ՀԱՅԿ և ԲԵԼ
Մովսես Խորենացի
Հայոց ծագումնաբանության վերաբերյալ իր աղբյուրների տվյալները Խորենացին հարմարեցնում է Հին կտակարանի Ծննդոց գրքին ու նրա ժամանակագրությանը և Հայկին ներկայացնում որպես պատմական անձ և Հայոց անվանադիր նահապետ: Քրիստոնեա եպիսկոպոսը այլ կերպ չէր կարող վարվել, որովհետև առանց այդ էլ հետապնդվում էր եկեղեցու կողմից: Հայկին Բաբելոնից բերելը և Բելին (Նեբրովթ) հաղթելու պատմությունը ևս հարմարեցված է Հին կտակարանի սյուժեի ու ժամանակագրության հետ: Ըստ Հին կտակարանի, ջրհեղեղից փրկված Նոյի ժառանգներն իջնում են Միջագետք, կառուցում Բաբելոնը և բնակվում այնտեղ: Այդ իսկ պատճառով Խորենացին Հայկին Հայք է վերադարձնում Բաբելոնից, որպեսզի չհակասի Հին կտակարանին:
Սեպագիր աղբյուրները վկայում են, որ Հայոց նահապետների վերաբերյալ Խորենացու պատմածի հենքը դիցաբանական է: Խորենացու էպիկական պատմության Հայկը Հայ=Վահագն Աստվածն է, Հայոց Արարիչ և անվանադիր Աստվածը: Նույն աղբյուրները նաև վկայում են, որ Բելը (աքքադերեն բել=«տեր») ստորերկրյա քաղցրահամ ջրերի Ավազանի (Ծիրանի Ծովի) Աստվածն էր և կրում էր Ավազան անուն: Հայ Աստվածը սպանում է Բելին, նրա մարմինը Ծիրանի Ծովում դարձնում է կղզի-պատվանդան, որի վրա կառուցում է իր սրբազան կացարանը՝ ապագա Տիեզերքի կառույցի հիմքը: Սա Հայ Աստծո արարչական գործունեության առաջին դրվագն է, որը Խորենացին ներկայացրել է որպես պատմական իրադարձություն: Ըստ Հին կտակարանի ժամանակագրության, ջրհեղեղը տեղի է ունեցել մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջում, իսկ այս դիցաբանական պատմությունը դրանից շատ ու շատ հին է:
Ղևոնդ Ալիշան
Ըստ մատենագրական տվյալների, 428թ հայոց շարժական (աշխարհիկ, քաղաքական) տոմարի Նավասարդի 1-ը համընկել է հուլյան տոմարի օգոստոսի 11-ի հետ: Ալիշանն այս փաստը հիմք ընդունելով (թեև դրա համար ոչ մի հիմնավորում չկա), համարեց, որ Հայոց աշխարհիկ-շարժական տոմարի տարեմուտը օգոստոսի 11-ն է: Ալիշանը միաժամանակ գրում է, որ հայերն ունեցել են նաև կայուն, ՍՐԲԱԶԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ, ըստ որի, սրբազան տարվա սկիզբը եղել է ԱՐԵԳ ամսին՝ գարնանամուտին: Եթե նույնիսկ օգոստոսի 11-ի հարցում Ալիշանը ճիշտ է, ապա այսօր օգոստոսի 11-ին տարեմուտ նշողները նշում են շարժական օրացույցի շարժական տարեմուտը, ոչ թե սրբազան օրացույցի կայուն տարեմուտը:
Ալիշանը թույլ է տալիս ևս մի կամայականություն: Հին եգիպտացիները 1460 տարին մեկ մի տարի իրենց ժամանակագրության հաշվարկից հանում էին և դրանով ուղղում իրենց տոմարը (այն ինչ հիմա մենք ենք անում 4 տարին մեկ փետրվարի 29 մտցնելով): Եգիպտացիներն այդ 1460-ամյա պարբերաշրջանը կոչում էին Սոտիսի շրջան (Սոտիս-ը Սիրիուս աստղի անվանումն է): Ալիշանը ենթադրեց, թե Հայոց մեջ ևս պիտի գործածվեր այդ պարբերաշրջանը, այն մտցրեց իր հաշվարկների մեջ և կոչեց Հայկյան շրջան: Հայոց մեջ այս պարբերաշրջանի գործածության մասին ոչ մի վկայություն չունենք:
Նա 428թ 1460 տարով հետ գնաց, հասավ մ.թ.ա. 1032թ և համարեց, թե այդ ժամանակ ոչ մի արժանահիշատակ դեպք տեղի չի ունեցել, հետևաբար Հայոց օրացույցը չէր կարող այդ ժամանակ հիմնադրվել: Սա ևս սխալ մոտեցում է. օրացույցի հիմնադրումը չի կարող կապված լինել որևէ պատմական դեպքի հետ, որքան էլ այն կարևոր լինի: Օրացույցի հիմնադրումը կապված է դարերի ընթացքում կատարված աստղագիտական դիտումների ամփոփման հետ:
Ալիշանը 1460 տարով էլ է հետ գնում և ընկնում չարաբաստիկ մ.թ.ա. 2492թ և հեվելով Հայկի մասին Խորենացու հաղորդածի և Հին կտակարանի ժամանակագրության վրա, հայտարարում է, թե սա է Հայոց տոմարի սկիզբը, քանի որ մ.թ.ա. 2492թ օգոստոսի 11-ին Հայկը հաղթեց Բելին:
Ալիշանը դադարեցնում է իր փնտրտուքը, քանի որ եթե մի պարբերաշրջան էլ առաջ գնար, ապա կընկներ մ.թ.ա. 3952թ՝ նախաջրհեղեղյան նահապետների ժամանակաշրջանը (ըստ Հին կտակարանի) և կստացվեր, որ Հայկը Բելին հաղթել է ջրհեղեղից առաջ: Քրիստոնեա վարդապետն այդպիսի համարձակություն չէր ունենա և չունեցավ:
Օրացույցի սկիզբը հաշվելու համար կան ճշգրիտ աստղագիտական մեթոդներ և որոշ հնագիտական տվյալներ: Հայոց օրացույցի հիմնադրման ժամանակի գնահատականները ցույց են տալիս, որ դա եղել է Հին կտակարանի արարչության ժամանակից (մ.թ.ա. 6-րդ հազարամյակի կես) շատ առաջ:
Ընդհանուր գծերով սա է իսկությունը:
ՀԱՅԿ և ԲԵԼՄովսես ԽորենացիՀայոց ծագումնաբանության վերաբերյալ իր աղբյուրների տվյալները Խորենացին հարմարեցնում է Հին…
Posted by Hamlet Martirosyan on Sunday, August 12, 2018