Հայաստանը կարող է հանել իր ամենահզոր զենքերը

01.11.2018 – ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:

Երեւանում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները Մոսկվայում նախ լուռ նյարդայնություն առաջացրին, իսկ հետո պաշտոնապես մեկնաբանվեցին: Հայաստանում պաշտոնական մեկնաբանություններ գրեթե չեղան. ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է մեկնաբանել Բոլթոնի հայտարարությունները՝ նշելով, որ դիվանագիտությունում հրաժարվելը եւս կարծիք է: Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանն էլ ընդհանրապես շրջանցել են այդ հայտարարությունները:

Հայաստանում բուռն վեճ է սկսվել նոր իշխանության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շուրջ: Նախկին իշխանության ներկայացուցիչները, օրինակ Վիգեն Սարգսյանը պնդում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը տապալվել է բոլոր ուղղություններով: Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարել է, որ կառավարությունը ղարաբաղյան կարգավորման մշակած դիրքորոշում չունի:

Այդուհանդերձ, Հայաստանի նոր կառավարությունը կարողանում է հավասարակշռություն պահպանել բարդ աշխարհքաղաքական իրավիճակում, երբ Հայաստանը հայտնվել է աշխարհակարգի վերանայման կիզակետում:

Հայաստանը փաստարկներ ունի՞, որոնց օգնությամբ կարող է քաղաքական երկխոսություն վարել ու պահանջել բավարարել իր ազգային շահերն ու իրավունքները: Չնայած Հայաստանում հեղափոխությունն արտաքին քաղաքականությունն ինքնիշխան հունի վրա դնելու լավ հնարավորություն էր, հազիվ թե հաջողվի ժողովրդավարական բարեփոխումները դարձնել Հայաստանի միակ բրենդը:

Պետք են ավելի պրագմատիկ փաստարկներ ու գործիքներ, որոնցից Հայաստանը շատ ունի իր զինանոցում: Նախկին իշխանությունը, որն այժմ փորձում է ընդդիմախոսել նոր կառավարությանը, չի օգտագործել այդ հաղթաթղթերը, քանի որ նրա գլխավոր մոտիվացիան իշխանության պահպանումնէր: Մինչդեռ, այդքան հզոր փաստարկների օգտագործումը հնարավոր է միայն լիարժեք լեգիտիմության դեպքում, հակառակ դեպքում դրանք կարող են իշխանության դեմ խաղալ:

Այդ զենքերից մեկը Իրանի հետ 145 կմ երկարությամբ սահմանն է, որի 45 կմ-ը հսկում են ռուս սահմանապահները, իսկ 100 կմ-ն անցնում է Արցախի սահմանով: Այն իրավիճակում, երբ ԱՄՆ-ն փորձում է հասնել Իրանի լիարժեք մեկուսացմանը, 145 կիլոմետրանոց սահմանը կարեւոր փաստարկ է միջազգային քաղաքականությունում, ինչպես Իրանի, այնպես էլ Արեւմուտքի հետ հարաբերություններում:

Իրանը չի մոռանում այդ մասին, եւ պատահական չէ, որ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի պաշտպանության նախարարների հանդիպմանը Թեհրանը միանշանակ հանդես չի եկել Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնման օգտին՝ ընդգծելով, որ կարգավորումը պետք է բացառապես խաղաղ լինի:

Արեւմուտքը նույնպես չի կարող անտեսել այս գործոնը, եւ պատահական չէ, որ ԱՄՆ-ն Հայաստանին ամերիկյան զենք է առաջարկել: Չնայած շատ փորձագետներ այս առաջարկն անիրական են անվանում ամերիկյան զենքի բարձր գնի պատճառով, բայց ո՞վ է ասել, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն չի կարող անվճար մատակարարել զենքը: Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն ինչպես կօգտագործի փաստարկները:

Երկրորդ կարեւոր փաստարկը Հայաստանի կառավարության լռությունն է սպառազինության մատակարարման ԱՄՆ առաջարկի նկատմամբ: Նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալու է ՀԱՊԿ վեհաժողովը, եւ Նիկոլ Փաշինյանը կարող է արդյունավետ օգտագործել այդ փաստարկը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ երկրների հետ քաղաքական երկխոսությունում: Ի վերջո, ՀԱՊԿ դաշնակիցները պետք է ըստ արժանվույն գնահատեն Հայաստանի զուսպ արձագանքն այդքան շահավետ առաջարկի հանդեպ: Եվ հասկանան, որ Հայաստանը կարող է փոխել կարծիքը:

Մի կարեւոր զենք էլ կա, որը Հայաստանը կարող է օգտագործել անհրաժեշտ պահի՝ ռուս-թուրքական անօրինական պայմանագրերը, որոնցով որոշվել են Հայաստանի սահմանները: Եթե աշխարհակարգի ու սահմանների վերանայում սկսվի, Հայաստանը կարող է լիարժեք օգտագործել իր փաստարկները:

lragir.am/2018/11/01/391676/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail