Հոկտեմբեր 03,2018 – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է ադրբեջանցի լրագրող Գուդրաթ Հասանգուլիևի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը:
Պատգամավորի խոսքով՝ Հասանգուլիևի խոսքերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանի իրական քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ կտրուկ տարբերվում այն քաղաքականությունից, որի մասին բարձրաձայնվում է: «Ադրբեջանը, ինչպես և մի քանի այլ արևելյան պետություններ, ձևացնում են և քաղաքականություն վարում: Մեծ տարբերություն կա այդ քաղաքականության և այն բանի միջև, թե ինչ են նրանք ցանկանում, որպեսզի մենք մտածենք իրենց քաղաքականության մասին:
Եվ սա դրանում համոզվելու հերթական դեպքն է: Իհարկե, խորհրդարանում կան մի քանի բաց և ոչ այնքան հնարամիտ մարդիկ, որոնք ցանկանում են իրերն անվանել իրենց անուններով: Ինձ նրանք առավել պակաս վտանգավոր են թվում, քան նրանք, ովքեր պատմում են Ռուսաստանի հետ հիանալի հարաբերությունների մասին, իսկ իրենք ցանկացած պահի պատրաստ են «գցել» մեզ:
Այդ մարդիկ խորամանկում են մեր հարաբերությունների հարցում: Նրանք ցանկացած պահի պատրաստ են մեզ վրա բարդել իրենց մեղքերը և խնդիրները»,- ասել է պատգամավորը: Նա նկատել է, որ նման իրավիճակ առաջացել է ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ ընդհանրապես, դա դարձել է «մեր արևելյան քաղաքականության առօրյան»: Մոսկվան, Զատուլինի խոսքով, ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ, ընդհակառակը, Խորհրդային Միությունը պայքարում էր Ղարաբաղյան շարժման դեմ:
«Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը փոխզիջում չի ցանկանում, ցանկանում է իրենը վերցնել սպառազինության հաշվին՝ աճեցնելով իր ռազմական բյուջեն, աճեցնելով ռազմական սպառնալիքները: Մենք դրանում կտրականապես շահագրգռված չենք: Հետևաբար իմ և գործընկերներիս ջանքերն ուղղված են նրան, որպեսզի թույլ չտանք Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսվելը:
Եվ այդ առումով մեզ հակառակորդ են դառնում Ադրբեջանի ղեկավարները և այն քաղաքական շրջանակները, որոնք չափազանց շատ են խոսում հնարավոր պատերազմի մասին: Այդ պատերազմը, ի դեպ, կարող է ավարտվել հենց Ադրբեջանի կործանմամբ:
Դա այնքան էլ կայուն երկիր չէ, որքան ցանկանում է լինել»,- ասել է Զատուլինը: Նա պարզաբանել է, որ Ադրբեջանը «մեծ գումարներ է ստանում նավթից ու գազից», բայց այդ եկամուտը ծախսում է ոչ համաչափ համամասնությամբ, և շատ մարդիկ դրանից ոչինչ էլ չեն ստանում:
Նրա կարծիքով՝ հենց այդ ներքին խնդիրներն էլ պետք է լինեն կիզակետում: Ամեն գնով ռևանշի հասնելու գաղափարը գալիս է ինքնաարդարացման անզուսպ ցանկությունից՝ ինչու անհրաժեշտ որոշումներ չեն ընդունվում, երբ հարցը վերաբերում է երկրի ներքին զարգացմանը: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
www.aravot.am/2018/10/03/985099/