29 սեպտեմբեր 2015
ՄԱԿ-ի Գլխաւոր ասամպլէայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացեալ Նահանգներ գտնուող նախագահ Սերժ Սարգսեան Սեպտեմբեր 28-ին Նիւ Եորքի մէջ մասնակցած է ՄԱԿ-ի խաղաղապահութեան նուիրուած գագաթնաժողովին, ուր հանդէս եկած է ելոյթով, կը տեղեկացնէ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերու բաժինը: Ելոյթը` ստորեւ.
Յարգելի՛ գործընկերներ,
Շնորհակալ եմ նախագահ Օպամային միջազգային անվտանգութեան տեսանկիւնից առանցքային նշանակութեան այս գագաթնաժողովը նախաձեռնելու համար:
Չնայած միջազգային հանրութեան կողմից զինուած հակամարտութիւնների կանխարգելմանը եւ դրանց խաղաղ կարգաւորմանն ուղղուած վիթխարի ջանքերին` խաղաղապահութիւնն ու անվտանգութիւնը շարունակում են մնալ փխրուն եւ խոցելի:
Ուրախութեամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկայ լարուածութեանը, Հայաստանի ներգրաւուածութիւնը միջազգային խաղաղապահութեան ոլորտում աստիճանաբար ընդլայնւում է թէ՛ աշխարհագրութեան, թէ՛ քանակական եւ թէ՛ որակական իմաստով: Հայաստանն այսօր արդէն միջազգային խաղաղապահութեան եւ անվտանգութեան ակտիւ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ անցած տասնամեակի ընթացքում:
2004 թուականից հայ խաղաղապահները սկսել են ծառայութիւն իրականացրել Քոսովոյում, իսկ յետագայում` նաեւ Իրաքում: 2010 թուականից մեր մասնակցութիւնը բերեցինք Աֆղանստանում անվտանգութեան աջակցման միջազգային ուժերին: 2015-ից սկսած այդ երկրում մասնակցում ենք «Վճռական աջակցութիւն» առաքելութեանը եւ, ինչպէս բազմիցս յայտարարել ենք, մեր միջազգային գործընկերների հետ մնալու ենք այնքան, որքան անհրաժեշտ է:
Անցեալ տարի մենք ընդլայնեցինք խաղաղապահ առաքելութիւնում մեր ներգրաւուածութիւնը: Այժմ արդէն ներկայ ենք Լիբանանում տեղակայուած ՄԱԿ-ի ԵՈՒՆԻՖԻԼ առաքելութիւնում: Այս տարուայ Յուլիսին մեկնարկեց Հայաստանի մասնակցութիւնը Մալիում գործող ՄԻՆՈՒՍՄԱ խաղաղապահ առաքելութեանը: Իսկ բոլորովին վերջերս ՄԱԿ֊-ի խաղաղապահ գործողութիւններին մեր ապագայ մասնակցութեան եւ համապատասխան կարողութիւնների զարգացման ու տրամադրման առումով մենք ստանձնել ենք նոր յանձնառութիւններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի եւ կցագրուած անձնակազմի նախապատրաստումը եւ ինքնաշէն պայթուցիկ սարքերի վնասազերծման յատուկ վաշտի պատրաստականութեան ապահովումը:
Հայաստանի խաղաղապահ կարողութիւնների ստեղծման եւ զարգացման պարագայում առանցքային է եղել ԱՄՆ-ի, Յունաստանի, Գերմանիայի, ինչպէս նաեւ ՆԱԹՕ-ի կառոյցների եւ միւս անդամ պետութիւնների դերակատարութիւնը, ինչի համար յատուկ շնորհակալութիւն եմ յայտնում:
Միջազգային խաղաղութեան ու անվտանգութեան պահպանումը բոլորի` թէ՛ մեծ թէ՛ փոքր պետութիւնների առաջնային պատասխանատուութիւնն է, իսկ խաղաղապահութիւնը` այդ նպատակին հասնելու գլխաւոր միջոցներից մէկը: Այսօր մեզ դեռեւս հարկաւոր են լրացուցիչ հաւաքական ջանքեր` այն առաւել ամրապնդելու համար: Ակնյայտ է, որ միայն համապարփակ, համադրուած ու կշռադատուած մօտեցմամբ է հնարաւոր ունենալ խաղաղ եւ ապահով աշխարհ:
Շնորհակալութիւն:
http://www.yerakouyn.com