Թուրքիա-Հայաստան սահմանը հաստատվել է Կարսի 1921թ. հոկտեմբերի 13-ի պայմանագրով

13 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2018 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Հաղթական Քյազիմ Կարաբեքիր փաշան Ռուսաստանի ներկայացուցիչ Յակով Գանեցկուն ու անդրկովկասյան երեք հանրապետությունների բոլշևիկ պատվիրակներին սպասում էր Կարսի իր նստավայրում:

Արդեն գրեթե մեկ տարի քաղաքը քեմալականների ձեռքում էր: 1920թ. դեկտեմբերի 2 լույս 3-ի գիշերը Կարաբեքիրի ու Ալեքսանդր Խատիսյանի ստորագրած Ալեքսանդրապոլի դաշնագրում թեև ասվում էր, որ «Կարսի նահանգը և Սուրմալուն համարվում են վիճելի մինչև երեք տարի, որի ընթացքում հայոց կառավարությունը կարող է հայտարարել հանրաքվե` որոշելու այդ նահանգների վերջնական բախտը», սակայն ինչպես Կարսի և Սուրմալուի, այնպես էլ Նախիջևանի ճակատագիրը կանխորոշել էր 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրով:

1921թ. սեպտեմբերի 26-ին Կարս ժամանած պատվիրակության պատվին կայարանում տրվեց զորահանդես ու պատվո պահակ, որից հետո Գանեցկին, Հայաստանի արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը, ներքգործժողկոմ Պողոս Մակինցյանը, Ադրբեջանի ու Վրաստանի ներկայացուցիչների հետ այցելեցին Կարաբեքիրին:

Նույն օրը երեկոյան Կարսի նախկին նահանգապետի բնակարանում բացվում է խորհրդաժողովը: Տան առաջ բացվող հրապարակը լուսավորված էր ջահերով, զինվորական վաշտերը պատրաստ էին ողջույնի: Առաջինը խորհրդաժողովի դահլիճ էր մեկնել թուրքական պատվիրակությունը:

Բացման պատիվն ու առաջին ճառի իրավունքը տրված էր Կարաբեքիրին. «Թուրք ժողովուրդը կապիտալիստ և իմպերիալիստ պետությունների պարտադրած Սևրի պայմանագիրը չի ճանաչում: Մոսկվայում հիմքերը դրված դաշնագիրը կրկին հաստատելը նշանակում է մշտատև եղբայրություն Արևելքում»:

Ապա բացման խոսքի իրավունք է տրվում Գանեցկուն, ով հայտարարում է, թե Կարսում լուծվելու է մի կարևոր ու մեծ խնդիր. «Փառապանծ թուրք և հայ ժողովուրդները ոչ թե խոսքով, այլ գործով ցույց կտան, որ ընդմիշտ վերացած է նրանց փոխադարձ թշնամությունը: Նրանք ոչ թե թաքցրած սրերով են մոտենում միմյանց, այլ եղբայրական ջերմագին սիրո»:

Անդրկովկասյան երեք պատվիրակությունների կողմից բացման ելույթի համար ընտրվել էր Ասքանազ Մռավյանը: Դիմելով «թուրք մեծապատիվ պատվիրակներին»` Մռավյանը հավաստիացնում է, որ իրենք Կարս են եկել «ոչ թշնամական զգացումներով»: Մռավյանն ասում է. «Մենք այս խորհրդաժողովին եկել ենք ոչ որպես հաղթողներ ու հաղթվածներ: Անդրկովկասյան ժողովուրդները համոզված են, որ ներկա խորհրդաժողովը կտա մեզ թուրք ժողովրդի հետ բարեկամության և եղբայրության դաշինքի ամուր հիմքեր»:

Խորհրդաժողովի առաջին նիստի ավարտից հետո ու երեկոյան Կարսի մահմեդականներն ու զինվորականները մեծ ցույց են կազմակերպում այն բնակարանի առաջ, որտեղ իջևանել էր Գանեցկին: Ռուս ներկայացուցչի ճառից հետո մահմեդական ազգաբնակչությանը դիմում են նաև Մռավյանն ու վրացի և ադրբեջանցի ներկայացուցիչները: «Այլևս երկու հարևան ազգերի միջև արյունահեղություն չպիտի լինի: Եկել ենք բարեկամության հիմքեր հաստատելու ձեզ հետ»,- ասում է Մռավյանը: Բոլոր ճառերն ընդմիջվում էին «խանդավառ ուռաներով», իսկ նվագախումբը հնչեցնում էր Ինտերնացիոնալը: Ժողովուրդը խանդավառված կոչում էր «կեցցե հաշտությունը», «կեցցե Ռուսաստանը», «կեցցե Հայաստանը»:

Հայ ժողովրդի պատմության ամենատխուր իրադարձություններից Կարսի խորհրդաժողովն ահա այսպիսի տոնակատարության էին վերածել «համաշխարհային հեղափոխության հաղթանակի» համար մարտչնող հայ բոլշևիկները, ովքեր ամիսներ առաջ օգնել էին ռուսներին ու քեմալականներին` տապալելու Հայաստանի Հանրապետությունը: Խորհրդային Հայաստանը իր ստորագրությունն էր դնում մի փաստաթղթի տակ, որով Թուրքիային էին մնում նաև Արևելյան Հայաստանի հողերից Արդահանը, Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը:

Չնայած Կարսի խորհրդաժողովի արդյունքները կանխորոշված էին, հայ պատվիրակները Գանեցկու միջնորդությամբ փորձեցին հայ-թուրքական սահմանում որոշ փոփոխություններ կատարել հօգուտ Հայաստանի: Սեպտեմբերի 27-ին, խորհրդաժողովի երկրորդ նիստում, ռուս պատվիրակը ներկայացնում է երկու սահմանային պահանջ, որից առաջինը վերաբերում էր Անիի ավերակներին: «Անին հայերի համար ունի պատմական ու գիտական մեծ արժեք,- Կարաբեքիրին բացատրում է Գանեցկին ու ներկայացնում երկրորդ հողային պահանջը:- Կողբն իր աղի հանքերով ունի համակովկասյան նշանակություն»:

Կարաբեքիրը, սակայն, անդրդվելի էր: Նա ասում է, որ իր պատվիրակությունը որևէ իրավասություն չունի Մոսկվայի պայմանագրով գծած սահմանների մեջ փոփոխություն կատարել և դրա համար պետք է հրահանգ ստանա Անկարայից: Արևելյան ռազմաճակատի հրամանատարը սպառնում է դադարեցնել խորհրդաժողովը, որին ի պատասխան Գանեցկին առաջարկում է շարունակել աշխատանքները այլ հարցերի շուրջ, մինչև Անկարայից ստացվի համապատասխան հրահանգ:

1921թ. հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագրի 5-րդ կետով Երևանի նահանգի Նախիջևանի մարզը ինքնավար տարածքի կարգավիճակով դրվեց Ադրբեջանի «խնամակալության ներքո»: Թուրքիան Վրաստանին զիջեց Բաթում քաղաքն ու Սև ծովի աջարական հատվածը, սակայն դրա դիմաց ստացավ Սուրմալուի գավառը, Կարսի մարզն ու Արդահանի և Արդվինի շրջանները (վերջին երեքի նկատմամբ հավակնություններ ուներ նաև Վրաստանը):

1922 թ. մարտի 20-ին Խորհրդային Հայաստանի պետական բարձրագույն մարմինը` Կենտգործկոմը, հաստատում է 1921 թ. հոկտեմբերի 13-ին Թուրքիայի հետ կնքված Կարսի պայմանագիրը, որի վավերացված փաստաթղթերը փոխանակվեցին Երևանում 1922թ. սեպտեմբերի 11-ին:

Կարսի պայմանագրի ստորագրումից մեկ օր անց` 1921թ. հոկտեմբերի 14-ին, Երևան են վերադառնում ռուսաստանյան, ադրբեջանական և հայկական պատվիրակությունները և ուղևորվում ներկա լինելու Հայկոմկուսի մայրաքաղաքային կազմակերպության ընդհանուր ժողովին:

«Ժողովականները նրանց դիմավորեցին բուռն ծափահարություններով»,- գրում է բոլշևիկյան մամուլը: Հիվանդության պատճառով ներկա չէր միայն Վրաստանի պատվիրակության ղեկավարը: Գանեցկին հայ բոլշևիկներին ներկայացնում է խորհրդաժողովի արդյունքները, հաստատելով, որ «Կարսի դաշնագրով վերացվում է նաև Հայաստանի աշխատավորների թշնամի Խատիսյանի կնքած Ալեքսանդրապոլի պայմանագիրը»:

Մուստաֆա Քեմալը 1922թ. մարտի 1-ին թուրքական խորհրդարանում ունեցած ելույթում` գովաբանելով ռուս-թուրքական հարաբերությունները, հայտարարում է, որ Մոսկվայի պայմանագրի շարունակությունը Կարսի պայմանագիրն է Ռուսաստանի դաշնակիցներ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի հետ, որով հաստատվում է, որ «անհնար է կիրառել Սևրի դաշնագիրը», և «հայկական հարցը Կարսի պայմանագրում գտել է իր ամենաճիշտ լուծումը»:

Կարսի խորհրդաժողովի թերևս միակ դրական արդյունքը, որ ունեցավ հայ ժողովրդի համար, հայ գերիների վերադարձի թույլտվությունն էր: 1920թ. թուրք-հայկական պատերազմից հետո, երբ մեկը մյուսի հետևից ընկնում էին Կաղզվանը, Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլն ու բազմաթիվ այլ բնակավայրեր, հազարավոր հայեր գերի ու պատանդ ընկան ու քշվեցին դեպի Արևմտյան Հայաստանի խորքերը, որտեղ արդեն հաստատվել էին Մուսթաֆա Քեմալի ուժերը: Արդեն 1921թ. հոկտեմբերի սկզբին մոտ 400 հայեր ազատվեցին թուրքական գերությունից ու վերադարձան Ալեքսանդրապոլ:

Լուսանկարում. վագոնը, որտեղ ստորագրվել է Կարսի պայմանագիրը, լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

aniarc.am/2018/10/13/kars-treaty-tatul-hakobyan-article/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail