Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի քաղաքական ելույթը Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում
Դասական Հայերէն:ԱՀՀ Նախագահ Ռադիկ Խամոյանի քաղաքական ելույթը ԱՀԱԺ-ի 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում-դասական
Հարգելի գործընկերներ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորներ, հարգելի Նախագահ, Վարչապետ եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության պաշտոնյաներ, ողջունում եմ Ձեզ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններում ձեռք են բերվել աննախադեպ արդյունքներ, մասնակցել են 51.505 ընտրող, 47 երկրից, որոնք միասնական ցուցակով ընտրել է 101 պատգամավոր: Այս ցուցանիշները խիստ պարտավորեցնող են:
ԱՀՀ Նախագահ Ռադիկ Խամոյանի քաղաքական ելույթը ԱՀԱԺ-ի 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում
Ուստի, որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ պարտքս եմ համարում հանդես գալ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության եւ իրականացման հարցերի տեսակետից շատ կարեւոր իրավական – քաղաքական բովանդակության մի քանի շեշտադրումներով:
Դրանք են՝
ա) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցներում օրենքի ու օրինականության գերակայությունը պահպանելու ու ամրապնդելու հարցը:
բ) Միջազգային հարթակներում եւ միջպետական հարաբերություններում հայության իրավունքների պաշտպանությունը իրավաչափության ամուր հիմքերից հետապնդելու եւ իրականացնելու հարցը:
Առաջինը կարեւոր է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ներքին կայունությունը պահպանելու եւ ամրացնելու, երկրորդը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը արդյունավետ եւ անվրեպ հիմքերից իրականացնելու համար:
ա) Արեւմտյան Հայաստանիմ Հանրապետության պետական կառույցներում օրենքի ու օրինականության գերակայությունը պահպանելու ու ամրապնդելու խնդիրը:
Առաջին խնդրին անմիջապես վերաբերում են երկու հիմնահարցեր.
-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցներում գործող կանոնակարգ օրենքով առաջնորդվելու հարցը, մինչեւ Սահմանադրության ընդունումը:
-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման գործընթացում ընդունված ընթացակարգերով ու սկզբունքներով առաջնորդվելու հարցը:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգում առաջին կարեւոր խնդիրը օրենքի եւ օրինականության պահպանումն է, որովհետեւ դա անմիջապես առնչվում է համակարգի պաշտոնյաների եւ պատգամավորների ազատության, գործունեության ազատության եւ մի քանի այլ հարակից հարցերի հետ:
Առանց այդ ազատության նկատմամբ հարգանքի եւ ուղղակի օրինականության դրսեւորման հնարավոր չէ ստանալ ոչ համակարգի բավարար ճկունությունը, ոչ էլ գործընկերների նախաձեռնողական աջակցությունը:
Որովհետեւ, իրականում, քանի որ վաղուց նախանշված են Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական հիմքերը, գործունեության հայեցակարգն ու ռազմավարությունը, ապա դրանով սահմանված են արդեն գործընկերների պատասխանատվության ու իրավասության սահմանները: Այս դեպքում ավելորդ ենք համարում մտածել ու ծանրանալ վերահսկողության հավելյալ, այլեւայլ միջոցների ու մեխանիզմների մասին, շատ դեպքերում նաեւ այնպիսի մեխանիզմների, որոնք սահմանափակելու են պետական համակարգին մաս կազմող պաշտոնյաների ու պատգամավորների եւ գործունեության ազատությունը, եւ նրանց նախաձեռնողական հանձնառությունը:
Մեկ աշխատանք ունենք անելու, քաջալերելու ենք նախարարությունների եւ մշտական հանձնաժողովների նախաձեռնողական մոտեցումներն ու գործելակերպը:
Ըստ էության դա է պարտադրում նաեւ վերջին ընտրություններով ձեռք բերված արդյունքը, որն ուղղակի նշում է, թե նոր բնագիծ է նվաճված եւ պետք է դրան համահունչ ու վերանորոգ քայլերով առաջ շարժվել:
բ) Միջազգային հարթակներում եւ միջպետական հարաբերություններում հայության իրավունքների պաշտպանությունը իրավաչափության ամուր հիմքերից հետապնդելու եւ իրականացնելու հարցը:
Գաղտնիք չէ, որ միջազգային ընտանիքի հիմնական դերակատարների օրակարգում Հայկական Հարցի լուծում՝ որպես այդպիսի խնդիր, այս պահին ընդգրկված չէ: Այդ թեմայով մենք երեք հոդված հրապարակեցինք քննելով Եվրամիության, Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայկական հարցի լուծման խնդրում եւ պարզեցինք, որ այդ դիրքորոշումները ոչ միայն գոհացուցիչ ու բավարար չեն հայությանը տրված իրավունքների իրականացման տեսակետից, այլեւ անտեսված են եւ կամ իջեցված փոքրամասնության իրավունքների մակարդակի:
Դա նշանակում է, որ մեր գործը բավական բարդ է: Ուստի, այստեղ պետք է հանդես գալ եւ իրավական – քաղաքական պահանջատիրության անհերքելի փաստերից, եւ իրավաչափության ամուր եւ անհերքելի դիրքերից:
Անցնող ժամանակահատվածում, կարեւորելով այս հարցադրումները, մենք ձգտել ենք բարձր պահել իրավական – քաղաքական պահանջների նշաձողը եւ մեզ դա հաջողվել է: Այդ նշաձողը պետք է միշտ բարձր պահել:
Նշված թեմայի շարունակությանն է վերաբերում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման գործընթացում ընդունված ընթացակարգերով ու սկզբունքներով առաջնորդվելու հարցը:
Սահմանադրության ընդունումը պարտադիր քայլերի ամբողջականությունից բաղկացած գործընթաց է. Ազգային Ժողովի կողմից կազմվում է Սահմանադրության նախագծի մշակման հատուկ հանձնաժողով, հատուկ հանձնաժողովը Սահմանադրության նախագիծը ներկայացնում է 1-ին, 2-րդ եւ 3-րդ ընթերցման, որից հետո դրվում է համաժողովրդական քննարկման, այնուհետեւ համաժողովրդական հանրաքվեի եւ հանրաքվեի արդյունքների համաձայն ընդունվում է:
Սահմանադրության տակ ոչ ոք ստորագրություն չի դնում, այդ թվում՝ հանրապետության նախագահը, ստորագրություն չի դնում որեւէ խումբ կամ կառույց:
Սակայն տեսնում ենք, որ մեր պետական համակարգից 2014-ին եւ 2017-ին դուրս մնացած կողմերը սկզբունքային այս հարցում եւ օրենսդրության ու իրավունքի այլեւայլ հարցերում հանդես են գալիս կամայական մոտեցումներով, ինչին որպես հետեւանք փորձ են անում շրջանառության մեջ դնել ինքնաստեղծ, իբրեւ թե իրենց կողմից՝ «ստորագրված», «ընդունված», «վավերացված» եւ կամ «հաստատված» սահմանադրության ապօրինի օրինակներ:
Մի տեղ գրելով «պաշտոնական սահմանադրություն», սահմանադրությունը չի դառնում իրական սահմանադրություն եւ չի դառնում սահմանադրություն: Եւ մեկ այլ տեղ գրելով «օրինական ընտրություններ», ընտրությունները չեն դառնում օրինական: Օրինականն ու պաշտոնականը, իրավականն ու օրենսդրականը պետք էր պաշտպանել ժամանակին՝ բոլոր մակարդակներում, այդ թվում՝ անհատական, կազմակերպչական, համակարգային, ազգային – պետական… Եթե դա չի արվել, բնական է, որ հիմա մնացել է գրելու միջոցով օրինականության պատրանք ստեղծելու տարբերակը միայն:
Բոլոր դեպքերում այդպիսի կամակայան մոտեցումը մի կողմից հակասում է սահմանադրության ընդունման գործընթացի տրամաբանությանն ու ընդունված ընթացակարգին, մյուս կողմից՝ խնդիրներ կարող է առաջացնել հայության իրավունքների պաշտպանության եւ իրականացման գործընթացների ժամանակ:
Ես՝ որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ, ջանք չեմ խնայելու օրենքի եւ իրավունքի տառին ու ոգուն հավատարիմ առաջնորդելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման ընթացակարգը մինչեւ վերջ, դրանով իսկ ապահովելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի օրենսդրական ամուր հիմքերն ու անժխտելի իրավաչափությունը:
Որպես ելույթի եզրափակում երկու խոսք Մերձավոր Արեւելքում, տարածաշրջանում եւ ՀՀ-ում առկա իրավիճակի մասին:
Մերձավոր Արեւելքի խնդիրների լուծման բանալին Հայկական Հարցի ամբողջական եւ արդարացի լուծումն է:
Դա իրականացնելու համար միայն ցանկություն ունենալը բավարար չէ:
Այստեղ եւ հայ ժողովրդի, եւ հայության ազգային – պետական համակարգերի վերանորոգման անհրաժեշտություն կա, այդ թվում եւ ազգային – պետական նշանակության ծրագրերի ու ռազմավարության:
Ահա թե ինչու, մենք ողջունեցինք ՀՀ-ում իրականացված Թավշյա հեղափոխությունը, որն ընդգրկեց հայության բոլոր շերտերը, աշխարհի բոլոր ծայրերում:
Ակնհայտ է, որ ինչպես ՀՀ-ի, այնպես էլ մեզ համար նոր օր է եւ նոր փուլ:
Ուրեմն եւ նոր վճռականությամբ ու ոգեւորությամբ, միասին ու միասնական, գնանք առաջ:
Կրկին շնորհավորում եմ եւ մաղթում անենայն բարիք ու նորանոր հաջողություններ:
Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ
28.09.2018 թ.