«Ինչպես Թուրքիայի բազմաթիվ շրջաններում, այնպես էլ Կոնիայում բրուտները հիմնականում հայ վարպետներն էին». թուրք կավագործ

Մուհամմեդ Ալի Աքման

31 ՕԳՈՍՏՈՍ 2018 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Կոնիայում մոտ 50 տարի բրուտագործությամբ զբաղվող Իսմայիլ Արըքանը շարունակում է կավագործությունը, որից ստացված ապրանքներում մի ժամանակ պահվում էր սնունդը, և որոնք նորահարսի օժիտի անբաժանելի մասն էին։

Կոնիայի Հյույուք գավառակում խեցեգործությամբ զբաղվող Իսմայիլ Արըքանը 50 տարի է շարունակում է նաև կավագործությունը, որից ստացված իրերում ժամանակին պահվում էր սնունդը, ու որոնք դարձել էին նորահարսի օժիտի անբաժան մասը։ Հյույուքի շրջակայքում գտնվող հողը խեցեգործության համար շատ հարմար է, ինչի  պատճառով մինչ վերջերս գավառի բնակչության մեծ մասը խեցեգործությամբ էր զբաղվում, իսկ այսօր միայն վարպետ Իսմայիլն ու իր երկու որդիներն են շարունակում անել գործը։

Իսմայիլ վարպետի ձեռքով պատրաստված կավե կժերը, ջրամանները, ծաղկամաններն ու հողից պատրաստված հազարավոր այլ ապրանքներ 1982 թ. սկսած վաճառվում են բրուտագործական արհեստանոցում։

Արըքանը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ փորձում է իր արհեստանոցում շարունակել մոռացության վտանգի առաջ կանգնած արհեստներից բրուտագործությունը, ապա ավելացնում է, որ այն ժամանակ, երբ ինքն էր մասնագիտանում այդ գործում, Թուրքիայում այն արդյունաբերական ճյուղ էր։

Նա նաև նշում է, որ այդ ժամանակաշրջանում կավե արտադրանքը առօրյա կյանքի անբաժան մասն էր, ապա հավելում է. «Կավե գործերը մի ժամանակ անհրաժեշտություն էին։ Հիմա մի այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ նոր սերունդը տեղյակ չէ հողե արտադրանքի մասին»։

Արըքանը պատմում է, որ հողը ջրի հետ խառնելուց ու ցեխոտ վիճակի հասցնելուց հետո զանգվածը անցկացվում է գործիքով, իսկ ձեռքով վեջնական տեսքն է ստանում, վառարանում 800 աստիճան ջերմության պայմաններում եփվելով, ամրանում է, իսկ ջրի մեջ մտնցվելուց հետո` դիմացկուն դառնում։

Հիմնականում հայ վարպետներն էին այս գործն անում

Արըքանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ նոր սերունդը այդ մասնագիտության նկատմամաբ հետաքրքրություն չի ցուցաբերում, որի պատճառով բազմաթիվ արհետների նման` բրուտագործությունն էլ մոռացության վտանգի առաջ է կանգնած։ Նա հետևյալ կերպ է ներկայացնում այդ արհեստը սովորելու պատմությունը.

«Ինչպես Թուրքիայի բազմաթիվ շրջաններում, այնպես էլ Հյույուքում բրուտները հիմնականում հայ վարպետներն էին, իսկ  թուրքերը չէին ցանկանում սովորել գործը։ Իմ վարպետը ամիսներ շարունակ գաղտնի անցքից նայել է, թե ինչպես է աշխատում  հայ վարպետը և այդպես սովորել այն։ Երբ սկսեցի այս արհեստով զբաղվել, շաբաթներով կամ ամիսներով աշխատավարձ չէի ստանում։ Ամեն օր մի ցեխ ունենալու իրավունք ունեի։ Եթե դրանից մի բան պատրաստեի, ապա գումար կստանայի, եթե չէ՝ դա էլ չէր լինում»։

Արըքանը շեշտում է, որ բրուտագործությունը երկար տարիներ ամենահայտնի մասնագիտություններից մեկն էր և հավելում. «Կավե կաթսայի մեջ եփվող ուտելիքը, հենց կավե ամաններում էլ դաշտ կամ մեկ այլ տուն էին տեղափոխում։ Մածունը կավե ամանում էին պատրաստում։ Թթուն դրվում էր կավե կճուճների մեջ։ Չորթանը, ալյուրը, մեղրը, յուղը, բլղուրն ու ցորենը կավե կժերի մեջ էին պահվում։ Հնում առանց բրուտագործության հնարավոր չէր ապրել, իսկ այժմ այն մոռացության մատնվելու վտանգի առաջ է»։

Կավե կճուճները հնում ծառայում էին որպես սառնարան

Արըքանը տեղեկացնում է, որ կավե գավաթները, անոթները, ամանները, ծաղկամանները և կավե այլ ամանները մի ժամանակ անհրաժեշտություն էին ամեն տան համար, իսկ քանի դեռ խոհանոցային սարքավորումները չկային, ամուսնացող աղջիկների օժիտի մեծ մասը կավե ամաններից էր կազմվում։

Նա նաև ասում է, որ կավե կաթսաների մեջ պատրաստվող ուտեստի համը նույնը չի լինում որևէ այլ արտադրանքով եփվե;ու դեպքում, ապա` հավելում. «Կավե ամանները ժամանակի սառնարաններն էին։ Կավե կճուճները ջրի յուրահատկությունը պահպանում են, ջրին բնական սառնություն հաղորդում։ Դրան ոչ շիշը կփոխարինի, ոչ էլ սառնարանը։ Հին սերունդը շատ լավ գիտի կավե արտադրանքի արժեքը։ Նոր սերունդը հեռախոսից բացի ուրիշ բանից չի հասկանում»։

Մարդու բնույթին ամենահամապատասխան նյութը հողն է

Նա տեղեկացնում է նաև, որ կավե հազարավոր ապրանքներ տարիներ շարունակ իր արհեստանոցի պարտեզում սպասել են իրենց վաճառքին, բայց այժմ գլխավորապես  ծխնելույզի ծածկեր են պատրաստում, քանի որ վերջին տարիներին դրա պահանջարկն է մեծացել և հավելում. «Ծնողներին իմ խորհուրդն այն է, որ եթե իրենք որևէ արհեստի են տիրապետում, թող անպայման սովորեցնեն իրենց երեխաներին։ Այս արհեստները մեր բոլորի համատեղ արժեքներն են։ Կգա օրը, և կավե արտադրանքի արժեքը կրկին կբարձրանա։ Մարդու բնույթին և առողջությանը ամենահամապատասխան նյութը հողն է, քանի որ մարդն էլ է հողեղեն»։

https://www.aa.com.tr/tr/yasam/yeni-nesil-toprak-urunleri-bilmiyor/1241600

Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail