Ուզո՞ւմ եք, մի այնպիսի արտառոց բան ասեմ, Սամվել Կարապետյան

ԽԱՉՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Ուզո՞ւմ եք, մի այնպիսի արտառոց բան ասեմ, որ հասարակության կարծրացած իմացությունները տակնուվրա լինեն. դե ուրեմն լսե՛ք.

Գոնե ինձ համար այլևս հստակ է, որ խաչքարերը ո՛չ թե ընդհանրապես հայկական, այլ դավանաբանորեն միայն մեկ ուղղության` առաքելականության հետևորդ հայերի մշակութային ժառանգություն են:

Եվ այսպես, հայոց պատմության ընթացքում խաչքարեր չեն կերտել բոլոր այն հայերը, որոնք քաղաքական ինչ-ինչ հանգամանքների բերումով հեռացել էին հայ առաքելական եկեղեցուց և դարձել ընդհանրական (քաղկեդոնական, բյուզանդածես) եկեղեցու հետևորդ:

Ահա, թե ինչու Բարձր Հայքի, Տայքի և մասամբ նաև Գուգարքի (արևմտյան կես հատվածը) նահանգների տասնյակ զուտ հայաբնակ գավառները թափուր են խաչքարերից: Հատկանշական է, որ Հայքի այս գավառներում ցարդ պահպանված խաչքարերն իրենց ժամանակաշրջանային պատկանելությամբ վերաբերում են Թ-Ժ և ԺԴ-ԺԸ դարերին: Հանգամանք, որն ակներև է դարձնում մեկ կարևոր փաստ. ԺԱ և հատկապես խաչքարաշատ` ԺԲ-ԺԳ դարերն այս հուշարձանատեսակի առումով թափուր դարեր են:

Ինչո՞ւ, այդ ի՞նչ էր պատահել, որ հոծ հայ բնակչություն ունեցող նշյալ երկրամասերում խաչքարեր չեն կերտվել և այն էլ` ԺԲ-ԺԳ դարերում, երբ ամենուր առանձնապես մեծաթիվ են հենց այդ դարերից ավանդված խաչքարերը: Պատասխանը դժվար չէ գուշակել. Ժ-ԺԱ դդ-ում քաղկեդոնականություն ընդունած և մինչև ԺԴ դարի սկզբներն այդ ուսմունքի հետևորդ մնացած հայերը խաչքարեր չէին կերտել: Լավ, իսկ ի՞նչ պատահեց, որ ԺԴ դարից հետո դարձյալ սկսեցին խաչքարեր կերտել:

Պատասխանը հստակ է. Բյուզանդիայի թուլացումից և ի վերջո անկումից, նաև զուգահեռաբար քաղկեդոնական Վրաստանի թուլացումից և նրա էլ` մանր թագավորությունների տրոհումից հետո, գրեթե երեք դար քաղկեդոնականության հետևորդ եղած հայերի համար այլևս անիմաստ էր շարունակել մնալ քաղկեդոնական (կոպիտ ասած քաղկեդոնական եկեղեցու հետևորդ լինելն այլևս «պրիստիժ» չէր), ուստի և տեղի է ունենում դարձ` դեպի առաքելական եկեղեցին:

Ահա, միայն դրանից հետո, այսինքն` վերստին առաքելադավան դառնալուց հետո է, որ հայերը վերստին սկսում են խաչքարեր կերտել: Հիմա պարզ է չէ՞, թե ինչո՞ւ օրինակ` Գուգարքի Ջավախք, Արտահան և Կղարջք, նաև Տայքի և Բարձր Հայքի բոլոր գավառներում առկա են սոսկ Թ-Ժ և ԺԴ-ԺԸ դարերով թվագրվող խաչքարեր (իհարկե մասնավոր կղզյակ բացառություններով), իսկ միջանկյալ` ԺԱ-ԺԳ քաղկեդոնացած դարերում այդպիսիք գոյություն չունեն:

Սա մեկ, բայց ավելի հետաքրքիրը դեռ առջևում է և դա հետևյալն է. պարզվում է, որ, եթե հայ առաքելականությունից հեռացած հայն այլևս խաչքար չէր կերտում, փոխարենը խաչքարեր էին կերտում հայ առաքելականության հետևորդ դարձած այլազգիները:

Մասնավորապես պատմական Բուն Աղվանք երկրամասի կենտրոնական գավառների (Շաքե, Կապաղակ, Դասան) բազմաթիվ հնավայրերում առկա են խաչքարաշատ բազմաթիվ գերեզմանոցներ, որտեղ ամփոփվածները հայ առաքելական եկեղեցու հետևորդ լեռնականներ էին:

Դա ակնառու է ոչ միայն դաղստանյան ցեղերի կողմից ստեղծված և նրանց բնորոշ ու հատուկ գեղարվեստական-ոճական լուծումների նույնական առանձնահատկությունների, այլև խաչքարերին թողնված հայերեն արձանագրություններում առկա զուտ տեղական (լեռնականների) անձնանունների առկայության շնորհիվ, օրինակ` Ճունշիբ, Բաճան, Ղապայպուշ և այլն, որպիսիք միանգամայն խորթ են հայ իրականությանը:

Ահա այսպես, արվեստասեր բարեկամներ.

Փաստորեն խաչքարեր չեն կերտել այն հայերը, ովքեր դադարել են լինել հայ առաքելական եկեղեցու հետևորդ և խաչքարեր են կերտել այն այլազգիները, ովքեր դարձել են հայ առաքելական եկեղեցու հետևորդ:

Ամփոփեմ.
Խաչքարերը, որպես համընդհանուր քրիստոնեական մշակույթի խիստ յուրօրինակ և եզակի հուշարձան ո՛չ թե միայն հայկական, այլ ավելի հայ առաքելական պատկանելություն ունեն, քանի որ դրանք հեղինակել են միայն առաքելադավանները, որով և կարելի է մասնավորեցնել, թե խաչքարերը փաստորեն հայ առաքելականության գաղափարաբանության պտուղ` «մոնոպոլ» հուշարձանատեսակ են:

Գրությանս կցում եմ ԺԴ-ԺԵ դարերի մի խումբ խաչքարերի պատկերներ Բուն Աղվանքից, որոնք ժառանգություն են մնացել առնվազն այդ ժամանակաշրջանում հայ առաքելական եկեղեցու հետևորդ եղած տեղացիների` դաղստանյան լեռնական այսրկովկասաբնակ ցեղերի կողմից:

Սամվել Կարապետյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail