Արաբների դիրքորոշումը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կիրառված ցեղասպանության քաղաքականության նկատմամբ

19 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2018 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ, ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ

Գայանե Չոբանյան

Թուրքագետ

Հայոց ցեղասպանության վերաբերյալ օտարերկրյա ականատեսների, գիտնականների, պատմաբանների աշխատություններն արժեքավոր աղբյուր են հանդիսանում մարդկայնության դեմ գործած ոճրագործության բազմակողմանի և անաչառ ուսումնասիրության համար: Ցեղասպանության լուսաբանմանը նվիրված գերմանացի, ամերիկացի, անգլիացի, ֆրանսիացի, ավստրիացի, ռուս, հայ հետազոտողների աշխատանքների կողքին առանձնահատուկ կարևոր տեղ են զբաղեցնում արաբ գիտնականների աշխատությունները: Վերջին 30-35 տարիների ընթացքում արաբական պատմագրության մեջ աճել է հետաքրքրությունը Հայոց ցեղասպանության, դրա դրդապատճառների, հետևանքների և այդ թեմային առնչվող հարցերի պարզաբանման նկատմամբ: Դա պայմանավորված է ինչպես պատմական-աշխարհագրական, այնպես էլ քաղաքական հանգամանքներով: Արաբները և հայերը, հանդիսանալով մերձավոր հարևան ժողովուրդներ, դարեր ի վեր ունեցել են բազմակողմանի շփումներ, նրանց միջև հաստատվել են քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային հարաբերություններ: Պատմության տարբեր ժամանակահատվածներում նրանք մաս են կազմել մեկ պետական միավորման[1]:

Պատմական տարբեր  հանգամանքների հետևանքով արաբական երկրներում հաստատված հայերը և նրանց հետագա սերունդները նշանակալի դեր են խաղացել այդ երկրների՝ մասնավորապես Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի քաղաքական, հասարակական, մշակութային կյանքում[2], ինչպես նաև մասնակցություն են ունեցել օսմանյան իշխանության դեմ արաբների ազգային-ազատագրական պայքարին[3]: Օսմանյան կայսրության կազմում գտնվելու ժամանակահատվածում արաբների և հայերի քաղաքական շահերը համընկնում էին, քանզի շուրջ չորս հարյուր տարի գտնվելով Օսմանյան կայսրության լծի տակ, արաբները՝ իրենց պատմական փորձով, տեղյակ էին ռասայական գաղափարախոսության, ոչ թուրք ժողովրդի բռնի թուրքացման, կոտորածների ու ցեղասպանության քաղաքականության հետևանքների մասին:
Հետևաբար, արաբական ժամանակակից պատմաբանները իրավացիորեն գտնում են, որ սեփական ժողովրդի պատմության խորը, բազմակողմանի և հիմնավոր ուսումնասիրության համար, անհրաժեշտ է լուսաբանել բախտակից ժողովուրդների՝ տվյալ դեպքում հայերի պատմությանն առնչվող ընդհանուր և կոնկրետ հարցեր:

Արաբ պատմաբանների անդրադարձը Հայոց ցեղասպանությանը

Արաբ հետազոտողները մեծ ներդրում ունեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և այդ հանցագործության պատասխանատվությունը իրավական դաշտ  տեղափոխելու գործում: Ֆուադ Հասան Հաֆիզը, Մրվան ալ-Մուդավարը, Սամիր Արբաշը, Սալեհ Զահր ալ-Դինը, Նաիմ ալ-Յաֆինը, Ջիհադ Սալեհը, Օսման ալ-Թուրքը և շատ ուրիշներ, գտնում են, որ այն, ինչ պատահեց հայերի հետ 1915թ., ցեղասպանություն էր, և դա առաջին ցեղասպանությունն էր XX դարում, որը թեև ամենաբարբարոս կերպով իրագործվեց հայերի նկատմամբ, սակայն դա, ինչպես ընդգծում են նրանք, հանցագործություն էր համայն մարդկության դեմ[4]: Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունն ավելի դիպուկ սահմանելու  համար լիբանանցի պատմաբան Մուսա Պրենսը շրջանառության մեջ  դրեց  «արմենոցիդ» եզրույթը: «Արմենոցիդը» ոչ միայն լեզվաբանական, այլև քաղաքական եզր է, որն ունի շատ կոնկրետ էթնոքաղաքական բովանդակություն: Դրա տակ հասկացվում է արմենների՝ հայերի՝ որպես ցեղատեսակի՝ էթնոսի ամբողջական ոչնչացում[5]:

Ոչ միայն արաբական, այլև հայկական և արտասահմանյան պատմագրության մեջ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրված առաջին աշխատություններից մեկը պատկանում է սիրիացի հեղինակ Ֆայեզ ալ-Ղոսեյնին[6]: Նրա «Ջարդերը Հայաստանում» վերտառությամբ գիրքը (արբ.` «ալ Մադհաբիհ ֆի Արմինիյա»), որը լույս է տեսել Հայոց ցեղասպանության իրագործման ընթացքում՝ 1916թ., հանդիսանում է ականատեսի վկայություններ և Հայոց ցեղասպանությունը փաստող ամենագլխավոր սկզբնաղբյուրներից մեկը։ Այն իր մեջ ամփոփում է Ֆայեզ ալ-Ղոսեյնի տեսածն ու լսածը, որոնք համալրված են հայկական կոտորածների մանրամասների վերաբերյալ աշիրեթների առաջնորդների հայտնած հավաստի տեղեկություններով:

Ալ-Ղոսեյնին հանգում է այն եզրակացության, որ 1888 թ. օսմանյան կառավարության հրամանով Վանի, Խարբերդի, Էրզրումի (Կարին-Ակունքի խմբ.), Մուշի հայերի կոտորածը՝ քրդերի ձեռքով, 1896 թ.՝ Աբդուլ Համիդի հրամանով, Կոստանդնուպոլսում 15.000 և վիլայեթներում 300.000 հայերի կոտորածը, 1909 թ. Ադանայի, Հալեպի վիլայեթների ջարդերը և ողջ կայսրության տարածքում երիտթուրքերի  կողմից իրականացված 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը կազմում են մեկ ընդհանուր կանխամտածված քաղաքականության շղթան։ Նա գրում է. «Երիտթուրքերը արժևորեցին Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունը՝ երկու միլիոն հայի ոչնչացումը ավարտին հասցնելու համար։

Նրանց (հայերի-Գ.Չ.) երկու երրորդը՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ… աքսորի ենթարկվեցին երկրի հարավային շրջաններ։ Այս մարդկանց կեսը մահացավ կամ հյուծվածությունից կամ սպանվեց ուղեկցող ժանդարմների, ավազակախմբերի և քրդերի կողմից։ Ողջ մնացած կեսն էլ՝ հասնելով նպատակակետին, մահացավ սովից, հիվանդությունից կամ վատ վերաբերմունքից… Որոշ մասը, ընդունելով իսլամ, փրկվեց (աղջիկների և կանանց համար դա նշանակում էր մտնել մուսուլմանների հարեմներ), մոտավորապես 200 հազար մարդ էլ կարողացավ փախչել Ռուսաստան և Եգիպտոս…

Երիտթուրքերը հայերի ոչնչացումից հետո արաբների համար էլ ծրագրավորել էին նույն ճակատագիրը և 1916 թ.-ից սկսեցին գործարկել այն, սակայն արաբները կարողացան հարավային վիլայեթներում պաշտպանել իրենց… Մի օսմանցի ժանդարմ երիտթուրքերի ողջ քաղաքականությունը Կարմիր խաչի դանիացի բուժքրոջը այսպես է կարճ ձևակերպել. «Նախ հայերին ենք սպանելու, հետո՝ հույներին, հետո էլ՝ քրդերին»»[7]։

Արաբ պատմաբանների աշխատությունները, որոնք ներառում են ականատեսների վկայություններ, գաղտնի հեռագրեր, հրահանգներ՝ հայերին ոչնչացնելու վերաբերյալ, հաստատում են, որ հայերի նկատմամբ կիրառվել է նախօրոք հանգամանորեն ծարագրավորված ոչնչացման քաղաքականություն՝ սկսած Աբդուլ Համիդ II-ից մինչև քեմալականների կառավարման ժամանակաշրջանը ներառյալ:

Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կիրառված տեղահանության, աքսորի և նրանց ոչնչացման գործողությունների կանխամտածված լինելու փաստը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ Ռաֆայել Լեմկինի կողմից սահմանված «ցեղասպանություն» եզրույթի կարևորագույն բնորոշիչներից մեկը դիտավորությունն է՝ ոչնչացնելու որևիցե ռասայական, ազգային կամ կրոնական խումբ: Դրանով իրավագիտական տեսանկյունից հնարավորություն է ստեղծվում տարբերազատել կոտորածը ցեղասպանությունից[8]:

Մուսա Պրենսը 1894-1896 թթ. հայկական ջարդերը համարում է ցեղասպանություն՝ «արմենոցիդի» քաղաքականության սկիզբը, իսկ անդրադառնալով 1909թ. Ադանայի կոտորածներին՝ նա նշում է, որ «հին» և «նոր» բարբարոսական ռեժիմների միջև առաջին զոհը եղան Կիլիկիայի հայերը[9]:

Աշխարհի սուննի մուսուլմանների  կարևորագույն կենտրոն համարվող ալ-Ազհարի շեյխ Սալիմ ալ-Բիշրին, արձագանքելով Կիլիկիայի կոտորածներին, 1909թ. հրապարակած իր ուղերձում խստագույնս դատապարտել է կոտորածների պատասխանատուներին և այն կրոնական գործիչներին, ովքեր հրահրել կամ աջակցել են դրանց:

Սիրիացի պատմաբան Մրվան ալ-Մուդավարը նշում է, որ համիդյան բռնությունների և ջարդերի ներքին քաղաքականությունը «տարածվում էր կայսրության բոլոր ժողովուրդների՝ մասնավորապես, արաբական, բալկանյան ժողովուրդների և հայերի վրա»[10]:

Աբդուլ Համիդը իր քաղաքականության անկյունաքարը դարձրեց սադրազամ Քյուչուք Սաիդի կողմից ձևակերպված տեսակետը՝ Հայկական հարցը լուծել հայերին ֆիզիկապես վերացնելու ճանապարհով[11]:

Դեռևս 1879 թ. մեծ վեզիր Քյամիլ փաշան սուլթանին ուղղված նամակում առաջարկում է վերացնել այն բոլոր տարրերը, որոնք մի օր կարող են վտանգ ծնել և օտարի միջամտության առիթ ու գործիք դառնալ, «…Ուրեմն այդ հայ ազգը վերացնենք, անհետացնենք ու անսերունդ թողնենք։ Եվ դա գլուխ բերելու համար մեզ ոչինչ չի պակասում։ Բոլոր գործիքները պատրաստ ունենք՝ քուրդ, չերքեզ, կուսակալ, դատավոր, հարկահան, ոստիկան, վերջապես՝ ամեն ինչ։ Կրոնական պատերազմ կհայտարարենք ու դյուրին տապերազմ մի ազգի դեմ, որը ոչ զենք ունի, ոչ զինվորություն և ոչ պաշտպան…»[12]:

Սակայն այդ ծրագիրը հնարավորություն ստացավ իրագործելու արդեն երիտթուրքական կառավարությունը: Առաջին համաշխարհային պատերազմը հարմար առիթ ստեղծեց «Արևելյան հարցի» վերջնական լուծման համար: Ամին Սաիդը իր «Արաբների ապստամբությունները XX դարում» աշխատության մեջ նշում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տարած առաջին հաղթանակները Ստամբուլի կառավարության ղեկավարների մոտ գլխապտույտ առաջացրեցին, որոնք պանթյուրքականության մեծ ջատագովներն էին:

Նրանք որոշեցին, որ եկել է հարմար պահը վերջ տալու երկու ուժեղ ազգային շարժումների՝ արաբ ազգայնականների շարժմանը Սիրիայում, Իրաքում և Հիջազում ու հայկական շարժմանը՝ Արևելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստանում-Ակունքի խմբ.)[13]:

Արաբ պատմաբանները, ընդհանուր առմամբ, Հայկական հարցին նվիրված իրենց աշխատություններում շեշտում են արաբների ու հայերի փոխկապակցված պատմական ուղին, ընդհանուր շահերը և նրանց նկատմամբ  Օսմանյան կայսրության որդեգրած միևնույն քաղաքականությունը՝ «թուրանականության քաղաքականությունը հայերի նկատմամբ և թուրքացման քաղաքականությունը արաբների նկատմամբ»[14]:

Արաբ պատմաբան Սալեհ Զահր ադ Դինն այդ կապակցությամբ գրում է. «Հայերն ու արաբները նույն դատի, նույն տառապանքի, նույն ճակատագրի զավակներն են: Զարմանալի թող չթվա, որ նրանք եղբայրություն ու միասնություն հաստատեցին այն ժամանակ, երբ նրանց սպառնում էր միևնույն թշնամին ու միևնույն դժբախտությունը»[15]։

Թուրքացումը, ասիմիլացիան, էթնիկական առումով «մաքուր» թուրքական պետություն ստեղծելը կազմում էին կայսրության  ներքին քաղաքականության հիմքերը, իսկ պանթյուրքականությունը (թուրքերի գլխավորությամբ թյուրքալեզու ժողովուրդների միավորումը մեկ պետության մեջ)` արտաքին քաղաքականության: Ըստ էության, երիտթուրքերի ազգայնամոլական գաղափարախոսության վերջնական նպատակն էր ստեղծել Մեծ Թուրան, որն ընդգրկելու է րԲոսֆորից մինչև Չինաստան և Սառուցյալ օվկիանոսը նկածտարածքները:

Սակայն, ինչպես նշում են արաբ հեղինակները, «երիտթուրքերի ղեկավարները գտնում էին, որ հայերի գոյությունը խանգարում է այդ ծրագրի իրագործմանը: Իթթիհադ վե Թերաքքի կուսակցության անդամ Ալի Իհսան փաշան այդ կապակցությամբ ասել է. «Եթե հայերը չլինեին, վաղուց Կովկասը գրաված կլինեինք»[16]:

Կայսրության կողմից տարբեր ժամանակաշրջաններում որդեգրած օսմանականության, պանիսլամականության, պանթյուրքականության գաղափարախոսությունները, թեև տեսականորեն տարբերվում էին միմյանցից, սակայն գործնականում ուղղված էին զարգացման ավելի բարձր մակարդակի վրա գտնվող ազգերի՝ հայերի, հույների, արաբների չեզոքացմանը: Լիբանանցի պատմաբան Սալեհ Զահր ադ-Դինը ամբողջովին հերքում է թուրքերի ավելի զարգացած ու բարձր լինելու տեսակետը. «Արաբները և հայերն ունեն լեզու, պատմություն և քաղաքակրթություն, իսկ թուրքերը չունեն ոչ լեզու, ոչ պատմություն և ոչ էլ քաղաքակրթություն, արաբները և հայերը ունեն ազգություն, իսկ թուրքերը չունեն ազգություն, արաբները և հայերը ունեն տարածք, իսկ թուրքերը՝ ոչ»:

«Օսմանյան կառավարությունը չկարողացավ ձուլել հայ և արաբ ժողովուրդներին քաղաքակիրթ միջոցներով և մշակութային քաղաքականությամբ, քանզի թուրքերը քաղաքակրթությունից զուրկ են: Իսկ արաբները և հայերն ունեցել են հարուստ մշակույթ, պետականություն և բարձր քաղաքակրթություն, այդ իսկ պատճառով թուրքերն ուզում էին առաջին հերթին թուրքացնել և ձուլել իրենցից ավելի բարձր մակարդակի վրա գտնվող ժողովուրդներին՝ հայերին, արաբներին, հույներին և այլն»[17]:

Արաբ հեղինակներն իրավացիորեն պնդում են, որ ժամանակին մեծ քաղաքակրթություն ստեղծած արաբ ժողովրդին կործանեցին թուրքերը, իրենց սոցիալ-տնտեսական և մտավոր հետամնացության պատճառը օսմանյան տիրապետությունն էր: Արաբները, որոնք թվաքանակով գերազանցում էին կայսրության մյուս ազգերին՝ անգամ թուրքերին, նույնպես խոչընդոտ էին պանթուրքիզմի ծրագրի իրագործման ճանապարհին, և արաբ պատմաբանները, հենվելով անհերքելի փաստերի վրա, համարում են, որ երիտթուրքերը ծրագրել էին ոչ միայն հայերի, այլև արաբների ցեղասպանությունը: Նրանց հաջողվեց իրենց ծրագիրն ամբողջովին իրագործել հայերի նկատմամբ, իսկ արաբների հանդեպ՝ մասամբ: Գլխատվեցին արաբների ազգային-ազատագրական շարժման ղեկավարները և մտավորականությունը: Երիտթուրքերի եռապետության անդամ, Սիրիայում տեղակայված թուրքական չորրորդ բանակի հրամանատար Ջեմալ փաշայի հրամանով Դամասկոսում, Բեյրութում և Ալեյում 1915-1916 թթ. կախաղան բարձրացվեցին արաբների ազատագրական պայքարի և լուսավորչության առաջնորդները՝ ավելի քան 30 հոգի[18]։

Հազարավոր արաբական ընտանիքներ բռնագաղթվեցին իրենց հարազատ բնակավայրերից, որոնց մեծամասնությունը զոհ գնաց քաղցին և սովին:

Արաբների նկատմամբ կիրառված նույն ցեղասպանական գործողությունները փաստում են, որ հայերի կոտորածները ոչ թե ունեին կրոնական նախադրյալներ, ինչպես հաճախ ներկայացվում է՝ քրիստոնյաների դեմ մուսուլմանների պայքար, այլ՝ ազգայնական-քաղաքական: Ֆայեզ ալ-Ղոսեյնը նշում է, որ հայերի կրած բոլոր տանջանքները իրագործվել են Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից` ելնելով իրենց ազգայնական ֆանատիզմից և հայերի նկատմամբ նախանձից, իսկ իսլամական հավատը անմեղ է նրանց արարքների մեջ[19]։

«Երբ երիտթուրքերը եկան իշխանության, նրանք տեսան, որ միայն բռնատիրությամբ կարելի է պահպանել թուրքերի միազգյա իշխանությունը Օսմանյան կայսրությունում, իսկ հայերը միակ ազգն են, որ կընդդիմանան այդ բռնապետությանը, քանզի նախկինում պայքարել են Աբդուլ-Համիդի դեմ։ Ոչնչացումը թվում էր միակ փրկությունը, և նրանք գտան իրենց հնարավորությունը պատերազմական ժամանակահատվածում և իրականացրեցին այս վայրագությունները՝ դաժանության բոլոր հնարավոր դրսևորումներով՝ արարք, ինչը հակասում է իսլամական օրենքին»[20]։

Ուսման աթ-Թուրքը գրում է. «Երիտթուրքերի թուրքացման քաղաքականությունը չափ ու սահման չուներ և այն տարածվում էր նույնիսկ ոչ թուրք մուսուլման ժողովուրդների՝ արաբների, պարսիկների, եգիպտացիների, հնդիկների վրա, որոնց նրանք չէին վերաբերվում որպես հավասարների»[21]:

Իսլամական գործոնը օգտագործվեց որպես քաղաքական գործիք՝ հրահրելով մուսուլման բնակչությանը քրիստոնյա ազգային փոքրամասնությունների դեմ՝ իրագործելու դաժան բռնություններ և սպանություններ: Դրա վառ ապացույցն այն է, որ թեև երիտթուրքերի իշխանութունը որդեգրեց ոչ թե պանիսլամականության գաղափարախոսությունը, այլ` շեշտը դրեց ազգային միասնության՝ պանթյուրքականության վրա, այնուամենայնիվ, 1914թ. նոյեմբերին Օսմանյան կայսրության շեյխ-ուլ-իսլամը և սուլթանը ջիհադի՝ քրիստոնյաների դեմ սրբազան պատերազմի կոչ արեցին կայսրության մուսուլման բնակչությանը՝ թուրքերին, քրդերին, չերքեզներին ինչպես նաև արաբներին:

Ջիհադը ուներ ներքին և արտաքին ուղղվածություն: Արտաքին ուղղվածությունը՝ երկրից դուրս բնակվող բազմաքանակ մուսուլման բնակչության շրջանում ապստամբություն հրահրելն ու Անտանտի երկրների դեմ օգտագործելն էր, ներքին ուղղվածությունը՝ կայսրության ներսում մուսուլման բնակչության հակաքրիստոնեական զգացումները սրելով՝ պանթյուրքականության ճանապարհին կանգնած քրիստոնյա բնակչությանը ոչնչացումը:

Արտաքին դաշտում չհաջողվեց հասնել լուրջ հաջողությունների, իսկ ներքին դաշտում այն ունեցավ իր արդյունքները: Չնայած մուսուլման արաբ բնակչության մեծամասնությունը չենթարկվեց քրիստոնյա հպատակներին ոչնչացնելու հրամանին, սակայն թուրքերը, քրդերը և չերքեզները եղան այդ անմարդկային ծրագրի իրականացնողները:

Ցեղասպանության ընթացքում արաբների դիրքորոշումը հայերի նկատմամբ

XIX դարի երկրորդ կեսին-XX դարի սկզբին արաբական, ինչպես նաև հայկական ազգային քաղաքական միտքը հանգեց այն եզրակացության, որ օսմանյան բռնատիրական լծից ազատվելու և ազգային գոյության, ինքնության պահպանման համար պայքարում անհրաժեշտ է միավորել արաբների, հայերի ինչպես նաև կայսրության մյուս ոչ թուրք ժողովուրդների ջանքերը, քանզի նրանք ունեն միևնույն համազգային խնդիրը:

XX-դարում քաղաքական ասպարեզ իջած զանազան արաբական կազմակերպություններից առավել արմատական դիրքորոշում ուներ «Արաբական հայրենիքի Լիգան» և նրա ղեկավար Նաջիբ Ազուրին:  Հատկանշական է ՝ «Արաբական հայրենիքի Լիգայի» գլխավոր կոմիտեի կողմից 1905 թ. հրապարակած «Արաբական երկրների արաբներին» կոչը, որտեղ ասվում էր. «Թուրքիայից մեր անջատման շնորհիվ ճնշված բոլոր ազգերը՝ քրդերը, հայերը, ալբանացիները և այլն, պետք է ձեռք բերեն իրենց ազատությունը, քանի որ արաբների միջոցով է, որ սանձահարում են ալբանացիներին և ալբանացիների ձեռքով է, որ ճզմում են բուլղարներին։ Դարձյալ արաբների ձեռքով է, որ ճնշում են քրդերին և քրդերի ձեռքով է, որ ջարդում են հայերին։

Հետևաբար, հենց որ մենք լքենք սուլթանին ամեն մի ազգ պետք է իր անկախությունը հռչակի, և պետք է փրկվի երկպառակտության այն աղբյուրից, որ արևելյան հարց է կոչվում»: Նաջիբ Ազուրին հայ ազգային գործիչ Մինաս Չերազին 1905թ. ապրիլի 15-ի նամակում, բարձր գնահատելով հայերի վճռականությունը ամբողջ ուժով օժանդակելու արաբներին թուրքական պետության դեմ, նշում է. «Մյուս ազգություններից առաջ հայերը մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ գիտակցում են մեր ընդհանուր շահերը»[22]:

Ազուրին համարում է, որ հայերի ազատագրական պայքարի ազդեցությունը Օսմանյան կայսրության մյուս ժողովուրդների վրա, նրա արժանիքն է. «Հայ հերոսների արյունով թրջված հողից վեր են հառել երկու հսկաներ՝ քրդերի հայրենիքը  և արաբների հայրենիքը, որոնք հիմա բարձրացնում են իրենց ծանր մահակները՝ իջեցնելու համար բռնակալի գլխին: Հետևաբար պետք է ճանաչենք և հասկանանք միմյանց և միանանք՝ հարձակվելու համար ընդհանուր թշնամու դեմ…

հայերն արդեն միացել են մեզ»: 1913 թ. կայացած Արաբական առաջին կոնգրեսում, կոնգրեսի նախագահ Աբդ ալ Համիդ ալ-Զահրավին, ով միշտ հանդես է եկել հայերի իրավունքների պաշտպանության օգտին, հայերի և արաբների ընդհանուր շահերին անդրադառնալով՝ նշել է, որ «Մեր հայ եղբայրների դրությունը նման է մեր դրությանը: Նրանք այնպիսի մարդիկ են, ինչպես մենք, նրանք մտածում են այնպես, ինչպես մենք ենք մտածում, նրանք պահանջում են այն, ինչ մենք ենք պահանջում: Եվ մենք հաջողություն ենք ցանկանում ինչպես մեզ, այնպես էլ նրանց: Մենք միասնական ենք Օսմանյան կայսրության ապակենտրոնացման պահանջում»[23]:

Այսպիսով, Հայկական հարցի լուծումը Արաբական հայրենիքի լիգան և նրան համակիր ուժերը տեսնում էին Օսմանյան կայսրության բոլոր ոչ թուրք ժողովուրդների համատեղ պայքարի, կայսրության փլուզման և նրա մեջ մտնող ազգերի անկախության հռչակման մեջ[24]:

Բավական աշխատանքներ են տարվել նաև թուրքերի դեմ պայքարի համար հրեա-արաբա-հայկական միություն ստեղծելու ուղղությամբ, քանի որ հրեաներն էլ համոզված էին, որ Օսմանյան կայսրության ձուլման և այլ ազգերին ոչնչացման քաղաքականությունը հայերից հետո առաջին հերթին սպառնում էր արաբներին և հրեաներին: Սակայն այդ եռյակ միության ձևավորման փորձերը ձախողվեցին արաբների և հրեաների միջև գոյություն ունեցող քաղաքական լուրջ տարաձայնությունների պատճառով[25]:

Պատմա-քաղաքական տարբեր իրադրությունների հետևանքով հայերը չկարողացան խուսափել վերջնական ոչնչացման ծրագրից: Արաբ ժողովուրդը դարձավ Հայոց ցեղասպանության անմիջական ականատեսը և այդ ողբերգական դեպքերը դրոշմված են նրանց պատմական հիշողության մեջ: Երիտթուրքերի հանգամանորեն մշակված ծրագրի համաձայն, հայերի մի մասին կոտորելու էին իրենց բնակավայրերում, մյուս մասն էլ, բռնի տեղահանվելով արաբական անապատներ, սովից ու անտանելի պայմաններից մահանալու էր գաղթի ճանապարհին կամ ենթարկվելու էր քրդական ավազակային խմբավորումների, մուսուլման բեդվինների հարձակումներին ու խոշտանգումներին:

Դեյր ազ-Զորի, Ռաս ուլ-Այնի, Մեսքենեի, Հալեպի, Մոսուլի, Բաքուբայի, Բաղդադի, Նահր ալ-Ումարի, Շատտ ալ-Արաբի ափերին փռված արաբական բնակավայրերի բնակիչները եղան հայերի անմարդկային կոտրածների վկաները:

Արաբ պաշտոնյաներին կառավարության կողմից տրվել էր խստագույն հրաման՝ ցույց չտալ որևէ օգնություն արաբական տարածքներով անցնող գաղթականներին և թույլ չտալ բազմաթիվ տանջանքներ հաղթահարած քարավանների մնացորդներին հասնել մարդաշատ մեծ քաղաքներ, որտեղ գտնվում էին եվրոպական երկրների ներկայացուցիչները, այլ անխնա ոչնչացնել նրանց: Սակայն եղել են դեպքեր, երբ արաբ պաշտոնյաները հրաժարվել են կատարել այդ կարգադրությունը:

Այդպես վարվեցին Դեյր ալ-Զորի կառավարիչ Սաիդ Հաքիմը, որը հայերին սպանելու փոխարեն, կառուցեց ժամանակավոր տնակներ՝ հայ գաղթակններին, որբերին պատսպարելու համար (դրա համար նա հեռացվել է պաշտոնից), Ռաքքայի աշիրաթի առաջնորդ շեյխ Ֆեդի ալ Ֆուազը իր վրա է վերցրել Ռաքքայի նահանգում ցեղասպանությունից փրկված հայերի մնացորդների պաշտպանությունը՝ իր օրինակով սեփական տանը ապաստանելով 50 հայ որբերի, Դիարբեքիրի վիլայեթի ալ-Բաշիրի շրջանի կայմակամ Ալ Բաղդադի Աբդ ալ-Սուվեյդին, թուրքական կառավարությունից ստանալով հայերին սպանելու հրամանը, հեռագիր է ուղարկում Ստամբուլ, որում գրված էր, որ իր խիղճը թույլ չի տալիս իրեն նման գործ կատարել, և ներկայացրել է իր հրաժարականը (սպանվում է թուրք զինվորների կողմից): Մոսուլի կառավարիչը, ստանալով հայերի ոչնչացման հրամանը, խորհրդակցության է հրավիրում քաղաքի արաբ երևելի դեմքերին, որտեղ միաձայն որոշվում է մերժել կառավարության պահանջը:

Արաբ կրոնական գործիչ Աբդալլահ Մուսային Համայում չորս ամսվա ընթացքում տներ է կառուցում հայ որբ երեխաների համար՝ նրանց ապահովելով սննդով և հագուստով:Եգիպտոսի ղեկավարությունը ապաստան տրամադրեց թուրքական կանոնավոր բանակի ջոկատների դեմ հերոսաբար դիմադրած Մուսա լեռան հայ բնակիչներին:

Հիջազի թագաժառանգ Ֆեյսալը և իր մերձավոր խորհրդականները, որոնց մեջ մտնում էին կրթական նախարար Սատեհ ալ-Ղոսնին, Հալեպի շրջանի կառավարիչ Շուքրի ալ-Այուբին, քաղաքական գործիչ Հաշեմ ալ-Աթասին, լիբանանյան նոր գրականության ապագա հիմնադիր Օմար Ֆախուրին, ընդգծված հայասիրական կեցվածք ունեին և նպաստել են հայ գաղթականների ինչպես ֆիզիկական փրկությանը, այնպես էլ արաբական միջավայրում իրենց սոցիալ-տնտեսական, մշակութային, գրական կյանքի զարգացմանը[26]։

Մուսուլմանների գլխավոր սրբավայր Մեքքայի շերիֆ և Հիջազի կառավարիչ Հուսեյն իբն Ալի ալ Հաշիմին, որն իր որդիների հետ 1916թ. գլխավորեց օսմանյան տիրապետության դեմ ուղղված արաբների ապստամբությունը, հրապարակեց երկու ուղերձ (1916 թ. հունիսին և 1917 թ․մարտին)՝ ուղղված աշխարհի բոլոր մուսուլմաններին:

Նրանցում նա խստորեն քննադատում է երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը և նրա պարագլուխներ Էնվերին, Թալեաթին, Ջեմալին, որոնք սխալ քաղաքականության և վատ կառավարման հետևանքով կայսրությունը հասցրել են կործանման: Նա հատկապես դատապարտել է երիտթուրքերի քաղաքականությունը կայսրության ոչ թուրք ժողովուրդների նկատմամբ:

Եվ որպես հավաստում իր տեսակետի բերում է երեք փաստարկ. առաջին՝ երիտթուրքերը փորձում էին կայսրության բոլոր ժողովուրդներին բռնի ուժով դարձնել թուրքեր, երկրորդ՝ նրանց թշնամական վերաբերմունքը արաբների և արաբական լեզվի նկատմամբ, որն արգելվել էր օգտագործել դպրոցներում, վարչական մարմիններում և դատական ատյաններում, երրորդ՝ հայերի ջարդերը, որ իրագործեցին երիտթուրքերը առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում:

Հայերի նկատմամբ թուրքական կառավարության ոճրագործությունների մասին նա նշում է. «Մենք կարող ենք լսել նրանց (երիտթուրքերի- Գ.Չ.) արդարացումները.., բայց ինչպե՞ս ներենք նրանց, ովքեր նպատակադրված վտարեցին ժողովրդին սեփական բնակավայրից, հեռացրեցին տղամարդկանց իրենց զավակներից ու կանանցից, քշեցին Անատոլիայի խորքերը, և այս ամենն առանց օրինական որևէ պատճառի:

Պատվազրկեցին կանանց, որոնք քաղաքականությանը տեղյակ չէին, նրանք տեսան իրենց զավակների մահը՝ իրենց իսկ ձեռքերում, երկար ու տանջալի ճանապարհին, քանի որ չկար սնունդ, ցրտից ու ջերմությունից պաշտպանվելու միջոցներ: …Երիտթուրքերի նպատակը նրանց ոչնչացումը կամ թրքացնելն էր»[27]:

Հուսեյն իբն Ալին կոչ է անում մուսուլմանական աշխարհին բարյացակամ ու հոգատար լինել հայ ազգի նկատմամբ, հաստատակամորեն պահանջում է արաբական տեղական իշխանավորներից իրենց նահանգներում հայտնված հայ տարագրյալներին պաշտպանել, հովանավորել և ամեն տեսակ մարդկային օգնություն ցուցաբերել: Այս ուղերձները մեծ դեր խաղացին ցեղասպանության ժամանակ հայերի նկատմամբ արաբների դիրքորոշման վրա:

Քիչ չեն դեպքերը, երբ որոշ արաբական աշիրեթներ` գթասրտությունից դրդված,  իրենց մոտ են ապաստանել զգալի թվով հայերի, բազմաթիվ հայ կանայք իրենց երեխաների կյանքը փրկելու համար նրանց հանձնել են արաբական ընտանիքներին` հույս ունենալով աքսորից հետո վերադառնալ և վերամիավորվել:

Հիջազի շերիֆ Հուսեյն իբն Ալիի և նրա որդի Ֆեյսալի օժանդակությամբ հնարավոր եղավ բազվաթիվ հայ կանանց, աղջիկներին, որբերին վերցնել արաբական ընտանիքներից, որոնք ցեղասպանության ժամանակ ապաստան էին տրամադրել նրանց, և վերադարձնել որբահավաք հայկական ազգային կառույցներին։ Սակայն չի կարելի միանշանակ դրական գնահատական տալ արաբների կողմից հայերին ապաստան տրամադրելու  երևույթին, որովհետև դա որոշ դեպքերում արվում էր շահադիտական նպատակներով:

Հայ երեխաները և կանայք դառնում էին արաբների ծառաները՝ անվճար աշխատուժ, իսկ բազմաթիվ դեպքերում «որդեգրած» հայ աղջիկներին ոչ թե վերադարձնում էին իրենց հարազատներին, այլ ստիպողաբար ամուսնացնում իրենց որդիների հետ, ինչը միաժամանակ լուծում էր նաև սոցիալական խնդիր:

Արաբների մոտ ամուսնության հարցը հաճախ դժվարանում էր, որովհետև իսլամական ավանդույթի համաձայն, փեսայի ընտանիքը հարսնացուի ընտանիքին պետք է  ղալիմ՝հարսնացուի համար հատուցագին վճարեր (փող, անասուններ կամ որևէ այլ գույք), իսկ հայ որբ աղջիկներին կնության առնելու պարագայում ոչինչ հարկավոր չէր վճարել:

Ցեղասպանության վերապրածների հիշողությունները (Եղիսբեթ Քալաշյան,ծնվ՝ 1888 թ., Պարուհի Չորեքչյան, ծնվ՝ 1900 թ., Գրիգոր Գյոզալյան, ծնվ՝ 1903 թ., Մարիամ Բաղդիշյան, ծնվ՝ 1909 թ., Սիրենա Ալաջաջյան, ծնվ՝ 1910 թ., Պարուհի Սիլյան, ծնվ՝ 1900 թ., Բարունակ Շիշիկյան, ծնվ՝ 1902 թ.) անհերքելի ապացույցն են ինչպես հայկական բեկորների փրկության գործում արաբների ունեցած մեծ դերի, այնպես էլ նրանց կողմից լայնորեն կիրառված իսլամացման և արաբացման քաղաքականության[28]։

Արաբական տարբեր երկրներում Ցեղասպանության վերապրածների ժառանգներից կազմված հայկական սփյուռքի, խառնածին ամուսնություններից առաջացած ամբողջովին արաբական ինքնագիտակցությամբ սերունդների, ինչպես նաև ծագումով հայ, սակայն արդեն արաբացման և ասիմիլացիոն տարբեր մակարդակներում գտնվող բազմաշերտ խմբերի առկայությունըայս ամենի փաստացի վկայությունն է:

Արդարության համար պետք է նշել, որ որոշ արաբ պաշտոնյաներ, աշիրեթների առաջնորդներ իրենց մասնակցությունն են ունեցել հայերի կոտորածների մեջ։ Սակայն Հալեպի զինվորական կառավարիչ Շուքրի ալ-Այուբին իրավացիորեն նշում է. «Բայց հայտնի է, որ տարագրության շրջանին գտնվեցան նաև արաբ անհատներ, որոնք իրենց պաշտոնին բերումով, կամ տգիտությամբ, շահու կամ ուրիշ շարժառիթներով վնաս հասցուցին հայ անհատներուն։

Սակայն վստահ եղեք, որ արաբ ազգը անկեղծորեն բարեկամ եղավ և պիտի ըլլա ձեր դժբախտ ազգին։ Հետևաբար, ամեն անգամ, որ գրիչ ձեռք առնեք՝ արաբներու մասին գրելու համար, պետք է որ ազգը աչքի առջև ունենանք, ոչ թե պաշտոնյա կամ կուսակցական, տգետ կամ անոթի, փառքի կամ դրամի հետամուտ անհատներ[29]։
*   *   *
Արաբ հետազոտողները  կասկածի տակ չեն դնում Հայոց ցեղասպանության փաստը՝ այն համարելով  համայն մարդկության դեմ գործած հանցանք, միջազգային իրավունքի բոլոր նորմերի և մարդասիրության սկզբունքների խախտում, ինչը նախատիպ է ծառայել մյուս ցեղասպանությունների իրագործման համար: Որոշ արաբ գիտնականներ անգամ ուղղակի կապ են տեսնում հայերի դեմ երիտթուրքերի ռասիստական քաղաքականության և պաղեստինցի արաբների դեմ սիոնիստների կիրառած գործողությունների միջև՝ համաշխարհային ցեղասպանություների շղթայի մեջ ելակետային համարելով թուրքական թուրանականությունը:

XX դարի առաջին ցեղասպանության անպատժելիությունը սպառնալիք է ոչ միայն հայերի, այլև ողջ մարդկության համար: Սակայն, քանզի իսլամական համերաշխության գաղափարները և քաղաքական շահերը առաջնահերթային են պատմական ճշմարտություններից և մարդկային տարրական արժեքներից, արաբական երկրներից միայն Լիբանանն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի Հանրապետությունը, հանդիսանալով միջպետական իսլամական տարբեր կառույցների անդամ, ստանում է արաբական երկրների քաղաքական, ֆինանսական, տնտեսական լիակատար աջակցությունը՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ իրականացվող գործողություններում: Այս ամենը հանգեցնում է քաոսային իրավիճակի ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում։

[1]Մ.թ.ա. I դարում արաբական մի շարք երկրներ՝ Սիրիա, Լիբանան, Պաղեստին, Միջագետք և այլ տարածքներ ընդհուպ մինչև Եգիպտոս, մտան Տիգրան Մեծի հայկական կայսրության մեջ: VII-IX դարերում  Հայաստանը մաս կազմեց Արաբական խալիֆայության: 1516թ. արաբական երկրները, իսկ 1639թ. Հայաստանի արևմտյան հատվածը հայտնվեցին Օսմանյան տիրապետության տակ:

[2]Հիշատակության են  արժանի արաբական զարթոնքի՝ «Նահդայի» սկզբնավորման և զարգացման գործում մեծ ավանդ ունեցած Գրիգոր Վարդապետը, Հովհաննես (Հաննա) Աբգարիոսը, Հովսեփ Բաքոսը, Ռզկալլա Հասունը (Հասունյան), XIX դարի արաբական ազգային գաղափարախոսության ճանաչված առաջնորդ համարվող Ադիբ Իսհակը (Զուլմաթյան), Հարություն Կարապետ Դաուդյանը՝ 1861թ. ինքնավարության ստացած Լեռնալիբանանի առաջին կառավարիչը, Նուբար Նուբարյանը՝ 1880-ականներին Եգիպտոսի վարչապետը, Արամ Կարամանուկյանը՝ համարվում է Սիրիայի բանակի հիմնադիրներից մեկը և այլն:

[3] Հայ կամավորները հատկապես լուրջ մասնակցություն են ունեցել գերմանա-թուրքական զորքերի դեմ Սիրիայի և Պաղեստինի ռազմական գործողություններում, որոնց արդյունքում 1918 թ. սեպտեմբերի 30-ին Դամասկոսը, իսկ հոկտեմբերի 6-ին Բեյրութը ազատագրվեցին։

[4] Հովհաննիսյան Ն., Արմենոցիդը ճանաչված ցեղասպանություն է, Երևան, 2010, էջ 34:

[5] Հովհաննիսյան Ն., նշվ. աշխ., էջ 36:

[6] Ֆայեզ ալ-Ղոսեյնը (1883-1968 թթ․) սիրիացի փաստաբան է։ Ծնվել է Սիրիայի Հաուրան նահանգում, ականավոր արաբական ցեղում։ Նախնական կրթությունը ստացել է Դամասկոսում, այնուհետև ըդունվել Ստամբուլի Կայսերական աշիրեթական դպրոց (Mekteb-i Aşiret-i Humayun), որից հետո աշխատանքի անցել Սիրիայի կառավարչի վարչակազմում իսկ հետագայում երեք ու կես տարի զբաղեցրել Մամուրեթ ալ-Ազիզ վիլայեթի (ներկայում Էլազիգ՝ հայկական պատմական Խարբերդ նահանգ) Քյախթայի գավառապետ։ Եղել է Ազգային խորհրդի անդամ՝ ներկայացնելով Հաուրան նահանգը։ 1915 թ. կասկածվելով արաբների ապստամբությանն աջակցելու մեջ՝ աքսորվել է Էրզրում։ Որոշ ժամանակահատված պահվել է Դիարբեքիրում, որտեղ էլ ականատես է եղել Էրզրումից, Խարբերդից, Բիթլիսից (Բաղեշ-Ակունքի խմբ.), Վանից և այլ վայրերից եկած հայ գաղթականների և ասորիների կրած տառապանքներին և ջարդերին։

[7]Die Türkenherrschaft und Armeniens Schmerzensschrei von Scheik Faiz El-Ghassein Advokat und Beduinenchef in Damaskus, Zürich, 1918, մեջբերված է Տ․ Լոքմագյոզյանի թուրքերեն թարգմանության չհրատարակված տարբերակից։

[8] Safrastyan R., Ottoman Empire: The Genesis of the Program of Genocide (1976-1920), Yerevan, 2011, p. 28.

[9]Moussa Prince, Un genocide impuni, L’ Armenocide, Lebanon, 1967, p. 30, մեջբերված է Hovhannisyan N., The Armenian genocide, Armenocide-the most genocidal genocide, In the langusages of the world, p. 394.

[10] Մրվան ալ-Մուդավար, Ալ-արման աբռ ալ-թարիհ (Հայերը պատմության ընթացքում), Բեյրութ, 1982, էջ 395։

[11] Տե՛ս Նազլեան Յ., Արք. Յուշեր, Մերձավոր Արևելքի, 1917-1918 թթ. շրջանի կրոնական-քաղաքական դեպքերու մասին, հ.Ա., Բեյրութ, 1960, էջ 104, մեջբերված է Պողոսյան Ս., Ցեղասպանության խնդիրը։ Պետական քաղաքականության և ազգային ընկալումներ, Երևան, 2001, էջ 17։

[12] Տե՛ս «Փորձ», 21.06.1879, մեջբերված է Պողոսյան Ս., Ցեղասպանության խնդիրը։ Պետական քաղաքականության և ազգային ընկալումներ, Երևան, 2001, էջ 16։

[13]Амин Саид, Восстания арабов в XX в., Перевод с арабского, Москва, 1964, с. 79.

[14] Մրվան ալ-Մուդավար, Նշվ. աշխ., էջ 12:

[15]Սալեհ Զահր ադ Դին, Արաբների անկեղծությունն ու հայերի երախտագիտությունը, Բեյրութ, 2000, էջ 113 (արաբերեն), մեջբերված է Մարգարյան Ն., Արաբական աշխարհի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում. Մեքքայի շերիֆ ու էմիր ալ Հուսեյն իբն Ալիի ուղերձները, Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր, թ. 10-11, Երևան, 2005, էջ 158:

[16]Սալեհ Զահր ադ-Դին, Օսմանյան կառավարության քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում և մեծ տերությունների դիրքորոշումը Հայկական հարցում (19-րդ դարի վերջին քառորդ-20-րդ դարի առաջին քառորդ), Երևան, 1994, էջ23:

[17]Սալեհ Զահր ադ-Դին, նշվ. Աշխ., Երևան, 1994, էջ 18:

[18]Նրանց թվին են պատկանում Շուքրի բեյ ալ-Ասլին, Աբդուլ-Վահաբ բել ալ-Ինգլիզին, Սելիմ բեյ ալ-Ջեզաիրին, էմիր Օմար ալ-Հուսսեինը, Աբդուլ Ղանի ալ-Արիսին, Շեֆիք բեյ ալ-Մովեյադը, Ռուշդի բեյ ալ-Շամաան, Աբդուլ Համիդ ալ-Զահրավին,Աբդուլ Քերիմ ալ-Խալիլին, էմիր Արիֆ ալ-Շեհաբին, շեյխ Ահմեդ Հասան Թաբարան և այլ երևելի արաբ գործիչներ։ 

[19]Տես՝ Fa’iz El-Ghusein, Martyred Armenia, London, 1917 (translated from the original Arabic), p. 49:

[20]Fa’iz El-Ghusein, նշվ. Աշխ., p. 50-51.

[21] Ուսման աթ-Թուրք, Էջեր հայ ազգի պատմությունից, Հալեպ, 1960, էջ 236:

[22]Արաբական մի շարք փաստաթղթեր արաբա-֊թուրքական հարաբերությունների վերաբերյալ, կազմեցին, թարգմանեցին և ծանոթագրեցին Սարգսյան Հ. Ս. և Թոփալյան Ա. Հ. , Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրգներ, հ. VI, Արաբական երկրներ. Երևան, 1974, էջ 218, մեջբերված է Հովհաննիսյան Ն., Սուլթան Աբդուլ Համիդ II-ի հակահայկական քաղաքականությունն արաբական ժամանակակից պատմագրության գնահատմամբ, Երևան, Պատմա-բանասիրական հանդես, № 1, 1987, էջ 76:

[23] 1913 թ. Արաբական Առաջին կոնգրեսի փաստաթղթերը, Բեյրութ, 1985, էջ 117 (արաբերեն), մեջբերված է, Hovhannisyan N., The Armenian Genocide, Armenocide-The Most Denocidal Genocide, Yerevan, 2009, էջ 425:

[24] Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 49:

[25] Մանրամասն տես՝ Աուրոն Յ., Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը։ Անընդունելի անտարբերություն, Երևան, 2013, էջ 310-380:

[26] Մանրամասն տես՝ Նազարյան Ե., Հայ-արաբական փոխհարաբերությունները Սիրիայում (1918 հոկտեմբեր-1919 հունիս), Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, Հ. 6, Երևան, 1974, էջ 135-138:
[27]  Արաբական աղբյուրները Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բեյրութ, 1988, Էջ 16 (արաբերեն), մեջբերված է Մարգարյան Ն., Արաբական աշխարհի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում. Մեքքայի շերիֆ ու էմիր ալ Հուսեյն իբն Ալիի ուղերձները, Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր, թ․10-11, Երևան, 2005, էջ 160:
[28]Ցեղասպանության վերապրածների և ականատեսների վկայությունների մասին մանրամասն տե՛ս Սվազլյան Վ., Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երևան, 2011։

[29]«Եփրատ», Հալեպ, 21.05.1930, մեջբերված էՆազարյան Ե․, Հայ-արաբական փոխհարաբերությունները Սիրիայում (1918 հոկտեմբեր-1919 հունիս), Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, Հ․6, Երևան, 1974, էջ 137:

Akunq.net 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail