Անսպասելի իրավիճակ ՀԱՊԿ-ի շուրջ. Հայաստանի ուժեղ հաղթաթուղթը
22 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ –:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հայտարարել է, որ Հայաստանի կողմից որևէ դիմում չի ստացվել հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
«Այսօրվա դրությամբ հակամարտության կողմերը իրենք զբաղվում են իրավիճակով, և Հայաստանից ՀԱՊԿ-ին որևէ դիմում չի ստացվել այդ կապակցությամբ: Կարծում եմ, որ տեղում հակամարտող կողմերը հարցը կլուծեն` առանց ՀԱՊԿ-ի ուժի կիրառման», ասել է Սիդորովը, պատասխանելով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերի ինտենսիվացած գնդակոծման վերաբերյալ հարցին:
Սիդորովից հետո անսպասելի հայտարարություն է տարածել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը. «Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հաճախակի դարձած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծման դեպքերի առնչությամբ, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել։
Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունը տանում է իրավիճակի նոր լարման եւ տապալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։ Ի գիտություն ընդունելով ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցչի տեղեկությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21-ին կայացած Մշտական խորհրդի նիստին՝ կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունները եւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը՝ ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանի անվտանգության սպառնալիքների աճը թույլ չտալու նպատակով»։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մակարդակով նման հայտարարություն կարծես թե չի եղել: Հիշվում է միայն Բորդյուժայի աղմկահարույց հայտարարությունը, բայց դա Արցախի մասով էր, որից հետո նա հեռացավ պաշտոնից: Բայց ՀԱՊԿ «պատասխանատվության գոտու»՝ Հայաստանի սահմանների վիճակի վերաբերյալ հայտարարություն չի եղել:
Յուրի Խաչատուրովի պարագայում առկա է իհարկե ուշագրավ ֆոն. Հայաստանում նա մեղադրվում է 2008-ին Սահմանադրական կարգը տապալելու համար: Նա կալանավորվեց ու ազատ արձակվեց: ՀԱՊԿ ուղղությամբ ներկայում դրված է նոր գլխավոր քարտուղարի հարցը, որին պետք է համաձայնություն տան անդամ երկրները: Խնդիր է նաեւ այն, թե արդյոք Հայաստանը կպահպանի այդ պաշտոնը:
Իր հերթին, օրերս ուշագրավ տեղեկություն տարածվեց համացանցում, ըստ որի՝ Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանին հայկական ուժերը ոչնչացրել են ադրբեջանական այն դիրքը, որտեղից գնդակոծվել էին հայկական բնակավայրերը: Նշվում էր կորպուսի հրամանատարի՝ Խաչատուրովի որդու անունը:
Արդյոք Խաչատուրովը ցանկանում է այդպիսով «մաքրել» իրեն, թե դա զուտ ՀԱՊԿ պարտավորության դրսեւորում էր Հայաստանի հանդեպ: Գուցե երկուսն էլ միասի՞ն:
Հայաստանից փորձագիտական մակարդակում ՀԱՊԿ միջամտության հարցը բարձրացնելուն ՀԱՊԿ-ը մշտապես արձագանքել է նման կերպ՝ Հայաստանը չի դիմել: Նույնպիսի պատասխան էր տալիս նաեւ Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը: Ըստ ՀԱՊԿ կանոնադրության՝ այդ կազմակերպությունը պաշտպանում է իր անդամներին արտաքին ագրեսիայի դեպքում:
Հարցին Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը. «Մենք հանդիսանում ենք ՀԱՊԿ-ի անդամ: Կա կանոնադրական պարտավորություն՝ միմյանց աջակցելու պաշտպանության ոլորտում:
Մենք մեր գործառույթը կատարում ենք այնքանով, որ ՀԱՊԿ անդամ-պետությունները տեղեկացված են և գիտեն տեղի ունեցող բոլոր զարգացումների մասին: Կանոնադրության համապատասխան դրույթների կիրառումը կլինի այն ժամանակ, երբ մենք պնդենք դա, երբ համապատասխան իրավիճակը կգնահատվի այնպես, որ այդ դրույթը պետք է կիրառել»:
Խոսքը անդամ-երկրների պաշտպանության դրույթի մասին է:
ՀԱՊԿ-ը յուրահատուկ ռազմական բլոկ է, համենայնդեպս Հայաստանի մասով: Անդամ երկրներն ավելի սերտ քաղաքական ու ռազմա-տեխնիկական հարաբերություններ ունեն Ադրբեջանի եւ Թուրքիայի, քան Հայաստանի հետ: Ընդ որում, դա բացահայտ դրսեւորվել է եվրասիական տարբեր վեհաժողովների ժամանակ:
Այս պայմաններում հարց է, որ եթե Հայաստանը դիմի՝ ինչ կանի ՀԱՊԿ-ը: Դատելով այդ մարգինալ բլոկի բնույթից ու նպատակներից՝ ՀԱՊԿ-ը չի միջամտի, եւ ավելին, Հայաստանի նման դիմումը մղձավանջ կդառնա այդ բլոկի համար:
Այդ պատճառով, ՀԱՊԿ-ը, որի անդամները բոլոր հնարավորություններն ունեն զսպելու իրենց դաշնակցին՝ Ադրբեջանին, պարտավոր է լուծել այդ խնդիրը, որպեսզի հարցը չհասնի Հայաստանի դիմումին:
Սա էլ Հայաստանի գլխավոր հաղթաթուղթն է այդ կազմակերպության հետ հարաբերություններում: Հայաստանն իր ուժերով ընդունակ է պաշտպանվել եւ հակահարված տալ, եւ սա ամենակարեւորն է:
www.lragir.am/2018/09/22/380663/