28 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2018 – ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ – ԱՆԴՐԱԴԱՐՁ:
Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության լիազոր Լեգրանը և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորներ Շանթը, Տերտերյանը և Զարաֆյանը 1920թ. հոկտեմբերի 28-ին համաձայնության եկան հետևյալի շուրջ.
Առաջին. մի կողմից ՌԽՖՍՀ և մյուս կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն արձանագրությանը կից հաշտության պայմանագրի նախագիծը և նրան վերաբերող բոլոր լրացումները ստորագրելու պարտավորություն են ստանձնում, պայմանով, որ
- ՌԽՖՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ կառավարությունները ճանաչում են Նախիջևանի և Զանգեզուրի վիճելի մարզերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության հողային անսասան իրավունքը և այդ գավառների սահմաններից դուրս են բերում բոլոր զորամասերը, որոնք ՌԽՖՍՀ և Ադրբեջանի հրամանատարության ենթակայության տակ են:
- Հայաստանի կառավարությունը, իր հերթին, անվերապահորեն հրաժարվում է Ղարաբաղի նկատմամբ բոլոր պահանջներից, բացի այն անկյան նկատմամբ, որն առաջանում է Նոր Բայազետի գավառի արևելյան սահմանագծի և Շարուր-Դարալագյազի գավառի արևելյան սահմանագծի և Զանգեզուրի գավառի հյուսիսային սահմանագծի մի մասից` Կիքարդաղից դեպի Չիչաքլը սարը գնացող պայմանական գծով:
Երկրորդ. Հայաստանի Հանրապետությունը, Թուրքական Հայաստանի մարզերի վիճելի հողային հարցերը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության հետ բարեկամաբար լուծելու մտադրություններով, պատրաստ է այդ հարցերի լուծման համար ՌԽՖՍՀ կառավարության օժանդակությունը ընդունել այն բանից հետո, երբ
- Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը իր զորքերը հետ է քաշում մինչև 1914 թվականի ռուս-թուրքական նախկին սահմանագիծը:
- Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը հրաժարվում է Բրեստ-Լիտովսկի և Բաթումի պայմանագրերից:
- Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը անվերապահորեն ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունը այն սահմաններում, որոնք որոշվել են ՌԽՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև կնքված հաշտության պայմանագրով:
Վերոնշյալ պայմանները գործի դրվելուց հետո ՌԽՖՍՀ-ի բարեկամական օժանդակությամբ վիճելի հողային հարցերի խաղաղ լուծման հիմունքները կմշակեն լրացուցիչ կերպով:
Վավերացնելու համար երկու կողմերի լիազորները ստորագրեցին և իրենց կնիքներով հաստատեցին այս արձանագրությունը:
Բնագիրը կազմված է և ստորագրված երկու օրինակով:
Լեգրան
Լևոն Շանթ, Համբարձում Տերտերյան, Լևոն Զարաֆյան:
* Շաւարշ Թորիկեան, ՙՀայկական հարցը եւ միջազգային օրէնքը՚, Համազգայինի Վահէ Սէթեան տպարան, Պէյրութ, 1976, էջ 247-249:
aniarc.am/2018/10/28/october-28-1920-armenia-russia-agreement/