Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում

Հարգելի գործընկերներ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորներ, հարգելի Նախագահ, Վարչապետ եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության պաշտոնյաներ, ողջունում եմ Ձեզ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում:

Հատկապես մեծ ուրախությամբ ողջունում եմ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններում ձեռք բերված աննախադեպ արդյունքների կապակցությամբ, որոնց մասնակցեցին 51.505 ընտրող, 47 երկրից, որոնք միասնական ցուցակով ընտրեցին 101 պատգամավոր: Ընտրությունների մասին վերջնական եւ պաշտոնական տվյալները հրապարակվեցին սեպտեմբերի 15-ին, մեր պաշտոնական կայքերում՝
www.elections-western-armenia.info,
www.parliament-wa.info,
www.gov-wa.info:

Հիշեցնեմ, որ Խորհրդարանի 1-ին գումարման ընտրություններին՝ 2013 թվականի վերջին, մասնակցել էին 17.837 ընտրող, 41 երկրից, որոնք ընտրել էին 64 պատգամավոր:

Ներկայացնենք անցած ժամանակահատվածում Խորհրդարանի կատարած աշխատանքները:

Խորհրդարանի 1-ին գումարման ընտրություններից հետո 2014 թ. հունվարից մինչեւ 2018 թ. սեպտեմբերը անցկացվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 7 նստաշրջան:

Խորհրդարանի 1-ին գումարման 1-ին նստաշրջան, կայացել է 2014 թ. հունվարի 18-20-ը, Փարիզում: Նստաշրջանը հաստատել է ընտրված պատգամավորների լիազորությունները, ընտրել Խորհրդարանի Նախագահ, տեղակալներ, քարտուղարներ, հաստատել է մշտական հանձնաժողովներ՝ թվով 13, հաստատել է նրանց աշխատանքային ծրագրերը, անդամներին, պատասխանատուներին, հաստատել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, 2014 թ. հունվարի 20-ին առաջին անգամ ընտրել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ, հաստատել է Վարչապետի թեկնածությունը եւ վերջինիս առաջարկությամբ կառավարության կազմը՝ նախարարներին:

Պատգամավորները մասնակցել են պատարագի, այցելել Կոմիտասի հուշարձանին եւ Զորավար Անդրանիկի շիրիմին:

Խորհրդարանի 1-ին գումարման 2-րդ նստաշրջան, կայացել է 2014 թ. հոկտեմբերի 17-20-ը, Երեւանում: Նստաշրջանը մեկ րոպե լռությամբ հարգել է Խորհրդարանի պատգամավոր Լյուդվիգ Պետրոսյանի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի ազատամարտիկ Վարդան Անտրեյանի հիշատակը:

Լրացուցիչ ընտրությունների միջոցով հաստատել է Խորհրդարանի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատներն ու լիազորությունները:

Հաստատել է Խորհրդարանի կողմից նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում (2014-ի հունվար-հոկտեմբեր) ընդունված օրենքներն ու որոշումները:

Հայտարարություն է ընդունել «Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարության մասին»:

Պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ եւ Եռաբլուր: Ներկա են գտնվել Խորհրդարանի Մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված՝ նախագահ Յուլիա Գյուլոյան, Բարեգործական համերգին, ցուցահանդեսին եւ նվիրատվության միջոցառմանը՝ ի աջակցություն Քեսապի մատույցներում զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին:

Պատգամավորներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Խորհրդարանի 1-ին գումարման 3-րդ նստաշրջան, կայացել է 2015 թ. դեկտեմբերի 26-28-ը, Երեւանում: Հարգանքի տուրք է մատուցվել Սինայի, Փարիզի, Բեյրութի, Մալիի ահաբեկչություների զոհերի եւ ռուսական ռազմական օդանավի օդաչուների հիշատակին, որոնք Սիրիայում պայքարում էին ահաբեկչության դեմ:

Հաստատվել են լրացուցիչ ընտրությունների միջոցով Խորհրդարանի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատներն ու լիազորությունները: Հաստատվել են 2-րդ նստաշրջանից հետո ընդունված օրենքները:

Հաստատվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի առաջին ընթերցումը:

Ընդունվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ուղերձը՝ մերձավորարեւելյան նոր իրադարձությունների եւ իրողությունների համատեքստում:

Խորհրդարանի 1-ին գումարման 4-րդ նստաշրջան, կայացել է 2016 թ. դեկտեմբերի 16-18-ը, Երեւանում: Հաստատվել են լրացուցիչ ընտրությունների միջոցով Խորհրդարանի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատներն ու լիազորությունները:

Հաստատվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի 2-րդ ընթերցումը:
Ուղերձ է ընդունվել Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ռազմավարության վերաբերյալ:

Խորհրդարանի 1-ին գումարման 5-րդ նստաշրջան, կայացել է 2017 թ. հունիսի 11-12-ը, Երեւանում:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահը հանդես է եկել զեկույցով օրակարգի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգում ստեղծված իրավիճակի եւ դրանից դուրս գալու ուղիների մասին: Նախատեսված է եղել նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի ելույթը օրակարգի հարցերի վերաբերյալ, որը սակայն չի կայացել այն պատճառով, որ նա, ինչպես նաեւ նրան համախոհ 5-7 պատգամավոր բոյկոտել են նստաշրջանը եւ նրա աշխատանքներին չեն մասնակցել, հույս ունենալով այդպիսով ստեղծել մի վիճակ, որտեղ քվորում չի ապահովվելու: Նրանց հույսերը չեն արդարացել: Քվորումն ապահովվել է: Տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգում ստեղծված իրավիճակի եւ դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ բաց, թափանցիկ ու համակողմանի քննարկում:

Նստաշրջանը որոշել է՝

-Դատապարտել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից պետական իշխանությունը յուրացնելու փորձը:
-Անվստահություն հայտնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանին Արեւմտյան Հայաստանի պետական համակարգի օրենքները խախտելու համար:
-Ելնելով վերոնշյալից՝ 2017 թ. հունիսի 11-ից, դադարեցնել Արմենակ Աբրահամյանի լիազորությունները որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ:
Քվեարկության արդյունքներն են՝ Կողմ –44, դեմ – 0, ձեռնպահ – 7: Որոշումն ընդունվել է:

Նստաշրջանը լսել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության մասին: Որպես թեկնածու առաջադրվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Ռադիկ Խամոյանը: Նստաշրջանը որոշել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ պետության գլուխ, ընտրել Ռադիկ Խամոյանին:

Քվեարկության արդյունքներն են՝ Կողմ – 44, դեմ – 0, ձեռնպահ – 7: Որոշումն ընդունվել է:

Նստաշրջանը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի առաջարկությամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնում հաստատել է Տիգրան Փաշաբեզյանին:

Քվեարկության արդյունքներն են՝ Կողմ –48, դեմ – 0, ձեռնպահ – 3: Որոշումն ընդունվել է:

Նստաշրջանը որոշում է կայացրել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ ընթերցման եւ Սահմանադրության ընդունման հետագա ընթացակարգի վերաբերյալ:

Հաստատվել են 4-րդ նստաշրջանից հետո Խորհրդարանի Նախագահության կողմից ընդունված որոշումները:

Խորհրդարանի 1-ին գումարման 6-րդ նստաշրջան, կայացել է 2017 թ. սեպտեմբերի 15-17-ը, Երեւանում: Հաստատվել են լրացուցիչ ընտրությունների միջոցով Խորհրդարանի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատներն ու լիազորությունները:

Նստաշրջանը լսել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի ելույթը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Հաստատել է Խորհրդարանի պատգամավորների մասնակցությունը 2017 թ. սեպտեմբերի 17-ից մինչեւ 20-ը, ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից Երևանում կազմակերպվող Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին:

Նստաշրջանը ընդունել է ուղերձ՝
ա) մերձավորարեւելյան իրողությունների համատեքստում,
բ) ուղերձ ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
Նստաշրջանը լսել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների եւ Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի մշտական հանձնաժողովների կողմից «Ազգային ինքնութենէն հեռացած հայերն աշխարհի տարածքին» թեմայով աշխատանքների 3-րդ փուլի մասին զեկույցը:

Խորհրդարանի 1-ին գումարման 7-րդ նստաշրջան, կայացել է 2017 թ. սեպտեմբերի 15-17-ը, Երեւանում:

Նստաշրջանը լսել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը օրակարգի՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 17.09.2017 թ. տեղի ունեցած 6-րդ նստաշրջանից հետո կատարված աշխատանքների եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:
Նստաշրջանը դրական գնահատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության կատարած աշխատանքը 6-րդ նստաշրջանից հետո հաշվետու ժամանակաշրջանում:

Նստաշրջանը հաստատել է՝

ա) 6-րդ նստաշրջանից հետո ընկած ժամանակաշրջանում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության կողմից ընդունված օրենքներն ու որոշումները,
բ) «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի մեջ կատարված փոփոխություններն ու լրացումները:
Նստաշրջանը հաստատել է՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը համաժողովրդական քննարկման ներկայացնելու, ապա Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեարկության արդյունքների համաձայն այն ընդունելու վերաբերյալ որոշումը:

Նստաշրջանը հաստատել է՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային առավել կարեւոր Պայմանագրերը, Կոնվենցիաները ու Հռչակագրերը ընդունելու, վավերացնելու եւ դրանց միանալու վերաբերյալ որոշումը:

Նստաշրջանն ի գիտություն ընդունել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ազգային-պետական քաղաքականության եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացներում իրավաչափության գործոնի պահպանման կարեւորության ու դրա նշանակության վերաբերյալ զեկույցը:

Նստաշրջանը որոշել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններն անցկացնել 2018 թվականի աշնանը:

Նստաշրջանը որոշել է ընդունել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության ներկայացրած «ԱՄՆ 28–րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճռի իրականացման վերաբերյալ, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների Նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» դիմումնագիրը:

Սույն դիմումնագիրն ուղարկվել է՝
ա) Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշին,
բ) Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդին,
գ) Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ պետություններին:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորներն ու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները մասնակցել են Երեւանում, Սարդարապատում, Ապարանում եւ Վանաձորում կազմակերպվող տոնական միջոցառումներին եւ արարողություներին նվիրված Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորներն ու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները մասնակցել են 2018 թ. մայիսի 30-ից հունիսի 2-ը Երեւանում կազմակերպվող Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին:

Այժմ Խորհրդարանի ընդունած որոշումների մասին:

Անցնող ժամանակահատվածում Խորհրդարանի կողմից մշակվել եւ ընդունվել են որոշումներ եւ օրենքներ հետեւյալ խնդիրների վերաբերյալ.

1. որոշումներ, որոնք ընդունվել են միջազգային ու միջպետական բանակցությունների արդյունքներով:
2. որոշումներ, որոնք վերաբերում են Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայերի անվտանգության ու պաշտպանության հարցերին, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի տարածաշրջանային միավորումներ կազմավորելու վերաբերյալ:
3. որոշումներ արտերկրի հայության կառույցների հետ համագործակցության ու փոխօգնության վերաբերյալ:
4. իրավական, գաղափարական, քարոզչական ոլորտներում կայացված որոշումներ ու աշխատանքներ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանություն վերաբերյալ, այդ թվում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքէջերի գործարկում եւ համագործակցություն տարբեր ԶԼՄ-ների հետ:

Այժմ միջազգային առավել կարեւոր Պայմանագրերը, Կոնվենցիաներն ու Հռչակագրերը ճանաչելու, վավերացնելու եւ դրանց միանալու մասին:

Խորհրդարանի կողմից ընդունվել են համապատասխան օրենքներ առավել կարեւոր Միջազգային Պայմանագրերը, Կոնվենցիաները, Հռչակագրերը ճանաչելու, վավերացնելու եւ դրանց միանալու վերաբերյալ:

Դրա շնորհիվ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) ճանաչել, վավերացրել եւ միացել է թվով շուրջ 40 Միջազգային Պայմանագրերի, Կոնվենցիաների, Հռչակագրերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրությանը, Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրին, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին», «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին», «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիաներին, Սեւրի խաղաղության պայմանագրին, «Գաղութացված երկրներին եւ ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին», «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» Հռչակագրերին, «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի Կոնվենցիային եւ այլ…

Այժմ շատ ամփոփ միայն վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին: Զեկույցի այս հատվածը ժամանակ խնայելու նպատակով ես չեմ ընթերցի, դա որպես ամբողջական զեկույցի մաս գրավոր կներկայացվի ձեզ եւ կհրապարակվի պաշտոնական կայքերում:

Խորհրդարանի 6-րդ նստաշրջանի (17.09.2017 թ.) անցկացումից անմիջապես հետո՝ մեկ օր անց, սկսվել է արդյունավետ եւ ակտիվ աշխատանք, այսպես՝

1. 2017 թ. սեպտեմբերի 17-ից մինչեւ 20-ը, Հայաստանի Հանրապետության Կառավարություն կողմից Երևանում կազմակերպված Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական վեհաժողովին պաշտոնապես հրավիրված են եղել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների 17 ներկայացուցիչներ, ներկայացվել են 11 զեկույցներ, որոնք ընդգրկել են համաժողովի օրակարգի բոլոր հարցերը:
2. «Սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման ծրագրի» ուղղությամբ կատարվել են աշխատանքներ ու առաջադրվել նոր ծրագրեր:
3. Ձեւավորվել է Ադրբեջանի Հանրապետությունում իրականացված Հայերի ցեղասպանության իրավական գնահատականի եւ ադրբեջանահայության իրավունքների պաշտպանության ծրագրերի վերաբերյալ Երևանյան խումբը եւ ընդունվել է հայտարարություն:
4. Հատուկ աշխատանքներ են տարվել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի եւ Ռուսաստանի Դաշնության Համայնքային կառույցների համագործակցություն իրականացնելու ուղղությամբ:
5. Մեր եւ մեր գործընկերների մշտական ուշադրության կենտրոնում են եղել Մերձավոր Արեւելքի իրադարձությունները եւ մեր հայրենակիցների անվտանգության ու իրավունքների պաշտպանության հարցերը:
6. Շարունակվում են աշխատանքները Արեւմտյան Հայաստանի հայերի քաղաքացիության շնորհման ուղղությամբ: Գործարկվել են նոր պաշտոնական կայքեր քաղաքացիության եւ ընտրություններ անցկացման համար՝
www.citizenship-western-armenia.info, www.elections-western-armenia.info:
7. Ընդունվել է որոշում Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի տարածաշրջանային միավորումներ կազմավորելու վերաբերյալ:
8. Երեւանում 20.01.2018 թ. տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անկախության դե ֆակտո ճանաչման 98-րդ տարեդարձի (19.01.1920 թ.), Սարդարապատի հերոսամարտի, Հայաստանի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի եւ Հայ ազատարար զինվորի մեծարման հանդիսավոր նիստ – միջոցառում, մասնակցությամբ ազգագրական համույթների եւ Արսեն Հակոբյանի «Քառորյա պատերազմ» վավերագրական ֆիլմի ցուցադրության:
9. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի կողմից Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել մի խումբ ազատամարտիկների:
10. Սանկտ – Պետերբուրգում՝ 21.01.2018 թ., Արեւմտյան Հայաստանի Հանրապետության եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոնում կազմակերպվել է գիտաժողով՝ նվիրված Բաքվում 13-20 հունվար 1990 թ. Ցեղասպանության գործողությունների զոհերի, Հրանտ Դինքի, Հայաստանի Հանրապետության հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակին եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անկախության դե ֆակտո ճանաչման 98-րդ տարեդարձի կապակցությամբ:
11. 2018 թ. հունվարին «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանի կողմից ձեռնարկվեցին համապատասխան քայլեր եւ ուղարկվեց դիմում Կարո Փայլանին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու հարցով:
12. Աֆրինում (Սիրիայ) Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի ռազմական գործողության վերաբերյալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը հանդես եկավ հատուկ դիրքորոշումով՝ արձագանքեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:
13. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակության Իրան ու Իրաք այցելության ժամանակ տեղի ունեցան հանդիպումներ հայ ու ասորի համայնքների ներկայացուցիչների հետ:
14. Հաստատվել են «Ազգային արմատներէն հեռացած հայերու ուսումնասիրութեան կենդրոնի» գործարկման ծրագրի լրացումները:
15. 2018 թ. մայիսի 14-ին կայացել է «Ռուս-հայկական գործընկերային հարաբերությունները» անվանումով խորհրդաժողով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների ու պատգամավորների 7 ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկայացված զեկույցները հրապարակվել են հատուկ գրքով: Խորհրդաժողովի կազմակերպիչ ու ժողովածուի հրատարակիչ Վահան Բաբախանյան:
16. Հայաստանի Հանրապետությունում արդի իրավիճակի վերաբերյալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը հայտնել է իր դիրքորոշումը, որտեղ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցները սկզբից իսկ ողջունել են հայ երիտասարդության ու պատանիների իրականացրած թավշյա հեղափոխությունը, որը, ինչպես եւ նշել ենք ապրիլի 23-ի, 28-ի եւ 30-ի պաշտոնական երեք հրապարակումներից մեկում՝ հայության համաշխարհային համախմբման եւ նոր ազգային – պետական զարթոնքի սկիզբը դրեց:

Ամփոփելով մեր խոսքը՝ հիշեցենք, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) որոշում էր կայացրել դիմել ՄԱԿ-ին՝ անդամակցության, ինչպես նաեւ ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու, իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա:

Համապատասխան դիմումնագրերը 2018 թ. մայիս ամսին ուղարկվել են ՄԱԿ:

Այդ աշխատանքները շարունակվելու են:

Հասկանալի է, որ մեկ զեկույցի մեջ հնարավոր չէ ներկայացնել Խորհրդարանի կատարած ամբողջ աշխատանքը, եթե ինչ որ աշխատանքներ բաց թողեցինք մենք խնդրում ենք պատգամավորների ներողամտությունը, չէ որ առավել կարեւորն այն է, որ մենք միասին ենք եւ շարունակում ենք միասին ընթանալ առաջ: Պատահական չէ, որ նախկին խորհրդարանից վերընտրվել են 48 պատգամավոր, ինչը նշանակում է, որ Հին գվարդիան հանձնառու է մնում իր պատասխանատվությանն ու իրավասություններին:

Այնպես որ, բոլորիս՝ եւ հին, եւ նոր պատգամավորներին, մաղթում եմ միասնություն, ամենայն բարիք ու նորանոր ձեռքբերումներ ու հաղթանակներ:

Շնորհակալություն ուշադրության համար:

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

27.09.2018 թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail