«Վան» գործողություն – Պաշտպան Ասլանյանի ճառը – ՀԱՅԵՐԻ ԴԱՏԸ ՓԱՐԻԶԻ ԵՐԴՎՅԱԼՆԵՐԻ ԱՏՅԱՆՈՒՄ

«Վան» գործողություն: «Վան» գործողության դատավարություն: 1981 թ. սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ գրոհեցին Փարիզի Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանը եւ գրավելով այն մոտ վաթսուն մարդու պատանդ վերցրին: Սկսվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) «Եղիա Քեշիշյան» մարտախմբի «Վան» գործողությունը: Փոխհրաձգության ժամանակ հյուպատոսարանի թուրք հսկիչ-պահապանը սպանվեց, երկու հայ գրոհային` Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը վիրավորվեցին: Սակայն նրանց մարտընկերներ` Գեւորգ Գյուզելյանն ու Արամ Բասմաջյանը պաշարումը շարունակեցին եւ երկար բանակցություններից հետո համաձայնվեցին պատանդներին բաց թողնել պայմանով, որ իրենց նկատմամբ քաղաքական դատ տեղի ունենա: Դատավարությունը տեղի ունեցավ 1984 թ. հունվարին՝ Փարիզում, մարտիկները դատապարտվեցին 7 տարվա ազատազրկման: Ներկայացված նյութը վերցված է «Հայերի դատը Փարիզի երդվյալների ատյանում» գրքից, թարգմանիչ` Գրիգոր Ջանիկյան:

Պաշտպան Ասլանյանի ճառը

——————————————–8. ՀԱՅԵՐԻ ԴԱՏԸ ՓԱՐԻԶԻ ԵՐԴՎՅԱԼՆԵՐԻ ԱՏՅԱՆՈՒՄ-Պաշտպան Ասլանյանի ճառը

ՀԱՅԵՐԻ ԴԱՏԸ ՓԱՐԻԶԻ ԵՐԴՎՅԱԼՆԵՐԻ ԱՏՅԱՆՈՒՄ

ԹԱՐԳՄԱՆԻՉ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Պաշտպան Ասլանյանի ճառը.

– Պարոն նախագա´հ, պարոնայք խորհրդականնե´ր, տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, շա՞տ կզարմացնեմ ձեզ, եթե ասեմ, որ քաղաքացիական հայցի իմ գործընկերների եւ պարոն ընդհանուր պաշտպանի ճառերն ինձ վշտացրին:

Այժմ, երբ դատավարությունն ավարտվում է, երբ ձեր գիտակցությունն ու խիղճը վճիռ պիտի կայացնեն այն ամենի նկատմամբ, որի ոլորտն էիք ներգրավվել մի ամբողջ շաբաթ, որը ես չափազանց ծանր եմ համարում, տխրությամբ է, որ իմ հերթին հանդես եմ գալիս ձեր առջեւ: Միաժամանակ, ինչ խոսք, փաստաբանի իմ պատասխանատվությունը ինձ ստիպում է հաղթահարել ներքին խռովքս:

Այն պահին, երբ հայերի ներկայությունը դժվարությամբ են հանդուրժում Թուրքիայում, որտեղ հիսուն հազարից ավելի մարդ ապրում է վախով, զրկանքներով, այստեղ ձեզ ուզում են հավատացնել, որ նրանց վիճակը լավագույնն է աշխարհում:

Քաղաքացիական հայցվորները նման պնդման համար հիմք են ընդունում պարոն ԳԵւորգյանի ելույթը, որը հանդես գալով որպես Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչ, առանց քաշվելու, կարեւոր առաքելություն կատարողի ակնհայտ գոհունակությամբ Ֆրանսիա է հասել` վկայելու համար, թե Թուրքիայում հայերն իբր լիիրավ քաղաքացիներ են, ապրում են հանգիստ, ապահով, ոչ մի ճնշման չեն ենթարկվում, մի խոսքով` իրենց տանն են զգում: Իր ասածները հաստատելու համար, քաղաքացիական հայցի այս վկան մասնավորապես շեշտեց. «Մենք երկու օրաթերթ ունենք, մշակութային կյանքը շարունակում ենք…»:

Պարոն փաստաբանապետը, հենվելով այղ հայտարարության վրա, նույնիսկ այդ լրագրերից մեկը` «ժամանակը» հիշատակեց: Թող այդպես լինի: Իմ ձեռքին է 1980 թվականին «ժամանակ» օրաթերթի հրատարակած մի գրքույկը, որի քարոզչական բնույթն ակնհայտ է: Այն պարունակում է թուրքական կառավարության մոտ տասը սպասարկուների անգլերեն, ֆրանսերեն եւ թուրքերեն հայտարարությունները, որոնց թվում եւ, հասկանալի է, պարոն Գեւորգյանինը: Թույլ տվեք միայն մի հատված ընթերցել.

«Թող անիծվե´ն այն ձեռքերը, որոնք դավադրորեն կրակում են: Անիծվե´ն այն ձեռքերը, որոնք նենգամտաբար կրակում են արտասահմանի թուրք ներկայացուցիչների վրա: Անիծվե´ն նրանք, ովքեր վշտացնում են Թուրքիայի հայերին` քաղաքացիական բոլոր իրավունքները վայելող մի ամբողջ համայնքի: Անիծվե´ն խռովության այն օջախները, որոնք չեն ընդունում Աթաթյուրքի սերնդի մարդասիրությունն ու քաղաքացիական սկզբունքները: Անիծվե´ն նրանք, ովքեր համբերությունից հանում են թուրքերին, գրգռում թուրքական հասարակական կարծիքը»:

Ահա´ «ժամանակի» մի ուրիշ փայլատակում, մի իսկական գոհար, որի հեղինակը Ստամբուլի ոսկերիչների ընկերակցության նախագահ ոմն Տիրան Սենն է, նույնպես Թուրքիայի հայ, ուզում էի ասել` թուրքացած հայ, որն այդ քայլին, հասկանալի է, դիմել է անհրաժեշտությունից դրդված` հանուն թուրքերի դատի վերհիշել է իր հայ լինելն ու տարակուսանքը հայտնել ցեղասպանությունը վկայակոչող հայերի հանդեպ: Ահա´ թե ինչպիսի ձեւակերպումներով է արտահայտվում նա. «Կատարյալ հիմարություն է այն, որ Թուրքիայից դուրս ապրող` հույների կողմից հրահրվող հայերը պատմության բորբոսնած էջերը շրջելով, հիշատակության քայլեր են ձեռնարկում: Եթե Թուրքիայում գտնվի գեթ մի հայ, որ ցանկանա նման կազմակերպություն ստեղծել, առաջինը ինքս նրան իմ սեփական ձեռքերով կխեղդեմ: Մենք այստեղ չափազանց երջանիկ ու ազատ ենք»:

Երբ որեւէ ազգ նահատակվում է, հալածվում, միշտ էլ իրականությունը խեղաթյուրող, աղավաղող Գեւորգյաններ է ծնում, բայց ծնում է նաեւ Վազգեններ, Գեւորգներ, Արամներ եւ Հակոբներ, որոնք ընդվզում, պայքարի են ելնում: Քառասուն տարի հետ դառնանք, հիշենք գերմանական բռնազավթման ենթարկված Ֆրանսիան ու ֆրանսիացիներին:

Այս անդրադարձից հետո ես իմ զարմանքն ու որոշակի դառնությունը պիտի արտահայտեմ այն բանի համար, որ փաստաբանապետ Բոդելոն մինչեւ վերջերս, այսինքն քաղաքացիական հայցի շահերի պաշտպանությունն ստանձնելը, գաղափար չի ունեցել Հայաստանի փառավոր անցյալի, ողբերգական ճակատագրի եւ Հայկական հարցի մասին, որն արդեն քանի տասնյակ տարի ընկած է մարդկության խղճին:

Հարկ կա՞, որ անդրադառնամ հինգերորդ դարում Ոսկեդարին հասած հայկական գրականությանը, ցեղասպանության ողբերգությանը եւ գերհզոր տերությունների անտարբերությանը, որը բելգիացի մի հասարակագետի ստիպեց խոստովանել. «Այսուհետեւ ո´չ մի արեւմտյան քաղաքական գործիչ առանց ամաչելու չի համարձակվի նայել որեւէ հայի դեմքի»:

Այո´, ցավում եմ, որ փաստաբանապետ Բոդելոյի նման մտավորականը անտեղյակ է այս ամենին, կրկնակի ցավալի է, սակայն, որ այդ բացը լրացնելու համար նա միայն մեկ, ընդ որում` ոչ թե պատմաբանի, այլ` զինվորական կցորդի գիրք է ընթերցել: Մինչդեռ ֆրանսիական գրականությունը հարուստ է բազում ուշագրավ, անկողմնակալ ուսումնասիրություններով: Վկայակոչեմ միայն մեկը` Ռընե Պինոնի` դեռեւս 1916 թվականին լույս տեսած «Հայերի բնաջնջումը» գիրքը, որը շատ խորհրդանշական` «Գերմանական մեթոդ, թուրքական իրագործում» ենթավերնագիրն ունի:

Եվ քանի որ դատապարտյալներն իրենց գործողությունը «Վան» են կոչել` ի հիշատակ 1915-ին Վան քաղաքի մեծամասնությունը կազմող հայերի հերոսական դիմադրության, թույլ տվեք միայն մի պարբերություն ընթերցել Պինոնի գրքի` այդ հերոսամարտին վերաբերող գլխից. «Հայաստանով մեկ սկսվեցին ջարդերը: Որոշ բնակավայրերում տարերային պաշտպանություն առաջացավ: Վանում, հայերը, իմանալով մոտեցող թուրքական զորամիավորումների մասին, որոնք ճանապարհին այրում էին գյուղերն ու կոտորում բնակիչներին, զինվեցին եւ մինչեւ ռուսների հասնելը հերոսաբար հետ մղեցին թուրքական հարձակումները: Մի քանի օր մնալուց հետո ռուսները նահանջեցին Եւ ամբողջ հայ ազգաբնակչությունը նրանց հետ տեղահանվեց: Մոտ երկու հարյուր հիսուն հազար հոգի ծվարեցին էջմիածնի վանքի շուրջը, որտեղ Կովկասի հայերն ու ռուսները նրանց օգնության հասան»:

Միանշանակ կարելի է ասել, որ Վանի ապստամբությունը հաջողությամբ է պսակվել: «Վան» գործողությունը նույնպես, քանի որ, ըստ պարոն ընդհանուր պաշտպանի արտահայտության` «ամբողջ աշխարհում հետաքրքրություն է առաջացրել, կրքեր հարուցել»:
Հիրավի, ինչպե՞ս չընդունել, որ Հայկական հարցը հրատապ է դարձել ի վերջո ոչ թե ճշմարտությունը բացահայտելու, արդարությունը վերականգնելու տասնյակ տարիների անտարբերությունից հետո մի ամբողջ ժողովրդի օգնություն հայցող ճիչը լսելու պատճառով, այլ չորս երիտասարդ հայերի շնորհիվ, որոնք անձնասպանական խումբ կազմեցին եւ 1981 թվականի սեպտեմբերի 24-ի իրենց գործողությամբ վերարծարծեցին Հայկական հարցը, արդիականության լույսերը բեւեռեցին վրան:

Ինչո՞ւ, ուրեմն, պարոն ընդհանուր պաշտպա´ն, ընդունելով հանդերձ, իրավացիորեն անշուշտ, որ գործողությունը «ամբողջ աշխարհում հետաքրքրություն է առաջացրել, կրքեր հարուցել», հարկ համարեցիք ավելացնել, որ մեղադրյալների ձեռնարկը հաջողությամբ չի պսակվել: Ձեր ձեւակերպումներամ հակասություն չկա՞: Նման մի շարք այլ արտահայտություններ չէին կարող չխռովել ինձ: Այնտեղ, որտեղ պետք էր խոսել ընդվզման, արդարության հուսահատ ձգտման մասին` խոսեցիք ատելության եւ վրեժխնդրության մասին: Միաժամանակ, դուք տղաների գործողությանը վերագրում եք «խիստ մարդկային դրդապատճառներ»: Որո՞նք են այդ «դրդապատճառները», եթե ոչ ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը, որի անտեսանելի ստվերը դատավարության ամբողջ ընթացքում ծանրացած էր այս սրահի վրա: Ցավոք, դուք «ցեղասպանություն» բառը չակերտներով գործածելու հնարամտությունն ունեցաք: Չե՞ք կարծում, որ հենց այդ նույն «ցեղասպանություն» բառը տասնյակ տարիներ չակերտներով գործածելու պատճառով է, որ չորս երիտասարդ հայերը դիմել են այն քայլին, որի գնահատականը պիտի տանք մենք:

Խոստովանում եմ, պարոն ընդհանուր պաշտպա´ն, ես չէի կարծում, որ դուք քննվող գործը չենթադրվող ուղղությամբ կտանեք, ճիշտ հակառակը, հակված էի հավատալու, որ կընկալեք նրա առանձնահատուկ, ողբերգական բնույթը, այդ տեսանկյունով կներկայացնեք: Մինչդեռ ձեր ճառը այն տպավորությունն ստեղծեց, որ քննարկվում է մի սովորական քրեական` փոխհրաձգությամբ սկսված ու վիրավորներով, զոհով ավարտված գործ:

Այո´, տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, այս գործը մղում է, պիտի մղի մտահոգիչ եզրահանգումների, քանի որ արտացոլում է մեր դարաշրջանի հավակնությունները, գործառությունները, թողտվությունները, փոխզիջումները, ուստի իմ գործընկերներն ու ես այնպիսի մարդկանց պաշտպանելու գիտակցությունն ունենք, որոնց արարքը, որքան էլ քրեական համարվի, անձնասպանական է: Փաստ է, որ չորսից ոչ մեկը հույս չի ունեցել հյուպատոսարանից կենդանի դուրս գալ: Նրանք նման ծայրահեղ քայլի են դիմել` իրենց հասանելի միջոցներով աշխարհին հիշեցնելու համար, որ մարդկությանն ի վիճակի չէ ապրել, երբ իր նկուղում մի ամբողջ` սրախողխող եղած ժողովրդի դիակներ է թաքցնում:

Նրանք այդ քայլին դիմել են հիշեցնելու համար նաեւ, որ Թուրքիան չի կարող այդքան երկար անհոգ ու անպատիժ պարել հայերի ոսկորների վրա` ոսկորներ, որոնք շիրմաթումբ չունեցան եւ հենց այդ պատճառով ընդմիշտ կառչած մնացին իրենց բնօրրանին: Այնքան ամուր, որ վերջերս, էրզրումի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, ահաբեկված գյուղացիները վերհիշել են հայտնի ասույթը. «Փախե´ք, հայերի ոսկորներն են զարթնում»: Իսկ սա նշանակում է, մեկընդմիշտ նշանակում է, որ չնայած 1915-ից ի վեր Թուրքիայի կառավարությունների գործադրած ջանքերին, ո´չ ոք չի կարողացել մարդկային հիշողությունից ջնջել այն ժամանակները, երբ Հայաստանի հողը ողողվել էր իր իսկ զավակների արյամբ, եւ թուրք ժողովուրդը սպասել է վերահաս արդարությանը, արարչական պատժին:

Այո´, տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, լսվող գործի առանձնահատկությունը մեզ համար հենց դա է: Դրանով է բացատրվում նրա ողբերգական բնույթը: Չորս տղաների գործողությունը այլ կերպ մեկնաբանել, նշանակում է շեղվել ճշմարտությունից:

Դրանում համոզվելու համար մի անգամ եւս թռուցիկ վերհիշենք, թե ինչ տեղի ունեցավ Հոսման պողոտայում 1981 թվականի սեպտեմբերի 24-ին:

…ժամը ուղիղ 15-ն է, երեք ու կես ժամ է արդեն, որ շարունակվում է հյուպատոսարանի գրավումը: Իրավապահ ուժերը շրջափակել են թաղամասը, մարտախմբի հետ ուղիղ հեռախոսային կապ հաստատել: Ուղեփակոցների հետեւում խմբված ամբոխը հետզհետե ավելի ու ավելի է ստվարանում: Մեծ թիվ են կազմում լրագրողները: Երկու անգամ հյուպատոսարանի պատուհանից գրոհայինները ցած են նետում իրենց հայտարարագիրը, եւ ամենքն իմանում Են, որ նրանց պահանջներն ուղղված են թուրքական կառավարությանը: Ընդ որում` դա տեղեկատվության արդի միջոցների շնորհիվ իսկույն եւեթ հայտնի է դառնում միջազգային հանրությանը, հենց իրենց` պատանդներին, որոնք գործողությունն սկսվելուն պես անվտանգության երաշխիքներ են ստանում: Մարտախմբի անդամները պատանդներին նույնիսկ ներողություն են խնդրում, որ պահանջների հատուցում ստանալու համար ստիպված են եղել նման միջոցի դիմել: Եվ հյուպատոսարանում գտնվողները շատ շուտ զգում են, որ բաց դեմքերով ներխուժած հայ Երիտասարդներն իրականում մարդկային դեմք ունեն:

Դրանում համոզվելու համար բավական է հիշել պատանդների հայտարարությունները, որոնք կատարվել Են ոստիկանատանը` ազատ արձակվելուն պես:

Տիկին ժակլին ժերմեն` հյուպատոսարանի` ազգությամբ ֆրանսիացի քարտուղարուհի. «ժամը 12-ը, 12-ն անց 30 րոպեն կլիներ: Նրանք մեզ սկսեցին բացատրել իրենց գործողության պատճառները, ներողություն խնդրեցին, որ նման միջոցի են դիմել: Ասում էին, որ պահանջում են Թուրքիայում ձերբակալված երկու քահանայի եւ հինգ քուրդ իրավապաշտպանի ազատ արձակումը: Միաժամանակ, թուրքական կառավարությանն ուզում էին ստիպել, որ հարգի Թուրքիայում բնակվող հայերի մշակութային ու կրոնական ինքնուրույնությունը: Այս պահանջները մեքենագրված էին երկու թղթի վրա, որոնցից մեկը ես կարդացի բարձրաձայն, մյուսը` պատուհանից նետեցին փողոց»:

Պարոն Մեհմեդ Աթաշայ` հյուպատոսարանի կցորդ. «Հենց սկզբից գրոհայինները չթաքցրին իրենց ներխուժման պատճառներն ու հետապնդած նպատակը: Այնուհետեւ, մինչեւ մեր ազատ արձակվելը, նրանք միմիայն գնում ու գալիս բանակցություններ էին վարում, մեզ չէին նեղացնում»:

Տիկին Դավթյան. «Նրանք ներկայացան որպես հայկական մարտախմբի անդամներ եւ հասկացրին, որ մեզ ոչ մի վտանգ չի սպառնում: Ո´չ կանանց, ո´չ էլ տղամարդկանց չէին կոպտում, բարյացակամ էին բոլորի նկատմամբ»:

Պարոն ընդհանուր պաշտպանը, անդրադառնալով այս հայտարարությանը, հարկ համարեց շեշտել տիկին Դավթյանի հայ լինելը: Ես դիտմամբ այդ խոսքերը մեջբերեցի, ապացուցելու համար, որ նրա տպավորությունը ոչնչով չի տարբերվում մյուս ազգերի վկաների տպավորություններից:

Պարոն Կոնարը, որը, հասկանալի է, հայ չէ, ավելին է ասում. «Երիտասարդ; մարտիկները առաջին իսկ հայացքից ջղագրգիռ, նյարդային չթվացին: Հեռանալուց առաջ նրանք հրաժեշտ տվեցին մեզ, ներողություն խնդրեցին»: Իսկ տիկին Ալինգը, որը թրքուհի է, հարկ է համարում այսպես ավարտել իր խոսքը. «Չնայած թուրքական կառավարությունը ազատ չարձակեց քաղաքական բանտարկյալներին, մարտախումբն իր սպառնալիքը չիրագործեց»: Նրա ուշադրությունը գրավել է նաեւ այն, որ «…հայ գրոհայինները հավատ ունեին ֆրանսիացի ոստիկանների նկատմամբ եւ ամենեւին չկասկածեցին, երբ ներքեւից նրանց քաղաքական ապաստան խոստացան»:

Այստեղ մի պահ ընդհատելով հայտարարությունների ընթերցումը, ես ուզում եմ հետեւյալ բացատրությունը ձեզ ներկայացնել: Չորս հայ մարտիկները, ի հարկե, սխալվել են, բայց համոզված են եղել, որ ներխուժելով Փարիզի կամ որեւէ այլ քաղաքի թուրքական հյուպատոսարանը, նրանք թուրքական տարածք են մտնում, որտեղ ֆրանսիական ոստիկանությունը իրավասու չէ միջամտելու: Սա արդյունք է այն թյուր կարծիքի, որը գոյություն ունի «արտերկրային տարածք» հասկացության շուրջ: Կարելի է հաստատ ասել միայն, որ մարտախմբի գործողությանն ուղղված չի եղել Ֆրանսիայի դեմ: Այս սրահում մի քանի անգամ հնչեց այն միտքը, որ Ֆրանսիան հայ գրոհայիններին ոչ մի վատ բան չի արել: Այո´, դա, ի հարկե, այդպես է, բայց նրանք նույնպես երբեք չեն մտածել կամ փորձել Ֆրանսիային վնասող քայլ կատարել: Մարտախմբի գործողությունը բացառապես ուղղված է եղել Թուրքիայի դեմ…

Վերադառնանք, ուրեմն, բուն գրոհին: Իմ հիշատակած, ինչպես նաեւ չհիշատակած բազում հայտարարություններից պարզ է դառնում, որ պատանդները շատ շուտ համոզվել են, որ իրենք գործ ունեն ոչ թե վտանգավոր ծայրահեղականների, այլ` բարոյական որոշակի սկզբունքներով գործող երիտասարդների հետ, որոնք նման քայլի դիմելու ծանրակշիռ պատճառ են ունեցել: Ծանրակշիռ պատճառ, որը հենց այդ օրը` 1981-ի սեպտեմբերի 24-ին, ուղիղ ժամը 15-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, իր առաջին իսկ մամուլի ասուլիսից առաջ արած հայտարարության ժամանակ, ավելի լավ բացատրեց, քան որեւէ մեկը. «Ժողովրդի օրինական զգացումներն ի վերջո միշտ պոռթկում են եւ որքան երկար ժամանակ են զսպվում, այնքան բուռն են արտահայտվում»:

Տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, թույլ տվեք խոստովանել, որ հանրապետության նախագահի այս ձեւակերպումը ես ուղղակի «Վան» գործողությանն եմ վերագրում, համոզված պնդում եմ, որ կան հավերժական ճշմարտություններ, որոնք չեն հնանում, արտահայտման ձեւերն Են փոխվում: Նույնը, գրեթե նույնը, խելագարված աշխարհին հարկ չի՞ համարել հիշեցնել Բենեդիկտոս 15-րդ պապը 1915 թվականի հուլիսի 12-ի իր հուսահատական կոնդակում. «Թող լավ իմանան, որ ազգությունները չեն մեռնում, նվաստացումով ու բռնաճնշումներով կրում են իրենց դժվարին լուծը: Միաժամանակ, նրանք հատուցման են պատրաստվում, սերնդից սերունդ են փոխանցում իրենց թշնամանքի տխուր ժառանգությունը»:

Հիրավի, աշխարհում եղե՞լ է ուրիշ մի այլ ազգ, որը դարեր շարունակ ստիպված տարել է անտանելին: Ո՞վ է հույսը հոգում անթեղած, արդարության հավանական հաստատման, այն ահավոր ոճրագործության փոխհատուցման համար, որն անհաշիվ արյուն, արցունք է խլել, այսքան երկար սպասել: Եվ արդյո՞ք չորս երիտասարդի այս քայլը կարող է մեղմել հայ ժողովրդի տառապանքները, մոռացնել կորուստները: Ի հարկե ո´չ, տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, ձեր թույլտվությամբ ես դրան դեռ կանդրադառնամ:

Առայժմ շարունակենք հետեւել մեղադրյալներին, որովհետեւ, ինչպես հայտնի է` մարդկանց դատում Են իրենց արարքներով ու միտումներով: Ես ուզում եմ առանձնահատուկ նշել, որ նրանցից որեւէ մեկը սպանելու, վիրավորելու, բռնանալու, անգամ վատ վերաբերվելու ցանկություն չի ունեցել: Սա շատ կարեւոր հանգամանք է, որը, կարծում եմ, դուք նույնպես անվերապահորեն ընդունում եք, տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր:

Եվ, այնուամենայնիվ, մեկը սպանվել է: Ես այդ մասին մտածում եմ պաշտպանությունը ստանձնելուց ի վեր: Նույնիսկ նրանք, ում ես պաշտպանում եմ, դրա համար տանջվում են: Դարձյալ հիշենք հյուպատոսարանի թուրք քարտուղարուհի օրիորդ Չեթինելի հայտարարությունը. «Երբ ես իմացա, որ թուրք հսկիչ-պահապանը մահացել է, լաց եղա: Գրոհայինները փորձում էին ինձ սփոփել, բայց զգացվում էր, որ իրենք էլ են վշտացած»:

Արդեն հայտնի է, որ հայ մարտիկները ոչ միայն չեն ուզել, այլեւ ամեն ինչ արել են մահվան դեպքերից խուսափելու համար: Նրանք, ինչ խոսք, զինված են եղել, բայց ինչպես ընդունված է ասել այժմ, զենքերը բանակցային նշանակություն են ունեցել: Լուրդի ֆրանսիացի կրոնականները ճիշտ են գնահատել իրավիճակը. «Բանակցությունները պիտի սկսվեին այն պահին, երբ առկա սպառնալիքը անտրամաբանական դարձներ երրորդ կողմի զինված միջամտությունը»: Սակայն ոչինչ, նույնիսկ բոլոր պատանդների կյանքը վտանգի ենթարկելու հեռանկարը հետ չի պահել Ջեմալ Էոզենին: Նետվելով մի ձեռքին ատրճանակ, մյուսին նռնակ բռնած հայ մարտիկի վրա, արդյո՞ք նա վայրկյանի ազդեցությամբ անխոհեմ չի վարվել, ինչպես փոխհյուպատոսը, որը, բարեբախտաբար, միայն վիրավորվել է:

Բոլոր դեպքերում` մահը մահ է, կորուստը` կորուստ, եւ այս ձեւակերպումն օգտագործելիս հիշում եմ նաեւ նրանց, որոնց համար մարդկային կյանքն ամենեւին նշանակություն չուներ, ովքեր մոլագար սովորություն էին դարձրել ամեն օր կտտանքների ենթարկելով տասնյակ հայերի սպանել, հարյուրավորների մահավճիռը հրապարակել: Սպանդի գլխավոր գաղափարախոսը, ավելի ճիշտ իրագործողը` Թալեաթը, իմ ժողովրդին` մեկ միլիոն հայ ոչնչացնելուց հետո լպիրշությունն ունեցավ հայտարարելու. «Մնացածն արդեն վիճակագրություն է»: Եթե այդ ժամանակ ամեն ինչ այլ կերպ ընթանար, մենք այսօր այս սրահում կլինեի՞նք:

Չեմ չափազանցում, ըստ երեւույթին, թուրքական իշխանությունները կուզեին, որ հայ մարտիկները պայթեցնեին հյուպատոսարանը, թեկուզ հիսուն պատանդի ոչնչացնելու գնով իրենք էլ ոչնչանային, ու ցեղասպանությանը անդրադառնալու այս առիթը չլիներ:
Տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, ուրբաթ օրը այս ամբիոնից ելույթ էին ունենում ցեղասպանության վերապրողները, եւ ես հիշում էի տատիս, ում հետ ապրել եմ մինչեւ երեսուն տարեկան դառնալը, ընդհուպ այն պահը, երբ մահանալուն պես, նախօրոք տված խոստմանս համաձայն, նրա կրծքին, սրտին շատ մոտ ամրացրի երեք որդիների դեղնած լուսանկարը, որոնք նահատակվել էին 1915-ին: Այդ ժամանակ նրա մեծ տղան ուղիղ քսան տարեկան է եղել:

Ես գիտեմ, որ միջազգային ատյանում չեմ գտնվում, հասկանում եմ, որ մեր դատարանն ի զորու չէ թուրքական պետության ու հայ ժողովրդի իրավունքները ճշտել, բայց ուզում եմ, որ դուք էլ ձեր հերթին հասկանաք մեղադրյալներին, որոնք բոլոր խաղաղ միջոցներից վերջնականապես հիսաթափված, Թուրքիայի` այն պետության դեմ են գրոհ ձեռնարկել, որը բռնազավթել է հայկական տարածքների ինը տասներորդը:

Կրկնում եմ, մենք պատմության դատարանում չենք, սակայն չորս երիտասարդ հայի հոգեվիճակը հասկանալի դարձնելու համար ուզում եմ հիշեցնել օտարների` այն ոճրագործությանը տված գնահատականները, որոնք թուրքական իրար հաջորդող կառավարությունները ձգտում են պոկել պատմության գրքից, ամենանենգ, հոռի միջոցներով չեն խորշում նոր պատմություն ստեղծել:

1919 թվականի հունիսի 17-ին, Փարիզի խաղաղության խորհրդաժողովում, թուրքական կառավարության ղեկավարը` մեծ վեզիր Դամադ Ֆերիդ փաշան, որը երիտթուրքերից զավթել էր իշխանությունը, հայտարարում է. «Քաղաքակիրթ աշխարհը ցնցված է թուրքերի գործադրած ոճիրների նկարագրությունից: Ես հեռու եմ այդ չարագործությունները քողարկելու մտքից, որոնք ընդմիշտ սարսափով են համակելու մարդկության խիղճը»:

Պատասխան խոսքում, հանդես գալով Գերագույն խորհրդի անունից, Կլեմանսոն հաստատում է այդ միտքը. «Ջարդերն իրենց դաժանությամբ հավասարվում, նույնիսկ գերազանցում են այն ամենին, ինչ երբեւէ գրի է առել պատմությունը»: Հիշենք, որ մշուշն ու անորոշությունը հայ ժողովրդին պատել էին դեռեւս երեսուն տարի առաջ` «Կարմիր սուլթանի»` Աբդուլ Համիդի տիրապետության օրոք: Դպրոցական դասագրքերից նույնիսկ հայտնի է այդ ժամանակաշրջանին վերաբերող` «Հայերը նահատակվեցին խաղաղության զոհասեղանին» արտահայտությունը, որը նշանակում է, որ երեք հարյուր հազար հայ է կոտորվել` աշխարհի իմացությամբ, աշխարհի աչքի առջեւ: Սակայն զոհերի նման քանակությունն անգամ ոչինչ էր այն ամենի համեմատությամբ, ինչ տեղի պիտի ունենար 1915 թվականին, որի սանձազերծողները մարդկության պատմության սպանդի չգերազանցված ոճրագործները պիտի դառնային:

Լսեցե´ք, թե բոթն ստանալուն պես ժորժ Կլեմանսոն ինչպես է ընդվզել ու բացականչել. «Ճի՞շտ է, որ մեր դարասկզբին Փարիզից հինգ օր հեռու անպատժելիորեն այնպիսի բռնություններ են գործադրվել, որոնք մի ամբողջ երկիր սարսափով են համակել, բռնություններ, որոնցից վատթարը ամենադաժան բարբարոսության ժամանակներում անգամ չի գործադրվել:

Ճի՞շտ է, որ եվրոպական կառավարություններն անտարբերությամբ Են դիտել այդ սահմռկեցուցիչ տեսարանը եւ թալանի, զանգվածային ջարդերի, բռնության, հրկիզման, կտտանքների պահին ոչինչ չեն գտել անելու, բացի նախճիրի պատասխանատու պետության ղեկավարների հետ Ոսկեղջյուրում կառանվելիք ռազմանավերի թվի շուրջ բանակցելուց»:

Այս տագնապի ահազանգը, ցավոք, անհետեւանք մնաց եւ նոր ողբերգությունների մարգարեական կանխատեսումը հանդիսացավ:
Որովհետեւ 1915-ին, այսինքն ուղիղ քսան տարի անց, երբ զոհերի արյունը դեռեւս չէր չորացել, հրդեհված եկեղեցիների մոխիրը չէր պաղել, գորշ ամպերը կախվեցին Հայաստանի` այն երկրի վրա, որտեղ Արարիչը զետեղել էր երկրային դրախտը: Լորդ Բրայսը` բրիտանացի նշանավոր պետական գործիչն ու իրավաբանը, Լորդերի պալատում հայտարարեց. «Թիմուր խանի ժամանակներից ի վեր աշխարհը նման արհավիրք չէր տեսել»:

Ի՞նչ կա զարմանալու, քանի որ Թուրքիան, հպարտորեն, Աթիլլային, Չինգիզ եւ Թիմուր խաներին համարում է իր մեծահամբավ նախորդները, եւ այս արյունարբուները, որոնք ամենուր դաժանության, բարբարոսության, սարսափի խորհրդանիշներ են համարվում, թուրք երեխաներին ուսուցանվող պատմության մեջ նմանվելու արժանի օրինակներ են ներկայացվում:

Այո´, 1915 թվականին Հայաստանում տեղի ունեցավ մարդկային հիշողության պահպանած ամենաահավոր կոտորածը: Երիտթուրքերը, քողարկվելով Առաջին աշխարհամարտի թիկնոցի ներքո, օգտվելով պատերազմող երկրների հակասություններից, ինչպես նաեւ իրենց դաշնակցի` Գերմանիայի մեղսակցությունից, գրեթե ավարտին հասցրին այդ սեւ գործը: Եվ եղկելի Թալեաթը` Թուրքիայի տվյալ ժամանակվա ներքին գործերի նախարարն ու մեծ վեզիրը, ցեղասպանության կազմակերպողը, պարծեցավ, որ երեք ամսում Հայկական հարցը լուծելու համար ավելին է արել, քան Աբդուլ Համիդը` երեսուն տարվա ընթացքում…

Իսկ հետո՞: Հետո, տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, ցեղասպանության վերապրողները արտաքսվեցին բնօրրաններից, նրանց որոշ մասը կազմավորեց ֆրանսիական բանակի հայ կամավորականների լեգեոնը, ֆրանսիական դրոշի ներքո մարտնչեց առաջին գծում, ընդհանուր հաղթանակի մեջ բաժինն ունեցավ: Իսկ ցիրուցան եղած երեխաները, որոնց ծնողները կոտորվել էին, լցվեցին որբանոցները:

Անատոլ Ֆրանսը ողբաց հոգեւարող Հայաստանի վիճակը, նրան հղեց սիրո եւ հույսի հետեւյալ արտահայտությունները. «Հայաստա´ն, իմ քո´ւյր, վե´ր կաց: Մի´ տանջվիր: Այն քիչ արյունը, որ մնացել է քեզ, թանկարժեք է, հերոս սերունդներ կծնի: Այն ժողովուրդը, որը չի ուզում մեռնել, չի´ մեռնի»: Նա մենակ չէր: ժամանակի քաղաքական հեղինակությունները, մտավորականները, Բենեդիկտոս 15-րդ պապը, Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը, ինչպես նաեւ Լլոյդ Ջորջը, Արթուր Բալֆուրը եւ ի հարկե` ժորժ Կլեմանսոն, շատ ուրիշներ, որոնք տվյալ պահին համընդհանուր կարեկցության արտահայտիչները դարձան, միացրին իրենց ձայնը, որպեսզի դատապարտեն թուրքական բարբարոսությունը, վշտակցեն նահատակ Հայաստանին եւ հանդիսավոր խոստում տան, որ երբ իրավական հատուցման ժամը հասնի, մարդասիրական եւ արդարության օրենքներով ապահովեն անվտանգությունն ու անկախությունը: Ֆրանսիացի կարդինալ, Օռլեանի եպիսկոպոս մոնսինյոր Տուշեն, 1917-ին, Փարիզի Մադլեն եկեղեցում բացեիբաց հայտարարեց. «Եթե այս պատերազմից հետո դաշնակից երկրները Հայաստանին անկախություն չտան, եւ հայերը պայթեցնեն Կոստանդնուպոլիսը, ես` եկեղեցու սպասավորս, նրանց` մեղքերի թողություն կշնորհեմ»:

Մինչդեռ մեծ տերությունների` Հայաստանին տրված խոստումները ընդհանուր ձեւակերպումներից, հանդիսավոր հայտարարություններից այն կողմ չանցան: Ուինստոն Չերչիլը մերկացնող բառերով ներկայացրեց այդ ցավալի իրողությունը. «Թվում էր, թե եկել է հայերի` արդարության հասնելու, իրենց բնօրրանում խաղաղ ապրելու իրավունք ձեռք բերելու ժամանակը: Նրանց հալածողներին, դահիճներին պատերազմը կամ հեղափոխությունը ջախջախեցին: Հաղթանակած հզոր տերությունները հայերի դաշնակիցն էին եւ պետք է ձգտեին, որ արդարությունը վերականգնվի: Իրոք, անհավանական է թվում, որ դաշնակից հինգ մեծ պետություն ի վիճակի չլինեն իրագործել իրենց ցանկությունը: Մինչդեռ, այդպես էլ եղավ, երբ հաղթողները Փարիզի խորհրդաժողովում հասան Հայկական հարցին, նրանց միասնականությունը պառակտվեց, բանակները զորացրվեցին եւ վերջնական վճիռը որեւէ կշիռ չունեցավ»:

Ճիշտ է, 1920-ի Սեւրի դաշնագրով, որն ստորագրեցին դաշնակիցներն ու Թուրքիան, Հայաստանը ճանաչվեց ազատ ու անկախ պետություն, բայց, ինչպես պարոն Իվ Տերնոնն ասաց ուրբաթ օրը, ստորագրողներն իսկ այն չվավերացրին: Եվ 1923 թվականի Լոզանի դաշնագիրը վերջնականապես հուսախաբության մատնեց հայերին: Դարձյալ դիմենք Չերչիլին. «Լոզանի դաշնագրում Պատմությունը զուր պիտի փնտրի Հայաստան բառը»: Իրավացի էին բոլոր նրանք, ովքեր պնդում էին, որ այդ ժամանակ Մոսուլի նավթը ավելի ծանր կշիռ ունեցավ, քան հայերի արյունը:

Մինչ այդ, սակայն, 1921-ի հունիսին ԲԵռլինում տեղի էր ունեցել Թեհլիրյանի` այն հայ ուսանողի դատավարությունը, որը մի քանի ամիս առաջ Գերմանիայի մայրաքաղաքում գնդակահարել էր ուրիշի անուն-ազգանունով ծպտված Թալեաթին: Վերջինս վախենում էր ոչ թե իր երկրի արդարադատությունից, որը ձեւականորեն նրան մահվան դատապարտելուց հետո արտասահման փախչելու հնարավորություն էր տվել, այլ` հայերի վրիժառությունից: Դատարանը, որտեղ, ըստ էության, դատապարտվում էին ցեղասպանության պատասխանատուները, ի վերջո Թեհլիրյանին անպարտ ճանաչեց ու ազատ արձակեց:

Այս ամենին, սակայն, լռությունը հաջորդեց: Մեկ միլիոն ու կես հայերի աճյունները, պատմության քամու բերանն ընկած, փոշի դարձան: Աշխարհը համակերպվեց մի ամբողջ ժողովրդի բնաջնջման իրողության հետ: Բանը հասավ այնտեղ, որ այդ նույն` միջազգային հանրության հանդուրժողականությունից սանձարձակ դարձած Թուրքիան շարունակեց իր սադրանքները: Երկրի ղեկավարները, ազգային արժանապատվության պահպանման միամիտ, սին մտայնությամբ տարված, չնչին չափով իսկ չեն ընդունում իրենց նախնիների ոճիրները, պատմության անհեթեթ կեղծարարությամբ են զբաղվում` ժխտելով ցեղասպանությունն ու փոխելով դահճի, զոհի տեղերը:

Թերեւս ձեզ հայտնի է, որ 1974 թվականին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, Թուրքիայի ներկայացուցիչը պահանջեց, որ ջնջվի 30-րդ պարբերությունը, որը ամենազուսպ արտահայտություններով 1915-ի դեպքերը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն էր որակում: Դա ինձ ամենեւին տարօրինակ չի թվում, քանի որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները ցեղասպանության վերաբերյալ կարծիքն են հարցնում Թուրքիայի` այն երկրի, որի համար հայերի ցեղասպանությունը հայկական հնարանք է, Հայաստանը` գոյություն չունեցող, երբեք գոյություն չունեցած երկիր: Եվ քանի որ ամեն ժողովուրդ իրեն արժանի, իր ձգտումները լավագույն կերպով արտահայտող զավակներ է ծնում, ես չեմ զարմանում, որ հայ ժողովրդի դահիճը, մարդկային պատմության մեծագույն ոճրագործներից մեկը` Թալեաթը ժամանակակից Թուրքիայում ազգային հերոս է համարվում, Անկարայի մայրուղիներից մեկը նրա անունն է կրում, իսկ Ստամբուլում, Ազատության բարձունքում, որի լուսանկարը ցույց տվեց իմ գործընկերը` պաշտպան Դեւեջյանը, հառնում է դամբարանը: Դամբարան, որի շուրջը ամեն տարվա մարտ ամսին թուրք ժողովուրդը մեծարանքի հանդիսություններ է կազմակերպում: Եվ մինչ արհամարհելով պարկեշտության ու պատշաճության բոլոր սահմանները, Թուրքիան ձգտում է ավարտին հասցնել նախնիների ոճիրը, անպատժելիորեն պարում հայ ժողովրդի դիակների վրա, այստեղ-այնտեղ ձայներ են լսվում, որ ներկա ղեկավարները չեն կարող պատասխանատու համարվել, նրանք ոչինչ չեն արել:

Այո´, չեն արել, չափազանց հեռու են անելու այն, ինչ Վիլլի Բրանդը արեց, որը ծունկ չոքելով Օսվենցիմի հուշահամալիրում, հրեա ժողովրդից ներողություն խնդրեց նացիստական Գերմանիայի եղեռնագործությունների համար:

Տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, դո´ւք, անկախ ձեր ցանկությունից, առնչվում եք ժամանակակից աշխարհի ամենացավալի ողբերգություններից մեկին: Դուք պետք է խորապես զգաք այն պատասխանատվությունը, որ օրենքը վստահում է ձեզ:

Համոզված եմ, որ վեր կկանգնեք նախապաշարումներից, ասեկոսեներից եւ հավատարիմ մնալով ձեր տված երդմանն ու դատավարության ազատության սկզբունքին, կլսեք միայն ձեր խղճի ձայնը: Ջանալով ինձ տրված հնարավորության սահմաններում հստակեցնել այն վճիռը, որ կայացնելու եք վաղը, որն, ամենայն հավանականությամբ, արդեն որոշակիանում է ձեր ուղեղներում, ես պաշտպանության իմ գործընկերների հետ ջանացի ներկայացնել այն իրավիճակը, որը մեղադրյալներին նման քայլի է դրդել: Չգիտեմ որքանով կարողացա ձեզ հաղորդակից դարձնել իմ ապրումներին, բայց, հավատացե´ք, երբեք այսքան չեմ ցավել այն բանի համար, որ մեր արդարադատության համակարգը երդվյալներին ու պաշտպաններին ուղղակի երկխոսության հնարավորություն չի տալիս:

Երկխոսություն, որը ձեզ իրավունք կընձեռեր ինձ ընդհատել որեւէ պարզաբանման կամ ինչ-ինչ փաստարկի նկատմամբ անհամաձայնություն արտահայտելու համար: Հավատացե´ք, ձեր հարցերին կամ դիտողություններին պատասխանելով, ես կհարթեի ամեն թյուրըմբռնում:

Ես չեմ ձգտում, ոչ ոք չի ձգտում ձեզ ներքաշել պատմության չլուծված հարցի ոլորտը: Այս դատավարությունը պատճառ դարձավ, որ արծարծվեն մեր ժամանակի բարոյական խնդիրները, մտահոգիչ հակասությունները:

Հասկանալի է, դուք մարդկանց դատելու եք իրենց կատարած արարքների համար, բայց նկատի ունեցեք նաեւ անձնականությունը եւ պայմանները, որ նման արարքների են մղել:

Նրանք երիտասարդ են, իրենց անհատականությունն ունեն: Հիշենք բժիշկ-փորձագետների ձեւակերպումը` «Չորսն էլ, բոլոր երիտասարդների նման, սիրում են կյանքն ու վայելքները»: Միաժամանակ, նրանք այն ժողովրդի զավակներն են, որը ենթարկվել է մարդկային պատմության մեծագույն աղետներից մեկին: Եվ մինչեւ այժմ կրում է վերքերը: Որի դատը մարդկությունը, քաղաքակիրթ աշխարհն իրենը պիտի համարեր եւ ոչ թե անտեսեր, մոռացության մատներ…

Այս չորս հայ երիտասարդները չեն կարողացել հանդուրժել իրենց ժողովրդի խողխողմանը հաջորդած լռությունը, որը, երկարաձգվելով, թերեւս մինչեւ իսկ հույսը մեռցնի, ընդհանուր պաշտպանի համար մեռած էլ է, քանի որ իր ճառում զարմացած հարցնում էր. «Բայց ինչո՞ւ այսքան տարի անց»: Մինչդեռ Վազգենը, Գեւորգը, Հակոբն ու Արամը համոզված են եղել, որ ամեն ճշմարտություն արտահայտվելու իր ժամանակն ունի, իրենք հենց այդ ժամանակում են ապրում ու Հայ դատը ստանձնելով ուզել են խզել լռությունը: Եվ որպեսզի սխալ չհասկացվեն, իրենց նպատակների մասին թյուր պատկերացումներ չստեղծվեն, յուրաքանչյուրը, Բեյրութը թողնելուց առաջ, հայ ժողովրդի, ընտանիքի, բարեկամների համար մամուլով հետեւյալ հայտարարությունն է արել. «Ես գիտեմ, որ ինձ վստահված պարտականությունը դժվարին է, կարող է վտանգվել կյանքս: Հայաստան տանող ուղին, եթե պայքարը արդարացի, անձնազոհաբար մղվի, այնքան էլ երկար չէ: Ուղին դժվարին է, բայց վերջնական հաղթանակը մերն է»:
Ահա´ ամբողջ իրողությունը` պարզ ու համոզիչ:

Տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, եթե, ինչպես ես եմ կարծում, հավատում, ձեր հոգու մի անկյունում պահպանել եք Միշելեի չքնաղ բառերը` «Մենք, ֆրանսիացիներս, չպետք է մոռանանք, որ մեր հայրենիքը ծնվել է կնոջ սրտից, քնքշանքից, արցունքներից եւ արյունից, որ նա հեղել է մեզ համար», եթե, կրկնում եմ, հավատում եք Հայրենիքի գաղափարին, այդ մշտական արժեքին, ինչպե՞ս կարող եք չհասկանալ երիտասարդ հայերին, որոնք, լիբանանյան պատերազմի թոհուբոհում, հավատարիմ մնալով ցեղասպանության վերապրողի զավակի ու թոռան իրենց պարտականություններին, չեն համակերպվել խաչվածի, նահատակի, արհամարհվածի, իրավազրկվածի կարգավիճակին:

Այս չորս երիտասարդները ձեզնից ոչինչ չեն պահանջում, խնդրում են հասկանալ: Հասկանալ, որ միայն մի` ազնվագույն եւ առաքինի նպատակ է իրենց առաջնորդել: Ձեր դատավճիռը, որ կայացնելու եք չորս հայ երիտասարդի նկատմամբ, արդարադատության առումով իր նախադեպը չի ունենալու եւ, ըստ էության, կանխորոշիչ է լինելու:

Տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, դուք վճռի բացարձակ ազատություն եք վայելում, կարող եք դատապարտել, բայց նաեւ արդարացնել: Ես ձեզ ազատության, անկախության կոչ եմ անում: Վաղը, երբ առանձնանաք խորհրդակցությունների սենյակում, խնդրում եմ չմոռանաք, որ այսպես կոչված մեղադրյալները ճարահատ են գրավել թուրքական հյուպատոսարանը, որպեսզի ներկայացնեն իրենց ժողովրդի օրինական պահանջները, որոնք նույնքան արժանի են հատուցման, որքան հրեաներինն ու պաղեստինցիներինը:
Ես վերջացնում եմ` կարծում եմ կարողացա համոզել, եթե, ի հարկե, արդեն համոզված չէիք, որ Վազգենը, Գեւորգը, Արամը եւ Հակոբը ունեն հանցանքը մեղմացնող այն բոլոր պատճառները, որ կարելի է երեւակայել: Եվ եթե այդ ամենը նկատի ունենալով, դուք նրանց համար երկու տարվա բանտարգելությունը բավարար համարեք, այսինքն գոհանաք նախնական կալանքի ժամկետով, իմ խորին համոզմամբ, թե´ մտքով եւ թե´ խղճով արդարացի վարված կլինեք:

Որովհետեւ չորս երիտասարդ հայերը, որոնք այն իրավիճակում, որ ներկայացրի, չափազանց երկար ներկայացրի, եթե ստանձնել են իրենց ժողովրդի անժամկետանց պահանջատիրությունը, արժանի են միայն մի` պարզ ու հստակ դատավճռի, որը սոսկ մեղավոր հոգիները կարող են չընդունել. նրանք արժանի են արդարացմա´ն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail