«Թուրքիայում ինքնության մասին խոսելը մեծ խիզախություն է». համշենահայ երիտասարդները` իրենց ինքնության մասին*

Տեսարան Խիկո գյուղից

(Վերադարձուած արխիւներ – Archives retournées – Returned Archives:lousavor-avedis.org/?p=)

2015/04/02 – ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ, ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՀԱՄՇԷՆ ԵՒ ՀԱՄՇԷՆՑԻՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ:

Թուրքիայի Արդվին նահանգի Խոպա գավառի Խիկո (այս գյուղը հայտնի է նաև Խիգի, Խիգոբա անվանումներով, իսկ պաշտոնական անվանումը Բաշոբա է-Ակունքի խմբ.) գյուղից 39-ամյա Մեմնունե Շիմշեքը մասնագիտությամբ իրավաբան է և աշխատում է Խոպայի քաղաքապետարանում: Դպրոց հաճախել է հայրենի գյուղում:

Նրա զարմիկը՝ 38-ամյա Ջեսուր Չախալօղլուն, ով նույնպես խիկոցի է, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ է և աշխատում է որպես համակարգչային մասնագետ:

Խոպայում գտնվելու օրերին առանձին հանդիպումներ ունեցանք նրանց հետ և զրուցեցինք համշենական ինքնության մասին:
«Երբ ես փոքր էի, մեր ընտանիքներում առանձնապես չէին արգելում համշենահայերեն խոսել,- մեզ պատմեց Մեմնունե Շիմշեքը,- Հաճելի էր խոսելը. մեր մայրենի լեզուն էր: Խիկոն ավելի ազատ էր այդ առումով, քանի որ մեր գյուղը դպրոց ուներ` Բաշոբայի 8-ամյա դպրոցը, ուր միայն համշենցիներ էին հաճախում: Նախքան սահմանի բացումը (Սարպիի թուրք-վրացական սահմանադուռը բացվել է 1989 թ.-Ակունքի խմբ.) չգիտեինք, որ հայեր գոյություն ունեն: Հետո շփվեցինք ու լեզվի հետ նմանություն նկատեցինք:

Կարծում եմ` հայերի և համշենցիների նմանություններից մեկն էլ առատաձեռնությունն է. «Oրինակ` մենք նույնպես որևէ բան գնելիս մանրը չենք վերցնում: Մեկ այլ նմանություն է հյուրընկալությունը, հյուրասիրությունը»:

Ի պատասխան մեր այն նկատառմանը, թե Խոպայում բացարձակապես չհանդիպեցինք որևէ մուրացկանի, Մեմնունեն նշեց. «Այո՛: Համշենցիների մեջ մուրացկան չկա: Կարծում եմ` հայերի մեջ ևս: Ըստ իս՝ դրա պատճառներից մեկը աշխատասիրությունն է, ինչպես նաև` պատվախնդրությունը»:

Խոպայում չկար նաև որևէ որբանոց: Մեմնունեն մեզ հետ զրույցում հայտնեց, որ երբ, Աստված մի արասցե, որևէ մանկահասակ երեխա զրկվում է իր բոլոր հարազատներից, նրա ազգականների միջից անպատճառ գտնվում է մեկը, ով հանձն է առնում տվյալ մանուկի խնամակալությունը

Չեսուր Չախալօղլու

«Թուրքիայում ինքնության մասին խոսելը մեծ խիզախություն է: Համշենցիների նկատմամբ մեծ ճնշումներ են գործադրվել: Նրանց ներկայացրել են, թե իրենք իբր թե ծագում են օղուզներից,-մեզ հետ հանդիպմանը նշեց Ջեսուր Չախալօղլուն,- Ես իմ ինքնության մասին իմացա միայն այն ժամանակ, երբ գյուղից իջա քաղաք: Իմ հայրը չէր ցանկանում, որ համշենահայերեն խոսենք, քանի որ դա վտանգավոր էր համարում մեզ համար: Մեզ նույնիսկ ծեծում էին համշենահայերեն խոսելու համար:

Իմ մեջ Հայաստանի հանդեպ հետաքրքրություն կա: Ինձ հետաքրքիր են հատկապես մեր ընդհանրությունները, թեև մինչ այս առիթ չէի ունեցել շփվելու Հայաստանի հայերի հետ: Կցանկանամ այցելել Հայաստան»:

Ի պատասխան մեր այն հարցին, թե «Ի՞նչ պետք է անել համշենահայերի ինքնության պահպանման ուղղությամբ, Ջեսուրը նախ կատակով ասաց. «Գոնե չծեծեն իրենց երեխաներին դրա համար»: Ապա շարունակեց. «Ամենամեծ խնդիրն այն է, որ համշենահայերենը գրավոր լեզու չէ: Առաջին հերթին պետք է այբուբեն ստեղծվի, քանի որ բանավոր լեզուն անհետանալու վտանգի առաջ է կանգնած: Կարևոր է համշենական ինքնության և մշակույթի պահպանումը: Մենք յայլաներում ենք դարձել համշենյան ինքնության կրող: Ես, իհարկե, համշենահայերեն կսովորեցնեմ իմ երեխաներին: Դա ավելի դյուրին կլինի, եթե այբուբեն ստեղծվի»:

Զրույցի վերջում٫ անդրադառնալով համշենական մշակույթի առանձնահատկություններին٫ Ջեսուրը շեշտեց. «Համշենի մշակույթն ուրույն է: Օրինակ՝ ինչո՞ւ ենք մենք մինչև հիմա բարձրաձայն խոսում. մեր գյուղերը հեռու են եղել իրարից: Հեռվից ենք միմյանց կանչել… Մենք ուզում ենք, որ պահպանվի մեր մշակույթը…»:

Մելինե Անումյան

Թեհմինե Մարտոյան

Խոպա / 17.03.2015

*Խոպա ուղևորությունն իրականացվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հովանավորությամբ:

Akunq.net

Facebooktwitterredditpinterestlinkedinmail