Մի քանի պարզաբանումներ գրեմ ՀՅԴ֊ի մասին՝ հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները։ (Նախապես ասեմ, որ դա պահանջելու է մի 2-3 րոպե կարդալ)։
Մինչև սկսելը, սակայն, երկու նկատառում.
ա) Երբեք ՀՅԴ֊ական չեմ եղել ու դժվար թե լինեմ, բայց հակա֊ՀՅԴ֊ական էլ չեմ եղել ու դժվար թե լինեմ․
բ) Հետագա շարադրանքում երևույթները վերլուծում եմ բացառապես որպես հայ սփյուռքի մասնագետ՝ Լիբանանում, Ֆրանսիայում ու ԱՄՆ Արևելյան ու Արևմտյան շրջաններում իմ անցկացրած հետազոտությունների ու մինչ այսօր շարունակվող դիտարկումների հիման վրա։
Վերջին իրադարձություններից հետո, Հայաստանի տարբեր շրջանակներ շատ են սկսել գրել֊խոսել ՀՀԿ֊ԲՀԿ֊ՀՅԴ եռյակի մասին, հավասարապես քննադատում են երեքին էլ՝ հաճախ պիտակավորելով որպես դավաճաններ, ժողովրդի դեմ դուրս եկած քաղաքական ուժեր և այլն։ Միանգամից գրեմ, որ անարդար ու անընդունելի եմ համարում ՀՅԴ֊ի մասին որևէ ընդհանրացված կարծիք, դիրքորոշում, և այդ իմաստով՝ ՀՅԴ֊ին ՀՀԿ ու ԲՀԿ կողքին ու նույն մակարդակի վրա քննադատությունները։ ՀՅԴ ղեկավարությանը, Հայաստանյան դեմքերին, քննադատեք ինչքան կուզեք։ Իմ կարծիքով իրենցից շատերն էլ դեռ մինչև վերջ չեն հասկացել ՀՅԴ֊ի դերը, կշիռն ու նշանակությունն առհասարակ։
Բայց, ՀՅԴ նկատմամբ ընդհանրացված որևէ քննադատության անընդունելի եմ համարում,
Որովհետև.
Ի տարբերություն ՀՀԿ կամ ԲՀԿի ՀՅԴ֊ն միակ քաղաքական կառույցն է, որ ավանդական սփյուռքի բոլոր երկրներում մեծ ներկայություն ունի, և իր դուստր կամ իրեն առնչակից կազմակերպությունների հետ միասին ազդեցիկ ուժ է մի շարք երկրներում։ Եթե օրինակներ կուզեք, հարցրեք, կմանրամասնեմ։
ՀՅԴ֊ի հետ կապված և իր հովանու ներքո են գործում մի շարք բոլորիս հայտնի կազմակերպություններ՝ ՀՄԸՄ֊ն, Համազգային մշակութային միությունը, երիտասարդական կազմակերպություններ (Armenian Youth Federation, Լ.Ե.Մ. Լիբանանի Երիտասարդական Միութիւն, Zavarian Student Association Հ.Յ.Դ. Զաւարեան Ուսանողական Միութիւն, FRA Nor Seround – ՀՅԴ Նոր Սերունդ և այլն), քաղաքական կազմակերպություններ (ANCA, CDCA ANC France և այլն), բարեգործական կազմակերպություններ (Armenian Relief Society, Inc. Հայ Օգնութեան Միութիւն, Armenian Relief Cross of Lebanon / Լիբանանահայ Օգնութեան Խաչ, Croix Bleue des Arméniens de France, և այլն) մի շարք թերթեր տարբեր երկրներում, ռադիո և հեռուստաալիքներ։
ՀՅԴ֊ի գործունեության շնորհիվ հայերն ունեն կայուն ներկայություն Մերձավոր Արևելքի մի քանի երկրների խորհրդարաններում և քաղաքական կառույցներում։ ՀՅԴ֊ն ունի մի շարք դպրոցներ, որոնցից դուրս են եկել սփյուռքում շատ կարևոր գործունեություն ծավալող հարյուրավոր անձինք։ Փաստ է սա, անկախ նրանից, թե ինչպես է պատմականորեն դա հնարավոր դարձել։
Սփյուռքում մարդիկ հաճախ ՀՅԴ֊ական ծնվում են, չեն դառնում, քանի որ իրենց ծնողները ՀՅԴ֊ական են եղել, իրենց պապերը ՀՅԴ֊ական են եղել։ Շատերի կյանքը ծնված օրից անցնում է ՀՅԴ կառույցներում, ՀՅԴ֊ական շրջանակներում։ Սրանով են իրենք իրենց հայ զգում, սրանով են իրենց հայ համարում, և սրանով են հպարտանում։ (Սա ճիշտ է նաև սփյուռքի մի քանի այլ կառույցների համար, միայն ՀՅԴն չէ):
Հիմա, որևէ նմանություն կա՞ ՀՀԿ֊ի ու ԲՀԿ֊ի հետ։ Եթե հաջորդ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ֊ն ու ԲՀԿ֊ն խորհրդարան չանցնեն, ինչը հատկապես ՀՀԿ֊ի դեպքում շատ հավանական է, ապա երկուսն էլ կարող են առհասարակ դադարել գոյություն ունենալուց։ Իսկ եթե ՀՅԴ֊ն չանցնի խորհրդարան, որքան էլ որ հավանական լինի Հայաստանյան ներկայիս քաղաքական իրավիճակում, ՀՅԴ֊ն չի վերանալու ոչ Հայաստանում, ոչ էլ առավել ևս՝ սփյուռքում։
Ամփոփեմ.
Սա գրելով ամենևին չեմ արդարացնում ՀՅԴ հայաստանյան կառույցի վերջին տարիների քաղաքականությունները։ Լինելով իշխանության մաս՝ ՀՅԴ Հայաստանյան կառույցի ներկայացուցիչներն, իրենց իսկ պնդմամբ, իբրև թե պիտի օգնեին, որ ներսից մի բան փոխվեր։ Բայց վերջին հաշվով բան էլ չփոխեցին, բացի նրանից որ ՀՅԴ հայաստանյան կառույցը դարձրեցին ՀՀԿ կցորդը։ ՀՅԴ հայաստանյան կառույցին քննադատեք ինչքան կուզեք, բայց առանց անհարկի ընդհանրացումների։ Իսկ ՀՅԴ պատմական դերի ու նշանակության հարցերի, ՀՅԴ քաղաքականությունների հետ կապված պատմական խնդիրների վերլուծությունները եկեք թողենք լավ տեղեկացված համապատասխան մասնագետներին ու պատմաբաններին։
Վահէ Սահակեան