Տուրցխ, Խուլգումո. կաթոլիկ հայերը Ջավախքում

(Վերադարձուած արխիւներ – Archives retournées – Returned Archives:lousavor-avedis.org/?p=)

31 ՄԱՅԻՍ 2015 – aniarc.am:

Հայր Անդրե վարդապետ Յանեցկին դժգոհում է՝ Սամցխե Ջավախքի կաթոլիկ հայկական գյուղերի եկեղեցիներում հոգեւորականների խիստ պակաս կա: Վարդապետի բողոքը տեղին է: Եթե հայ կաթոլիկները չեն ցանկանում կամ չեն կարողանում հոգեւոր հովիվներ պատրաստել իրենց հոտից, ապա դժվար կլինի հայր Անդրեի նման գտնել մեկ այլ լեհ, ով թողներ հայրենիքը ու գար ցուրտ Ջավախք՝ կաթոլիկների Տուրցխ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հովվություն անելու:

ՙԵս լեհ եմ, ծնվել եմ Ուկրաինայում: Առաջին անգամ Վրաստան, Թբիլիսի եմ եկել 1987 թ.: Մեկ տարի անց Վատիկանի կարդինալներից մեկը ինձ գործուղեց Ջավախք՝ տեղի կաթոլիկներին սպասավոր ծառայելու: Այդ ժամանակից ի վեր՝ արդեն 20 տարի կլինի, այստեղ եմ՚, ասում է հայր Անդրեն իր հրաշալի, տեղական հայ բարբառով:

Ջավախքի Տուրցխ գյուղը Ախալքալաքից դեպի առողջարանային Բակուրիան տանող ճանապարհին է՝ Մեծ ու Փոքր Սամսար սարերի ստորոտում: Խորհրդային Միության փլուզումից հետո Տուրցխը ուղիղ կիսով չափ դատարկվել է: Ջավախահայությունը՝ առաքելական, թե՝ կաթոլիկ, հեռանում է իր երկրից: Վերջին երկու հարուրամյակի ընթացքում սա նրանց երկրորդ տեղահանումն է: 19-րդ դարի 20-30-ական թթ. հայերը թուրքական ճնշումներից խուսափելու նպատակով Էրզրումից, Կարսից, Արդահանից, Արեւմտյան Հայաստանի այլ բնակավայրերից տեղափոխվում էին Ջավախք, որն այն ժամանակ ռուսական տիրապետության տակ էր:

Օսմանյան դաժան ճնշումներից փրկված կաթոլիկ հայերի սերունդները կրկին վերադառնում են ռուսական տիրապետության տակ, որն այսօր համայն աշխարհին հայտնի է Պուտինյան Ռուսաստան անունով:

Ախալքալաքի, Ախալցխայի ու Նինոծմինդայի շուրջ տասը հայ կաթոլիկ գյուղերում լեհ հոգեւորականից բացի եւս երկու հայ սպասավորներ կան, եւ երեքով շրջում, հովվություն են անում մի քանի հազար կաթոլիկների համար: Բայց կաթոլիկ հովիվների պակասը հայր Անդրեի միակ դժգոհությունը չէ:

ՙՎրաստանի ուղղափառ եկեղեցուց բացի, մյուս բոլոր կրոնական ուղղությունները այս երկրում իրավական կարգավիճակ չունեն: Մենք օդում կախված ենք: Վրաստանում տիրում է ՙօրթոդոքս ժողովրդավարությունը՚, ասում է նա:

2003 թ. սեպտեմբերին Անդրկովկաս այցի շրջանակներում Վատիկանի արտգործնախարար, արքեպիսկոպոս Ժան Լուի Թորանը Թբիլիսիում պետք է ստորագրեր պայմանագիր, որը կկանոնակարգեր Վրաստանում կաթոլիկ եկեղեցու իրավական կարգավիճակը: Այդ պայմանագրի պատրաստումը սկսվել էր դեռ 1999 թ.՝ Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդի Թբիլիսի այցելությունից հետո:

Վատիկանի արտգործնախարարի այցի նախօրեին վրաց կաթողիկոս Իլիա Երկրորդը իր նստավայրում կազմակերպում է ասուլիս եւ հայտարարում, որ Վատիկանի հետ նման պայմանագրի ստորագրման դեպքում կստեղծվի նախադեպ մյուս կրոնական հավատքների համար, եւ Վրաստանը կկանգնի լուրջ խնդիրների առաջ: Այդ օրերին որոշ վրաց գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հրապարակավ քննադատեցին Իլյա Երկրորդին՝ նրան մեղադրելով Վրաստանում ՙօրթոդոքս արմատականություն՚ հաստատելու մեջ:

Վրաստանում վերջին 20 տարիներին կրոնը՝ վրաց ուղղափառությունը, որը քրիստոնեական մյուս ուղղությունների համեմատ խիստ պահպանողական է, մտել է կենցաղ, աշխարհիկ ամեն մի արարողության բաղկացուցիչն են վրաց քահանայի ներկայությունը: Ըստ էության, վրաց ուղղափառությունը համարվում է ազգային գաղափարախոսություն, այդ պատճառով էլ՝ մյուս կրոնները, քրիստոնեական մյուս ուղղությունները ընկալվում են վտանգ վրաց պետականությանը: 2001 թ. ամռանը Սամցխե Ջավախքում նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի լիազոր Գիգլա Բարամիձեն վրաց եկեղեցուց ստացավ պատվոգիր՝ ՙայդ տարածաշրջանում վրաց ուղղափառ եկեղեցու դիրքերն ամրապնդելու գործի համար՚:

Ժան Լուի Թորանին Թբիլիսիի օդակայանում դիմավորում են մոլի հավատացյալ վրացի մի քանի հարյուր ուսանողներ, ապա ցույցերը շարունակվում են Վրաստանի նախագահի նստավայրի, Թբիլիսիում Վատիկանի դեսպանության դիմաց: ՙՎատիկանի պատվիրակությունը խորապես վիրավորված է վրաց ուղղափառ եկեղեցու վերաբերմունքից՚, դադարեցնելով այցը Վրաստան, հայտարարում է Ժան Լուի Թորանը:

Վրաստանում կաթոլիկների թիվը մոտ 50 հազար է, որոնց մի մասը՝ հայեր են: Վերջիններս հայկական իրականության մեջ ավելի հայտնի են ֆրանկ անունով: Այսինքն, եթե Ջավախքում եւ Հայաստանի հյուսիսային շրջաններում (Աշոցք, Գյումրի, Տաշիր) հանդիպում ես հայ մարդու, ով ասում է, որ ինքը ֆրանկ է, ուրեմն՝ նա կաթոլիկ հայ է:

Վերջին տարիներին, սակայն, այդ բառը կամաց-կամաց դուրս է գալիս խոսակցական լեզվից, իսկ հայ առաքելականների ու կաթոլիկների միջեւ տարբերությունների սահմանները վերանում են: Այսօր արդեն Երեւանում ուսանող ջավախքցի կաթոլիկ հայ ուսանողները անկաշկանդ մտնում են առաքելական եկեղեցի, մոմ վառում, իսկ օրինակ, Տուրցխին հարեւան հայ առաքելականների գյուղերից հասնում են Սուրբ Մարիամ Աստվածածին եւ աղոթք ասում, որովհետեւ իրենց գյուղերում եկեղեցի չկա:

Սակայն հումորին վերջ չկա: Երբ օրինակ, Ջավախքի կաթոլիկ հայերին հարցնում ես, թե ինչ տարբերություն հայերի միջեւ՝ լինի կաթոլիկ կամ առաքելական, նրանք պատասխանում են՝ տարբերություն կա, առաքելականները անհավատ են, քիչ են գնում եկեղեցի: Հումորը՝ հումոր, բայց կաթոլիկ հայերն այս կողմերում խնամքով պահում են կաթոլիկ եկեղեցու ծեսերը՝ մահացածի դիակն անպայման դրվում է եկեղեցում, հարսանեկան պսակը ու մյուս արարողությունները անհնար է պատկերացնել առանց վարդապետի:

68-ամյա Պողոս Ալբերտյանը հիշում է, որ երիտասարդ տարիներին տարբերություն դրվել է: ՙՄեր նախնիները եկել են Էրզրումի Վել գյուղից եւ Արդահանից: Այնտեղ էլ մերոնք եղել են կաթոլիկ: Նախկինում շատ քիչ էին դեպքերը, երբ հայն ու ֆրանկը աղջիկ տան, առնեն: Հիմա, թեեւ որոշ բաներ մնացել են, բայց էլ առաջվանը չէ: Հայաստանն էլ տարբերություն չի դնում: Երբ օգնություն են ուղարկում, բաժանում են բոլորին՝ լինի ֆրանկ, թե հայ՚, ասում է Ալբերտյանը:

Ջավախքի կաթոլիկների մի հատված մյուս հայերից տարբերվել է լեզվով: Խոսքը, անշուշտ, բարբառի մասին չէ, որովհետեւ այս կողմերում շատ են հայ բարբառները, երբեմն՝ բավականին տարբեր: Կաթոլիկ հայերի մի մասը եղել է թրքախոս, երբ Արեւմտյան Հայաստանից գաղթել է Ջավախք: Անգամ այսօր, որոշ գյուղերում, տարեցները, սովորույթի ուժով, երբեմն հաղորդակցվում են թուրքերենով:

Ջավախքի չորս հայ կաթոլիկների գյուղեր ժամանակին եղել են թրքախոս` Տուրցխը, Բավրան, Խուլգումոն եւ Կարտիկամը: Այս գյուղերի ծերունիների պատմելով` իրենց նախնիները եղել են առաքելական հայեր: Արդահանի բեկը նրանց արգելել է խոսել հայերեն, իսկ ովքեր համառել են` տուգանք են ստացել: Այսպես` Արդահանի Վել եւ շրջակա մի շարք բնակավայրերի գյուղերը ստիպված սովորում են եւ գործածում են Օսմանյան կայսրության լեզուն, իսկ երբ 19-րդ դարում տեղահանվում են դեպի Ջավախք, արդեն թրքախոս էին:

Կյանքը ծանր է ջավախահայության համար՝ անկախ ազգությունից եւ հավատից ու անգամ՝ լեզվից: Որքան էլ խոսվի հայերի հանդեպ խտրական վերաբերմունքի մասին, միեւնույնն է՝ նույն դժվարություններն ունեն ե՛ւ հայերը, ե՛ւ փոքրաթիվ վրացիներն ու ռուսները (վերջիններս անվանվում են դուխոբորներ, նրանք աղանդավորներ են): Խիստ ձմեռը տեւում է հոկտեմբերից-ապրիլ՝ տարվա կեսը, գործազրկությունը համատարած է, շատերը այլ ելք չգտնելով՝ հեռանում են:

Տուրցխից Ախալքալաքի շրջանային պատգամավոր, այս կողմերում սիրված բժիշկ Արայիկ Ափարյանը հաստատում է, որ հիմնականում հեռանում են Ռուսաստան: Նրանք, ովքեր մնացել են, հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ կարտոֆիլ եւ ցորեն են ցանում, կով ու ոչխար պահում:

ՙ450 ընտանիքից մնացել է 230-ը: Գյուղը օրեցօր վերջանում է: Տուրցխում երիտասարդություն չի մնացել: Մարդիկ տանջանքով են ապրում, երիտասարդները թողել են ծնողներին ու հեռացել՚, տխրությամբ պատմում է Ափարյանը:

Կաթոլիկների Խուլգումո գյուղը Ախալքալաքին ամենամոտ բնակավայրն է, կարելի է ասել՝ քաղաքից բաժանվում է մի փոքր գետով: Քաղաքին մոտ լինելը մի քանի տասնյակ գյուղացիների հնարավորություն է տվել ծառայել ռուսական 62-րդ ռազմակայանում: Այն մինչեւ եկող տարի ապամոնտաժվելու է, իսկ ռազմակայանում ծառայողները, որոնց մի մասը ջավախքահայեր են մնալու են անգործ:

27-ամյա ատամնաբույժ Արթուր Թոփալյանը մտահոգ է: Նա չի կասկածում, որ անգործ զինծառայողները կհամալրեն գործազուրկների բանակը, թեեւ ավելի հակված է մտածելու, որ նրանք էլ կարտագաղթեն Ռուսաստան: Վերջին 15 տարիներին Խուլգումոյի 417 ընտանիքներից ավելի քան 150-ը արդեն արտագաղթել են:

Հավատացյալ խուլգումոցիները ամեն կիրակի ապասում են հայր Անդրեին: Նրանց լեհ բարեկամը եւ հոգեւոր հովիվը ամեն կիրակի պատարագ է մատուցում Սուրբ Ստեփանոս եկեղեցում, որը կառուցվել է 1907 թ.՝ փայտյա մատուռի տեղում: Հավատը ու սերը եկեղեցու նկատմամբ ոչ միայն աստվածասիրության, այլ դժվար ժամանակների նշան է:

Խուլգումոյում արտադրական ձեռնարկություններ չկան, գյուղացիների եկամտի հիմնական աղբյուրը կարտոֆիլն է: Կամ գյուղացիներն իրենք են բերքը հասցնում Թբիլիսիի, Քութայիսի եւ այլ քաղաքաների շուկաներ, կամ էլ վրացի առեւտրականները հասնում են Խուլգումո:

Եկամտի այլ աղբյուր, ինչպես Խուլգումոյում եւ Տուրցխում, այնպես էլ Ջավախքի մյուս գյուղերում, ուղղակի չկա: Երբեմն Վատիկանն է օգնություն ուղարկում՝ ալյուր, շաքար, ձեթ ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, բայց դա չի կարող լրջորեն փոխել հայ կաթոլիկների չարքաշ կյանքը ու տաղտկալի առօրյան:

Թաթուլ Հակոբյան

Այս գրությունը առաջին անգամ տպագրվել է 2009-ի մարտին THE ARMENIAN REPORTER շաբաթաթերթում

Նկարում՝ տեսարան Տուրցխ գյուղից

www.aniarc.am/2015/05/31/cathilic-armenians-in-javakhk-turtskh-tatul-hakobyan-report/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail