Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի արտգործնախարարությունը, հոկտեմբերի 3-ին ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը Հաթայի նահանգի Յայլադաղ սահմանային բնակավայրից հարավ: Թուրքական F-16 ռազմական ինքնաթիռները, իբր թե ստիպել են ռուսական ռազմական ինքնաթիռին վերադառնալ Սիրիայի օդային տարածք: Անկարայում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն, ուր նրան է հանձվել բողոքի նոտա:
Մինչդեռ Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբն այսօր հայտարարություն է տարածել, որ ռուսական ռազմական ինքնաթիռները վեց ռմբահարում են իրականացրել Սիրիայի Իդլիբի շրջանում, իսկ նույն շրջանի հյուսիս-արեւելյան անտառածածկ տարածքում ոչնչացվել է քողարկաած ռազմական բազա, ուր առկա էր նաեւ Սիրիայի բանակից խլված Т-55 տանկ:
Ռուսական կողմը պատասխանել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռը «սխալմամբ» է մտել Թուրքիայի օդային տարածք:
Հարց է առաջանում, թե ինչու էր ռուսական ռազմական ինքնաթիռը մոտեցել Քեսապ- Յայլադաղ սահմանային անցակետին եւ հետախուզական թռիչք կատարել սահմանի անմիջական երկարությամբ:
Բանն այն է, որ Քեսապից մի քանի կիլոմետր հեռավորությամբ առկա է Սիրիա-Թուրքիա սահմանային Յայլադաղ անցակետը, որը 2014 թվականի մարտի 23-ին թույլ տվեց զինված ահաբեկիչներին գիշերն անցնել սահմանը եւ գրավել հայկական Քեսապ բնակավայրը:
Ռուս ռազմական մասնագետները տեղյակ են, որ հենց այդ սահմանային անցակետով է մատակարարվում զենք եւ զինամթերք Լաթակիայի հյուսիսում եւ Քեսապի շուրջ անտառածածկ տարածքներում գործող թուրքմենների զինյալ ջոկատներին:
Հետախուզական թռիչքն անհետեւանք չի մնա եւ առաջիկայում թուրքմենական գյուղերի հարեւանությամբ անտառածածկ բարձունքերը եւս կենթարկվեն ռմբահարման:
Ի վերջո, Քեսապը կազատվի անվստահելի հարեւաններից, որոնք ամեն պահի կարող են նորից հարձակվել, իսկ սահմանային անցակետը կդադարի լինել անվտանգ թուրքական գործակալներից բաղկացած զինյալ խմբերի համար:
Armweeklynews.am / 05.10.2015
WA State Gov