30 ՕԳՈՍՏՈՍ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ:
Դա երեւի թէ լեզուի թռիչք էր, որ թոյլ էր տուել գերմանացի լրագրողուհի Քիւֆները Պաքւում` Գերմանիայի վարչապետ Անկելա Մերքելի եւ Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի համատեղ ասուլիսի ժամանակ: Գերմանիայի առաջնորդը, ինչպէս յայտնի է, Պաքւում էր գտնւում Հարաւային Կովկաս օգոստոսի 23-26 կատարած իր համայցի շրջանակներում: Վերջին հանգրուանը Պաքուն էր: Մինչ այդ նա Երեւանում էր, ուր ժամանել էր Թիֆլիսից: Ընդ որում, ի տարբերութիւն Հայաստանի եւ Ազրպէյճանի, Մերքելն իր ներկայիս կարգավիճակով երկրորդ անգամ էր Վրաստանի մայրաքաղաքում: Առաջին անգամ Վրաստանում եղել է գրեթէ ուղիղ տասը տարի առաջ` 2008-ի օգոստոսի 17-ին` ռուս-վրացականի փոխարկուած վրաց-օսական պատերազմից յետոյ, հանդիպում ունենալով այն ժամանակ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ: Ի դէպ, չմոռանանք նշել, որ, չնայած վրաց հիւրընկալիների ակնկալիքին, Մերքելն այս անգամ չօգտագործեց «Ռուսաստանի կողմից բռնազաւթուած տարածքներ» եզրաբանութիւնը` Հարաւային Օսեթայի եւ Աբխազիայի կապակցութեամբ, բաւարարուելով յայտարարել միայն, թէ տասը տարի առաջ ինքը վճռականօրէն պահանջել էր դուրս բերել ռուսական զօրքը եւ տասը տարի անց կրկին աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականութեանը:
Եւ ահա Պաքւում, Իլհամ Ալիեւի հետ Անկելա Մերքելի համատեղ ասուլիսի ժամանակ, որ տեղի է ունեցել այցի առաջին իսկ օրը, ընդլայնուած կազմով կայացած հանդիպման աւարտից յետոյ, գերմանացի լրագրողուհին Իլհամ Ալիեւին ուղղուած իր հարցում կամայ թէ ակամայ Ազրպէյճանը շփոթել է մէկ այլ ասիական պետութեան հետ: Քիւֆները բառացիօրէն այսպէս է ձեւակերպել հարցը. «Վերջերս ազատ է արձակուել ընդդիմութեան առաջնորդ Իլկար Մամետովը: Հետաքննութիւն անցկացնող շատ լրագրողներ, այդ թւում` Աֆղան Մուխթարլին, մնում են արգելափակման մէջ: Ուստի Եւրոպայի խորհուրդը քննադատութեան է ենթարկում ձեզ: Գերմանիայի եւ Եւրամիութեան հետ այդչափ սերտ տնտեսական համագործակցութեան պարագայում, ինչի մասին քիչ առաջ դուք ինքներդ նշեցիք` ելնելով Եւրոպայի խորհրդում ձեր` Աֆղանստանի կողմից ստանձնած պարտաւորութիւններից, արդեօք, նորի՞ց սկսելու էք քայլեր անել մարդու իրաւունքների ասպարէզում առկայ կարծրատիպերի ուղղութեամբ»: Կարելի է ենթադրել` գերմանուհուն նման աշխարհագրական շփոթութեան է դրդել ներկայումս ճաղերի հետեւում գտնուող Մուխթարլու Աֆղան անունը:
Յիշեցման կարգով նշեմ, որ սա առաջին դէպքը չէ, երբ Ազրպէյճանը շփոթում են Աֆղանստանի հետ: Տակաւին անցեալ դարի 80-ականների սկզբներին խորհրդային առաջնորդ Լէոնիտ Պրեժնեւն իր վախճանից ամիսներ առաջ, վերջին անգամ ժամանել էր Պաքու, այսպէս ասած, հերթական «Փոխանցիկ կարմիր դրօշով» պարգեւատրելու Ազրպէյճանին` որպէս միջհանրապետական ընկերվարական մրցութիւնում նախորդ տարուայ արդիւնքներով յաղթողի: Եւ ահա Պաքուի այն ժամանակ Լենինի անուան, ներկայումս Հայտար Ալիեւի անունը կրող շքեղ պալատի դահլիճում Պրեժնեւը պէտք էր կարդար ամպիոնում իր առջեւ դրուած տօնական ճառը: Ու սկսում է կարդալ մի գրութիւն, որն Աֆղանստանում տիրող պատերազմական իրավիճակի մասին էր: Պարզւում է` զառամախտ ապրող խորհրդային առաջնորդի առջեւ թիւրիմացաբար այլ գրութիւն էր դրուած, որը, ըստ երեւոյթին, պէտք էր կարդացուէր Աֆղանստանում: Նրա օգնականներից մէկը, ի հարկէ, հապշտապ փոխեց ամպիոնի թղթերը, բայց արդէն ուշ էր. դահլիճում, ինչպէս նաեւ հեռուստաէկրաններին արդէն հնչել էր Աֆղանստան պետութեան անունը` ծայր աստիճան շփոթութեան մատնելով ներկաներին, առանձնապէս այն ժամանակ Ազրպէյճանի միանձնեայ կուսակցական տիրակալ Հայտար Ալիեւին, ում երեսին, հեռատեսիլով անգամ յստակ երեւում էր, բոլորովին գոյն չէր մնացել:
Այս անգամ նոյն իրավիճակը, ճիշդ է` ոչ բարձր ամպիոնից, այլ` դահլիճից, շարքային լրագրողի կատարմամբ, կրկնուեց նաեւ աւագ Ալիեւի նախագահ որդու` Իլհամի ներկայութեամբ` մէկէն ստուերելով վերջինիս մինչ այդ ինքնագոհ հայեացքը: Սակայն, ինչպէս հանգուցեալ հօր պարագայում էր, «թռչնակն արդէն թռել, գնացել էր», քանզի մամլոյ ասուլիսը նոյնպէս ուղիղ հեռարձակմամբ սփռւում էր ազրպէյճանական հեռատեսիլով: «Պէտք է գերմանական պատուիրակութիւնից իմանալ, թէ ե՞րբ է Անկելա Մերքելը մեկնելու Աֆղանստան, հնարաւոր է` հէնց այդ այցի համար է նախատեսուած գերմանացի լրագրողի հարցադրման աֆղանական մոտիվը», նեղսրտած հարցնում է Պաքուի իշխանամէտ հաքքին.ազ էլեկտրոնային լրատուամիջոցը: Կարելի է ենթադրել` Պաքւում չհասցրին հարցնել կամ եթէ հարցրել են, ապա պատասխան չի հետեւել. ի վերջոյ, պետական գաղտնիք է, Գերմանիայի Առաջին տիկնոջ անվտանգութեան ապահովման խնդիր կայ: Թէկուզ, ասենք, ի՞նչ մեծ տարբերութիւն` Աֆղանստանի եւ Ազրպէյճանի միջեւ. Պաքուն այսօր հեղեղուած է աֆղանցիներով, ովքեր կա՛մ մուճահետ վարձկանների կարգավիճակով տակաւին 90-ականների սկզբներին բերուել էին Ազրպէյճան` Արցախի դէմ կռուելու համար, ու նրանցից ոչ քիչ թուով զգեստափոխուած աֆղաններ մնացել, հաստատուել են այդտեղ, եւ կա՛մ վերադառնալով Սիրիայից` լքելով, այսպէս կոչուած, «Իսլամական պետութեան» հրոսակախմբերը, դէպի հայրենի երկիր տանող առաւել ապահով տարանցիկ ուղի են ընտրել Ազրպէյճանը եւ այժմ մեկնելու կամուկացի մէջ են, կամ էլ թէ` ապօրինի գաղթականների պէս տարիներ շարունակ հատում են Ազրպէյճանի սահմանը` այդտեղ բնաւորուելու համար:
Պաքուի համար երկրորդ տհաճ միջադէպը, կապուած` Անկելա Մերքելի այցի հետ, վերաբերում է ` Ֆէյսպուք ընկերային կայքում գերմանական կառավարութեան պաշտօնական էջում տեղադրուած տեսահոլովակին, որի մէջ, ինչպէս յայտնում է մէկ այլ ազրպէյճանական լրատուամիջոց` մինուալ.ազը, Հայաստանը ներկայացնող տեսապատկերն է: Աւելի՛ն. թոնթորում են ազրպէյճանցի լրագրողները, տեսանիւթում ոչ միայն արտացոլուած է Երեւան տանող ճանապարհը, որով ընթանում էր Մերքելի պատուիրակութիւնը, այլեւ երեւում են հայկական դրօշները: Ընդ որում, տեսահոլովակն ամենեւին էլ երկիմաստ չէ ու ոչ էլ նուիրուած` վարչապետի ընդհանուր տարածաշրջանային այցին:
Այն ենթագրուած է բառացիօրէն այսպէս` «Ուղեւորութիւն Ազրպէյճան» («Reise nach Aserbaidschan»): Իսկ տեսագրութեան մէջ հայկական դրօշը երեւում է մէկ վայրկեանից աւելի: Իսկ ահա աւելի վաղ` օգոստոսի 25-ին, վրդովուած յայտնում է նոյն լրատուամիջոցը, Գերմանիայի վարչապետ Անկելա Մերքելը Պաքւում գտնուելու ժամանակ Ինսթիկրամի իր էջում կիսուել է մի տեսահամայնապատկերով, որը նկարահանուած է Հայաստանի մայրաքաղաք Երեւանում ու գերմաներէն ենթագրուած դարձեալ բառացիօրէն այսպէս` «Բարի լոյս Ազրպէյճանից» («Guten Morgen aus Aserbaidschan»): Պաքուի լրատուամիջոցի գնահատմամբ, երկու դէպքում էլ մեղքը Գերմանիայի վարչապետի մամլոյ ծառայութեանն է, որը մէկ օրուայ ընթացքում թոյլ է տուել երկու դիւանագիտական կիքսեր: Կիքսը, ինչպէս հաւանաբար գիտէք, պիլիարտի խաղում եզրոյթ է, որ նշանակում է կիյով, այսինքն` խաղաձողով անյաջող կատարուած հարուած գնդակին, որի դէպքում խաղաձողի ծայրը սխալմամբ սղղալով մի կողմ, շեղւում է ցանկալի ուղղութիւնից: Ինչ խօսք, տուեալ պարագայում ցանկալիից շեղումն առաւել քան անգիտութեան արդիւնք է: Ի վերջոյ, ինչպէ՞ս կարելի է Պաքուն շփոթել Երեւանի հետ: Թէկուզ չշտապենք դատապարտել տիկին Մերքելի մամլոյ ծառայութեանը կամ հէնց անձամբ իրեն` վարչապետին: Իսկ գուցէ նա ինքը կամ իրեն ուղեկցող լրագրողներն առաւել յարմար վա՞յր չեն գտել Պաքւում` այցի ընթացքը հնարաւորինս տեսարժան ներկայացնելու համար, եւ ահա ստիպուած են եղել դիմել երեւանեան իրօք աչք շոյող տեսարաններին: Միւս կողմից, ինչո՞ւ չմտածել, որ գերմանացիները դիտաւորեալ չեն կատարել դա, որպէսզի վարչապետի պատուիրակութեան ուղեւորութիւնն արտացոլուի Ազրպէյճանի նախագահի այն յայտարարութիւններին համահունչ, համաձայն որոնց, Հայաստանի տարածքն Արեւմտեան Ազրպէյճանն է, Երեւանը` 1918 թուականին 90-ամեայ ժամկէտով հայերին տրամադրուած ազրպէյճանական քաղաք, եւ ազրպէյճանական ժողովուրդը պէտք է վերադառնայ իր նախնեաց պատմական հայրենիք, ինչի ուղղութեամբ երկրի իշխանութիւնները եռանդուն աշխատում են: Բայց մինչ այդ, ահա` խնդրեմ, սկուտեղի վրայ Անկելա Մերքելի մատուցմամբ. Guten Morgen aus Aserbaidschan: Կարելի է, ի հարկէ, համակարգչային հնարքով կերպափոխել տեսահոլովակի անբեղ հերոսուհուն` փոխարէնը տեղադրելով բեղաւորի կերպար, անշուշտ, ի դէմս Իլհամ Ալիեւի, եւ մէկ ակնթարթում աշխարհին ի տես կը ստացուի այն, ինչի մասին զառանցագին երազում է Ազրպէյճանի տխրահռչակ առաջնորդը:
Առհասարակ Պաքւում շարունակում են միամտօրէն կարծել, որ թէ իրենց նախագահի զառանցանքներին անտեղեակ ու անգիտակ են եւրոպաներում, այդ թւում, մանաւանդ, աշխարհի հին ու նոր անցուդարձերին քաջագիտակ Գերմանիային: Երեւի թէ Պաքուին մոլորութեան մէջ է գցել տիկին Մերքելի եւ նրա գլխաւորած պատուիրակութեան տարածաշրջանային այցի պաշտօնապէս յայտարարուած բնոյթը` ճանաչողական: Այսինքն` եթէ ճանաչողական է, ուրեմն դեռ չի ճանաչում ո՛չ Վրաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ազրպէյճանը եւ Գերմանիայից Հարաւային Կովկաս հեռաւոր ճամբորդութեան է ելել իբրեւ մի նոր Քրիստափոր Քոլումպոս կամ Ամերիկօ Վէսփուչի` Ամերիկան անպայման յայտնագործելու, Հին աշխարհին միացնելու անսպառ մղումով: Ուստի ինչպէս անծանօթ ու անտեղեակ ճանապարհորդի` բնիկ ձեւացիր ու փչիր զուռնադ` ինչքան կ՛ուզես, ճար չունի, պիտի լսի ու հաւատայ:
Մի խօսքով, Մերքելի այցը մեր տարածաշրջան, կարելի է ասել, իւրօրինակ բարդութիւն էր Ազրպէյճանի իշխանութիւնների համար, անկախ նրանից, թէ հանդիպումների ժամանակ ի՛նչ բանաւոր պայմանաւորուածութիւններ են ձեռք բերուել Պաքւում` Գերմանիան ինչ ներդրումներ կը կատարի Ազրպէյճանում, ինչքա՛ն փող կը տայ ու ե՛րբ կը տայ: Եւ կամ` երբեւէ կը տա՞յ արդեօք:
Թէկուզ նոյն այդ բարդութիւնն ի սկզբանէ էր կը ռահելի: Ի հարկէ` ոչ Պաքուի համար: Այլապէս վիթխարի ակնկալիքներ ունենալով պաշտօնական Պերլինից` ինչպէս քաղաքական, նոյնպէս եւ տնտեսական, Պաքուն էն գլխից իր իսկ ձեռամբ քար չէր գցի գերմանական վարչապետի այցի հետ կապուած իր յոյսերի ու նպատակների վրայ: Խօսքը, այո՛, փոխվստահելի միջպետական յարաբերութիւնների կառուցման գործընթացին, այդ թւում` դիւանագիտական բարոյագիտութեան համընդունելի կանոններին անյարիր այն վիրաւորանքի մասին է, որ պաշտօնական Պաքուն անխոհեմաբար պատճառել է անձամբ Անկելա Մերքելին եւ յանձին նրա` գերմանական պետութեանը` արգելելով պատուիրակութեան անդամ, վարչապետի իսկ գլխաւորած Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն կուսակցութիւնից Պունտեսթակի պատգամաւոր Ալպերթ Վայլերի մուտքն Ազրպէյճան:
Ինչ-ինչ` վերջինս երկու անգամ` 2014 եւ 2016 թուականներին, առանց Պաքուի իշխանութիւնների թոյլտուութեան, խիզախել է այցելել Արցախ: Այլ կերպ ասած` Պաքուն Վայլէին յայտարարել է «անցանկալի անձ», մի որոշում, որ, ինչպէս պարզաբանում է գերմանական «Պիլտ» պարբերականը, կայացուել է ամենաբարձր, այսինքն` նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակով. այնպէս որ, Գերմանիայում Ազրպէյճանի դեսպանատան հետ այդ հարցով օգոստոսի 20-ին ամբողջ օրը վարած բանակցութիւններն ապարդիւն են աւարտուել: Արգելքի արդիւնքում 52-ամեայ գերմանացին երկրի վարչապետին ուղեկցել է միայն Վրաստան եւ Հայաստան կատարած այցերի ընթացքում, իսկ Երեւանից պատուիրակութիւնը Պաքու է մեկնել առանց նրա: Գերմանացի լրագրողի հարցմանն ի պատասխան` Անկելա Մերքելը Երեւանում` մամլոյ ասուլիսում, ի հարկէ, անդրադարձել է խնդրին` նշելով, որ Գերմանիան պատգամաւոր Վայլերին հանել է պատուիրակութեան կազմից` Ազրպէյճան այցի շրջանակում: «Մենք,- ասել է նա,- այդպէս ենք որոշել, քանի որ մեզ համար առաւել կարեւոր են բանակցութիւնները»: Եթէ փորձենք վեր հանել ասուածի դիւանագիտական հենքը, ապա տողատակում կարելի է տեսնել, որ տիկին Մերքելը վարուել է այնպէս, ինչ աւելի քան երկու դար առաջ ժամանակակիցներին յորդորում էր մեծն Սայաթ-նովան. «Խիլքդ յիմարին բաբ մի անի»:
Այդ արտառոց միջադէպին, ինչ խօսք, արձագանգել է նաեւ անձամբ ինքը` քաւութեան նոխազ դարձած գերմանացի պատգամաւորը` յայտարարելով. «Ազրպէյճանը հաճոյքով իրեն որպէս ժողովրդավար է ներկայացնում: Ժողովրդավարական ճանապարհով ընտրուած պատգամաւորի դէմ այդ գործողութիւնները ոչ մի ընդհանուր բան չունեն ժողովրդավարութեան հետ»:
Իրողութիւնը լրագրողների հետ հանդիպմանն առաւել կոշտ է գնահատել Գդհ-ի պաշտօնական ներկայացուցիչ Շթեֆֆեն Զայպերթը, յայտարարելով. «Պերլինը ցաւում է, որ Պաքուն արգելել է Գերմանիայի Պունտեսթակի պատգամաւոր Ալպերթ Վայլերին մուտք գործել Ազրպէյճան ու զգուշացնում է` դա չի նպաստում արցախեան հարցի շուրջ երկխօսութեանը»: Պերլինը ցաւում ու զգուշացնում է: Ցաւը հասկանալի է, քանզի իրօք ցաւոտ էր վիրաւորանքը: Իսկ զգուշացո՞ւմը: Արդեօ՞ք այդ մասին չի վկայում օգոստոսի 24-ին Երեւանում` վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Անկելա Մերքելի յայտարարութիւնը, թէ` Գերմանիան, որպէս Մինսքի խմբի անդամ, կարեւորում է ղարաբաղեան հակամարտութեան լուծումը լաւ մթնոլորտում, եւ այդ հարցում Գերմանիան կ՛աջակցի Հայաստանին: Իսկ յաջորդ օրը` Պաքւում Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը նա սոսկ բաւարարուել է դիւանագիտական արտայայտութեամբ` Գերմանիան կը շարունակի ջանքեր գործադրել հակամարտութեան քաղաքական լուծմանը հասնելու նպատակով: Միեւնոյն ժամանակ, նա Պաքւում շեշտել է հակամարտութիւնը միայն խաղաղ միջոցներով կարգաւորելու հրամայականը, այսինքն` չփորձէք սուր ճօճել: Առանց բանակցութիւնների, ընդգծել է Մերքելը, հնարաւոր չէ լուծել հակամարտութիւնը, ուստի անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել հակամարտութեան խաղաղ կարգաւորման համար: Եւ կամ` Ալիեւի հետ հանդիպմանը Մերքելի շեշտադրումն առ այն, որ Պերլինը շահագրգռուած է Պաքուի հետ քննարկել մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ մարդասիրական կացութեան հարցերը, քաջ գիտակցելով, թէ զրուցակցի համար ինչքան ցաւոտ են այդ հարցերը:
Այնուամենայնիւ արդեօք, վարչապետի պաշտօնական պատուիրակութեան անդամի մուտքի արգելումն Ազրպէյճան իր ազդեցութիւնը կ՛ունենա՞յ գերմանա-ազրպէյճանական յարաբերութիւնների վրայ: Դժուար է միանշանակ ասել: Բայց, յամենայն դէպս, արդեօք, հէնց այդ մասին չէ՞ վկայում նաեւ Անկելա Մերքելի յայտարարութիւնը, որ նա կատարել է Թիֆլիսիի պետհամալսարանում` անդրադառնալով Ռուսաստանից եւ այլ երկրներից դէպի Եւրոպա ածխաջրածնայինների մատակարարման խնդրին: «Գերմանիայի համար ազրպէյճանական կազն աւելի թանկ կ՛արժենայ, քան ռուսաստանեանը», ասել է նա: Վարչապետի խոստովանութեամբ, Գերմանիան չի կարող Ռուսաստանին «ոչ» ասել ուժանիւթի մատակարարումների կապակցութեամբ, քանզի Եւրոպան ռուսական կազի ու նաւթի այլընտրանք չունի: Ինչ վերաբերում է Ազրպէյճանից կազի մատակարարումներին, ապա, նրա խօսքով, «Պերլինը հնարաւորութիւն չունի կազ ստանալ այդ երկրից նոյն այն գնով, որով գնւում է ռուսաստանեան վառելիքը»: Միւս կողմից, արդէն Պաքւում, երկու երկրների գործարարների հետ հանդիպման ժամանակ, վարչապետը կարծիք է յայտնել, որ ուժանիւթի ապահովման բազմատեսակացման տեսանկիւնից Ազրպէյճանը Եւրամիութեան համար կարեւոր երկիր է: «գերմանական տնտեսութեան բազմատեսակացումը հիմք է ստեղծում այդ ոլորտում լաւ համագործակցութեան համար», ասել է Մերքելը:
Թէ որքա՛ն անկեղծ էր Գերմանիայի վարչապետն ազրպէյճանական կազի եւ, առհասարակ, ուժանիւթի դէպի Եւրոպա մատակարարման իր այդ հակակշիռ գնահատումներում, չշտապենք եզրայանգումներ կատարել: Ի վերջոյ, միջպետական յարաբերութիւնները միշտ չէ, որ կառուցւում են զգացմունքային գետնի վրայ: Կան նաեւ ազգային-պետական կամ պետութիւնների դաշինքային շահեր, որոնք շատ յաճախ գերադաս են նոյն այդ զգացմունքների նկատմամբ:
Այնուհանդերձ, հայ փորձագիտական մտքի տիրոյթում սկսում է շրջանառուել տեսակէտ, որ գերմանական պատուիրակութեան տարածաշրջանային այցի բուն նպատակը հէնց Պաքուն է: Մասնաւորապէս, Պէյրութի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարեանի տեսակէտով, որ հրապարակել է իր խմբագրած «Ազդակ» օրաթերթում` նախքան բուն համայցը. «Գերմանիայի վարչապետի այցը Հարաւային Կովկաս արժէ դիտարկել տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների ընդհանուր եղելութիւնների շրջանակներում»: Քաղաքագէտի համոզմամբ` «Ուաշինկթըն-Մոսկուա պարանաձգային մրցակցութիւնը վաղուց թափանցել էր տարածաշրջան: Յարաբերութիւնների ելեւէջներին առընթեր կայուն ընթանում էր մրցակցային կամ ազդեցութեան գօտի պահպանել-նուաճելու գործողութիւնները: Այժմ այդ պարանաձգութեան խաղի ընթացքում յաւելեալ ուժանիւթ ապահովելու փոխկիրառման պահին է, որ Եւրոպայի ղեկավարը ժամանում է Թիֆլիս-Երեւան-Պաքու»:
Համարժէք է նաեւ երեւանցի քաղաքագէտ Հայկ Մարտիրոսեանի կարծիքը, որ նա արտայայտել է ` «Ա1+»-ի հետ զրոյցում. «Անկելա Մերքելի այցն ուղղուած է նրան, որպէսզի հիմքեր դնի Ազրպէյճանից Գերմանիա կազի արտահանում կազմակերպելու եւ ապահովելու համար»: Նրա դիտարկմամբ` «Ճափոնական «ֆուքուսիմա» հիւլէական արհաւիրքից յետոյ Գերմանիան ամբողջութեամբ հրաժարուել է միջուկային ուժանիւթից եւ հիմա հումքային ահռելի վառելիքի կարիք ունի»: Միւս կողմից` «Ռուսաստանից արտահանումների կախուածութեանը դէմ է նախագահ Թրամփը, որը բարձրաձայնում է այդ մասին: Մերքելը սկսել է այլընտրանքային ուղիներ փնտռել եւ այս այցը հէնց դրան է միտուած»:
Ամէն դէպքում, փորձենք, արցախցու ասած, չբոպիկանալ դեռ գետին չհասած: Քանզի ժամանակը, յուսանք, մօտ ապագայում կը պարզի ջրերը եւ ջրի երես կը հանի գերմանական պատուիրակութեան համայցի իրական շեշտադրումները:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար
aztagdaily.com/archives/406671