Հայ Եւ Վրաց Պատմաբանների Երկխօսութիւնն Ախալքալաքում

20 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2018 – ԳԱՂՈՒԹՆԵՐ:

Ախալքալաքում կայացել է «Անկախութեան վերականգնման 100ամեայ ճանապարհ» խորագրով գիտաժողովը, որին մասնակցել են վրացի եւ հայ պատմաբանները:

Jnews-ի հաղորդմամբ, Վրաստանի ու Հայաստանի անկախութեանը նուիրուած գիտաժողովն Ախալքալաքում անցկացուել է Սամցխէ-Ջաւախքի եւ Քուէմօ-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի նախաձեռնութեամբ:

«Գիտաժողովն աննախադէպ է, որովհետեւ մասնակցում են պատմաբաններ Հայաստանից եւ Վրաստանից: Սա ողջունելի փաստ է, որ երկու երկրների բարձր գիտական աստիճաններ ունեցող պատմաբաններ են մասնակցում եւ երկու կողմն էլ համաձայն են, որ գիտաժողովից յետոյ գրքոյկներ տպագրենք, որը գալիք սերունդների համար կը լինի լաւ ձեռնարկ», ասել է Խորհրդի համակարգող Արտակ Գաբրիէլեանը:

Նա նշել է, որ Ախալքալաքում անցկացուող միջոցառմանը ներկայ չէին Ախալքալաքի եւ Նինոծմինդայի ղեկավարները, խորհրդարանի պատգամաւորները, ֆրակցիաների նախագահները:

«Իսկ, թէ ինչու չէին մասնակցում Ախալքալաքի ղեկավարները: Այդ հարցը իրենց ուղղէք: Մենք, կարծում ենք, մարդ բաց չենք թողել եւ բոլորին հրաւիրել ենք: Սա իրենց կողմից մի քիչ վիրաւորական է երկու պետութիւնների առաջին հանրապետութիւնների կամ 100ամեակի միջոցառմանը», ասել է Խորհրդի համակարգող Արտակ Գաբրիէլեանը:

Գիտաժողովի բացմանը ներկայ են եղել Վիրահայոց թեմի առաջնորդն ու հոգեւորականները, Ախալցիխէի քաղաքապետը, Ախալցիխէի Սակրեբուլոյի պատգամաւորներ, Վրաստանում Հայաստանի դեսպանութեան ներկայացուցիչներ, մտաւորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ եւ ուրիշներ:

Գիտաժողովի պաշտօնական բացման արարողութեանը ելոյթ է ունեցել Թբիլիսիի պատմութեան եւ ազգագիտութեան թանգարանի տնօրէն Գէորգի Ճէիշվիլն:

ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանը նշել է, որ Մարտ ամսից սկսած մինչեւ օրս բազմաթիւ կոնֆերանսների (խորհրդաժողովներու-Խմբ.) ու գիտաժողովների է մասնակցել անկախութեան թեմայով, սակայն այս մէկն առանձնայատուկ է, քանի որ Ջաւախքում է անցկացւում:

«ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ»

asbarez.com/arm/325873/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail