«Վան» գործողություն: 1981 թ. սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ գրոհեցին Փարիզի Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանը եւ գրավելով այն մոտ վաթսուն մարդու պատանդ վերցրին: Սկսվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) «Եղիա Քեշիշյան» մարտախմբի «Վան» գործողությունը: Փոխհրաձգության ժամանակ հյուպատոսարանի թուրք հսկիչ-պահապանը սպանվեց, երկու հայ գրոհային` Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը վիրավորվեցին: Սակայն նրանց մարտընկերներ` Գեւորգ Գյուզելյանն ու Արամ Բասմաջյանը պաշարումը շարունակեցին եւ երկար բանակցություններից հետո համաձայնվեցին պատանդներին բաց թողնել պայմանով, որ իրենց նկատմամբ քաղաքական դատ տեղի ունենա: Դատավարությունը տեղի ունեցավ 1984 թ. հունվարին՝ Փարիզում, մարտիկները դատապարտվեցին 7 տարվա ազատազրկման: Ներկայացված նյութը վերցված է «Հայերի դատը Փարիզի երդվյալների ատյանում» գրքից, թարգմանիչ` Գրիգոր Ջանիկյան:
Դատարանի Նախագահի հարցերը Վազգեն Սիսլյանին
——————————————–4. ՀԱՅԵՐԻ ԴԱՏԸ ՓԱՐԻԶԻ ԵՐԴՎՅԱԼՆԵՐԻ ԱՏՅԱՆՈՒՄ-Վազգեն Սիսլյան
ՀԱՅԵՐԻ ԴԱՏԸ ՓԱՐԻԶԻ ԵՐԴՎՅԱԼՆԵՐԻ ԱՏՅԱՆՈՒՄ
ԹԱՐԳՄԱՆԻՉ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ
Երեքշաբթի, 24-ը հունվարի 1984 թ.
ՆԱԽԱԳԱՀ – Պարոն Սիսլյանը ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 20-ին, Բուրջ Համուդում` հայկական այն թաղամասում, որի մասին քիչ առաջ խոսվեց, Սարգիս եւ Մարի Կարագյոզյանների ընտանիքում:
Դուք մեկ ավագ քույր, երեք կրտսեր եղբա՞յր ունեք:
ՍԻՍԼՅԱՆ – Այո´:
ՆԱԽԱԳԱՀ – Նրանք դպրոց չե՞ն հաճախում:
ՍԻՍԼՅԱՆ – Երկուսն այժմ աշխատում են, մի եղբայրս է դպրոց գնում:
ՆԱԽԱԳԱՀ – Ձեր հայրը կոշկակա՞ր է:
ԹԱՐԳՄԱՆ – Այո´:
ՆԱԽԱԳԱՀ – Հարցեր, որ տվել եմ արդեն ձեր ընկերներին` կարո՞ղ եք ընդհանուր գծերով ներկայացնել ձեր ընտանիքի պատմությունը, ծագումը, կյանքը դեպքերից առաջ եւ թե ի՞նչ է պատահել հետո, ինչպե՞ս եք Լիբանանում հաստատվել: Հնարավո՞ր է, որ ձեր հարազատներից ոմանք զրկանքներ են կրել հայտնի իրադարձությունների ժամանակ, եւ այդ հանգամանքը մասամբ գոնե կանխորոշե՞լ է ձեր դիրքորոշումը:
ՍԻՍԼՅԱՆ – Ես միայն մի բան գիտեմ: Իմ նախնիները միշտ Հայաստանում են ապրել, 1915 թվականի դեպքերից հետո` մասնատվել: Այժմ մենք ազգականներ ունենք Լիբանանում, Սիրիայում, Իրանում, Ամերիկայում, ամեն տեղ:
Գիտեմ նաեւ, որ իմ մեծ հայրը ֆիդայի է եղել, եթե կարելի է այդպես թարգմանել` ազատամարտիկ, որը հայտնի իրադարձությունների ընթացքում կռվել է հայրենակիցների համար: Հետո մերոնք Լիբանանում են հաստատվել, այն էլ
պատահաբար, որովհետեւ պայմանները տանելի են համարել: Ծնողներս մինչեւ հիմա ապրում են այնտեղ եւ ինձ միշտ պատմում են մեր պատմությունը: Ավելին, ես բնակվել եմ Բուրջ Համուդում, ինչպես ասում են` զուտ հայկական թաղամասում, որի պատճառով էլ վաղ մանկությունից, մանավանդ որ նախ սկաուտ, հետո հնչակյան եմ եղել, ընկերներիս հետ միշտ խոսել եմ ազգային հարցերի մասին: Հետո քաղաքական գործունեության մեջ եմ ներգրավվել, մասնակցել եմ հայ երիտասարդական շարժմանը, բազմաթիվ ցույցերի` հանուն 1915 թվականի հայերի, հանուն ապրիլի 24-ի ոգեկոչման:
ՆԱԽԱԳԱՀ – Բեյրութի հայ համայնքը ազգային պատմության նշանակալից իրադարձություններին հաճա՞խ է անդրադառնում:
ՍԻՍԼՅԱՆ – Ամեն ապրիլի 24-ը նշվում է ցույցերով, հանրահավաքներով, եւ այլն, բայց ոչ միայն ցեղասպանությունը հիշատակելու, այլեւ թուրքերի բռնազավթած հողերը պահանջելու համար, որոնք մինչեւ այժմ չեն վերադարձվել: Մենք հենց մեր տարածքներն ազատագրելու համար ենք զենք վերցրել:
ՆԱԽԱԳԱՀ – Մի՞թե բոլոր հայ երիտասարդները ձեր չափ զբաղվում են ազգային խնդրով: Ուզում եմ ասել` այժմ կա՞ն հայ պատանիներ, որոնք անտարբեր են իրենց, ինչպես դուք եք արտահայտվում, «հայկականության» նկատմամբ, որոնք դպրոցում խոսում են այդ մասին, բայց իրենց պարտավորված չեն համարում ինչ-որ բան անել: Կարելի՞ է ենթադրել, որ ամբողջ հայ երիտասարդությունը Լիբանանում եռանդով մարտական գործողություններ է ծավալում:
ՍԻՍԼՅԱՆ – Կարող եմ ասել, որ բոլորը…
ՆԱԽԱԳԱՀ – Այնպիսիները չկա՞ն, որ անտարբեր են մնում, ինչպես ասում են` դրանով չեն ապրում:
ՍԻՍԼՅԱՆ – Հայտնի է, որ Լիբանանը իններորդ տարին է, որ պատերազմի մեջ է, ու ինը տարվա ընթացքում նույնիսկ փոքրիկ երեխաները գիտեն, թե ինչ է զենքը եւ այն, որ միակ խնդիրը տարածքային է, քանի որ ինը տարվա ընթացքում մենք զգացել ենք, որ մեր երկրում չենք, դրսեւորվելու ազատություն չունենք:
———————————
Հաղթանակի նշանը պարզած՝ վիրավոր Վազգեն Սիսլյանը դուրս է գալիս հյուպատոսարանից, 24 սեպտեմբեր 1981 թ., Փարիզ։