Այդ դեպքում ո՞րն է Նիկոլ Փաշինյանի տարբերությունը Տեր-Պետրոսյանից, Քոչարյանից ու Սարգսյանից. Արամ Սարգսյան (տեսանյութ)

23-10-2018 | Հայաստան | Քննաարկում

Այսօրվա կառավարության անդամները համարում են, որ լավ կրթություն են ստացել, բայց դա չի փոխարինում այն փորձին ու կառավարման հմտությանը, որ այսօր չունեն: Դրանից էլ մի շարք ոլորտներում նկատելի են սխալներ: Այսօր «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում այս կարծիքն արտահայտելով, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը, որպեսզի իր խոսքը մերկապարանոց չթվա, ասաց.

«Մենք երեք հարց բարձրացրեցինք, ուղղեցինք նամակ պարոն Փաշինյանին 5 ամիս առաջ, ասացինք, որ մենք ընդամենն ուզում ենք ձեզ այս հարցերի վերաբերյալ մեր տեսակետը ներկայացնել, դուք ինքներդ հետո կորոշեք՝ ճիշտ է, սխալ է, և այլն, մենք հո չենք պարտադրելու ձեզ, բայց ուզում ենք ներկայացնել:

Առաջին հարցն այն էր, որ եթե կոռուպցիայի դեմ պայքար ենք սկսել, ապա կոռուպցիայի հիմնական բունը նաև պետական պարտքն է, որքան էլ տարօրինակ հնչի: Պետական պարտքի մեր ամբողջ վերլուծությունը մենք ներկայացրել էին վերջին 3-4 վարչապետներին, ոչ մի արդյունք: Հիմա ես ուզում էի, որպեսզի իրենք ուշադրություն դարձնեին դրա վրա, որովհետև այն ֆինանսները, որոնք այնտեղ կերել են (ներողություն եմ խնդրում խոսքի համար), իրոք, մսխել են այդ ամբողջ գումարները շատ հեշտ է հետ բերել այն առումով, որ պարզ է, թե ով է դա արել:

Կոնկրետ օրինակ եմ բերում. ընկել էին խեղճ Սևանից նորից ջուր վերցնելու հետևից և այլն, և այլն: Ասում ենք՝ լսեք, 220 միլիոն դոլար է վերցված այս տարիների ընթացքում՝ ոռոգման համակարգը կարգավորելու համար, 220 միլիոն դոլար: Այսօրվա վիճակով այդ ոռոգման համակարգը չի գործում, հիմա բա չիմանա՞նք, թե այդ ո՞վ էր, որ վերցրեց այդ 220 միլիոնը, և ի՞նչ արեց, ինչպե՞ս մսխեց այս ահռելի գումարները:

Կամ՝ վերցրել են ինչ-որ վերակառուցումների համար (նախորդների մասին է խոսքը, պարզ է, այսօրվա իշխանությունը դրա հետ ոչ մի կապ չունի) 205 միլիոն դոլար՝ իբր կառուցվածքային փոփոխություններ անելու համար, և քամուն են տվել այդ գումարները: Այսինքն՝ մենք հիմա ասում էինք, որ հնարավոր է պարզել՝ ով ինչու վերցրեց:

Ջրամբար են կառուցել, այդ ջրամբարի տակ համապատասխան ֆիլտր չեն դրել, ջրի կորուստը 40-60 տոկոս է, բա չգնա՞նք դրա վզից բռնենք- բերենք, ասենք՝ դե բեր, այդ գումարները վերադարձրու: Այսինքն՝ այսպիսի իրավիճակ է, որտեղի՞ց այս ահռելի հարստությունները, որ հանկարծ ունեցան որոշ մարդիկ, որտեղի՞ց…»:

Ինչպես տեղեկացրեց «Քննարկում» հաղորդաշարի հյուրը, Փաշինյանը կամ նրա կառավարությունն իրենց չի լսել, վերոնշյալ խնդրի առնչությամբ հանդիպում չի եղել:

«Երկրորդ հարցն էլ այն էր, որ համահայկական բանկի գաղափարն աղավաղվել է, դա այն գաղափարն էր, որ կար 92 թվականից,- ասաց Արամ Սարգսյանը:- խնդիրն այն է, որ հիմա ասում եք՝ եկեք, ներդրումներ կատարեք: Բայց ինչի՞ մեջ ներդրում անեն, ո՞ր ծրագիրը դուք ներկայացրեցիք, որ նրանք ընդունեն: Նրանք պետք է տեսնեն՝ փոքր շուկա ունենք, մեր կադրային բազան դեռ պատրաստ չէ և այլն, և այլն: Ասում էինք, որ համահայկական բանկի գաղափարը հետևյալն է՝ հայկական կապիտալը կուտակել, և կառավարությունը ներկայացնի համապատասխան ծրագրեր, որի մեջ կարող է այդ կապիտալն օգտագործվել:

Երրորդ հարցն էլ Արցախի հիմնահարցն էր: Ես հիմա բացահայտ ու համոզված ասում եմ՝ շատ քիչ գիտեն Արցախի հարցի նրբերանգների վերաբերյալ, որովհետև բանակցային գործընթացին, որ եղել է այս 27-30 տարվա ընթացքում, հատուկենտ փորձագետներ է, որ իսկապես տիրապետում են և գիտեն, թե այսօրվա դրությամբ ինչ կոնցեպտ է պետք ներկայացնել: Իսկ ընդամենը նախադասություններ ասելը բավարար չէ, և նաև դա էինք ուզում ներկայացնել: Այ, այսպիսի խնդիրներ էինք դրել, ոչ թե մենք ակնկալիք ունենք իրենցից, ոչ մի բան»:

ՀԴԿ նախագահի հավաստմամբ, չնայած 5 ամիս առաջ Փաշինյանին ուղղած նամակին, իրենք առ այսօր ոչ նրանից, ոչ էլ որևէ մեկից պատասխան չեն ստացել:

Գուցե պատասխանը պետք է համարել հետևյա՞լը՝ մեզ չեն հետաքրքրում որևիցե մեկի առաջարկները…

«Դե, դա շատ վատ է, որովհետև այդպիսի ինքնահավանությամբ, ինքնավստահությամբ շարժվելը միշտ բերում է սխալների, նույնն արեց Սերժ Սարգսյանը, նույնն արեց Ռոբերտ Քոչարյանը, նույնն էր անում Տեր- Պետրոսյանը,- ասաց Արամ Սարգսյանը:- Բոլորն էլ նույնն էին, հիմա, այդ դեպքում, տարբերությունը ո՞րն է…»:

Կարելի՞ է կարծել, հույս ունենալ, որ վարչապետը կամ համապատասխան որևէ այլ պաշտոնյա ժամանակի սղության պատճառով չի հանդիպել Արամ Սարգսյանի կամ ՀԴԿ ղեկավարության հետ:

«Խնդիրը դա չէ,- ասաց «Քննարկում» հաղորդաշարի հյուրը:- Կարելի էր, օրինակ, ուղղակի ասել, որ, գիտեք ինչ, այս փուլում չենք կարող, բայց մեզ հետաքրքիր է դա, հետո կհանդիպենք»:

Երևանի ժամանակով ժամը 12:00-ից 13։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։

Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։

Նոյյան տապան – Քննաարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Facebooktwitterredditpinterestlinkedinmail