16 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Խօսքս վերաբերում է վերջերս` սեպտեմբերի 29-ին, Պաքւում տեղի ունեցած հանրահաւաքին, որ իշխանութիւնների թոյլտուութեամբ անցկացուել է Եասամալի քաղաքային շրջանի «Մահսուլ» կոչուող մարզա-առողջարանային համալիրի տարածքում, «Ազատութիւն Ղարաբաղին» ծայր աստիճան անհեթեթ ու յաւակնոտ կարգախօսի ներքոյ: Անհեթեթ, քանզի Ղարաբաղը, այսինքն հայոց պատմական Արցախի մի հատուածը վաղուց ի վեր ազատագրուած ու ազատ է իր բնիկ զաւակների` հայերիս յամառ ու յաղթական պայքարի շնորհիւ եւ արդէն 27 տարի է, ինչ կառուցում, ամրապնդում է իր անկախ պետականութիւնը` յանձին Արցախի Հանրապետութեան: Ուստի միանգամայն անիմաստ ու անհեռանկար է նրա վերաազատագրման գաղափարը: Յաւակնոտ, քանզի դա չափից դուրս վեր է մեր խաշնարած հարեւանների ուժերից եւ, ինչպէս մեր ժողովուրդն ապացուցել է անցեալ դարի 90-ականների սկզբին, այսուհետեւ եւս հաստատապէս դատապարտուած է ձախողման:
Ինչ որ է: Հանրահաւաքը, որին մասնակցում էր, տարբեր աղբիւրների տուեալներով, 1500-ից մինչեւ 2000 մարդ, տեւել է ընդամէնը երկու ժամ, այսինքն` այնքան, ինչքան սահմանուել է Պաքուի գործադիր իշխանութեան հետ նախնական պայմանաւորուածութեան համաձայն: Այն նախաձեռնել էր, այսպէս կոչուած, «Ղարաբաղ» կոմիտէն, որը վերջերս է ստեղծուել Պաքւում եւ իր մէջ ներառում է Ազրպէյճանի հանրային-քաղաքական դաշտի ընդդիմադիր թեւը ներկայացնող 17 կուսակցութիւն ու ոչ կառավարական կազմակերպութիւն: Չնայած այդ ընդդիմադիր կառոյցների թուի մեծութեանը, այնուամենայնիւ, հանրահաւաքի մասնակիցների ծայր աստիճան սակաւ թուաքանակն ակամայ յիշեցնում է «Լեռը մուկ ծնեց» հանրայայտ ասացուածքը: Ուստի իրաւացի՞ չեմ լինի, եթէ ասեմ` ողբամ զքեզ, ազրպէյճանական ընդդիմութիւն:
Բայց դա, ի հարկէ, մեր խնդիրը չէ: Ինչպէս ասում են` մե՛զ ինչ: Դա ազրպէյճանական ժողովրդի խնդիրն է, այդ նա պէտք է ողբայ իր հանրային կազմակերպուածութեան եւ համախմբուածութեան ցածր մակարդակի համար, որ անցած երեսուն տարուայ ընթացքում, կարելի է ասել, գրեթէ զրոյական աստիճանի է իջել, եթէ այն համեմատելու լինենք անցած դարի 80-ականների վերջերի հետ, երբ միեւնոյն Ղարաբաղի հարցի կապակցութեամբ անցկացուած հանրահաւաքների մասնակիցների թիւը փոքր քաղաքներում հազարների, իսկ Պաքւում հարիւր հազարների էր հասնում: Բայց երեւի թէ 3 էական արգելակիչ գործօն հարկ եղած խմբագրման է ենթարկել ազրպէյճանական ժողովրդի հաւաքական գիտակցութիւնը:
Առաջին գործօնը Պաքւում եւ, առհասարակ, Ազրպէյճանում հայ ազգութեան քաղաքացիների բացակայութիւնն է կամ թէ խիստ սակաւաթիւ ներկայութիւնը: Այս վերջին պարագայում նկատի ունեմ խառն ամուսնութեամբ ընտանիքներում արդէն ծերացած կամ ծերութեան շեմին հասած այն փոքրաթիւ հայ կանանց, ովքեր ժամանակին ճակատագրական սխալ են գործել` իրենց կեանքն անգիտակից ու անհեռանկար կապելով ազրպէյճանցի տղամարդկանց հետ ու յաւէտ մնալով իւրատեսակ պատանդի վիճակում: Անգամ սեփական ընտանիքներում` մայրական կաթը մոռացած եւ հայ ժողովրդի նկատմամբ ատելութեամբ ու թշնամանքով առլցուն իրենց իսկ զաւակների շրջապատում:
Որպէս միակ սփոփանք` նրանք, կարելի է պատկերացնել, երեւի թէ փառք են տալիս ամենակարող Աստծուն եւ կամ` Ալլահին (եթէ չբացառենք, որ վաղուց արդէն դաւանափոխ են եղել), որ չեն կիսել իրենց բախտակից այն հայ կանանց ճակատագիրը, ում ազրպէյճանցի զաւակները սեփական մայրերին ծեծ ու ջարդով վռնտել են տնից եւ կամ սպաննել: Ես անձամբ ճանաչում էի պաքուեցի մի հայ կնոջ, որ մեր թաղամասում էր ապրում, ում զաւակները ծեծելով են իրենց հարազատ մօրը հանել ու փողոց շպրտել:
Խեղճ կինը մի կերպ Երեւան էր հասել: Իսկ թէ յետոյ ինչ ճակատագիր ունեցաւ, ցաւօք, տեղեակ չեմ: Եւս մէկ օրինակ: Վերջերս եմ Ֆէյսպուք ընկերային կայքում կարդացել. Հայաստանի ՊՆ մամլոյ խօսնակ Արծրուն Յովհաննիսեանն իր Դիմատետրում ակնարկ էր հրապարակել խորհրդային բանակի զօրավար-հազարապետ Ալիկ Սարգսեանի մասին: Զրոյցի ժամանակ հայ զօրավարը նրան պատմել էր խորհրդային տարիներին իր մի վերադասի` Պաքւում տեղակայուած հակաօդային պաշտպանութեան (ՀՕՊ) բանակի հրամանատարի, խորհրդային շրջանի միակ ազրպէյճանցի զօրավար-գնդապետ Թոֆիկ Աղա-Հուսեյնովի հայ կնոջ հետ տեղի ունեցած դէպքի մասին:
Պարզւում է, որ Պաքուի հայութեան 1990-ի յունուարեան ջարդերի օրերին ազրպէյճանցի զօրավարի որդիներն իրենց հայուհի մօրը ցած են նետել 11-րդ յարկի բնակարանից: Կարելի է տասնեակներով թուարկել նման ողբերգական իրավիճակներ, որոնք արձանագրուել են 1988-1990թթ. Ազրպէյճանում հայ բնակչութեան նկատմամբ իրականացուած ցեղասպանութեան ժամանակ: Ինչ խօսք, այն ժամանակ ազրպէյճանական հանրութեան համախմբման համար, բացի հայազգի անմեղ համաքաղաքացիներին գիշատչաբար յօշոտելու բնազդային մղումից, առկայ էր եւս մէկ ոչ պակաս գայթակղիչ թիրախ` հայերի ունեցուածքը մինչեւ վերջին թել թալանելու մղումը:
Ահա թէ ինչու, ի տարբերութիւն ներկայ ժամանակների, աւելի քան քառորդ դար առաջ այդքան խիտ ամբոխուած էր ազրպէյճանական հանրութիւնը: Ինչպէս պատկերացնում ենք, այդ գործօնն այլեւս սպառել է իրեն: Չնայած` թէ՛ այն ժամանակ եւ թէ՛ հիմա` նշածս հանրահաւաքի ընթացքում, նոյն բղաւոցներն էին Պաքւում թրատում օդը. «Ղարաբաղը մերն է», «Ղարաբաղ կամ մահ», «Մահ հայերին»:
Երկրորդ գործօնը Լեռնային Ղարաբաղի դէմ 90-ականների սկզբներին սանձազերծած պատերազմում խորհրդային, ապա եւ անկախ Ազրպէյճանի կրած խայտառակ պարտութիւնն է` մի քանի տասնեակ հազար մարդկային կորուստներով հանդերձ: Բնազդային սարսափը, որ նման կարգի հանրահաւաքները կարող են վերստին յանգեցնել հայերի դէմ նոր պատերազմի, իսկ պատերազմում հալուայ չեն բաժանում, առաւել եւս` հայերի դէմ պատերազմում, վաղուց ի վեր սողոսկած ու աներեր հաստատուած է ազրպէյճանական հանրութեան սրտում ու գիտակցութեան մէջ: Այնտեղ քաջ գիտեն, որ ղարաբաղցին այլեւս այն անոք ու անպաշտպան հայը չէ, ում կարելի է գազազած ամբոխի ոտքերի տակ գցել, ճզմել ու անպատիժ սպաննել Պաքուի կամ Սումկայիթի եւ կամ մէկ այլ ազրպէյճանական բնակավայրի փողոցներում ու հրապարակներում եւ կամ` հէնց բնակարաններում:
Այո՛, քաջ գիտեն, որ ղարաբաղցին այլեւս այն զինաթափ, անզէն հայը չէ, ում կարելի է խորհրդային ծախու զօրքի ու խորհրդային զէնքի ուժով բռնատեղահանել հայրենի հող ու ջրից, ինչպէս դա տեղի ունեցաւ Գետաշէնում ու ենթաշրջանի մերձակայ` Կամօ եւ Ազատ գիւղերում, Հադրութի ու Շուշիի շրջաններում 91-ի գարնանը` «Օղակ» կոչուող հակահայ ու հակամարդկային ռազմագործողութեան ժամանակ, Մարաղայ գիւղի աւերման ու բնակիչների բնաջնջման ժամանակ` 92-ի դարձեալ գարնանը, Շահումեանի շրջանում եւ Մարտակերտի շրջանի մի ամբողջ հատուածում` 92-ի ամրանը:
Ի՜նչ հեշտ էր այն ժամանակ. խորհրդային զրահամեքենաները նախապէս մտնում էին Արցախի հայկական գիւղերը, որից յետոյ ազրպէյճանական միլիցիայի յատուկ նշանակութեան ջոկատներն (ՕՄՕՆ կամ հայերէն տառադարձութեամբ` ՄՀՆՋ) էին ապահով ու անվտանգ ներխուժում. սպաննիր, ում ուզես, թալանիր, ինչքան ուզես:
Յիշում են, այն էլ` ինչպէ՜ս. ղարաբաղցին, այնուամենայնիւ, վերջին մի ճիգով ուժ գտաւ իր մէջ եւ ուղղեց մէջքը, ձեռքն առաւ կենաց ու մահու մարտերում հէնց թուրքերից իսկ խլուած զէնքը` հրացան, ինքնաձիգ, հրանօթ, զրահամեքենայ ու հրասայլ եւ առիւծ կտրած գրոհեց թշնամուն` ջարդուխուրդ անելով մեծ թալանի ելած հրոսակներին ու դուրս մղելով իր պապենական հողերից:
Պաքւում` մեծից փոքր, իշխանաւոր, թէ շարքային, ինչ խօսք, լաւ են յիշում, որ 94-ի մայիսեան զինադադարը, ոչ, Արցախի չէ, հէնց Ազրպէյճանի փրկութիւնն էր վերջնական պարտութիւնից ու կործանումից: Լաւ գիտեն, որ անցած քառորդ դարում մէկ օր անգամ անհոգ պարապութեան չի մատնուել արցախահայութիւնը. իր անկախ, ինքնիշխան պետութիւնն է կառուցել, ամրապնդել եւ իր պետական բանակը ստեղծել, եւ այսօր հարիւրապատիկ, եթէ ոչ աւելի սպառազէն, պաշտպանունակ ու մարտունակ է, քան` 90-ականների սկզբներին:
Իսկ զինուած հայի դէմ կռուով գնալը, անգամ ամենաարդիական զինատեսակներով հանդերձաւորուած բանակով, հաւասարազօր է անխուսափելի պարտութեան: Այդպէս չէ՞ր արդեօք 2016-ի ապրիլին, երբ պլից-քրիկի ելած ազրպէյճանական սպառազէն բանակը մի քանի օրուայ մարտերից յետոյ, մարդկային ու նիւթատեխնիկական վիթխարի կորուստներ կրելով, ստիպուած էր խուճապահար նահանջել դէպի ելման դիրքերը:
Այդպէս էր, եւ դա լաւ են յիշում Ազրպէյճանում` քաջ գիտակցելով, որ եթէ չլինէր Մոսկուայի, այսպէս ասած, հաշտարար միջնորդութիւնը, որ հէնց Պաքուի իշխանութիւններն էին աղերսել Քրեմլինից, ապա Արցախի Պաշտպանութեան բանակի հակայարձակման անցած զօրամասերը եւս մի քանի օրուայ ոստոյնով Կուր գետի ափ էին հասել` ազրպէյճանական գերութիւնից ազատագրելով հիւսիսային Արցախն ու աջափնեայ Կուրի հայոց պատմական հողերը` դաշտային Արցախը:
Երրորդ կարեւոր արգելակիչ գործօնը, որ սահմանափակել էր ազրպէյճանական հասարակութեան մասնակցութիւնը Պաքուի ընդդիմադիր ուժերի հանրահաւաքին, հէնց բուն ազրպէյճանական իշխանութիւններն են: Պաշտօնական Պաքուն, անձամբ Իլհամ Ալիեւը սարսափում է իր ժողովրդի համախմբուելու, բռունցք կազմելու հնարաւորութիւնից: Ընդ որում` շատ աւելի, քան` հայկական բանակի հնարաւոր հակահարուածից: Անգամ նոյնիսկ այն պարագայում, երբ այդ համախմբումն առաջին պահ բխում է իր իսկ ծաւալապաշտական նկրտումներից` գրաւել Արցախը, ապա եւ Հայաստանը, անմիջականօրէն սահմանակից դառնալ իր հետ եղբայրացած Թուրքիայի հետ` յանուն Մեծ Թուրանի զառանցական գաղափարի իրականացման: Քանզի քաջ գիտակցում է, որ այդ բռունցքի հարուածն առաջին հերթին իր իսկ քթին է շեշտակի իջնելու:
Ոչ նրա համար, որ հայր ու որդի Ալիեւները, իւրաքանչիւրն իր նախագահութեան օրօք նուաստագոյնս տանուլ են տուել ու տանուլ են տալիս Ղարաբաղի դէմ մղուող պատերազմը, Հայտար հայրը` 93-94-ին, նրա Իլհամ որդին` 2016-ին: Ո՛չ, ի հարկէ: Ազրպէյճանական ժողովուրդն իր մեծամասնութեամբ վաղուց խաչ է քաշել Ղարաբաղին վերատիրանալու իշխանութիւնների եւ իր ցնորական երազանքների վրայ: Ի վերջոյ հասկանալով, որ, նախ, վաղուց անցել են իր համար երանելի այն ժամանակները` Փանահ խանից մինչեւ նոր-թուրք պոլշեւիկներ Լենին ու Ստալին, մինչեւ ու ներառեալ խորհրդային կարգերի եօթ տասնամեակը` իր խրուշչովներով, պրեժնեւներով, անտրոփովներով, չեռնենքոներով ու կորպաչովներով: Գիտակցելով, որ անհնար է արցախցուն զէնքի ուժով, թէ ինչպէս հանել իր նախնեաց օրրանից: Ոչ հեռաւոր անցեալի օրինակով պատկերացնելով, որ ստիպուած պիտի լինի դարձեալ տասնեակ հազարաւոր զոհեր տալ` վերստին մնալով կոտրած տաշտակի մօտ:
Պատահական չէ, որ զօրակոչային տարիքի ազրպէյճանական երիտասարդութիւնը հնարաւոր ու անհնարին բոլոր միջոցներով խուսափում է բանակ մեկնելուց, եւ երկրի իշխանութիւնները իւրաքանչիւր զօրակոչից առաջ, այսպէս ասած, «վհուկների որս» են կազմակերպում քաղաքներում ու գիւղերում` զինուած ուժերի նօսրացող շարքերը համալրելու եւ դէպի արցախեան դիրքերը` մսաղացի ուղարկելու համար: Ընդ որում` առաջին եւ վերջին հերթին այն երիտասարդներին, ովքեր աղքատ, չքաւոր ընտանիքների ծնունդ են, բայց ոչ երբեք նրանց, ում թիկունքում հաստափոր հայրերն ու քեռիները` բոլոր տրամաչափերի պաշտօնեաներն ու մեծահարուստներն են ամուր պատնէշի պէս կանգնած:
Յետոյ ի՞նչ, որ նախագահ Իլհամ Ալիեւի որդին` կրտսեր Հայտարը, նոյնպէս բանակ է զօրակոչուել: Բայց, արդեօք, երբեւէ նա կը մտնի՞ խոնաւ խրամատ` ինքնաձիգը ձեռքին: Հազիւ թէ: Ինչպէ՞ս հնարաւոր է, պատկերացնելն անգամ անհնարին է, որ իրեն Ազրպէյճանի սուլթանութեան տէր ու տիրական համարող Իլհամ Ալիեւի մինուճար արու զաւակը միւս զինուորների հետ միասին կը պառկի խրամատի թաց հողին` սպասելով հայկական դիրքերից արձակած պատասխան գնդակի:
Եւ ապա. ազրպէյճանական ժողովուրդն իր գերակշիռ մեծամասնութեամբ շատ վաղուց յոգնել է աղքատութեան ճիրաններում տառապելուց: Պաքւում եւ Ազրպէյճանի ցանկացած այլ բնակավայրում ո՞վ չգիտէ, թէ ո՛ւմ գրպաններն են լցւում երկրի գլխաւոր հարստութեան` նաւթի ու կազի վաճառքից գոյացող միլիառները: Եւ դա այն պարագայում, երբ հազարաւոր ազրպէյճանական ընտանիքներ զուրկ են փոքր ի շատէ յարմարաւէտ կենցաղային պայմաններից, փաստօրէն, մարդավայել ապրելու տարրական իրաւունքից: Այն պարագայում, երբ երկրում ամէնուրեք ծաղկում, փթթում են կաշառակերութիւնը, ամենաթողութիւնը, եւ շարքային քաղաքացին կեանքի բոլոր հանգամանքներում իրեն զգում է նեղ ցանցկեն սարդոստայնի մէջ, որից չկայ փրկութեան եւ ոչ մի ելք:
Ու հետզհետէ հասունանում, ահագնանում է ժողովրդական ըմբոստութիւնը, ինչից իշխանութիւնները շատ աւելի են վախենում, քան, կրկնում եմ, հայկական բանակի ուժից: Յատկանշական է, որ հէնց այդ սարսափի հրամայականով է, որ խնդրոյ առարկայ հանրահաւաքի մասնակիցներից իւրաքանչիւր ոք, անկախ իր հանրային դիրքից, ոստիկանութեան կողմից մանրակրկիտ խուզարկութեան է ենթարկուել հաւաքի վայր մտնելուց առաջ:
Պատահական չէ նաեւ, որ հանրահաւաքում երկրի գործող իշխանութիւնների հասցէին հնչած միակ քննադատական ելոյթը, որով հանդէս է եկել Ազրպէյճանի երկրորդ անփառունակ նախագահ Աբուլֆազ Էլչիպէյի զինակից, նրա օրօք ընդամէնը մէկ տարի ներքին գործերի նախարարի պաշտօնը զբաղեցրած եւ, ի դէպ, հայկական ջարդերի գլխաւոր կազմակերպիչներից մէկը` Իսկենտեր Համիտովը, շարունակ ընդհատւում էր` մերթ բարձրախօսից ելնող ու նրա ձայնը խլացնող երաժշտութեամբ, մերթ` խօսափողի անջատումներով:
Իսկ այդ մարդակերը (աւա՜ղ, ի տարբերութեան հայոց Մեծ եղեռնի արիւնարբու մի շարք կազմակերպիչների, նա եւ Ազրպէյճանում հայկական կոտորածների միւս հեղինակներն ու հրահրողներն առ այսօր էլ անպատիժ են մնում) ասել էր բառացիօրէն հետեւեալը. «Յանուն Ղարաբաղի ազատագրութեան մենք պատրաստ ենք համագործակցել նոյնիսկ սատանայի, բայց ոչ այդ կառավարութեան հետ»: Ինչին հանրահաւաքի տարբեր հատուածներից, որպէս արձագանգ, հնչում էր «Իստեֆա», այսինքն` «Հրաժարական» ամբոխային կոչը, որ վերաբերում էր, անշուշտ, բռնակալ Իլհամ Ալիեւին ու նրա վարչախմբին:
Ինչ խօսք, երեւի թէ մտավախութիւն ունենալով, որ նման կարգի ելոյթները կարող են պատճառ հանդիսանալ հանրահաւաքը պայմանաւորուած ժամկէտից շուտ դադարեցնելու համար, միջոցառման հռետորներն այլեւս խուսափեցին իշխանութիւններին դատափետելուց` իրենց ելոյթներում բաւարարուելով լուտանքներ թափելով արցախահայութեան եւ, առհասարակ, հայութեան հասցէին, հաւաքի մասնակիցների հետ միասին բացագանչելով Ղարաբաղը, ինչպէս նաեւ ամբողջ Հայաստանը, անգամ Կովկասը հայերից մաքրելու, հայ ժողովրդին աշխարհում ամէնուրեք արեան մէջ խեղդելու մասին սպառնալիքներ:
Կարելի է դատել, որ հանրահաւաքի խօսափողից կազմակերպիչները հիմնականում բարձրաձայնում էին այն ամէնը, ինչի մասին նախապէս պայմանաւորուածութիւն էր ձեռք բերուել միջոցառման անցկացման վայրի, ժամկէտի ու թեմայի շուրջ իշխանութիւնների հետ նախնական բանակցութիւնների ընթացքում: Արդիւնքում առաջանում է այն տպաւորութիւնը, թէ հանրահաւաքը կազմակերպել եւ անցկացնում են ոչ թէ քաղաքական ընդդիմութեան, այլ հէնց անմիջականօրէն գործող իշխանութիւնների ներկայացուցիչները, այնքան, որ համահունչ էին ընդդիմադիր հռետորների եւ պաշտօնական մարմինների դիրքորոշումները ղարաբաղեան եւ, առհասարակ, հայութեան հարցում:
Ի լրումն, որպէս յատկանշական զուգադիպութիւն` նշեմ, որ ազրպէյճանական ընդդիմութեան Պաքուի հակահայ հանրահաւաքը տեղի էր ունենում մի այնպիսի ժամանակ, երբ դեռ հազիւ նոր-նոր էին աւարտուել Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարների բանակցութիւնները Նիւ Եորքում` ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, իսկ Տուշանպէում` ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի վարչապետն ու Ազրպէյճանի նախագահը ոտքի վրայ ունեցած կարճատեւ դիւանագիտական զրոյյցի ընթացքում արդէն պայմանաւորուել էին սահմանագծում լարուածութիւնը նուազեցնելու եւ միջադէպերը կանխելու, խաղաղ բանակցութիւններին հաւատարիմ մնալու, ինչպէս նաեւ միմեանց միջեւ գործնական հեռախօսակապ ստեղծելու վերաբերեալ:
Հայկական կողմը, ինչպէս որ խոստացուել էր Տուշանպէի հանդիպմանը, փաստօրէն կատարել է Հայաստանի վարչապետի համարժէք հրամանը զինուած ուժերին: Իսկ ահա ազրպէյճանականը… ըստ երեւոյթին, Ազրպէյճանի նախագահը հրաձգութիւնը դադարեցնելու մասին ոչ մի հրաման էլ չի տուել իր երկրի զինուած ուժերին: Այլապէս, ազրպէյճանական կողմը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատուածում, այսինքն` նշուած պայմանաւորուածութիւններին յաջորդած օրերին, շուրջ 150 անգամ չէր խախտի հակամարտ զօրքերի շփման գծում հրադադարը` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղութեամբ արձակելով աւելի քան 1000 կրակոց:
Պաշտօնապէս արձանագրուած կրակոցների այդ շրջանում էր, որ աշխատանքային այցով Արցախում գտնուող ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը, դիմելով Արցախի ՊԲ հրամանատարութեանը, յորդորեց, վարչապետի յանձնարարութեան համաձայն, պահպանել բանակցային գործընթացում ձեռք բերուած հրադադարը: Կարծես թէ արտառոց ոչինչ չկայ այդ յորդորանքում, բայց ահա ազրպէյճանական մամուլն այն ներկայացրեց մէկ ուրիշ կտրուածքով. իբր թէ Երեւանը Ղարաբաղի անջատողականներին, այսինքն մեզ` արցախցիներիս, հրամայել է պահպանել Ազրպէյճանի հետ հրադադարը»: Արդիւնքում գլխիվայր շուռ տուած այն անհեթեթ տպաւորութիւնն է ստեղծւում, որ իբր թէ հրադադարը խախտում է ոչ այլ ոք, քան` հայկական կողմը…
Խօսքս աւարտեմ Յովհաննէս Թումանեանի «Հառաչանք» պոէմից մի տիպական հատուածով, որ ուղեղումս անընդհատ պտտւում էր այս մեկնաբանութեանը համընթաց.
Երեք թագաւոր, ասում են, իբրեւ,
Խելքս չի կտրում, որ էսպէս լինի,
Խորհուրդ են արել, որ այսուհետեւ
Իր թախտից զըրկուի, ով կռիւ անի:
Ո՞վ է իմացել էսպէս հրաշք բան:
Էլ ի՞նչ թագաւոր կամ էլ ի՞նչ իշխան,
Որ կռիւ չանի, ուրիշին չըտիրի,
Մարդ չըկոտորի, երկիր չաւերի…
Հայ մեծ բանաստեղծը կարծես հէնց մեր այս օրերի համար է մէջբերել պոէմի իմաստուն ծերունու միամիտ տարակուսանքը: Թէ՞ սխալւում եմ:
Յատուկ «Ազդակ»-ի համար
Արցախ
aztagdaily.com/archives/412353