01 ՆՈՅԵՄԲԵՐ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Թրամփեան Ամերիկայի շունչը անցեալ շաբաթուայ ընթացքում զգաց նաեւ Կովկասի տարածաշրջանը: Անվտանգութեան հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ճոն Պոլթոնը Թրամփեան ամերիկայի հռետորաբանութեամբ այցելեց տարածաշրջան՝ Վրաստանին, Ադրբեջանին եւ Հայաստանին հրամցրեց Ամերիկեան շահը գերակայող քաղաքականութեան «առաջարկները», որոնք, ըստ էութեան, ոչ թէ առաջարկ էին, այլ սպառնալիքով համեմուած թելադրանք: Ինչքան էլ Հայաստանի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան պատասխանատուները պնդեն, թէ Պոլթոնի ասուլիսներում հնչեցրած մտքերը պաշտօնական բանակցութիւնների նիւթ չեն դարձել, պէտք է հաստատենք, որ հենց այդ միջոցով էլ Պոլթոնը փորձեց Հայաստանին հրամցնել Ամերիկեան մօտեցումներն ու սպասելիքները Հայաստանից:
Պոլթոնի արտայայտութիւնները կարող են թուալ մանրուքներ, սակայն ընդհանուր քաղաքականութիւնը, որպէս համակարգ, բաղկացած է հենց այդ մանրուքներից: Եւ հենց այդ մանրուքներն են կերտում ընդհանուր քաղաքական հայեցակարգը: Ըստ ամենայնի, Պոլթոնի այցով Ամերիկան Հայաստանին առաջարկեց դառնալ ոչ թե հիւսիս-հարաւ կապող օղակ, այլ արեւելք-արեւմուտք միջանցք, որը տեղաւորւում է ամերիկեան գերակայ ծրագրերի մէջ եւ որով Ամերիկան փորձում է ակտիվացնել իր հաւակնութիւնները տարածաշրջանում: Եւ այդպէս պահանջուեց Հայաստանից՝ ձերբազատուել պատմական կաղապարներից, «անկախանալ» Ռուսաստանից՝ Ամերիկայից զէնք գնելով, մասնակցել Իրանի դէմ ուղղակի սեղմմանը, յառաջիկայ ընտրութիւններում ձեւաւորել ուժեղ մանդատ Արցախում կտրուկ քայլերի գնալու համար, որը ենթադրում է՝ տարածքներ հաղորդակցման ուղիների դիմաց պայմանաւորուածութիւններ:
Պարզ է, որ Հայաստանը, այդ թւում՝ Արցախը, Ամերիկայի մեծապետական շահերի համար «մանրուքներ» են, բայց մեզ համար քաղաքական ուղղութեան փոփոխութիւնը կարող է յանգել լինել կամ չլինելուն: 1918-թ յունուարին Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Հայաստանը զոհ գնաց բոլշեւիկեան Համաշխարհային յեղափոխութեանը՝ ռուսական զօրքերը նահանջեցին Արեւմտեան Հայաստանից: 2003-ի վարդերի յեղափոխութիւնից յետոյ Վրաստանը գնաց այդ ճամբով եւ 2008-ի ռուս-վրացական պատերազմից յետոյ վերջնականապէս զոհաբերուեց յանուն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ միջանցքի կառուցմանը: Իսկ հիմա Ամերիկան մեզ հրաւիրում է իր ծրագրերի զոհասեղանին:
Հասկանալի է, որ Ամերիկայի կողմից մեզ արուած այս առաջարկները այն առաջարկներից չեն, որ արւում են սեփական կամքով դրանք ընդունելու կամ մերժելու դիտանկիւնով: Դրանք իրանց յետեւից բերելու են թէ՛ պարտադրանք, թգ՛ պատժամիրոց եւ, ինչու չէ, ընդունման դէպքում՝ խրախուսանք: Դժուար ընտրութեան առաջ է կանգնած Հայաստանի Հանրապետութեան ղեկավարութիւնը: Որպէս դիմակայութեան առաջին քայլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Արցախեան հարցի ճակատագրի որոշման դերակատար դարձրեց նաեւ սփիւռքին՝ փորձելով դիմակայութեան ճակատը ընդլայնել, սակայն, ըստ ամենայնի, ծանր է լինելու վերջնական որոշման կայացման հանգրուանը: Իսկ այդ որոշման գաղափարական հնոցը եւ դիմակայութեան վերջնակէտը, ինչպէս 30 տարի առաջ, վճռուելու է Արցախում:
Խմբագրական «Ապառաժ»ի
ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէի պաշտօնաթերթ
Ստեփանակերտ
horizonweekly.ca