Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի զեկույցը Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում
Հարգելի գործընկերներ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) հարգելի պատգամավորներ, Հանրապետության Նախագահ, Խորհրդարանի Նախագահ, հարգելի պաշտոնյաներ, Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի ներկայացուցիչներ ու պատասխանատուներ, ողջունում եմ Ձեզ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններում ձեռք են բերված աննախադեպ արդյունքները, որոնց մասին այստեղ քանիցս նշվեց, մեզ համար ոգեւորությունից զատ ունեն գործնական իմաստ եւ բովանդակություն, քանի որ դրանք պարունակում են մեծ ներուժ գործադիր մարմնի՝ Կառավարության համար նույնպես, եւ այդ մասին մենք մտածելու ենք ու առանց շտապելու, կշռադատված՝ օգտվելու ենք դրանից:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Կառավարությունը անցնող ժամանակահատվածում՝ 2011-2018 թթ. ընթացքում, Խորհրդարանին եւ Հանրապետության Նախագահին աջակցելուց եւ նրանց հետ սերտ համագործակցելուց բացի կենտրոնացել է հայեցակարգային եւ ռազմավարական նշանակության մի քանի հարցերի վրա, քանի որ դրանք կարեւոր ու առաջնային է համարել հայության իրավունքների պաշտպանության եւ իրականացման գործում եւ գործընթացում:
Հերթականությամբ անդրադառնանք դրանց:
1.
Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական միասնական փաթեթի մասին:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Լրատվական հանձնաժողովի նախագահ Տիգրան Հարությունյանի խորհրդով, 2014 թվականից սկսած, Կառավարությունը ձեռնամուխ է եղել 1918-1920 թթ. հայ ժողովրդին տրված իրավունքները, ինչպես նաեւ այս հարցի հետ առնչվող այլ կարեւոր նյութերն ու փաստաթղթերը իրավական – քաղաքական մեկ միասնական փաթեթի մեջ խմբավորելու գործին:
Դրա առաջին օրինակը հրատարակվել է 2014 թ.-ին՝ «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական միասնական փաթեթ» ժողովածու անվանումով, «Նոյյան Տապան» հրատարակչությունում:
Հետագայում խնդիր է առաջացել ժողովածուն նոր կարեւոր նյութերով համալրելու, վերամշակելու: Ժողովածուի լրամշակված հայերեն նոր օրինակի հրատարակությունն իրականացվել է 2015 թ.-ին:
2014 թվականից թարգմանվել ու հրատարակվել են ժողովածուի հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով օրինակները:
Ժողովածուի ֆրանսերեն լեզվով թարգմանությունն ավարտված է: Այն արդեն տեղադրված է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պաշտոնական կայքէջերում. կառավարության՝ www.gov-wa.info, խորհրդարանի՝ www.parliament-wa.info, «Իրավական փաթեթ» բաժնում:
Ժողովածուի ֆրանսերեն օրինակը որոշակի նյութերի լրացումներից հետո կուղարկվի հրատարակության:
Հրատարակման համար պատրաստ են ժողովածուի արեւելահայերեն՝ լրամշակված, ինչպես նաեւ արեւմտահայերեն եւ թուրքերեն օրինակները:
Եւ քանի որ Հայկական Հարցի կարգավորման եւ հայերի իրավունքների պաշտպանության ժամանակակից օրակարգի ձեւավորումը սերտորեն կապված է երկու հիմնահարցերի՝
ա) Արեւմտյան Հայաստանի նկատմամբ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ավելի ստույգ՝ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության, եւ
բ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցի ձեւավորման հետ, ապա ակնհայտ է, որ ժողովածուն հավակնում է դառնալ մեր ամենօրյա ընթերցանության եւ ուսումնասիրության հիմնական առարկան, մեր դասագիրքը:
2.
Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հայեցակարգի ու ռազմավարության մասին:
Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հայեցակարգն ու ռազմավարությունը մեր գործունեությանը զուգահեռ բնականոն ձեւով մշակվել է, որպես գործընկերներին ուղղված շրջաբերական փաստաթուղթ, համակարգի ներսում օգտագործելու նպատակով:
Ներկայացնենք մի քանի համառոտ կետեր այդ մշակումներից:
Նշել ենք, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) ազգային-պետական ռազմավարությունն իրականացնելիս պետք է հաշվի առնել հետեւյալ փաստերն ու իրողությունները.
Մեր նպատակն է՝
Հայկական Հարցի ամբողջական լուծումը, որը ենթադրում է հետեւյալ քայլերը.
-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) հաստատումը Արեւմտյան Հայաստանում:
-Հայությանը եւ Հայաստանին հասցված վնասի ամբողջական հատուցումը:
Իրավական – քաղաքական հիմքերն են՝
– Արեւմտյան Հայաստանի hայերի ինքնության եւ քաղաքացիության համակարգը:
-«Արեւմտյան Հայաստանի hայերի ինքնորոշման իրավունքի մասին» Հռչակագիրը:
-«Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրենքը, (21 հունվար 2014 թ., լրացումներով ու փոփոխություններով ընդունված՝ 29 մայիս 2018 թ.):
-«Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ» ժողովածուն:
-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Սահմանադրությունը:
Իրավական – քաղաքական պահանջների ձեւակերպումներն են՝
-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) անդամակցությունը ՄԱԿ-ին:
-ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու, իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա:
-Ձեւակերպումները շարունակություն ունեն:
-Հայոց ցեղասպանության դատապարտման եւ հատուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
-Հայոց պատմամշակութային եւ քաղաքակրթական արժեքների պաշտպանության աշխատանքները:
3.
Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության եւ իրականացման նպատակով ՄԱԿ-ին ուղղված դիմումնագրերի մասին:
Այստեղ արդեն նշվեց, որ Կառավարության առաջարկով Խորհրդարանը հաստատել է որոշումը եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) դիմել ՄԱԿ-ին՝ անդամակցության, ինչպես նաեւ ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու, իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա:
Համապատասխան դիմումնագրերը 2018 թ. մայիս ամսին ուղարկվել են ՄԱԿ:
Այս նստաշրջանում որոշում է կայացվելու ՄԱԿ-ին ուղղված նոր դիմումնագրի վերաբերյալ, այսինքն՝ այս կարեւոր ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են:
4.
Մերձավոր Արեւելքում, տարածաշրջանում եւ ՀՀ-ում առկա իրավիճակի մասին:
Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններն ուղիղ առնչություն ունեն հայ ժողովրդի իրավունքների հետ: Եւ այն փաստը, որ միջազգային հիմնական դերակատարների օրակարգերում առայժմ ի հայտ չեն գալիս հայ ժողովրդին տրված իրավունքների եւ Հայկական Հարցի լուծմանն առնչվող նյութեր ու հրապարակումներ, դեռ ոչինչ չեն նշանակում. մեր աշխատանքի իմաստը այդ օրակարգի վերականգնումն ու հաստատումն է, որը մենք դա կանենք, կիրականացնենք:
Տարիների մեր հիմնական աշխատանքը այդ նպատակի իրականացմանն է ուղղված եղել եւ մենք այս հարցում շատ որոշակի արդյունքներ ենք գրանցել: Դրանք, այդ արդյունքները, կարող էին շատ ավելի ծանրակշիռ ու նշանակալի լինել, եթե տեղի չունենային 2014-ի եւ 2017-ի հայտնի խանգարումները:
Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխությունը շարունակվում է, դա իր տրամաբանակ ավարտին դեռ չի հանգել, բայց հասցրել է արձագանքել հայ մարդկանց սրտերում եւ հոգիներում, առաջացնելով նորացման ու զարթոնքի հույս, հավատ եւ զգացողություն:
Մեր դիրքորոշումն այս հարցում արտահայտել ենք երեք հոդվածների միջոցով:
Առաջինը վերնագրված է՝ «2016 թ. ապրիլի եւ 2018 թ. ապրիլի մասին», հրապարակել ենք 23-ը ապրիլի 2018 թ., արձանագրել, որ հայտ է ներկայացված «հայության համաշխարհային նոր համախմբման մասին»:
Երկրորդը՝ «1988-ի շարժման եւ 2018-ի շարժման մասին», հրապարակել ենք 28-ը ապրիլի 2018 թ., որտեղ նշել ենք, որ «եթե 1988-ի շարժումը ազատագրեց Արցախը, ապա 2018-ի շարժումը ազատագրելու է հայությունն ու Հայաստանը»:
Երրորդը՝ «2018-ի շարժման մասին», հրապարակել ենք 30-ը ապրիլի 2018 թ., ընդգծել ենք, թե՝ «հայության հանդուրժողականությունը պետք չէ շփոթել հնազանդության հետ»:
Սրանք ծրագրային նշանակության հրապարակումներ են: Մենք հավատում ենք, որ ինչպես մենք 2017-ից հետո թեւակոխում ենք նոր օր եւ նոր հանգրվան, նույնը կատարվում է հայության համար եւ ՀՀ-ում, եւ ամբողջ աշխարհում:
Փաստորեն, զուգահեռ ընթանում են մի քանի գործընթացներ՝ Մերձավոր Արեւելքում, տարածաշրջանում, ՀՀ-ում եւ մեր պետական համակարգի ներսում եւ շուրջ:
Իսկ դա նշանակում է, որ պետք է պատրաստ լինել նոր զարգացումներին, առաջին հերթին, ամրապնդված պետական համակարգով, ազգային – պետական նշանակության ժամանակակից լրամշակված հայեցակարգով ու ռազմավարությամբ, արտաքին քաղաքականություն վարելու եւ ձեւավորելու հատուկ ներուժով ու կամքով, հայերի պաշտպանական ուժերի ձեւավորման գործընթացը շարունակելու եւ զորացնելու անկասելի վճռականությամբ:
Կրկին շնորհավորում ենք պատգամավորներին ու պաշտոնյաներին: Մաղթում ենք ամենայն բարիք:
Մենք հավատում ենք մեր ուժերին, մեր ներուժին:
Հաղթանակը մերն է լինելու:
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ
28.09.2018 թ.