ԱՅՄԱՐԵՐԵՆԸ՝ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼԵԶՈ՞Ւ. ԱՅԴ ԼԵԶՎԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ»

04 Apr 2015 – Այմարերեն, Արմենուհի Փալանդուզյան

Ո՞րն է ամենահին լեզուն, որով մարդը մտածել ու խոսել է, որով տեղեկատվություն է փոխանցել իր կյանքի ու մտածողության, գիտելիքների ու պատկերացումների մասին: Սա մի հարց է, որ կրոնական կարծրատիպերից զերծ մարդուն վաղուց է հետաքրքրում: Ընդունված գիտական տեսակետ է, որ մեր մոլորակում տարածված լեզուները բաժանվում են լեզվաընտանիքների ու լեզվաճյուղերի, միաժամանակ ստեղծվել են լեզվաբանության բազմաթիվ ուղղություններ, որոնք սկսել են փորփրել ու արևերես հանել այդ կապերի գաղտնիքները: Առաջ քաշվեց մի տեսություն, թե բոլոր լեզուները ճյուղավորվել են մեկ՝ տատ լեզվից (նոստրատիկ լեզու) և սերունդներ տալով՝ գոյացրել 6000-ից ավելի լեզուների ներկա վիճակը (չհաշված մեռած լեզուները): Եթե հավատանք աշտարակաշինության առասպելին, հենց այդ միակն էր, որը հանդուգն շինարարներին պատժելու համար Աստված անհասկանալի դարձրեց ու «խառնեցե լեզուները:

21-րդ դարասկզբին Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանի գիտնականներ Ռասել Գրեյն ու Քվենտին Ատկինսոնը կիրառելով գենետիկական քննության եղանակը՝ ապացուցել են, որ հնդեվրոպական լեզվաընտանիքի ամենահին լեզուն 8700 տարի առաջ արդեն ինքնուրույն էր, և դա խեթերենն է: Սրան հաջորդում է թոխարերենը, ապա գալիս է հայերենի հերթը՝ 7300 տարվա ինքնուրույն ընթացքով: Անշուշտ սա մեզ պատիվ է բերում, եթե իհարկե անտեսենք, որ հայերենի տարիքը որոշելու համար ելակետ է ընդունվել 5-րդ դարում որպես գրական լեզու գործածված գրաբարը, իսկ նախորդ երկուսի համար՝ դրանից հազարամյակներ առաջ արձանագրված ու քարացած վիճակում մեզ հասած տարբերակները: (Ի դեպ որոշ գիտնականներ պնդում են, թե խեթերենը հենց հայերենն է, ու դա ապացուցելու համար բազմաթիվ հիմնավոր կռվաններ են բերում: Նրանցից երկուսի՝ խեթագետ Վարուժան Ներսիսյանի և բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Նազելի Մարգարյանի տեսակետներին կարող եք ծանոթանալ այստեղhttp://www.youtube.com/watch?v=5eBoJMj6naI,http://www.youtube.com/watch?v=qEAtR00-q_M ևhttp://www.youtube.com/watch…#!՞:

Պաշտոնական գիտությունը, սակայն, ելնելով քաղաքական խաղերի գործիք լինելու իր դերից, պարզապես աչք է փակում բազմաթիվ ապացույցների վրա):

 

Այդուհանդերձ պարզվում է, որ մեր մոլորակի մյուս կողմում՝ Անդերում ծվարած Տիտիկակա լեռնային լճի ավազանում, Բոլիվյան սարահարթում, ապրում է մի եզակի ազգ՝ այմար անունով, որի լեզվի հնությունը գնահատվում է… 15 000 տարի: Զարմանալին միայն այս լեզվի հնությունը չէ: Հաշվիչ տեխնիկայի բոլիվիացի մասնագետ Իվան Գուսման դե Ռոխասը նկատել է՝ դա հորինված լեզու է, այսինքն այմարերենի լեզվական իրողությունները գիտակցվել և արհեստականորեն նախօրոք են սահմանվել: Այդ լեզվի շարահյուսությունն այնքան կայուն է, արտահայտած իմաստներն էլ՝ այնքան աներկբա, որ սովորական լեզվի պարագայում ուղղակի չի կարող գոյություն ունենալ: Դա նշանակում է, որ այմարերենը հնարավոր է դյուրությամբ փոխարկել համակարգչային քայլաշարի (ալգորիթմ), որի միջոցով սարքը արագ կթարգմանի տեքստը: Գուսմանն ապշեցուցիչ եզրակացության է եկել՝ այմարերենն ստեղծվել է նույն օրենքներով, որոնք այսօր օգտագործվում են համակարգիչների ծրագրային լեզվի պարագայում: Իսկ այմարերենի քայլաշարն օգտագործվում է որպես անցումային լեզու-կամուրջ՝ բնագիրը վեր է ածվում այմարերենի, ապա թարգմանվում այլ լեզուներով: Որոշ գիտնականների կարծիքով բոլիվիական Անդերում 8000 տարի առաջ ապրել է հնդկացիական մի ցեղ, որը խոսել է այսօր այմարերեն կոչվող լեզվով: Այդ լեզվի քերականությունն անհավատալիորեն բարդ է և դարերի ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել ու մեր օրերն է հասել կուսական վիճակում: Լեզվաբաններին ապշեցնում է այս լեզվի ևս մեկ հատկանիշ՝ անհնար է նրա կառուցվածքի մեջ նոր բառեր ու հասկացություններ ներմուծել: Հնում այմարների բնակության տարածագոտին ընդգրկել է Անդերի շրջանի զգալի մասը, այդ ցեղը մշակութային ծաղկում է ապրել 11-15-րդ դարերում, մինչև 15-րդ դարասկզբին ենթարկվել է ինկերին, իսկ 1542 թ. նվաճվել Իսպանիայի կողմից:

Հարավամերիկյան Պերու, Չիլի և Բոլիվիա պետություններում այժմ բավական յուրօրինակ կենցաղով ապրում է այս եզակի լեզվով խոսող 1,7 մլն այմար: Նրանց մասին համացանցում հնարավոր է ամենատարբեր տեղեկություններ գտնել: Գուցե արժե դադարեցնել որոնումները և հայտարարել՝ Երկիր մոլորակի ամենահին լեզուն այմարերենն է, որի կրողներն ապրում են Արևմտյան կիսագնդում: Բայց չշտապենք:

Բանասիրական գիտությունների թեկնածու Մերի Սարգսյանի հոդվածը՝ «Այմարերեն լեզվի հայկական գաղտնիքները» վերնագրով, առաջ է քաշում վարկած, թե այմարերենի բառապաշարի մի զգալի շերտ հայերենի հետ անժխտելի ձևաիմաստային առնչություն ունի: Գիտնականը (ի դեպ՝ հանրահայտ գիտնական Պարիս Հերունու դուստրը) պատմում է, որ դրանց հետքի վրա պատահականորեն է ընկել, երբ եղբոր խնդրանքով բառարանում ինչ-որ բառ է փնտրել: Նրա ուշադրությունը գրավել է այմարերեն «քալասասայաե» բառը, որը նշանակել է անշարժ (սյան նման, անսասան) կանգնած մեծ քարեր: Ճակատագրական այս խնդրանքը մեր առջև բացում է հիրավի զարմանալի զուգահեռների մի ամբողջ շարք: Սկզբում Մերի Սարգսյանն այմարերեն 600 բառերի թվում գտել է հայերենի հետ համեմատելի 57 բառ՝ շուրջ 10%-ը: Այնուհետև 3100 բառերի թվում ևս 60 բառ է գտել: Ահա մի քանի օրինակներ. jura-ջուր, kitaձկնկիթ, lallawa-հիանալի (լավ), nayra-աչք, նայվածք, pisi-կատու, puraka-փոր, siri-սեր: Հնագույն հիշատակություններում պատմվում է, որ այմարների երկիր նավով եկել են սպիտակամորթ մարդիկ՝ բարձրահասակ, մորուքավոր, կապուտաչյա, ովքեր իրենց երկրագործություն են սովորեցրել, մետաղաձուլություն, ճարտարապետություն, արմատավորել միակնությունը: Այմարերենում նախնի բառի հոմանիշն է haya (հիշենք Այա-Հայա աստվածանունը և հայերիս ինքնանվանումը): Այմարա ցեղանունն էլ կազմված է haya (նախնի) և mara (տարի, ժամանակ) բաղադրիչներից: Այմարերենում կա armjana բառը, որ մոռանալ է նշանակում: Իսկ Տիտիկակա լիճը այմարների լեզվով հնչում է Մամակոթա՝ մոր կաթ:

Լեզվական ընդհանրություններից բացի՝ բացահայտվում են նաև այլ առնչություններ: Օրինակ՝ Աստված, որի ուսերից երկու գետ է բխում: (Արևելյան կիսագնդում բոլորը գիտեն՝ այս գետերը Տիգրիսն ու Եփրատն են, որոնց ակունքում Հայաստանն է, իսկ eutyun.org կայքից վերցված այս նկարում Էա-Հայա շումերական ծովաստվածը կանգնած է նաև երկգագաթ Մաշու լեռան վրա, որն անշուշտ Մասիսն է): Այնտեղ կան Արարատի նման լեռ և Մհերի դուռը հիշեցնող կառույց: Վիրակոչա անունն էլ, Մերի Սարգսյանի կարծիքով, կարող է ի վերուստ կոչված իմաստն ունենալ:

Հեշտ ճանապարհը նախընտրողների համար, իհարկե, սրանք պատահական զուգադիպությունների երկար շարք են և որևէ ուշադրության արժանի չեն: Սակայն երբ նման զուգադիպությունները ժամանակի ու տարածության մեջ կուտակվում ու խտանում են, բնության օրենքների համաձայն՝ նոր որակի իրողություն են փաստում:

Մենք մեզ քանի՞ անգամ ենք հարց տվել՝ ինչո՞ւ են մոլորակի մյուս կողմում, այսինքն անդ, գտնվող լեռներն ամբողջ աշխարհում կոչվում Անդեր: Ինչո՞ւ են հնագույն բուրգերը կոչվում զիկուրատներ՝ զ-ի-կուր-ատ, որի բոլոր բաղադրիչներն առանձին-առանձին հայերենում բացատրություն ունեն: (Այստեղ թերևս «կուր» մասնիկը կարող է տարակուսանք հարուցել, սակայն սա էլ նշանակել է քար, լեռ, իսկ Ալեքսանդր Վարպետյանն էլ նշում է, թե կրակ բառի արմատը ևս այս «կուր»-ն է): Կամ ի՞նչ լեզվով կարելի է իմաստավորել 17 000-ամյա համարվող ամերիկյան Թեոթեոական (Թեոթիուական) քաղաքանունը: Արմատի կրկնությամբ տեղանուն գտնելու համար հեռու չգնանք՝ Արարատ: Իսկ «ական» վերջածանցով տեղանվան օրինակ են Ողականը, Օշականը… Ինչ մնում է թեո՝ աստված բառին, մենք ունենք դի-դիք՝ աստված ձևը, իսկ դ և թ հնչյունները հայերենում շատ դեպքերում են իրար փոխարինում: Արևմտյան կիսագնդում նշմարվող հայերենի այս հետքերը, անկասկած, կհայտարարվեն բորբոքված երևակայության արդյունք. թարմ մտքերը դժվարությամբ են ճանապարհ հարթում: Սակայն հարցազրույցներից մեկում (Գագիկ Աղբալյանի հետ՝ http://tesankyun.am/2010/10/673-is1nl1ssl1l1lns/) ահա թե ինչ է գրում Մերի Սարգսյանը. «2009 թ. Նիկարագուայից էլեկտրոնային փոստով նամակ եկավ: Այդ երկրի կենսաբանական գիտություների դոկտոր, ֆինն Սեպոտիուսանենը գրում էր, որ հիացած է իմ հոդվածով, մի 15 միջազգային կոնֆերանսներում նշել է այն: Հոդվածը հաստատել էր նրանց կենսաբանական տեսությունն այն մասին, որ որոշ հին ժողովուրդներ կարող են ունենալ ընդհանուր գեներ: Այմարների մեջ նրանք հայկական գեներ են գտել: Ես չեմ կարող դա ոչ պնդել, ոչ հաստատել, քանի որ կենսաբան չեմ, կպնդեմ միայն լեզվական նմանությունը»:

 

Սա էլ հո հնչյունների պատահական նմանությու՞ն չէ: Գուցե գեների նմանությո՞ւնն էլ է պատահական: «Կուլտուրա» հեռուստաալիքով մի անգամ հարց հնչեց՝ արդյոք Կոլումբոսից առաջ Ամերիկյան աշխարհամասի հետ կապ եղե՞լ է: Դա հաստատող ապացույցները, այդ թվում նաև կենսաբանական, բազմաբնույթ ու բազմաթիվ էին: Ճիշտ է՝ Ամերիկայում գտնված բարձր մշակույթի ու գիտության հնագույն հետքերը վերագրվում էին, օրինակ, առասպելական Ատլանտիդայի՝ աղետից փրկված բնակիչներին: Միայն թե, եթե հաշվի առնենք արդեն շարադրված փաստերը, այնպես է ստացվում՝ այդ ատլանտիդացիները կարծես հայերեն են խոսել:

Այս թեմայով հետաքրքրվողների հետ տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ Մերի Սարգսյանն ասաց, որ ինքն այմարների հետ ուղղակի առնչություն չունի, նրանք հազիվ թե տեղյակ են իր ուսումնասիրությունների թեմային ու արդյունքներին: Վերջին հարյուրամյակներում նրանք հալածանքներ շատ են տեսել, չափազանց զգայուն են դարձել, և գիտնականը չի պատկերացնում, թե ինչպես կարձագանքեն:

Ինչ վերաբերում է մեզ՝ ջայլամի վարքագծով գլուխներս թաղել ենք ավազի մեջ ու փորձում ենք մի կերպ գոյատևել: Գուցե իրոք՝ դժվար է նայել ճշմարտության աչքերին ու ասել՝ մենք այսքան հին ազգ ենք, ու մեր լեզվով խոսել են մեզնից երկու հազար, ևս տասը հազար ու էլի մի քանի հազար տարի էլ առաջ: Մի բան, սակայն, այն ժամանակից անփոփոխ է մնացել՝ հայերեն խոսողներն այսօր էլ տեղափոխվում են աշխարհից աշխարհ, հայտնվում մոլորակի հակառակ կողմում: Միայն թե այն ժամանակ, ինչպես երևում է, մեր լեզվով խոսող նախնիները օտարներին հողագործություն, մետաղաձուլություն, ճարտարապետություն, լավ վարքուբարք, հարուստ լեզու են սովորեցրել ու հազարամյակներով անմոռանալի բարի հիշողություն թողել: Իսկ ի՞նչ է կատարվում այսօր. մեր հայրենիքից տանում են ուղեղները՝ օժտված բնատուր բարձր կարողություններով, որոնք հանուն «լավ կյանքի» ծառայում են օտարի շահերին ու հաճախ՝ մեր դեմ, իսկ լեզուն անպետք լաթի նման արագ մի կողմ են շպրտում:

Մեզ մի եզակի գանձ է տրված՝ հայոց լեզուն, որի հետքերը նույնիսկ պոլինեզիական լեզուներում են նշմարվում (ներառյալ Զատկի հանրահայտ կղզին, ուսումնասիրող՝ Լեյլա Ստեփանյանhttp://www.youtube.com/watch?v=EsHbKOyoIxw&feature=relmfu), և ժամանակը չէ՞, որ արիություն հավաքենք ու ստանձնենք մեր գանձը պահպանելու և ուսումնասիրելու դժվարին առաքելությունը: Աշխարհն այսօր զբաղված է ռամիլսաֆարովներին հերոսացնելով ու նման միջոցներով մոլորակի դեմքն աղավաղելով: Իսկ եթե մեր շուրթերին անգնահատելի տեղեկատվություններ պարունակող հայերենը վաղը համրանա, մարդկային լեզուն չի՞ վերաճի սոսկ ազդանշանների համակարգի, միջոցի, որով ցանկացած կենդանի առանց ուղեղը շարժելու՝ կարող է իր նմանին բան հասկացնել:

 

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

(Հրապարակվել է «Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթում)

magaghat.am/archives/22082

Facebooktwitterredditpinterestlinkedinmail