքչամը «Ակօս»-ի ընթերցողների համար գրել է, թե ուսումնասիրող Էրոլ Քեթենջիի` Վարչապետարանի օսմանյան արխիվում հայտնաբերած այս երկու փաստաթղթերը ինչեր են իրեն հիշեցրել.

Հայերի շրջանում առկա են բազմաթիվ հանրահայտ «գաղտնիքներ»: Երջանկահիշատակ Հրանտը (նկատի ունի Դինքին-Ակունքի խմբ.) շատ էր սիրում մեզ հետ կիսվել այդ «գաղտնիքներով»: Երբ ընդգծելով, թե այդ գաղտնիքների մասին տեղյակ է յուրաքանչյուր հայ, մեզ հետ կիսվում էր այդ գաղտնիքներով, ծիծաղում էր` մեր մեջ հարուցված զարմանքը նկատելով: Բոլորս գիտեինք, որ համշենցիները հայ են, սակայն երբ նա հիշատակում էր նրանց հայտնիներին, բոլորս ապշում էինք: Հետագայում ես նույնպես սկսեցի առաջին վկան դառնալ այդ «գաղտնիքներից» մի քանիսին:
Հիմա Էրոլ Քեթենջիի` օսմանյան արխիվում գտած այդ փաստաթղթերը թեև չափից դուրս հայտնի փաստերի արձանագրում են, սակայն դա չէ էականը: Ինչպես հայտնի է, խիստ հաճախ ասում են` «իսկ որտե՞ղ է փաստաթուղթը, փաստաթուղթը»… Ահա՛ և ձեզ փաստաթուղթը:
Կարևոր չէ, թե իրենց ինչ են զգում համշենցիները` մահմեդական, հայ, թուրք: Նրանք այս երկրի գեղեցկությունը կրկնապատկու~մ են:

http://adilhafiza.org/?p=5762

Սկզբնաղբյուրը` «Ակօս» շաբաթաթերթ

Թարգմանեց Մելինե Անումյանը

akunq.net/am/?p=44875

Facebooktwitterredditpinterestlinkedinmail