Փաշինյանը պարտավոր է ազատագրված տարածքները չվերադարձնելով հանդերձ, պահպանել ստատուս քվոն ու խաղաղությունը

Միլսի հայտարարության չհասկացված նպատակը

25-10-2018 | Ադրբեջան | Քաղաքական

ԱՄՆ-ին պետք էր ազատագրված տարածքները վերադարձնելու հարցում մեր ոչ-ը ստանալ-արձանագրել՝ պատերազմի դեպքում հայտարարելու համար, որ դա մեր ընտրությունն էր:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը «EVN Report» ամսագրին տված հարցազրույցում, ինչպես արդեն հայտնի է, հանդես է եկել մի հայտարարությամբ, որի համաձայն, Արցախի հարցի լուծման համար հայկական կողմը ստիպված է լիենլու զիջել «գրավյալ տարածքները»:

Ըստ Միլսի, ստատուս-քվոն արդեն Հայաստանի օգտին չէ, և սա դրսևորվում է՝ սկսած փակ սահմաններից, մինչև նյութական պաշարների և մարդկային ռեսուրսների հետ կապված իրավիճակի լարվածություն, մինչև իսկ հակամարտության հետ կապված կոռուպցիոն ռիսկեր: Դեսպանը մասնավորապես ասել է, թե դաժան իրականությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ: Հայտնի է նաև, որ նրա այս հայտարարությունն արժանացավ հայ հասարակության բուռն ու զայրալից արձագանքին:

Եթե որևէ մեկը կարծում է, թե Ռիչարդ Միլսի հայտարարությունները պատահական են, սոսկ նրա անձնական կարծիքն են արտահայտում, կամ ընդամենը, պաշտոնը թողնելուց առաջ, դեսպանի կողմից տվյալ հարցում ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշման արտահայտումն են, չարաչար սխալվում է: Դատելով ամենից, Միլսի հայտարարություններն ունեն հատուկ նպատակ և պայմանավորված են ներկա պահի քաղաքական գործընթացներով և իրողություններով, ինչպես նաև մոտ ապագայի համար ԱՄՆ-ի նախապատրաստած սցենարով:

Առաջին հայացքից կարելի է այն խաբուսիկ տպավորությունը ստանալ, թե ԱՄՆ-ի դեսպանն իր այդ հայտարարություններով նպատակ է ունեցել «զոնդաժ» անել: Այսինքն՝ հետախուզական նպատակով շոշափել ու ստուգել ազատագրված տարածքները կամ դրանց թեկուզ մի մասն Ադրբեջանին վերադարձնելու հարցում հայ հասարակության ներկա տրամադրությունները, պարզել, թե հիշյալ տարածքները վերադարձնելու նկատմամբ մեր մերժողական վերաբերմունքը, որը տարբեր առիթներով բազմիցս արտահայտվել է նաև «թավշյա հեղափոխությունից» առաջ, այժմ անփոփո՞խ է մնացել, մեղմվե՞լ է, թե՞ հակառակը՝ ավելի է սաստկացել, դարձել ավելի կտրական: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, սա խաբուսիկ տպավորություն կլինի, ինչո՞ւ…

Այն պարզ պատճառով, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կամ ամերիկյան կողմը վերոնշյալ հարցի պատասխանը ստանալու նպատակով կարող էին համապատասխան սոցիոլոգիական հարցում պատվիրել որևէ հեղինակավոր ու վստահելի կազմակերպության, և մեր հասարակության դիրքորոշման վերաբերյալ մասնագիտական հարցման միջոցով ստանալ ավելի ստույգ պատասխան, քան սոցիալական ցանցերից ու ԶԼՄ-ներից:

Բացի այդ, առնվազն միամտություն կլինի կարծելը, թե ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունն այստեղ իր գործակալական ցանցը չունի և անտեղյակ է տվյալ հարցի առնչությամբ մեր հասարակության տրամադրություններին, վերաբերմունքին ինչպես մինչ «թավշյա հեղափոխությունը», այնպես էլ դրանից անմիջապես հետո և այժմ:

«Հիմա Միլսն ասում է՝ գիտեք ինչ, դուք այսպիսի բաներ եք ասել, բայց ժողովուրդն այսպես է մոտենում հարցին, և դա մեզ համար հայտնություն է,- հոկտեմբերի 19-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:- Իհարկե, ինքն այստեղ կեղծում է, հայտնության ոչինչ չկա, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը 20-25 տարի այստեղ չի հասկացել դա իր ամբողջ դիվանագիտական կազմով, իր հետախուզական կազմով եթե չեն կարողացել ճիշտ վերլուծել դա, ուրեմն ամերիկյան դիվանագիտությունը շատ ցածր մակարդակի վրա է, իսկ ես այդ կարծիքին չեմ:

Նրանք շատ լավ գիտեն, թե ինչ փաստաթղթեր են եղել, ղեկավարությունն ինչեր է ասել, մասնավորապես՝ վերջին նախագահը բարձր ամբիոններից,. իսկ ժողովուրդն ինչ մտայնություն ունի, ժողովուրդը երբեք և երբեք չի գնա դրան: Ով որ նման քայլի փորձի դիմել, ինչ ղեկավար էլ լինի, նշանակում է՝ նա կկնքի իր մահկանացուն: Ես միանշանակ եմ սա ասում և նորից եմ կրկնում՝ մենք տալու ոչինչ չունենք, մի թիզ հող տալ Ադրբեջանին՝ նշանակում է հանձնել Ղարաբաղը, հանձնել Ղարաբաղը՝ նշանակում է կորցնել Հայաստանը»:

Պարոն Նավասարդյանն այս հարցում, իհարկե, միանշանակ իրավացի է և միանգամայն ճիշտ գնահատականներ է տվել, սակայն զարմանալի է, որ ինչպես նա, այնպես էլ հայաստանյան այլ դիվանագետներ, քաղաքագետներ, փորձագետներ ու քաղաքական գործիչներ չեն նկատել կամ կարևորել հիշյալ հարցազրույցում Միլսի առկա այլ դրույթներ, չեն կարդացել նրա արտահայտած մտքերի տողատակը կամ չեն անդրադարձել դրանց: Իսկ դրանցից ամենակարևորը ահա թե որն է. Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի (այժմ արդեն՝ նախկին) խոսքով՝ հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչի է պատրաստ:

Իրականությունն անտեսելու գնով ցանկանալով ևս մեկ անգամ ընդգծել հայ ժողովրդի պատասխանատվությունն իր ապագայի, իր ճակատագրի, իրադարձությունների հետագա զարգացման առումով, Միլսն ասել է, որ ինքը ցնցված է, թե որքան քիչ են քննարկվում ընդունելի լուծման և փոխզիջումների հարցերը:

Սրանով դեսպանը, միաժամանակ, փորձել է ամրագրել վերոնշյալ պատասխանատվության առումով հայերիս թերացումը՝ այն դեպքում, երբ իրականում փոխզիջումների հարցերը տարբեր ժամանակներում բավականաչափ քննարկվել են, իսկ թե դրանք Ադրբեջանի համար ընդունելի՞ լուծում են, թե ոչ, բոլորովին այլ հարց է (չենք կարծում, թե Միլսը կորցրել էր հիշողությունն ու հարցազրույցի պահին չէր հիշում, որ Ադրբեջանի համար ընդունելի լուծում չէ նույնիսկ ազատագրված տարածքների մի մասի վերադարձը՝ արտահայտված Մադրիդյան սկզբունքներում և Կազանյան փաստաթղթում):

Հիմա անդրադառնանք այն հարցին, թե Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն ինչու է ընդգծել, որ հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչի է պատրաստ, ինչո՞ւ է դեսպանն այս հարցի մասին խոսել հենց հիմա: Միլսն ուղերձ է փոխանցել, որ խաղաղության հնարավոր չէ հասնել առանց ազատագրված (իր ձևակերպմամբ՝ գրավյալ) տարածքները վերադարձնելու, և հասարակությունը պետք է որոշի…

Նա, ըստ էության, շեշտել է հասարակության դերը, ակնարկել, որ որոշումը հասարակությանը պետք է լինի, և որ առանց այդ որոշման (ազատագրված տարածքները կամ դրանց մի մասն Ադրբեջանին վերադարձնելու), չի կարող լինել կարգավորում, իսկ խնդիրը չկարգավորելու այլընտրանքը կա՛մ ստատուս քվոն է (որը, ինչպես Միլսն է նշել, արդեն Հայաստանի օգտին չէ), կա՛մ պատերազմը: Հետևաբար…

Եթե Արևմուտքի համապատասխան կենտրոնների և Ադրբեջանի նախապատրաստած պատերազմից առաջ «թարգմանենք» դեսպանի ասածը, կստացվի այսպես՝ «սիրելի» հայ ժողովուրդ, տեսեք՝ մենք ձեզ շատ պարզորոշ ասել, ժամանակին զգուշացրել ենք, որ խնդիրը կարգավորելու ու պատերազմից խուսափելու միակ միջոցն ազատագրված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելն է, եթե դուք որոշում եք, որ վերադարձնելուն պատրաստ չեք, դեմ եք, ուրեմն իմացեք, որ դա ձե՛ր որոշումն է, դո՛ւք այդպես ուզեցիք ու դրանով արտահայտեցիք պատերազմի դեպքում դրա բոլոր հետևանքները կրելու ձեր պատրաստակամությունը, հետևաբար մեզ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, չմեղադրեք հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը չհասնելու կամ Ադրբեջանին չզսպելու մեջ, մենք այս «խաղից» մաքուր ենք դուրս գալիս, պատերազմի դեպքում մեղք չի ունենա նաև ձեր երկրի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա պարզապես կատարած կլինի ձեր որոշումը:

Որևէ կասկած ունե՞ք, որ պատերազմի ու դրա հնարավոր ծանր հետևանքների դեպքում Նիկոլ Փաշինյանն էլ նույն է ասելու՝ ժողովո՛ւրդ ջան, ես պարզապես ձեր որոշումը կատարեցի՝ մերժեցի Ադրբեջանին, որպես փոխզիջում, ազատագրված տարածքները վերադարձնելու առաջարկը: Ընդ որում, Փաշինյանը սա կասի ծայրահեղ դեպքում, իսկ բանակցային ձևաչափի փոփոխության ու բանակցություններում Արցախի ներգրավմանը հասնելու պարագայում (ինչին ձգտում է), շատ ավելի հավանական է, որ նա ծանր հետևանքների դեպքում ողջ պատասխանատվությունը կգցի Արցախի ղեկավարության և բնակչության վրա՝ հայտարարելով, որ նրանք որոշեցին չվերադարձնել…

Միլսի միջոցով Փաշինյանից ԱՄՆ-ի ուզածը, սակայն, ավելին է, քան պատասխանատվությունն Արցախի վրա գցելը: Դեսպանի հայտարարություն-հնարքի արդյունքում իր նպատակին հասնելուց՝ հայ հասարակության միանգամայն սպասելի բուռն դեմը ստանալ-արձանագրելուց և Նիկոլ Փաշինյանին համապատասխան քաղաքականության համար համապատասխան հենք ապահովելուց հետո, Միացյալ Նահանգներն ուզում է, որ Փաշինյանը համանախագահներին և Ալիևին ասի, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման նախկին փաստաթղթերը (Կազանյան և նախորդած) այլևս ընդունելի չեն, քանի որ տրամադրություններ, իրավիճակ է փոխվել, տեսեք՝ ժողովուրդը դեմ է տարածքները վերադարձնելուն, ազգային շահերն այսօր այլ լուծումներ են թելադրում, հիշյալ փաստաթղթերը հակասում են Հայաստանի, հայ ժողովրդի ազգային շահերին (իրականում տրամադրությունները նույնն են՝ մերժողական, իսկ ազգային շահերը թելադրում են պահպանել առկա ստատուս քվոն):

Թե վերոնշյալի առումով ինչպե՞ս կվարվի Նիկոլ Փաշինյանը, որը, ամենայն հավանականությամբ, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո վերստին ընտրվելու է ՀՀ վարչապետ, դեռ դժվար է միանշանակ ասել, դա պարզ կդառնա այն բանից հետո, երբ նա վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ կզբաղեցնի: Փաշինյանը քանի դեռ իշխանությունն ամբողջությամբ չի վերցրել (գործադրից բացի, նաև օրենսդիր ու դատական), արցախյան հարցում իր խաղաքարտերն ամբողջությամբ չի բացի…

Սակայն, ուրվագծվող սցենարները կարծես թե արդեն պարզ են. Փաշինյանը կամ ազատագրված տարածքների վերադարձը մերժել- չմերժելը կհամարի Արցախի գործը, և երկու դեպքում էլ հետևանքների համար պատասխանատվությունը կդնի Արցախի ղեկավարության ու բնակչության վրա, կամ հայկական կողմի մերժողական դիրքորոշման մասին անձամբ կհայտնի Ալիևին ու համանախագահներին: Անկախ նրանից՝ մերժողն Արցախը կլինի, թե Փաշինյանը կամ Հայաստանը, երկու դեպքում էլ, կարծում եմ, հետևանքը Արևմուտքի համապատասխան կենտրոնների դրդմամբ կամ գուցե նույնիսկ հարկադրմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծվող լայնամասշտաբ պատերազմն է լինելու:

Ոմանք գուցե հարցնեն՝ իսկ ձեր ասածն ի՞նչ է, ո՞րն է ձեր ուզածը, որպեսզի պատերազմ չլինի, Արցախի իշխանությունը կամ Փաշինյանն ազատագրված տարածքները վերադարձնի՞… Իհարկե՛ ոչ: Վերադարձնելը, մեկ անգամ ևս կրկնենք, կնշանակի, ուշ թե շուտ, հանձնել Ղարաբաղը, իսկ հանձնել Ղարաբաղը՝ կնշանակի կորցնել Հայաստանը: Սա միանշանակ անթույլատրելի է:

Այդ դեպքում ինչպե՞ս վարվել… Իսկ ինչպե՞ս էին վարվում ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները… Նրանք ազատագրված տարածքները կամ նրանց թեկուզ մի մասը վերադարձնելու իրավական պարտավորություն ամրագրող որևէ փաստաթուղթ ստորագրեցի՞ն, առավել ևս՝ փաստացի վերադարձրեցի՞ն… Իհարկե՛ ոչ:

Նրանք պահպանեցին ստատուս քվոն և խաղաղությունը (ապրիլյան քառօրյա լայնածավալ ռազմական գործողությունները չշփոթենք պատերազմի կամ լայնամասշտաբ պատերազմի հետ), ինչն ինչպես երեկ, այնպես էլ հատկապես այժմ խիստ կարևոր են Հայաստանի և Արցախի համար: Հենց նույնն էլ պարտավոր է անել Նիկոլ Փաշինյանը, եթե չի ուզում վտանգել խաղաղությունը՝ Ադրբեջանին տալով պատերազմ սանձազերծելու հիմքը և ազատագրված տարածքները, կամա թե ակամա, հանձնել նրան՝ դրանք պատերազմում պաշտպանել ու պահպանել չկարողանալով (պարտադիր չէ, որ ազատագրված տարածքների վերադարձը կատարվի ինչ-որ փաստաթղթի ստորագրմամբ):

Ճիշտ է, որպես բանակցային սկզբունքներից մեկը համարվող փոխզիջում, Ռոբերտ Քոչարյանն իր համաձայնությունը տվել է Մադրիդյան սկզբունքներին, Սերժ Սարգսյանն էլ՝ Կազանյան փաստաթղթին (ավելի վաղ իր ստորագրած մի շարք փաստաթղթերով ազատագրված տարածքներն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանը): Հիշյալ երկու փաստաթղթով էլ ենթադրվում է ազատագրված տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին:

Սակայն, Քոչարյանի և Սարգսյանի նախագահության շրջանում ասվել է նաև, որ ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ, այսինքն՝ քանի դեռ չկա բոլոր խնդիրները ներառող փաթեթի շուրջ ընդհանուր համաձայնություն: Հաշվի առնելով, որ դիվանագիտությունը հնարավորինի արվեստն է, նրանք կարողացել են Ադրբեջանին այնպիսի պայմաններ ու պահանջներ առաջադրել (փախստականների վերադարձի և այլ հարցերի առնչությամբ), որ Ադրբեջանը նույնիսկ ազատագրված տարածքների մի մասը վերադարձնելուն Հայաստանի համաձայնության դեպքում չի համաձայնել առաջարկվող լուծումներին:

Դրա շնորհիվ է, որ պահպանվել են ստատուս քվոն և խաղաղությունը, հետևաբար նույնն էլ պահանջվում է Փաշինյանից, նա էլ պետք է նույն կերպ վարվի, ժամանակ շահի՝ մինչև Հայաստանի և Արցախի բավականաչափ հզորացումը (մի խնդիր, որ չնայած ժամանակ շահելուն, նախորդ իշխանությունները չլուծեցին), եթե, իհարկե, չի ցանկանում, որ Ադրբեջանը պատերազմ սկսի հիմա:

Ի հակադրություն Միլսի ասածի, մեզ հիմա հենց ստատուս քվոն է պետք, ստատուս քվոյի դեմ ԱՄՆ-ի դեսպանի նշած փաստարկները (նյութական պաշարների և մարդկային ռեսուրսների հետ կապված իրավիճակի լարվածություն, հակամարտության հետ կապված կոռուպցիոն ռիսկեր) նոր իշխանության պայմաններում այլևս դադարելու են փաստարկներ լինելուց, եթե, իհարկե, նորերը դրականորեն տարբերվում են նախորդներից:

Պատերազմը հիմա մեզ ոչ թե պարզապես ձեռնտու չէ,

այլ ուղղակի հակացուցված է, քանի որ նախորդ իշխանությունների մեղքով, հատկապես մեծամասշտաբ արտագաղթի հետևանքով Հայաստանն այժմ ժողովրդագրական ծանր իրավիճակի առաջ է կանգնած:

Երկրորդ՝ մեր հասարակությունը հիմա բարոյահոգեբանական առումով պատրաստ չէ պատերազմի, մեր ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի ու նրա շրջապատի, մոլեռանդ հետևորդների մեղքով վերջին 27 տարում երբեք այսքան պառակտված և ոչ միասնական չի եղել, որքան այժմ: «Սիրո և համերաշխության» հռչակված «թավշյա հեղափոխությունն» իրականում ատելության էր: Այն հայհոյանքներով, զրպարտությամբ, նույնիսկ հաշվեհարդարի սպառնալիքներով ուղեկցվող ատելության հենքի վրա էր: Ընդ որում, ոչ միայն այդ պահին գոյություն ունեցող իշխանության, այլև հասարակության յուրաքանչյուր անդամի նկատմամբ ատելության, ով միանգամայն հիմնավոր կերպով և իրավացիորեն կամ նույնիսկ ամենաբարի մղումներով կփորձեր փոքր-ինչ քննադատական խոսք ասել «թավշյա հեղափոխության» առաջնորդներից և ակտիվիստներից որևէ մեկի հասցեին կան նրա գործելակերպի վերաբերյալ:

Երրորդ՝ Հայաստանի տնտեսության ու բյուջեի վիճակը դեռ մխիթարական չէ, արդյունաբերական հզոր ձեռնարկություններ գրեթե չունենք, ինչն էլ թույլ չի տալիս Ադրբեջանին համարժեք զինվել (միակ լուրջ բացառությունը ՀՀ-ին Ռուսաստանի տված և ոչ մեծ քանակի «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրներն են):

Չորրորդ՝ մեր երկիրն այժմ անցումային դժվարին շրջանում է գտնվում (կադրային փոփոխություններ, նաև սխալ նշանակումներ, կարևոր պաշտոններում արհեստավարժ կադրերի պակաս և այլն), առաջիկայում էլ առնվազն 1-2 տարի այդ վիճակում է լինելու:

nt.am/am/news/260848/
Արթուր Հովհաննիսյան

Նոյյան տապան – Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Facebooktwitterredditpinterestlinkedinmail