ԱՄՆ դեսպանին ասէք, որ պատմութիւն սովորի. ՀՅԴ ԳՄ անդամ

17 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2018 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

ՀՅԴ ԳՄ անդամ, պատմաբան Արթուր Եղիազարեանը իր Ֆէյսպուքեան էջում գրում է.

«Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ի հետ զրոյցում բացառել է Արցախեան հակամարտութեան հարցի կարգաւորումն՝ առանց «գրաւեալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

Պարոն դեսպանին ասէք, որ Արցախի Հանրապետութիւնում չկան գրաւեալ տարածքներ, ժամանակին կային ազատագրուած տարածքներ, որոնք վաղուց Արցախի սահմանադրութեամբ վարչական շրջանների մէջ են և հանդիսանում են Արցախի Հանրապետութեան տարածք։ Ադրբեջանի կողմից դեռևս գրաւեալ են մնում Մարտունու շրջանի արևելեան մի որոշ տարածք, Մարտակերտի շրջանի դաշտային հատուածի մի մասը՝ 7 գիւղերով, ինչպէս նաև՝ Շահումեանի ողջ շրջանը։

Հարցազրոյցի ընթացքում դեսպանը յայտնել է, թէ հայ ժողովուրդն, ի վերջոյ, պէտք է որոշի` ո՞ր լուծմանն է ինքը պատրաստ:
Պարոն դեսպանին տեղեկացրէք, որ հայ Ազգը վաղուց որոշել է՝ Արցախում տէր կանգնելով իր իրաւունքներին, պաշտպանելով երկիրն ու ազգաբնակչութեան ֆիզիքական գոյութիւնը՝ ցեղասպան ադրբեջանցուց։

Անհրաժեշտութեան դէպքում՝ կրկին կը դիմի լուծման նոյն ուղուն։

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել եւ պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնութիւնը կտրականապէս դէմ է եղել օկուպացուած տարածքների վերադարձին` որպէս բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթէ քննարկում չկայ ընդունելի լուծման կամ հնարաւոր փոխզիջումների մասին: Իմ կառավարութեան երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանէ վերցուել էին հետագայում` «Հող՝ խաղաղութեան դիմաց» բանաձեւում օգտագործուելու համար: Իսկապէս շատ զարմացած էի յայտնաբերել, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցութիւն չունի»,- ասել է Ռիչարդ Միլսը:

Պարոն դեսպանին ասէք, որ պատմութիւն սովորի։ Որ չզարմանայ, երբ հայ մարդը դէմ է բռնագրաւուած իր պատմական հայրենիքի մի մասն ազատագրելուց (ոչ թէ գրաւելուց) յետոյ չի պատրաստւում վերականգնուած պատմական արդարութիւնից հրաժարուել։ Հաւաքածոյ բնակչութեամբ պետութիւն դարձած ԱՄՆ-ի պաշտոնեային հաւանաբար անհասանելի է հազարամեակներով իր բնօրրանում ապրող բնիկ հայ ազգի հոգեզգացողութիւնը։

Ինչ վերաբերում է ժամանակին (1991-1994թթ.) այդ տարածքներն ազատագրելուն, ռազմավարական առումով այն իրագործուեց՝ պաշտպանելու Արցախի բնակավայրերը ռմբակոծումից ու հրթիռակոծումից։ Միթէ՞ ԱՄՆ-ի անիրազեկ պաշտոնեան կարող է երաշխաւորել, որ նոյնը չի կրկնուի։

Նա նշել է, որ հասկանում է, որ 2016 թուականի ապրիլեան պատերազմն էլ աւելի է սրել հայերի ընկալումները: «Սակայն դաժան իրականութիւնն այն է, որ ցանկացած կարգաւորում պահանջելու է գրաւեալ տարածքների որոշակի մասի վերադարձ»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

ԱՄՆ-ի դեսպանին ասէք, որ եթէ հասկանում է, որ ոչնչով չի փոխուել ցեղասպան, դիակի ականջ ու գլուխ կտրող ադրբեջանցին, ինչի վկայութիւնն էր 2016-ի ապրիլը, ապա ինչու՞ է անիմաստ ու սխալ բաներ խօսում։

Այո, համամիտ եմ, որ դաժան իրականութեամբ է մի օր խնդիրը լուծուելու. Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու դէպքում՝ Հայոց Բանակն հասնելու է Ադրբեջանի մայրաքաղաքին, և նրանց կողմից կապիտուլացիան ստորագրուելուց յետոյ՝ նոր դուրս կը գայ գրաւեալ տարածքներից՝ պետական սահման դարձնելով Կուր գետը:

Այդ ոչ ցանկալի, բայց պարտադրուած պատերազմը կը կոչենք «Պատերազմ՝ յանուն վերջնական խաղաղութեան», պարոն դեսպան»։

horizonweekly.ca/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail