Շառլ Ազնավուրի հիշատակին

Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների պալատում, 2018 թ. հոկտեմբերի 5-ին, Շառլ Ազնավուրի Հոգեհանգստի եւ Ազգային հարգանքի տուրքի արարողության ժամանակ՝ հայազգի հազարավոր դիտորդներ համացանցում մեկնաբանություններ անելիս գրում էին «Շնորհակալություն նախագահ Մակրոն, շնորհակալություն Փարիզ, շնորհակալություն Ֆրանսիա»:

Ֆրանսիայի Ազգային Գվարդիայի նվագախմբի կատարմամբ հնչեցին Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի Հանրապետության ազգային օրհներգերը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Էմանուլ Մակրոնը միասին մոտեցան Ազնավուրի ընտանիքի անդամներին, ցավակցություններ հայտնեցին նրանց եւ ապա ելույթներ ունեցան:

Նախագահ Մակրոնն իր ելույթում նշեց. «Չնայած այն ցավին, որ թողեց ցեղասպանությունը` Ազնավուրը շարունակեց իր գործողությունները եւ ձեւավորեց իր պայքարը: Ազնավուրը մշտապես երգել է Հայաստանի, հայ ժողովրդի մասին՝ ցանկանալով պաշտպանել այն մարդկանց արժանապատվությունը, որոնց փորձել են լռեցնել: Հավատարիմ մնալով իր արմատներին` նա մեզ ցույց տվեց իր ֆրանսիական հոգու մեջ օտարազգու փոքրիկ մասնիկը: Նրա շնորհիվ Հայաստանը շատ բան է տվել Ֆրանսիային: Նրա միջոցով այսօր առիթ է հիշելու, թե մենք՝ որպես ազգ որքան պարտական ենք բոլոր այն հայերին, ովքեր ստիպված լքեցին իրենց երկիրը եւ եկան ապաստան գտնելու մեզ մոտ: Սա ընդհանուր ճակատագիր է: Բոլոր երկրների հայեր, այսօր իմ մտքում դուք եք»:
Եւ որպես ընդհանրացում ելույթի. «Այլեւս Ազնավուրը մեզ չի լքի, որովհետեւ Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց. «Շառլ Ազնավուրի հրաժեշտի այս վեհաշուք արարողության ընթացքում չեմ կարող չարտահայտել այն առանձնակի հարգանքն ու երախտագիտությունը, որ մեր ժողովուրդը տածում է Ձեր երկրի նկատմամբ: Եւ ցանկանում եմ հայ ժողովրդի երախտագիտությունն արտահայտել Ֆրանսիայի պետությանը եւ բոլոր ֆրանսիացիներին՝ ցեղասպանությունից մազապուրծ մեր ժողովրդին օթեւան տալու եւ հայկական տաղանդի զարգացման բարենպաստ միջավայր ձեւավորելու համար: Ֆրանսիայի հայությունը տվել է այնպիսի անուններ, ինչպես Շառլ Ազնավուրը, Անրի Վերնոյը, Ժորժ Գարվարենցը, Գառզուն, Ժանսեմը, եւ Ֆրանսիան մեր ժողովրդի վերածննդի մի սիրելի օազիս է դարձել»:

Հիրավի, նախագահ Մակրոնը, Փարիզը եւ Ֆրանսիան հայության եւ Հայաստանի քաղաքակրթական գնահատականը տվեցին՝ օգտվելով մեծ արվեստագետ, մեծ մարդ, քաղաքակրթական մեծ նվաճում՝ Ազնավուր կյանք-սխրանք իրողությունից:

Վատիկանում՝ 2015 թ. ապրիլին 22-ին, ճիշտ այդպիսի մի գնահատական հայությանն ու Հայաստանին տվեցին Կաթոլիկ եկեղեցին ու նրա քահանայապետ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը՝ օգտվելով Հայոց Ցեղասպանության Սրբոց Նահատակաց հիշատակի 100-րդ տարելիցի իրողությունից եւ Նարեկացի կյանք-սխրանք քաղաքակրթական երեւույթից:

Ի սկզբանե, «հայկական տաղանդի զարգացման բարենպաստ միջավայրը» Հայոց բնօրրանն էր եւ է, Հայկական լեռնաշխարհը, Հայաստանը: Բայց նույնիսկ նրանից դուրս, նրան հարակից տարածքներում եւ ամբողջ աշխարհում «հայկական տաղանդը զարգացման բարենպաստ միջավայրում» մշտապես աշխատել ու ստեղծագործել է, կամ ստեղծագործել ու աշխատել, կամ կենսագործել:

Ահա թե ինչու, այդ վերջին բառը՝ «կենսագործունեություն», այնքան սովորական է դարձել մեր բառապաշարում եւ որն այստեղ, կրկին ու կրկին, բացահայտում է Մերձավոր Արեւելքի հայտնի բրիտանացի փորձագետի արտահայտած այն կեղծ միտքը, թե՝ «հայերին իրենց երկիրը պետք է ուրիշներին աշխատեցնելու համար», թե «հայերը չեն աշխատելու…»:

Նարեկացի կամ Ազնավուր կյանք-սխրանքները եզակի դրսեւորումներ չեն հայոց բազմադարյա քաղաքակրթության մեջ, դրանք համատարած են հայության մեջ եւ ազգային երեւույթներ են ու ազգային կենսակերպ:

Պարզ է, թե ովքե՞ր են շահել դրանից, շահել է Ֆրանսիան եւ մյուսները… Պարզից էլ պարզ է, թե ովքե՞ր են կորցրել եւ դեռ շարունակում են կորցնել…

Ահա թե ինչու, ազգային ու համամարդկային շահերից մեկնած, կարեւոր է կյանքի կոչել ու իրականացնել 1918-1920 թթ. հայությանը տրված իրավունքները Բնօրրան Հայրենիքի նկատմամբ: Որովհետեւ կարեւոր է եւ դա է գլխավորը, որ հայությանը վերադարձվի նրա բնական ու հիմնական իրավունքը՝ ապրելու, գոյություն ունենալու իրավունքը, ազատորեն զարգանալու իրավունքը, արժանապատիվ ապագա ունենալու իրավունքը: Քանի որ այդ իրավունքը հայությունը վաստակել է եւ եթե դա շատերի համար անմիջապես եւ ամբողջությամբ տեսանելի չէ, ապա շատ ավելի դյուրին տեսանելի է հայ ժողովրդի զավակների՝ Կոմիտասի, Զորավար Անդրանիկի, Դանիել Վարուժանի, Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Թամանյանի, Վիկտոր Համբարձումյանի, Արամ Խաչատրյանի, Պարույր Սեւակի, Շահնուր Ազնավուրյանի եւ շատ ու շատ այլ հանճարեղ հայորդիների կյանք-սխրանք, կամ սխրանք-կյանք կենսագործունեության փաստից:

Հայերն առանց աշխատելու չեն կարող ապրել, եւ առանց ստեղծագործելու չեն կարող, եւ հայոց բնական իրավունքների իրականացման ճանապարհը փորձել փակել սուտ ու կեղծ մեկնաբանություններով ու պատրվակներով… այլեւս հեռանկարային չէ:

Շնորհակալություն հայ ժողովրդին, որ կյանքի մեջ սիրում է ստեղծագործությունը՝ այնպես, որ դրանք միաձուլվում են, դառնում մեկ ամբողջություն, որպես կյանք-ստեղծագործություն, կամ ստեղծագործություն-կյանք:

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ
Շառլ Ազնավուրի հիշատակին-2
07.10.2018 թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail