Պատմական Հայրենիքի Աննկարագրելի Ուժը

19 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2018 – ԷՐԿԻՐ – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ:

ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Վերջապէս եղայ Արեւմտեան Հայաստանում, եղայ սեփականատիրոջ գիտակցութեամբ: Աննկարագրելի զօրութիւն կ՛այ մեր հողերում: Քայլում ես վստահ, ամուր զգում ես հողը ոտքերիդ տակ: Դու Հայաստանում ես, երբեմնի ծովից ծով Հայաստանում: Այստեղ ասես ամէն բան ծանօթ է, տպաւորութիւն, թէ նախկինում կրկին շրջել ես նոյն վայրերով: Ու սա կոչւում է գենետիկ յիշողութիւն:

Երեք օրում հասցրեցի տեսնել քաղաքամայր Անին, Բայազետը, Վանը, Մուշն ու Կարսը: Ու դեռ ինչքան բան չտեսայ: Իսկ դա նշանակում է. պատմական հայրենիքը տեսնել ու ապրել է պէտք՝ տեսնելու համար չտեսածը, զգալու համար չզգացածը:

Հիմա՝ համառօտ տեսածիս եւ տպաւորութիւններիս մասին:

Անցնելով չնաշխարհիկ Չըլդըր կամ Ծովակ Հիւսիոյ լճի ափերով՝ ճանապարհը տանում է դէպի Կարս: Հարկ է նշել, թէ Կարսը՝ իր հին սեւ շէնքերով, որքան նման է Գիւմրիին: Պատահական չէ, որ վերջիններս յայտնի են որպէս քոյր քաղաքներ:

Կարսում դրոշմուած են մեր պատմութեան թէ յաղթանակի ու փառքի, թէ ցաւի ու տխրութեան էջերը: Այստեղ քաղաքի վրայ իշխում է դարերի ընթացքում անգնահատելի դեր ունեցած Կարուց բերդը, որ առ այսօր տպաւորիչ է իր ազդեցիկութեամբ:

0920anjela2Հայկական ճարտարապետութեան գոհարներից է Կարսի Առաքելոց եկեղեցին: Այն կառուցուել է 930ական թուականներին, Աբաս Բագրատունու օրօք: Առաքելոց եկեղեցին 1579 թ. առաջին անգամ օսմանցիների կողմից վերածուել է մզկիթի:

Ցաւով պէտք է նշեմ, որ այստեղ տեսանք Եղիշէ Չարենցի տունը, որից միայն կիսաւէր պատերն են պահպանուել:

Կարս ժամանող զբօսաշրջիկների պարտադիր այցելութեան վայրերից է Կարսի քարէ կամուրջը կամ Վարդանի կամուրջը: Այն կառուցուել է 10րդ դարում, Կարս գետի վրայ: Կամուրջը քաղաքի հին թաղամասերը կապել է Կարսի բերդի եւ Առաքելոց եկեղեցու հետ:

Իւրաքանչիւր հայի համար առանձնայատուկ նշանակութիւն ունի պատմութեան դրոշմակիր Անին: Այն տեսնելը իւրաքանչիւր հայի երազանքն է: Անին յայտնի էր որպէս Առաջաւոր  Ասիայի  ամենահարուստ,  վաճառաշահ քաղաքներից մէկը:  Անին այն խառնարանն էր, որտեղ մշակւում եւ ձեւաւորւում էին ժամանակի մշակոյթի հիմնական արժէքները: Այս բազմազգ քաղաքն՝ իր հոյակապ  կառուցուա-ծքներով, արհեստագործական բարձր արուեստով եւ մշակոյթի բազմաթիւ յուշարձաններով մի կենտրոն էր, որը ժամանակին դէպի իրեն էր ձգում գաւառներում եւ միւս մանր թագաւորութիւններում գործող արհեստաւորներին, նկարիչներին, ճարտարապետներին:

Իր տիպիկ միջնադարեան կառուցուածքով՝ միջնաբերդով, շահաստանով, արուարձաններով եւ պաշտպանական նշանակութիւն ունեցող պարիսպներով, խանդակներով ու գետնուղիներով, Անին իր ուրոյն դերն է ունեցել Հայաստանի պատմութեան մէջ ՝ որպէս 10րդ դարի հռչակաւոր մայրաքաղաք:

Անիում մեզ անմիջապէս դիմաւորում են քաղաքը յաւերժ հսկող Անիի Սմբատեան կամ Սմբատաշէն (989թ) պարիսպները, որոնք կառուցուել են այն պատճառով, որ քաղաքի զարգացման հետեւանքով նրա սահմաններն ընդլայնուել էին եւ դուրս գալով Աշոտեան կ՛ամ Աշոտաշէն (963-64 թթ.) պարսպապատերից՝ ընդգրկել հիւսիսային սարահարթը:

Այսօր, լինելով Անիում, տեսնում ենք նաեւ բազմաթիւ կիսաւեր եկեղեցիները՝ Տիգրան Հոնենց եկեղեցին, Անիի Կուսանաց վանքը, Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցին, Անիի Մայր տաճարը ու այս շարքը կարելի է երկար շարունակել: Այս փաստով է պայմանաւորուած Անիի՝ հազար ու մի եկեղեցիների մայրաքաղաք  անունը:

Պայմանաւորուած քաղաքական, տնտեսական ու պատերազմական գործօններով՝ Անիից պահպանուել են միայն աւերակներ, որոնք, կրելով դարերի հետքը, պատկերացում են տալիս իրենց ամբողջական տեսքի եւ նշանակութեան մասին:

Այսօր արդէն այդ քաղաքը, թէկուզ աւերակների տեսքով, վկայութիւնն է միջնադարում Հայաստանի զարգացած քաղաքաշինական մշակոյթի եւ, առհասարակ, Հայաստանի բազմաչարչար ու միեւնոյն ժամանակ յագեցած պատմութեան:

Հետաքրքրական կանգառներից էր նաեւ Բայազետը: Այստեղ տպաւորիչ է Դարոյնքի կամ Բայազետի հինաւուրց բերդը, որի մասին գերմանացի ճանապարհորդ Վագները գրել է. «Յանդուգն ու հրաշակերտ մի շինուածք է, այնպիսի տեղերի վրայ հաստատուած, որ բազէներն ու անգղները հազիւ թէ կը համարձակուեն բոյն դնելու:  Իրապէս բերդը տպաւորիչ է իր տեղադրութեամբ, այն ասես հսկում է ամէնքին ու ամէնին»:

0920anjela1

Մինչեւ 14րդ դարը, Բայազետը կոչուել է Դարոյնք: 15րդ դարից արդէն օսմանեան սուլթան Բայազետ առաջինի անունով վերանուանուել է Բայազետ:

Հայ ժողովրդի պատմութեան մէջ առանձնայատուկ տեղ ունեն Վան քաղաքը, Վանայ լիճը, ինչպէս նաեւ Աղթամար կղզին, որը հայոց ազգային պատմութեան ու մշակոյթի փառքն է եղել: 10րդ դարում, Գագիկ Արծրունի թագաւորի օրօք այս նշանաւոր կղզին շէնացել, պայծառացել ու հասել է ծաղկման գագաթնակէտին, իսկ Սուրբ Խաչի տաճարն էլ դարձել է հայ ժողովրդի նիւթական մշակոյթի միջնադարեան աննման յուշարձաններից՝ իր բարձրարուեստ քանդակներով եւ յօրինուածքի կատարելութեամբ:

Այն մնում է որպէս հայ ժողովրդի պատմական անցեալի լուռ վկայ:

Անմոռանալի է Մուշը, որտեղ տեսնում ենք՝ ինչպէս է կիսաւեր Սուրբ Մարինէ եկեղեցին հսկում տարածքին եւ հայկական հետքի մնացորդներին:  Յիշողութեանդ մէջ է դաջւում Բերկրիի ջրվէժը՝ իր շքեղութեամբ, Սուլուխի կամուրջը, որը հսկում է Արեւելեան Եփրատ կամ Արածանի գետին եւ Հովուի կամուրջը, որը լուռ կիսում է Արաքսի դարաւոր ցաւը:

Այնքան շատ ու տարբեր են ապրումները, զգացողութիւններն ու հիացմունքը, որ դժուար է նկարագրել ստացած տպաւորութիւնները: Անմիջապէս վերադարձից յետոյ, կարծում էի անվերջ պէտք է խօսեմ ու պատմեմ տեսածիս մասին, բայց… Բայց որքան էլ խօսեմ՝ դա տեսնել ու զգալ է պէտք,  քանզի ոչ մի բառ չի կարող  արտայայտել պատմական հայրենիքի գեղեցկութիւնը, կարօտը, անառիկ բերդերի ուժը, Անիի աւերակներում  զգացած ցաւն ու ափսոսանքը, Անիի աննկարագրելի գեղեցիկ երկինքը, որը յաւերժ հսկում է  քաղաքին  ու դարեր ի վեր կրում վերջինիս ցաւը, Վանայ լճի ալիքների ձայնը, որ անվերջ ականջիդ է:

Մի խօսքով այն ամէնը, ինչ հասցրեցի տեսնել ու զգալ այդ երեք օրերի ընթացքում, անմոռանալի ու աննկարագրելի է: Միակ բանը, որ յստակ է. այս ամէնը դաջւում է յիշողութեանդ մէջ ու ստիպում անընդհատ մտածել վերադառնալու, ամէնը նորից տեսնելու, նորերը բացայայտելու մասին: Շնորհիւ յիշողութիւնների՝ այս զգացողութիւնը օր օրի միայն խորանում է, ու սա կոչւում է անսահմա~ն կարօտ:

 

«ԱԿՈՒՆՔ»

asbarez.com/arm/328226/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail