19 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2018 – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի
Սեպտեմբերի 19ին, տեղի է ունեցել նշանակալի իրադարձութիւն, որի մասին տեղեկատուութիւնն օրուայ եռուզեռում ասես մնացել է ստուերում: Բանն այն է, որ ֆրանսիական դատարանը թոյլ է տուել Ադրբեջանն անուանել «դաժան բռնապետութիւն»: Իսկ նախապատմութիւնը հետեւեալն է. 2015թ. Սեպտեմբերի 7ին France 2 պետական հեռուստաալիքով ցուցադրուել էր երկժամանոց ֆիլմ¬հետաքննութիւն՝ «Իմ Նախագահը Գործուղման Մէջ» խորագրով:
Հետաքննութեան հեղինակներ են լրագրողներ Էլիզ Լիւսյէն, Լորան Ռիշարը եւ ուրիշներ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմը բազմիցս անուանում են բռնապետական եւ յայտարարում այն մասին, որ «ամերիկեան Պետդեպարտամենտի դիւանագիտական նամակագրութեան մէջ» նա նկարագրւում է որպէս «Կոռլէոնէի գործելաոճով երկիրը կառավարող կնքահայր» (Ֆրենսիս Կոպոլայի «Կնքահայր» ֆիլմը պատմում է Կոռլէոնէի սիցիլիական կլանի մասին, որն իր ձեռքում կենտրոնացրել էր Նիւ Եորքի ողջ քրէական բիզնեսը- հեղ.):
Ընդամէնը երկու օր անց՝ Սեպտեմբերի 9ին, Ադրբեջանի իշխանութիւնները որոշեցին վիճարկել ֆրանսիական հեռուստատեսութեամբ հնչած «բռնապետութիւն», «բռնապետ», «բռնակալ», «աշխարհում ամենադաժան բռնապետութիւններից մէկը» խօսքերը եւ հայց են ներկայացրել ֆրանսիական դատարան՝ ընդդէմ France Televisions խմբի նախագահ Դելֆին Էռնոտի եւ լրագրողներ Էլիզ Լիւսյէի ու Լորան Ռիշարիէ նրանց մեղադրելով անուանարկութեան, այսինքն արատաւորող տեղեկութիւններ (անպայման չէ ստայօդ) հրապարակելու մէջ: Պէտք է ասել, սա աննախադէպ գործ էր, քանի որ Ֆրանսիայի պետութեան մէջ առաջին անգամ արտասահմանեան պետութիւնը դատի էր տալիս ֆրանսիական լրագրողներին:
Նախէ 2017թ., Նանտերի դատարանը, իսկ հիմա արդէնէ Վերսալի վճռաբեկ դատարանը կայացրել են դատավճիռ‘ Բաքուի հայցը վարոյթ չընդունել, հիմնաւորելով դա նրանով, որ մամուլի ազատութեան մասին 1881թ. ընդունուած օրէնքի համաձայն՝ Ֆրանսիայում «արտասահմանեան պետութիւնը չի կարող անուանարկութեան վերաբերեալ հայց ներկայացնել»: Այլ խօսքով՝ անուանարկութեան մասին խօսել չի կարելի, պարզապէս լրագրողներն իրերն անուանել են իրենց անուններով, իսկ Ադրբեջանն իր աւտորիտար քաղաքականութեամբ ինքն է արատաւորում իրեն: Լորան Ռիշարը Twitter-ի սեփական միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը չի սիրում, երբ իրեն բռնապետութիւն են անուանում, սակայն նրանք դարձեալ պարտութիւն կրեցին: Այնպէս որ, ինչպէս ասում ենք մենք‘ ֆրանսիացիներս, կատուն հէնց կատու է, Ադրբեջանը՝ բռնապետութիւն»: Էլիզ Լիւսյէն իր հերթին Twitter-ում գրել է, որ Ադրբեջանը պարտուել է, յաղթել է տեղեկատուութեան ազատութիւնը:
Ըստ էութեան, մեզ վաղուց է յայտնի, որ Ադրբեջանում Ալիեւների՝ արդէն տասնամեակներ տիրող ռեժիմը մինչեւ ուղնուծուծը բռնապետական է: Բռնապետ էր ընտանիքի հայր Հէյդար Ալիեւը, կառավարման բռնապետական ոճը նրանից ժառանգել է նաեւ որդին՝ ներկայիս նախագահը, ով զաւթել է իշխանութիւնը երկրում:
Միգուցէ մէկ այլ իրավիճակում մեր ուշադրութիւնը չկենտրոնացնէինք ֆրանսիական դատարանի դատավճռի վրայ, բայց Հայաստանում ներքաղաքական գործընթացների կապակցութեամբ Ալիեւի վերջին յայտարարութիւնները մեզ պարտադրում են դրան: Դեռեւս Սերժ Սարգսեանի նախագահութեան օրօք Ալիեւն իրեն թոյլ էր տուել Հայաստանի ղեկավարութիւնն անուանել յանցաւոր, արիւնալի խմբաւորում:
Իսկ Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, որոշակի դիւանագիտական դադար առնելով՝ կապուած իր յոյսերի հետ, որ «Հայաստանի նոր ղեկավարութիւնը կառուցողականութիւն կը ցուցաբերի», ինչի շնորհիւ «ադրբեջանական հողերը շուտով կ՛ազատագրուեն օկուպացիայից», մեղադրանքներ թափեց արդէն վարչապետ Նիկոլ Փաշինեանի վրայ, ով, հաւանաբար, չարդարացրեց իր ճաճանչափայլ յոյսերը: Այսպէս, Բաքւում ԵԱՀԿ գլխաւոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ վերջերս կայացած հանդիպմանը նա ոչ աւել ոչ պակաս յայտարարեց, թէ «Հայաստանում ի յայտ է գալիս բռնապետական նոր ռեժիմ»: Ընդ որում, իր խօսքերին ճշմարտանմանութեան տեսք հաղորդելու համար, գլխաւոր քարտուղարին կոչ է արել ուշադրութիւն դարձնել «մարդու իրաւունքների զանգուածային խախտումների» վրայ:
Համաձայնենք, բռնապետութեան, մարդու իրաւունքների զանգուածային խախտումների մէջ մեղադրանքները բաւականին լկտի ու միեւնոյն ժամանակ ծիծաղելի են հնչում մի մարդու շուրթերից, ով աշխարհում, ընդ որում արդէն երկար տարիներ, յայտնի է որպէս աւտորիտար «մենատէր-Խմբ.) ղեկավար, ով «փառք» է վաստակել մարդու իրաւունքների կոպտագոյն խախտումների, քաղաքական դաժան բռնաճնշումների, այլախոհութիւնն ու խօսքի ազատութիւնը ճնշելու ասպարէզում, ով միջազգային մասնագիտացուած կազմակերպութիւնների կողմից արժանացել է մամուլի թշնամի տիտղոսին եւ այլն:
Մի մարդուց, ով վերաձեւում է երկրի սահմանադրութիւնը՝ սեփական տիկնոջը փոխնախագահ դարձնելու համար: Եւրոպական մի շարք կառոյցներ, մասնաւորապէս՝ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Եւրոպայի խորհրդի նախարարների կոմիտէն, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը, ինչպէս նաեւ ԱՄՆ Կոնգրեսը բազմիցս խիստ քննադատութեան են ենթարկել ալիեւեան ռեժիմին՝ մարդու իրաւունքների ճչացող խախտումների, իր ներքաղաքական խնդիրների լուծման նպատակով կոռուպցիոն (զեղծարար-Խմբ.) սխեմաների օգտագործման համար:
Ասես ճակատագրի հեգնանքով, ֆրանսիական դատարանի դատավճռից բառացիօրէն մէկ օր առաջ՝ Աեպտեմբերի 18ին, Ընդդէմ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի Եւրոպայի խորհրդի կոմիտէն զեկոյցներ է հրապարակել 2004, 2012, 2013, 2015, 2016 եւ 2017 թուականներին Ադրբեջան կատարած իր 6 այցերի արդիւնքների մասին: Նշւում է, որ Ադրբեջանում տիրող իրավիճակի ընդհանուր տպաւորութիւնն այնպիսին է, որ ոստիկանութեան, իրաւապահ այլ մարմինների եւ բանակի կողմից խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքի այլ ձեւերը, ինչպէս նաեւ իրաւապահ ողջ համակարգում կոռուպցիան եւ անպատժելիութիւնը մնում են համակարգուած, լայնօրէն տարածուած երեւոյթներ: «Եկել է ժամանակը, որպէսզի Ադրբեջանի իշխանութիւնները վճռական միջոցներ ձեռնարկեն երկրում խոշտանգումներն արմատախիլ անելու համար եւ լրիւութեամբ կատարեն Կոմիտէի յանձնարարականները», ընդգծել է Ընդդէմ խոշտանգումների կոմիտէի նախագահ Նիկոլայ Գնատովսկին, յոյս յայտնելով, որ Ադրբեջանի իշխանութիւնները կը կատարեն խոշտանգումներն արգելելու իրենց յանձնառութիւնները՝ համաձայն Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիայի (համագումարի-Խմբ.):
Կարելի է չկասկածել, որ պրն. Գնատովսկու յոյսերը պատրանքային են, քանի որ Ադրբեջանն աշխարհում առաջնային դիրքեր է զբաղեցնում ոչ միայն մարդու իրաւունքների խախտումների, այլեւ իր ստանձնած միջազգային յանձնառութիւնների չկատարման մասով: Ալիեւն ունի «բռնապետ» հասկացութեան իւրովի մեկնաբանումը՝ բռնի ուժով աշխարհին թելադրել սեփական կանոնները…
asbarez.com/arm/328319/