Շատ հնարավոր է, որ կործանվողը հենց ինքը՝ ԱՄՆ-ը լինի, փոս փորողն ինքն ընկնի թակարդ

23-10-2018 | ԱՄՆ | Քաղաքական

Դոլարն արդեն հարվածի սպառնալիքի տակ է, Մոսկվան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը դիմակայելու համար
ԱՄՆ-ի «դոլարային կայսրո
ւթյունը» կարծես թե կանգնած է փլուզման վտանգի առջև: Ռուսաստանի կառավարությունն առաջիկայում կարող է խորհրդարանի ընդունմանը ներկայացնել ՌԴ ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի առաջարկով («Կոստինի պլան») իր մշակած օրենքի նախագիծը:

Եթե այն վերածվի օրենքի, ապա Ռուսաստանը, բացառությամբ ԱՄՆ-ի ու մի քանի այլ պետությունների, մնացած երկրների հետ առևտրային և այլ գործարքներն այլևս ԱՄՆ դոլարով չի անի, կհրաժարվի դրանից, գործարքները կկատարվեն ռուբլով և այլ արժույթներով: Դա, անշուշտ, լավ է, քանի որ բազմաթիվ երկրների նհետ դոլարային գործարքներից հրաժարվելով, վերջ կտրվի համաշխարհային տնտեսությունում դոլարի մենաշնորհին, ՌԴ-ի ու մնացած պետությունների տնտեսություններն իրենց կայունության առումով այլևս կախված չեն լինի մեկ երկրի, տվյալ պարագայում՝ ԱՄՆ-ի արժույթից: Հիշյալ օրենքի նախագծով նախատեսվում է, որ, օրինակ, Եվրամիության երկրներին վճարումները կատարվելու են եվրոյով, Չինաստանին՝ յուանով, ԵԱՏՄ անդամ երկրներին՝ ռուբլով: Այդ երկրներն էլ Ռուսաստանից ինչ-որ բան գնելիս, բնականաբար, կվճարեն ռուբլով, ինչը կբարձրացնի ռուբլու արժեքը:

Միաժամանակ սպասելի է, որ Ռուսաստանի նման խոշոր տնտեսություն ունեցող երկրի, ինչպես նաև, նրան հետևելով, աշխարհի այլ երկրների կողմից դոլարային գործարներից հրաժարվելը կարող է նույնիսկ աղետալի լինել ամերիկյան տնտեսության և, ընդհանրապես, ԱՄՆ-ի համար: Մանավա՛նդ, ներկա ժամանակաշրջանում, երբ Դոնալդ Թրամփի վարչակարգի ֆինանսական սխալ քաղաքականության հետևանքով ԱՄՆ-ի բյուջեի այս տարվա դեֆիցիտն արդեն իսկ կազմել է 779 մլրդ դոլար, ինչն աննախադեպ է վերջին վեց տարում (անցյալ տարի այն կազմել է 666 մլրդ):

Ավելին. սպասվում է, որ հաջորդ ֆինանսական տարում ԱՄՆ-ի կառավարության բյուջեի դեֆիցիտը գերազանցելու է 1 տրիլիոն դոլարը, ինչը նշանակում է, որ ամերիկյան դոլարն իրականում էլ ավելի անարժեք է լինելու (ԱՄՆ-ի դոլարի ներկայիս բարձր արժեքն արհեստական է՝ «փչված» դոլարի ու դրա ետևում կանգնած պետության հեղինակությամբ, աշխարհում ԱՄՆ-ի քաղաքական և այլ ազդեցություններով):

Թեև, ինչպես արդեն նշեցինք, Ռուսաստանի և այլ պետությունների կողմից դոլարային գործարքներից հրաժարվելը կարող է աղետալի լինել ԱՄՆ-ի տնտեսության, ֆինանսատնտեսական համակարգի վրա, պետք է նկատի ունենալ, որ հենց Միացյալ Նահանգներն է, որ Ռուսաստանի նկատմամբ իր ֆինանսատնտեսական պատժամիջոցներով վերջինիս դրդել է դոլարային գործարքներից հրաժարվելու մտադրություն դրսևորել, թեև դոլարային գործարքներից հրաժարվելու նպատակը պաշտոնապես հայտարարվում է գործարար հատվածի համար համապատասխան պայմանների ստեղծումը, որպեսզի նրանք արտաքին գործարքներում վճարումները կատարեն իրենց նախընտրած արժույթով:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեկ այլ առիթով, Թուրքիան իր մտադրությունն է հայտնել Ռուսաստանից տոննան 17 000 ռուբլով 30 հազար տոննա ցորեն գնելու վերաբերյալ: Ենթադրվում է, որ այսպիսի գործարքների քանակը և փոխանցվող գումարների չափն առաջիկայում կավելանա, ընդ որում, խոսքը չի վերաբերվում միայն Թուրքիայի կողմից կատարվող գնումներին: Ազգային արժույթների կիրառման պարագայում Ռուսաստանի, Թուրքիայի և այլ երկրների (հատկապես՝ ամերիկյան պատժամիջոցների տակ ընկած) տնտեսությունները շահելու են:

Հաշվի առնելով, թե դոլարային գործարքներից հրաժարվելու պարագայում ԱՄՆ-ն ինչ նոր պատժամիջոցների կամ սահմանափակումների կարող է դիմել իր նկատմամբ՝ մասնավորապես ձգտելով «տորպեդահարել» երկրի տնտեսության համար չափազանց կարևոր բանկային համակարգը, Ռուսաստանն արդեն իսկ քայլեր է կատարում իր բանկերի կայունությունը, բնականոն աշխատանքն ապահովելու համար: Այդ իսկ նպատակով հայտնի SWIFT-ի նմանակությամբ ստեղծում է իր սեփական SWIFT-ը, ավելին՝ հայտարարել է, որ արտասահմանյան բանկերը մինչև 2018թ.ավարտ արդեն կարող են իր SWIFT-ի անդամ դառնալ:

Ըստ ԻՌՆԱ-ի հաղորդման, ՌԴ ԿԲ-ի փոխտնօրեն Օլգա Սկորոբոգատովան հոկտեմբերի 22-ին հայտարարելով վերոնշյալի մասին, տեղեկացրել է, որ «Արտասահմանյան ֆինանսական կառույցներին ու գործարարներին ռուսական SWIFT-ի օգտագործումը հնարավորություն է տալիս համագործակցել ռուսական այն ընկերությունների հետ, որոնց անունը հայտնվել է Արևմտուքի պատժամիջոցների ցուցակում»:

Օ. Սկորոբոգատովայի հավաստմամբ, դեռ մեկ ամիս առաջ ռուսական SWIFT-ին էին միացել Ռուսաստանի 416 հայտնի ընկերություններ ու հաստատություններ, ներառյալ այնպիսի ծանրակշիռ ու հեղինակավոր կառույցներ, ինչպիսիք են ֆեդերալ գանձապետարանը, «Ռոսնեվթ»-ը և «Գազպրոմ»-ը: Ավելին. ՌԴ Կենտրոնական բանկի փոխտնօրենի տեղեկացմամբ, ռուսական SWIFT-ի համակարգին միանալո ցանկություն են հայտնել Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան:

«Ռուսաստանի ու որոշ դաշնակիցների դեմ պատժամիջոցներ գործադրելով, ԱՄՆ-ը ռազմավարական սխալ է թույլ տվել»,- ասել է Օլգա Սկորոբոգատովան:

Ռուսաստանի Կենտրոնական բանկի տնօրեն Էլվիրա Նաբիուլինան էլ, իր հերթին, հայտարարել է, որ «Ռուսական SWIFT-ի ստեղծմամբ հնարավորություն է ստեղծվում, որպեսզի SWIFT-ից Ռուսաստանին դուրս հանելու դեպքում այդ երկրի բանկերը շարունակեն իրենց բնականոն աշխատանքը»:

Ռուսաստանի դեմ այդ երկրին ծնկի բերելու նպատակով ԱՄՆ-ի քայլերը միայն ֆինանսատնտեսական ոլորտում չեն, կարելի է ասել՝ գրեթե բոլոր ոլորտներում են: Դրանց թվում են նաև ռազմականն ու ռազմաքաղաքականը: Ռուսաստանը, սակայն, պատրաստ է դիմակայել նաև դրանց: Ինչպես արդեն հայտնի է, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերջերս վերջնական է հայտարարել հիշյալ կառույցին Վրաստանի անդամակցությունը, թեև Վրաստանն այն պետություններից է, որոնք չլուծված տարածքային վեճ ունեն մեկ այլ երկրի հետ (տվյալ պարագայում՝ Ռուսաստանի): Գուցե ՆԱՏՕ-ի համար դա այլևս կարևոր չէ՞, հակառակը՝ միգուցե նույնիսկ լա՞վ է…

Հակադարձելով Ստոլտենբերգի հիշյալ հայտարարությանը, ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան օրերս հայտարարել է, որ «Մոսկվան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցությանը դիմակայելու համար»:

Թե Ռուսաստանն ինչպե՞ս է դա անելու, խոսքը մասնավորապես ի՞նչ քայլերի մասին է, Զախարովան չի մանրամասնել: Վրաստանից «Սպուտնիկ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրաստանի լրագրողների հետ հեռուստակամրջի ընթացքում Մարիա Զախարովան ՆԱՏՕ-ն սպառնալիք համարելով Ռուսաստանի համար, ասել է. «ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանն դիմակայելու ուղղությամբ Ռուսաստանի ձեռնարկելիք «անհրաժեշտ քայլերի» մասին կարող են ավելի լայն բացատրություններ տալ ռազմական փորձագետները»:
ՌԴ արտգործնախարարության մամուլի քարտուղարն ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ն ակումբ չէ, որտեղ մարդասիրական նպատակներով հավաքված լինեն մարդիկ, այլ այն ռազմական կոալիցիա է, որի նպատակն, իրենց խոսքերով, Ռուսաստանի զարգացումը կանխելն է»:

Դե, «զարգացումը» շատ մեղմ է ասված, այդ բառն ընտրված է դիվանագիտական բառապաշարից, իրականում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նպատակը Ռուսաստանի կործանումն է, առնվազն այդ երկրին ծնկի բերելը, ինչպես ասում են, շան օրը գցելը կամ շատ ավելի վատ վիճակի հասցնելը, քան այն ելցինյան ժամանակաշրջանում էր: Սակայն, ինչպես ասում են, ցանկությունները մի բան են, իրականությունը՝ մեկ այլ բան, շատ հնարավոր է, որ փոս փորողն ինքն ընկնի թակարդ, կործանվողը հենց ինքը՝ ԱՄՆ-ը լինի:

Արթուր Հովհաննիսյան

Նոյյան տապան – Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

nt.am/am/news/260755/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail