8 սեպտեմբերի, 2018, Քաղաքական
Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաբի հակամարտության կարգավորմանը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ իրեն հաճախ են հարցնում՝ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պատրա՞ստ է փոխզիջումների:
«Ես, այդ հարցին պատասխանելիս, միշտ հարկ եմ համարում ընդգծել, որ առաջինը պետք է Ադրբեջանին հարցնել՝ արդյոք նա պատրա՞ստ է փոխզիջումների, որովհետև այն իրավիճակում, երբ Ադրբեջանն անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի և Արցախի հասցեին, որևէ ձևով ասել, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, կնշանակի թուլություն ի ցույց դնել: Մենք երբեք դա չենք անի: Եվ ասում ենք, որ Հայաստանի հետ որևէ մեկը չի կարող խոսել սպառնալիքների լեզվով: Մենք դա ուղղակի թույլ չենք տա»,- ասաց ՀՀ վարչապետը:
Վարչապետը նաև նշեց, որ ապագայում Արցախը պատկերացնում է որպես Հայաստանի մաս: «Ինչ վերաբերվում է ապագա մեր պատկերացումներին, ես նախկինում էլ ասել եմ, որ պատկերացնում եմ Արցախը որպես Հայաստանի մաս: Իսկ այդ ճանապարհը կարող է բաղկացած չլինել մեկ քայլից, այն կարող է բաղկացած լինել երկու կամ երեք քայլից, բայց ապագայի մեր տեսլականը միանշանակ դա է: Եվ այստեղ որևէ կասկած չի կարող լինել»,- եզրափակեց վարչապետը:
artsakhpress.am/arm/news/92839/