21 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՊԱՏՄԱԿԱՆ:
Վարեց՝ ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ
«Ապառաժ»ի զրուցակիցն է անուանի պատմաբան, հայագէտ, խմբագիր, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, ՀՅԴ կուսակցութեան արխիւների գիտակ Երուանդ Փամբուքեանը: Նա hայոց պատմութեան եւ հայագիտութեան վերաբերեալ շուրջ երեք տասնեակ գրքեր է կազմել ու խմբագրել:
Երուանդ Փամբուքեանը վերջերս Արցախում էր՝ մասնակցելու իր կազմած «Արամ Մանուկեան. Նամականի» գրքի արցախեան շնորհանդէսին:
ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ.- Պարոն Փամբուկեան, «Արամ Մանուկեան. Նամականի» ժողովածուի լոյս ընծայումը մեծ խանդավառութեամբ է ընդունուել հասարակական ու գիտական շրջանակներում: Կը խնդրէի ներկայացնէիք, թէ ինչպէ՞ս է այն իրականութիւն դարձել:
ԵՐՈՒԱՆԴ ՓԱՄՊՈՒՔԵԱՆ.- Վերջին 15 տարիների ընթացքում իմ գլխաւոր զբաղմունքը «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան Պատմութէան Համար» հատորների հրատարակումն էր: Այդ աշխատանքի համար ամէն տարի մէկից մէկուկէս ամիս մեկնում եմ ԱՄՆ Բոստոնի ՀՅԴ արխիւների կենտրոն, որտեղ կատարւում է նիւթերի հիմնական մասի հաւաքումը: Այդ աշխատանքի ընթացքում իմ ուշադրութիւնը գրաւել են Արամի նամակները: Անցած դարերում հաղորդակցութեան հիմնական միջոցը նամակներն էին: Մեր կուսակցական, ղեկավար ընկերները նամակների միջոցով մշտապէս կապի մէջ են եղել ե՛ւ գերադաս մարմինների, ե՛ւ իրենց ընկերների հետ: Նամակների մէջ գտել եմ շատ արժէքաւոր, հաւաստի տեղեկութիւններ: Համարձակւում եմ ասել, որ դրանց մէջ աւելի շատ իրականութեան ենք հանդիպում, քան ժողովական արձանագրութիւների, տեղեկագրերի մէջ, որտեղ հարցերը բաւականին մշակուած, սղագրուած են, մինչդեռ նամակների մէջ աւելի ճշգրիտ կերպով կարելի է թափանցել իրականութեան մէջ:
Նամակները բովանդակալից են, որով եւ գրաւել են ուշադրութիւնս: Արամ Մանուկեանի ձեռագրերը գտնելու համար հարիւրաւոր թղթածրարներ եմ պրպտել, փնտռել: Տարիների ընթացքում նրա ձեռագիրը, լեզուն արդէն հարազատ են դարձել:
ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ.- Հետաքրքիր է, արդեօք Արամ Մանուկեանի գրութիւնների մէջ զգացւո՞ւմ է Արցախի բարբառի ազդեցութիւնը:
ԵՐՈՒԱՆԴ ՓԱՄՊՈՒՔԵԱՆ.- Արամ Մանուկեանը իւրայատուկ գրելու ոճ ունէր: Մասնաւորապէս իր սկզբնական նամակներում շատ ենք հանդիպում արցախեան բարբառային բառեր, ասոյթներ: Հետզհետէ փոխւում է նրա գրագրութեան լեզուն, նոյնիսկ փորձել է արեւմտահայերէն գրել: Դա բնական է, քանի որ երկար տարիներ գործել է Վան-Վասպուրականում, նաեւ որոշ ժամանակ «Աշխատանք» թերթը հրատարակեցին, որտեղ Արամը արեւմտահայերէն է տպագրուել:
ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ.- Արամի բոլոր ժամանակիցները, այդ թւում եւ ինքը առաւել յայտնի են իրենց գաղտնանուններով: Արդեօք ինչ-որ տեղ յիշատակութեան հանդիպե՞լ էք, թէ ինչպէ՛ս է ընտրուել «Արամ Մանուկեան» անունը:
ԵՐՈՒԱՆԴ ՓԱՄՊՈՒՔԵԱՆ.- Իրական անուն-ազգանունը Սարգիս Յովհաննիսեան է: Երբ ուսումն աւարտելուց յետոյ գործուղուեց Կարս, այնտեղ յայտնի էր Սերգէյ անունով: Նախքան Վասպուրական հասնելը մի քանի ամիս մնաց Ատրպատականում, որտեղ արդէն յայտնի էր Արամ անունով:
Ծածկանուններն անհրաժեշտ էին ցարական, թուրքական գրաքննութիւնից խուսափելու համար: Նամակների մի մասը գաղտնագիր են, գաղտնի մելանով գրութիւններն ունէին նաեւ բաց բաժինը, որտեղ խօսւում է եղանակի, կարօտի, ապրուստի միջոցների սղութեան մասին: Այդպիսի նամակների տակ յաճախ ստորագրում էր «Արամ Սարումեանց»: Ծածկանուններն այնքան շատ են, որ յատուկ գիտելիքներ են պէտք գրողների ինքնութիւնը պարզելու համար: Վասպուրականի հարիւրաւոր գիւղերը, որտեղ կազմակերպական բջիջ էր գործում, յատուկ ծածկանուններ էին կրում: Վասպուրականը մեծ նահանգ էր՝ 39,000 քառ.կմ. տարածքով, մինչդեռ Վասպուրականի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէն իր գործունէութիւնը ծաւալում էր շատ աւելի ընդարձակ տարածքի վրայ. Բիթլիս-Բաղէշի վիլայեթի լեռնային գաւառները, Կարինի վիլայեթի Բայազետի շրջանը ենթարկւում էին այս կոմիտէութեանը: Արամի նամակներում այդ բնակավայրերը յիշատակւում են ոչ թէ բուն անուններով, այլ կուսակցութեան կողմից սահմանուած գաղտնանուններով: Հրատարակուած գրքում ծածկանունով յիշատակուած բոլոր գիւղերի եւ քաղաքների դիմաց նշուած են իսկական անունները:
ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ.- Նամականին ընդգրկում է 1904-1915թթ.՝ Արամի գրագրութիւնը: Ինչո՞վ է պայմանաւորուած հէնց այդ ժամանակշրջանի ընտրութիւնը:
ԵՐՈՒԱՆԴ ՓԱՄՊՈՒՔԵԱՆ.- Ժամանակներն այնպիսին էին, որ երիտասարդութեան իդէալն էր գնալ եւ նուիրուել Երկրի ազատագրութեան դատին, մեծագոյն երազ էր կռուի մէջ նահատակուելը: Արցախից, Ջաւախքից եւ Հայաստանի այլ շրջաններից շատ երիտասարդներ մեկնում էին այդ գաղափարով: Արամի ժամանակակիցները՝ Թուման Թումեանցը (Թորգոմ), Եգոր Առստամեանը (Մենակ, Գէորգ), Խանասորի Վարդանը (Սարգիս Մեհրաբեան), Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տէր Յովհաննիսեան) այս գաղափարներով են Երկիր հասել: Սասունի ապստամբութեան նախօրեակն էր եւ ամբողջ նահանգը գտնւում էր արտակարգ եռուզեռի մէջ. այդտեղ խմբուած էին բազմաթիւ անուանի մարտիկներ: Սասուն անցնելու նպատակով Կարս եկած Արամը զինեալ խմբի միանալով փորձել է անցնել սահմանը, բայց հիւանդութեան պատճառով յետ է դարձել: Մի քանի խմբեր պատրաստած եւ սահմանն անցկացրած Արամը խոր վիշտ էր ապրում եւ տառապում՝ ամէն անգամ թանկագին ընկերների նահատակութեան լուրն առնելով: Ի վերջոյ, հակառակ Կարսի Կենտրոնական կոմիտէի պնդումներին, Արամը վճռում է անցնել Երկիր, բայց ոչ թէ Սասուն, որտեղ ճնշուել էր ապստամբութիւնը, այլ Վասպուրական:
1904թ. աշնանը երեք ընկերների ուղեկցութեամբ Արաքսը կտրելով գնաց Խոյ, ապա սահմանամերձ Ս. Թադէի վանքը՝ այնտեղից Վան անցնելու ծրագրով: Ձմրան սաստիկ եղանակների պատճառով ճանապարհներն անանցանելի էին, եւ նա ստիպուած էր մնալ այդտեղ՝ զբաղուելով դէպի Երկիր զէնքի փոխադրութեան հարցերով: Տագնապալի տարիներ էին ոչ միայն Արեւմտեան Հայաստանի, այլ նաեւ հայրենիքի արեւելեան հատուածի համար: Այն օրերին, երբ Արամը գտնւում էր Վասպուրականում, Բաքւում հայերի ջարդեր էին տեղի ունենում:
Նամակների մեծագոյն մասը գրուել է հէնց Վասպուրականում հաստատուելուց յետոյ, մանաւանդ առաջին երկու տարիներին, երբ զբաղուած էր զէնք-զինամթերքի ապահովման գործով: Միայն 1905-1906թթ. այդ նամակների թիւը հասնում է 240ի: Դրան հակառակ, 1914-1915թթ. Արամի գրչին պատկանող սակաւաթիւ գրութիւններ են մեզ հասել: Ցաւօք, այդ տարիների Վասպուրականի, ինչպէս նաեւ կուսակցական միւս շրջանների արխիւը, ժամանակին Ժընեւ չտեղափոխուելով, ոչնչացուել է:
Գրքում տպագրուել են մի քանի նամակներ, որոնք մեր արխիւներից չեն: Դրանք ցարական գրաքննութեան կողմից բռնագրաւուած նամակներն են, որոնք գտնւում են Հայաստանի արխիւներում: Նամակներում տեղ գտած որոշ արտայայտութիւններից պարզ է դառնում, որ դրանց որոշ մասը տեղ չի հասել, բայց մեծամասնութիւնը բարեբախտաբար պահպանուել է:
ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ.- Նամակներն ուսումնասիրելով՝ ի՞նչ նոր բացայայտումներ էք արել Արամի կերպարի մէջ:
ԵՐՈՒԱՆԴ ՓԱՄՊՈՒՔԵԱՆ.- Արամը շատ անձնուրաց, սակաւակեաց անձնաւորութիւն էր, չարքաշ կեանք էր վարում: Օսմանեան պետութեան հայահալած քաղաքականութեան օրերին տեղի ու եկուոր գործիչները ընդյատակեայ գործ էին կատարում: Մի վայրում առաւելագոյնը երկու գիշեր կարող էին մնալ, պէտք է անընդհատ տեղափոխուէին: Արամը ահաւոր յօդացաւեր, տեսողութեան հետ կապուած խնդիրներ ունէր, դժուարութեամբ էր շարժւում: Նրան երբեմն շալակած էին փոխադրում տեղից տեղ:
Վասպուրականում մի տարեց կին, տեսնելով դրսից եկածների վիճակը, հարցնում է. «Այ տղայ դու հայր-մայր, ընտանիք չունե՞ս:
«Չէ»,-պատասխանում է Արամը,- «ես երկնքից եմ իջել»:
Արամը սիրուեց, ընդունուեց վանեցիների կողմից, ովքեր դրսեկների նկատմամբ վերապահ էին: Ինքն էլ սիրեց Վան-Վասպուրականը, Վասպուրականում գտ-նուելու այդ աւելի 10 տարիների ընթացքում վանեցի դարձաւ: Վանեցիների նման ինքն էլ Վանը դրախտ էր անուանում:
Վանն ապահովուել էր պաշտպանութեան անհրաժեշտ միջոցներով, եւ միայն դրա շնորհիւ կարողացաւ 1915թ. Եղեռնի ժամանակ զէնքի դիմելով յաղթանակով դուրս գալ: Տեղի հայերի փրկութեան համար պարտական ենք Վանի դաշնակցական ղեկավարներին, Արամի համբերատար, տքնաջան աշխատանքին, որն արտացոլուած է նրա նամակներում՝ որքան փամփուշտ, զէնք է ստացուել, ինչի կարիք կայ, ինչն է պակասորդի պատճառը: Տպաւորութիւն կայ, թէ գիշեր-ցերեկ զբաղուած էր զէնք-զինամթերքի խնդիրներով: Բայց, բացի դրանից, նրա ուսերին էր ամբողջ Վասպուրականի շրջանի կուսակցական գործերի ղեկավարութիւնը, որն ընդգրկում էր կեանքի բոլոր ոլորտները՝ կազմակերպական, մշակութային, քաղաքական, կրթական, քարոզչական եւ այլն:
Միւս գործիչների ցուցամոլութիւնը չունէր, ինքը ստուերի մէջ էր, գործը ընդհանուրինն էր, ինքը՝ դրա մի մասնիկը:
Բնոյթով համեստ մարդ էր, բայց միեւնոյն ժամանակ իր գրութիւններում, յատկապէս վերադաս մարմիններին ուղղուած նամակներում համարձակ էր, յանդուգն, բուռն քննադատող: Այսօր դժուար է երեւակայել, որ Բիւրոյի հետ որեւէ գործիչ այդպիսի լեզուով կը խօսի, բայց նրան չէին պատժում, որովհետեւ հասկանում էին, որ անձնականի, նիւթականի, իր յարմարաւէտութեան մասին չի մտահոգւում, այլ ժողովրդի ցաւի թարգմանն է:
ՀՅԴ մեծերը, յատկապէս Ռոստոմը, յատուկ վերաբերմունք, գուրգուրանք ունէին Արամի նկատմամբ, նրա մէջ էին տեսնում Դաշնակցութեան գործը արժանաւոր շարունակողին: Եւ պատահական չէ, որ կազդուրուելու համար Եւրոպա մեկնելու յատուկ հրահանգ տուեցին: Ռոստոմը Ժընեւում ապրող իր ընկերջը գրում էր, որ այդ օրերին իրենց մօտ է գտնւում Արամը, «նրան քշեցէք մէկ հեռաւոր անկիւն, մարդու երես չտեսնի»ի: Բայց չի յաջողւում «մեկուսացնել» Արամին, «Դրօշակ»ի խմբագրութիւնում է աշխատում, թղթակցում:
Անշահախնդիր նուիրուածութիւն ունէր իր գործին: Գրքում տպագրուած եւ այլ լուսանկարներում նա կոստիւմով է, բայց դրանք բոլորը վարձով վերցուած, փոխ առնուած էին: Միայն Արամը չէր, միւս ղեկավարներն էլ նոյնն էին: Եթէ ուշադրութիւն դարձնենք, բոլորը միեւնոյն կոստիւմով են լուսանկարուել: Թուրքերը նրան «փաշայ» էին ասում, Հայաստանում նրան դիկտատոր էին անուանում: Ի՞նչ դիկտատոր, նա ամենաժողովրդավար մարդն էր: Իր խառնուածքին, բնաւորութեանը բոլորովին անյարիր էին այս որակումները: Իր գործին անմնացորդ նուիրուած համեստ մարդ էր: Արամների օրինակը պէտք է վարակիչ դառնայ այսօրուայ մեր իշխանաւորների համար:
ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ.- Չնայած ձեր պատկառելի տարիքին, դուք հրատարակել էք այս արժէքաւոր աշխատութիւնը, եւ ենթադրելի է, որ տպագրութիւնից յետոյ նոր աշխատանքի էք լծուելու:
ԵՐՈՒԱՆԴ ՓԱՄՊՈՒՔԵԱՆ.- Այո, շատ-շատ նիւթեր կան, որ արժանի են յատուկ ուշադրութեան, հաւաքուելու, ժողովածու կազմելու: Օրինակ, մէկ այլ արցախցու՝ Նիկոլ Դումանի նամակները, որոնք ես ամբողջացրել եմ եւ, հաւանաբար, Աստծոյ կամօք յաջորդիւ կը հրատարակուի:
asbarez.com/arm/325947/