«Ֆըրթընա հովտի դռները»․ Համշենյան իշխանների ամրոցին նվիրված հրապարակումը թուրքական պարբերականում

2018/05/07 – ԲԵՐԴԵՐ-ԱՄՐՈՑՆԵՐ, ՀԱՄՇԷՆ ԵՒ ՀԱՄՇԷՆՑԻՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Akunq.net-ը թուրքերենից թարգմանաբար և առանց կրճատումների ներկայացնում է «Հյուրիեթ»-ում հրապարակված հոդվածը՝ նվիրված Զիլ ամրոցի պատմությանը։ Հրապարակման մեջ, սակայն, ոչ մի խոսք չկա այն մասին, որ սույն բերդը կառուցվել է Համշենի հայկական կիսանկախ իշխանության ժամանակաշրջանում և հայ իշխանների կողմից․

«Ֆըրթընա հովիտն այն վայրերից է, որտեղ բնությունը պահպանել է իր գեղեցկությունը։ Նշանակալի է ոչ միայն այս հովտի բնությունը, այլև՝ պատմությունը, իսկ այստեղի ամենանշանավոր կառույցը Զիլ ամրոցն է․․․

Չամլըհեմշին գավառի (պատմական Համշենն է, գտնվում է Թուրքիայի ներկայիս Ռիզե նահանգում-Ակունքի խմբ․) կենտրոնից մոտ 20 կմ վերև գտնվող Շենքյոյ (Ամոթքա), Փալովիթ հովտի և Մեջմուն գյուղի միջև, գետից 100 մ բարձրության վրա տեղակայված և դղյակի տեսք ունեցող Զիլ ամրոցը հինավուրց ժամանակներից մեզ հասած ամանակարևոր մշակութային և պատմական հուշարձաններից է։ Այն զառիվեր ժայռերի կույտը, որի վրա կառուցվել է Ֆըրթընա ձորահովտի արևմտյան կողերի վրա հիմնված սույն ամրոցը, գտնվում է ծովի մակերևույթից 750 մ բարձրության վրա։ Ասում են՝ ամրոցի և ձորահովտի միջև մի գաղտնի գետնուղի է եղել, որը ժամանակի ընթացքում փակվել է։ Պատահական չէ, որ սույն ամրոցը կառուցվել է Տրապիզոնը Թավրիզի հետ կապող Մետաքսի ճանապարհի ամենաէական կետերից մեկը հանդիսացող Ֆըրթընա հովտում։ Կարելի է ենթադրել, որ այս ամրոցը կառուցվել է ոչ թե ռազմական նկատառումներով, այլ հետևյալ նպատակով․ հենց այստեղ էին ամբարվում Իրանի միջով բերվող առևտրական ապրանքները, որոնք հասցվում էին տեղի բնակիչներին։ Այնպես որ այս շրջանում կանանց գույնզգույն գլխաշորերին «պարսկական շար» էին ասում (համշենահայ կանանց գլխաշորը կոչվում է նաև փուշի։ Այս անվանումը ևս պարսկական ծագում ունի-Ակունքի խմբ․)։ Որոշ շրջաններում այն անվանում են նաև «շայ»։ Այս ավանդական գլխաշորերը նույնպես այդ վայրերում կատարված աշխույժ առևտրի արտացոլումն են։

Խորը հնագիտական պեղումներ չեն կատարվել

Սույն ամրոցի շուրջ խորը հնագիտական պեղումներ չեն արվել։ Մի քանի գտածո կա միայն։ Հին ավերակներից ելնելով՝ մասնագետները հետևյալ մեկնաբանությունն են անում սույն ամրոցի կառուցվածքային առանձնահատկությունների մասին․ «Ամրոցը բաղկացած է արտաքին պարիսպներից, ներքին պարիսպներից և միջնաբերդից։ Արտաքին պարսպի դռանը կարելի է հասնել հյուսիս-արևմուտքում գտնվող մի նեղ արահետի միջոցով։ Հյուսիսային դռների քարերը թափված են։ Մի պատշգամբի միջոցով կարելի է մտնել միջնաբերդ, որտեղ երեք կարևոր կառույցներ կան։ Այդ շինություններն են պահնորդների սենյակը, մատուռը և գլխավոր աշտարակը։ Պատերի վրայի հեծանների հետքերից և անցքերից հասկացվում է, որ ամրոցը քառահարկ շինություն է եղել։ Պատերի վրա արևելյան կողմում կան կամարաձև պատուհաններ, իսկ մյուս կողմերում՝ որմնածակեր։ Ենթադրվում է, որ պատերի ներսում ուղղաձիգ ձգվող խողովակների խոռոչներից ջուր է հոսել դեպի ջրամբարներ։ Որևէ տվյալ չկա սույն ամրոցի կառուցման ճշգրիտ թվականի վերաբերյալ, այն թվագրվում է 14-15-րդ դարերով (Ըստ Էնթոնի Բրայըրի` այն կառուցվել է Համշենի իշխան Առաքելի կողմից, որն ապրել է 15-րդ դարի սկզբներին, տես՝ BRYER A. & WINFIELD D. (1985), Byzantine Monuments and Topography of the Pontos. Dumbarton Oaks Centre Studies. 2 vol. Washington p. 348-Ակունքի խմբ․)։ Տեղեկություններ չկան տվյալ շրջանի թե նախնադարյան և թե միջնադարյան պատմության մասին (թուրքական պարբերականը ակնհայտ կերպով խուսափում է հիշատակել տվյալ տարածքների բյուզանդական և հայկական պատմության մասին-Ակունքի խմբ․)։ Հայտնի չէ՝ Համշենի տեղանքը իլհանլըների, քարաքոյունլուների և աքքոյունլուների ժամանակաշրջաններում ամբողջովի՞ն է գրավվել, թե՞ մասամբ։ Այնպիսի ամրոցներ ու բերդեր, ինչպիսիք են՝ Վարոշը, Զիլը, Ջիհանը և Փազար Քըզը, ապահովում էին թե տվյալ շրջանների և թե Բայբուրթ (Բաբերդ-Ակունքի խմբ․) հասնող կարևոր միջնադարյան տարանցիկ ուղիների անվտանգությունը։ Ամրոցը շարունակել է օգտագործվել նաև օսմանցիների կողմից տվյալ շրջանի նվաճումից հետո։ Բերդում գտնված երկու թնդանոթի գնդակ ներկայում պահպանվում է Տրապիզոնի թանգարանում»։

Անդադար հիանալ հովտով

Թեև որոշ աղբյուրներում նշվում է, թե անվտանգության նկառումներից ելնելով՝ ամրոցից դեպի գետ մի գաղտնի անցուղի է եղել, սակայն նման բան մինչ օրս, գոնե տեղացիների կողմից, չի հայտնագործվել։ Քանի որ սույն ամրոցը, օսմանցիների տիրապետության տակ անցնելուց հետո, լրիվ թողնվել էր բախտի քմահաճույքին, ամենայն հավանականությամբ տանիքը փլվել էր, և այն լիովին դեֆորմացվել էր՝ Սյումելա վանքի նման, իսկ քարերը ներս էին թափվել, և բերդը վերածվել էր հեռվից ուրվականի հիշեցնող մի դղյակի, ուր բարձրանալը բարդ էր։ Սակայն սխալ չի լինի ասել, թե այդ վիճակով այն շատ ավելի գրավիչ էր։ Իսկ ներկայում, սրանից մոտ 5-6 տարի առաջ, երբ կառուցվում էր Չաթ հովտի ճանապարհը, այս ամրոցին էլ ձեռք գցեցին, և այն որոշ չափով վերականգնվեց։ Կրաղյուսով շաղախված պատերով և հնարովի հարկաբաժիններով այս ամրոցը հիմա տարեկան գրեթե մեկ միլիոն այցելու է ունենում։ Այնինչ, եթե այն վերականգվեր, ինչպես որ հարկն էր, և եթե բերդում ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդող ցուցատախտակներ դրվեին, ապա այցելուների թիվն ավելին կլիներ։ Սակայն, այնուամենայնիվ, սույն ամրոցը տվյալ շրջանի ամենաուշագրավ կառույցներից մեկն է, որը հաստատ պետք է այցելել։ Մի առանձնահատուկ հաճույք է ամրոցից հովտով հիանալը։

Մի ամրոց ևս․․․

Զիլը սույն բերդի՝ բոլորի կողմից ճանաչված անվանումն է, սակայն ամրոցի իսկական անունը Kale-i Zir է, այսինքն՝ Ստորին ամրոց։ Քանզի Զիլ ամրոցից 25 կմ վերև, Քալե (Հիսարջըք) գյուղի սահմաններում մի բերդ էլ կա, որի անունը Kale-i Bala է, այսինքն՝ Վերին ամրոց։ Որոշ գրավոր աղբյուրներում այս ամրոցը հանդիպում է նաև Վարոշ անվամբ։ Սույն բերդի գլխավոր հատակագիծը քառանկյուն է, նրա արևելյան, հարավային և մասամբ էլ հյուսիսային հատվածները ժայռոտ են։ Իսկ արևմտյան մասը մի զառիվայր հողատարածքի վրա է գտնվում։ Kale-i Bala-ի մուտքի դուռը հյուսիս-արևմուտքում է։ Ակնհայտ է, որ այս բերդն առնչություն ունի Զիլ ամրոցի հետ, քանի որ Քալե-ի Բալան ևս կարևոր կետում է գտնվում։ Այս բերդը նույնպես «վերանորոգվել է»՝ այցելուների ուշադրությունը գրավելու նկատառմամբ։ Այս երկու ամրոցներն էլ արժանի են, որ այցելեք և տեղում տեսնեք, քանի որ շատ ուշագրավ վայրում են գտնվում, և այնտեղից հիասքանչ տեսարաններ են բացվում»։
http://www.hurriyet.com.tr/seyahat/firtinanin-kapilari-40818452

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

Facebooktwitterredditpinterestlinkedinmail