Հաստատվեցին Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի նորընտիր պատգամավորների լիազորությունները

Երեւանում, «Փարիզ» հյուրանոցի նիստերի դահլիճում, 2018 թ. սեպտեմբերի 27-ից 28-ը, կայացավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանը:

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ նախապատրաստական նիստ, որտեղ պատգամավորները քննարկեցին Խորհրդարանի 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի օրակարգի նախագծի, Խորհրդարանի նախագահի, տեղակալների եւ քարտուղարների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, Մշտական հանձնաժողովների ցանկի, դրանց պատասխանատուների թեկնածուների վերաբերյալ առաջարկներն ու հարցերը:

Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ նստաշրջանի բացումը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման ընտրված 101 պատգամավորներից նստաշրջանում գրանցվել էին 94 պատգամավոր, 41-ը դահլիճում եւ 53-ը ինտերնետ կապով, որը կազմում է 94 տոկոս: Քվորումն ապահովված էր:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) նախագահ Ռադիկ Խամոյան:

Նստաշրջանն ընտրեց հաշվիչ հանձնաժողով, հաստատեց նստաշրջանի օրակարգը: Ըստ կանոնակարգի, մինչեւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահի ընտրությունը, նիստը վարեց ամենատարեց պատգամավոր Ստեփան Սահակեանը:

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց Ցեղասպանության Սրբոց Նահատակաց հիշատակը, ցեղասպանության, որ տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանում, Հայկական Կիլիկիայում, Օսմանյան Կայսրությունում եւ Արեւելյան Հայաստանում՝ 1894-1923 թթ. ընթացքում եւ շարունակվում է մինչեւ այսօր, ինչպես նաեւ բոլոր ժամանակների Հայ ազատարար զինվորի հիշատակը:

Պատգամավորները լսեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգավորների ընտրության արդյունքների վերաբերյալ զեկույցը: Նստաշրջանը հաստատեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգավորների ընտրության արդյունքների վերաբերյալ, որից հետո հաստատեց Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների լիազորությունները:

Նստաշրջանը Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահ ընտրեց Արմեն Տեր-Սարգսյանին, նախագահի տեղակալներ՝ Հայկ Հարությունյանին, Տիգրան Բաբայանին, Սուրեն Քերսելյանին, Մուշեղ Հովսեփյանին:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) քարտուղարներ ընտրվեցին Դիանա Գրիգորյանը, Բիատրիսա Նազարյանը, Վալենտինա Բարաշյանը:

Ընդարձակ զեկույցով հանդես եկավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը, որտեղ մանրամասն ներկայացրեց Խորհրդարանի 1-ին գումարման ընտրություններից հետո՝ 2014 թ. հունվարից մինչեւ 2018 թ. սեպտեմբեր տեղի ունեցած Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 7 նստաշրջանների աշխատանքները, Խորհրդարանի ընդունած որոշումները, միջազգային առավել կարեւոր պայմանագրերը, կոնվենցիաներն ու հռչակագրերը ճանաչելու, վավերացնելու եւ դրանց միանալու մասին Խորհրդարանի ընդունած օրենքները, վերջին մեկ տարվա ընթացքում Խորհրդարանի կատարած աշխատանքները:

Խորհրդարանի նախագահը հիշեցրեց, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) որոշում էր կայացրել դիմել ՄԱԿ-ին՝ անդամակցության, ինչպես նաեւ ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու, իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա: Համապատասխան դիմումնագրերը 2018 թ. մայիս ամսին ուղարկվել են ՄԱԿ եւ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են:

Զեկույցի եզրափակիչ մասում Խորհրդարանի նախագահը նորընտիր պատգամավորներին մաղթեց արդյունավետ ու նպատակասլաց գործունեություն:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների վկայականների (մանդատների) հանձնման արարողությունից հետո նստաշրջանը հաստատեց Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների ցանկը.

1. Իրավական, օրենսդրական եւ պետական հարցերի մշտական հանձնաժողով:

2. Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով:

3. Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի մշտական հանձնաժողով:

4. Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների մշտական հանձնաժողով:

5. Ֆինանսական եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով:

6. Կրթության եւ գիտության հարցերի մշտական հանձնաժողով:

7. Մշակույթի հարցերի մշտական հանձնաժողով:

8. Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով:

9. Երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով:

10. Լրատվության հարցերի մշտական հանձնաժողով:

11. Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի մշտական հանձնաժողով:

12. Բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողով:

13. Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի մշտական հանձնաժողով:

14. Վետերանների եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով:

15. Ներքին կանոնակարգի եւ աշխատակարգի մշտական հանձնաժողով,

ինչպես նաեւ ընտրեց Մշտական հանձնաժողովների նախագահներ, հաստատեց Մշտական հանձնաժողովների աշխատանքային ծրագրերը:

Սեպտեմբերի 28-ի երրորդ նիստում նստաշրջանը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրեց Ռադիկ Խամոյանին:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Ռադիկ Խամոյանը հանդես եկավ քաղաքական ելույթով, որտեղ կարեւորեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցներում օրենքի ու օրինականության գերակայությունը պահպանելու ու ամրապնդելու, միջազգային հարթակներում եւ միջպետական հարաբերություններում հայության իրավունքների պաշտպանությունը իրավաչափության ամուր հիմքերից հետապնդելու եւ իրականացնելու, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման գործընթացում ընդունված ընթացակարգերով ու սկզբունքներով առաջնորդվելու, Մերձավոր Արեւելքում, տարածաշրջանում եւ ՀՀ-ում առկա իրավիճակը հայության ազգային-պետական առաջնահերթ շահերի ու անվտանգության տեսակետից վերլուծելու եւ արժեւորելու հարցերն ու խնդիրները:

Այնուհետեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Ռադիկ Խամոյանի առաջարկությամբ եւ համաձայն «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրենքի, (21 հունվար 2014 թ., լրացումներով ու փոփոխություններով ընդունված՝ 29 մայիս 2018 թ.) 44-րդ հոդվածի, նստաշրջանը վարչապետի պաշտոնում հաստատեց Տիգրան Փաշաբեզյանին:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը հանդես եկավ զեկույցով, որտեղ խոսեց Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական միասնական փաթեթի, որն այս պահին արդեն թարգմանված է 6 լեզուներով՝ հայերեն (նաեւ արեւմտահայերեն), ռուսերեն, անգլերեն, թուրքերեն եւ ֆրանսերեն, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հայեցակարգի ու ռազմավարության փաստաթղթի մասին, եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացում ու ամենօրյա աշխատանքներում այդ փաստաթղթերից մշտապես օգտվելու կարեւորության մասին:

Վարչապետը նշեց, որ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հարցերով ՄԱԿ-ին ուղղված դիմումնագրերի մասին, որից թվով երրորդը՝ բռնազավթված տարածքների վերաբերյալ, այժմ ներկայացվում է նստաշրջանի ընդունմանը:

Նստաշրջանի ընթացքում, դահլիճում եւ համացանցով, ծրագրային ելույթներով հանդես եկան 30-ից ավելի պատգամավորներ, Մշտական հանձնաժողովների նախագահներ, պաշտոնյաներ, որոնց ելույթներում հնչած առաջարկներն ու ծրագրերը ընդունվեցի նստաշրջանի կողմից:

Տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների ինքնության եւ քաղաքացիության քարտերի (անձնագրերի) հանձնման արարողություն:

Նստաշրջանը որոշեց ընդունել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կողմից ՄԱԿ-ին ուղղված թվով երրորդ դիմումնագիրը բռնազավթված տարածքների վերաբերյալ, որը ներկայացվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից եւ նախապես քննարկվել ու հաստատվել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի

(Խորհրդարանի) Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի, Իրավական, օրենսդրական եւ պետական հարցերի, Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի, Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների հանձնաժողովներում:

Նստաշրջանը հայտարարություններ ընդունեց Մերձավոր Արեւելքում, տարածաշրջանում եւ ՀՀ-ում առկա իրավիճակի վերաբերյալ, ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի (10 դեկտեմբեր 1948 թ.) 70-ամյակի կապակցությամբ, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի (9 դեկտեմբեր 1948 թ.) 70-ամյակի կապակցությամբ:

Նստաշրջանի օրերին պատգամավորներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, եղան Մայր Աթոռի թանգարան-ցուցասրահում, ինչպես նաեւ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանության Սրբոց Նահատակաց Հուշահամալիր եւ Եռաբլուրի Զինվորական Պանթեոն:

Սեպտեմբերի 27-ին պատգամավորները հանդիսավոր կերպով նշեցին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման, 1-ին նստաշրջանի բացման եւ Հայաստանի Հանրապետության անկախության վերականգման 27-րդ տարեդարձը:

Սեպտեմբերի 29-ին եւ 30-ին աշխատանքները շարունակվեցին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովներում:

Այդպիսով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքներն ավարտվեցին:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մամլո Ծառայություն

18.10.2018 թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail