ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԵԼՈՒԹԻՒՆ:
Թե քանի տարի է ձեռքի տակ ընկած նյութերը մշակել, որ գիրք դառնա, Սյուզան Փոլ Փաթին դժվարանում է ասել՝ երկու, գուցե երեք, գուցե չորս կամ մի ամբողջ կյանք։ «Այո, մի ամբողջ կյանք, սա հավանաբար ամենաճիշտ պատասխանն է»,-ասում է Սյուզանը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացած շնորհանդեսի ժամանակ:
Խորը հոգոց է հանում, մոտենում է համակարգչին, որ շնորհանդեսի ընթացքում նաեւ ձեռքի տակ եղած բացառիկ լուսանկարները ցույց տա։ Ներս է մտնում Տիգրան Մանսուրյանը: Նայում է գրողին, փոխադարձ ժպտում են, հայացքն ուղղում է սենյակի կենտրոն, որտեղ սեղանի վրա օրվա ամենակարեւոր գիրքն է դրված:
Մի քանի փաստ Հայկական Լեգեոնի մասին
1916 թվականի հոկտեմբերի 27-ին Հայկական Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարը Անգլիայի եւ Ֆրանսիայի հետ համաձայնության է գալիս հայ եւ սիրիացի կամավորներից կազմված Արեւելյան Լեգեոնի (Legion d’Orient) ստեղծման մասին, որը Ֆրանսիայի հովանու ներքո պետք է կռվեր Թուրքիայի դեմ: Հայերին խոստանում են ինքնավարություն տրամադրել Կիլիկիայում:
1916 թվականի փետրվարից մինչեւ հուլիս ավելի քան 1 200 հայեր Ամերիկայում անդամագրվում են Լեգեոնին:
1917 թվականի օգոստոսին Կիպրոսում սկսվում են հայ կամավորների վարժանքները:
1918 թվականի հունիսին հայ կամավորները Պաղեստինում միանում են դաշնակցային զորքերին՝ բրիտանացի գեներալ Էդմունդ Էլենբայի հրամանատարությամբ:
1918 թվականի սեպտեմբերի 19-ին Արարայի բարձունքներում (Պաղեստին) Լեգեոնը պարտության է մատնում Մուստաֆա Քեմալի ղեկավարած գերմանական եւ թուրքական ուժերին:
1918 թվականի դեկտեմբերից մինչեւ 1919-ի նոյեմբերը բրիտանական զորքերը գրավում են Կիլիկիան: Այդ ընթացքում Կիլիկիա են վերադառնում շուրջ 120 000 հայ գաղթականներ՝ համոզված լինելով, որ գտնվում են ֆրանսիական եւ բրիտանական զորքերի պաշտպանության ներքո:
1920 թվականի մայիսի 4-ին հայերը հռչակում են Կիլիկիայի անկախությունը՝ Ֆրանսիայի մանդատի ներքո: Ի պատասխան ֆրանսիացի սպաները սկսում են զինաթափել Հայկական Լեգեոնը:
1920 թվականի սեպտեմբերի 27-ին Հայկական Լեգեոնի զինաթափումն ավարտված է: Որոշ կամավորներ մնում են Կիլիկիալում՝ հայ բնակչությանը պաշտպանելու համար:
1921 հոկտեմբերի 20-ին Ֆրանսիան ճանաչում է քեմալիստական Թուրքիան եւ համաձայնում է ավարտել իր զորքերի դուրսբերումը Կիլիկիայից: Հայերը սպանվում կամ բռնի տեղահանվում են:
Գիրքը
Կազմին գրված է The Armenian Legionnaires: Sacrifice and Betrayal in World War I՝ «Հայ Լեգեոներները․ Զոհաբերությունն ու դավաճանությունը Առաջին աշխարհամարտում»։
Գիրքը պատմում է Լեգեոնում հայ կամավորների հայտնվելու ուշագրավ պատմությունը: Մարդիկ, որոնք փրկվել էին Ցեղասպանությունից, արտագաղթել էին, վերադարձել էին մարտի դաշտ՝ դաշնակիցների հետ միասին պայքարելու: Այդպես նրանք հույս ունեին փրկել իրենց ընտանիքները, հայրենակիցներին եւ հայրենիքը:
Այդ ուժերը թեեւ փոքր էին, բայց իրենց կարեւոր դերակատարումն ունեցան:
Հեղինակը չի մոռանում նաեւ կանանց մասին: Կիպրոսում ուսանելու ժամանակներից մինչեւ Մերձավոր Արեւելքի պայքարներում, «կարմիր թելի» պես, սկզբից վերջ, ձգվում է նաեւ նրանց պատմությունը:
Սյուզան Փոթ Փաթին գրքի 259 էջերում նկարագրում է հայ լեգեոներների երազանքները, նպատակները եւ նրանց դավաճանելու դրդապատճառները:
Գրքում ականատեսների վկայություններն են, նամակները եւ եզակի լուսանկարներ, հիմնականում՝ անձնական արխիվներից:
Գիրքը վաճառվում է Ամազոնում, արժե 35 դոլար։
Գրողը
Սյուզան Փոլ Փաթին Լոնդոնի համալսարանական քոլեջի պատվավոր ավագ գիտաշխատող է եւ Լոնդոնի հայկական ինստիտուտի նախկին տնօրենն է։
Խոսում է հայերեն: Ասում է՝ «ամենակարեւոր մտքերը ձեւակերպելու համար բավական է»:
Ծնվել է Վաշինգտոնում, հիմա բնակվում է Լոնդոնում: Արմատները հայկական են՝ տատիկն ու պապիկը ծնվել են Քեսաբում, Ցեղասպանության տարիներին հայտնվել են Փենսիլվանիայում, որտեղ ծնվել է նրանց դուստրը՝ Սյուզանի մայրիկը:
Լոնդոնյան իր խոհանոցում Սյուզանը միայն հայկական ուտելիքներ է պատրաստում, ամբողջ կյանքում սովորեցնում է, գրում ու պատմում հայերի եւ հայկական սփյուռքի մասին:
Խոստումը
Հայ լեգեոներների թեմայով երբեք հատուկ չի հետաքրքրվել: Այն կարեւոր է դարձել պատահաբար, մի սովորական երեկո:
«Հիշեցի այն ամենը, ինչ լսել եմ իմ մանկության տարիներին: Գիտակցեցի, որ բախտ եմ ունեցել ճանաչելու մի սերնդի, որն անչափ կարեւոր է եղել մեր պատմության համար: Հասկացա, որ ես չափից ավելի շատ բան գիտեմ նրանց մասին: Սկսեցի գնահատել ընտանիքիս պատմական արժեքը եւ հասկացա, որ պարտավոր եմ ինքս ինձ խոստանալ, որ պատմելու եմ այն ամենը, ինչ լսել եմ նրանցից»:
Սյուզանը նախ գրել է իր հիշողությունները, հետո ստուգել փաստերը, գտել նոր պատմություններ: Այդ ամենը նախ վերածվել է հետազոտության, հետո հաստափոր գրքի:
Հայերեն տարբերակը
Գիրքը հայերեն թարգմանելու առաջարկ հեղինակը դեռ չի ստացել: Այն հայերեն դեռ չի էլ պատկերացնում, բայց այդ գաղափարը համարում է հանճարեղ:
«Ծիծաղելի է, չէ՞, գիրքը հայերի մասին է, բայց միայն անգլերեն: Հավանաբար, պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,-ասում է նա:
Խոստանում է, երբ հայերեն թարգմանվի, շնորհանդեսին անպայման ներկա է լինելու:
Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
mediamax.am/am/news/society/30557/