Ուրարտերենը հնագույն հայերենն է. Ինչո՞ւ հորինեցին «ուրարտերեն» լեզուն

08 ԱՊՐԻԼ 2015 – ՈՒՐԱՐՏԵՐԷՆ:

Ազատ Ձայն»-ն իր ընթեցողին է ներկայացնում «ուրարտերեն» սեպագրերի վերծանման շրջանը. ինչպես վերծանվեցին այդ գրերը, ինչու հորինեցին «ուրարտերեն» լեզուն, ինչպես է ապացուցվում, որ «ուրարտերեն» լեզու գոյություն չունի, այն պարզապես հնագույն Հայաստանի լեզուն է՝ արխայիկ գրաբարը: Ստորև ներկայացնում ենք մեծ հայագետ Սարգիս Այվազյանի ուրարտերենին նվիրված աշխատությունից մի հատված, որտեղ հայագետն ապացուցում է, որ ուրարտերենը հայերեն է:

«1959թ. աշնանը վերծանեցինք հայկական սեպագիրը, որը հետագայում (1963թ.) հրատարակվեց ձեռագրի իրավունքով:

Սեպագրի և ապա Մեծամորում հայտնաբերված գաղափարագրի վերծանումը մեզ հնարավորություն ընձեռեց որոշակի պատկերացում կազմելու Հայաստանում նախամեսրոպյան գրի զարգացման ուղիների մասին:

Հայկական սեպագրի վերծանման հիմքում դրել ենք հնչյունաբանական համապատասխանությունների սկզբունքը: Դա նշանակում է՝ առանձին հնչյուններն ու նրանց կապակցությունները համեմատության մեջ են դրվել սեպագիր նշանների ձևերի հետ:

Այստեղ հնարավոր է երկու ուղի. կարելի է ընդունել, որ «ուրարտերենը» հայերեն չէ (ինչպես և ընդունում են «Ուրարտու» տեսության կողմնակիցները) և «ուրարտերեն» բառերը համեմատել հին հայերեն բառերի հետ: Եթե այդ դեպքում ի հայտ գան բառերի համապատասխանություններ, ապա կարելի կլինի խոսել փոխառության մասին՝ «ուրարտերենից» բառերը հայերենին անցնելու մասին: Նման բառերն ընդունված է անվանել հայերենի «ուրարտիզմներ»: Գր. Ղափանցյանը, վերլուծելով տարբեր հետազոտողների աշխատությունները, հաշվում էր 32 այդպիսի «ուրարտիզմներ»:

Ելնելով վերոհիշյալից՝ կարելի է կատարել «ուրարտերենի» և հին հայերենի բառակազմերի հնչյունաբանական առադրություններ, և եթե համընկնումները բավարար են, ապա գիտությունը կստանա նոր թվով «ուրարտիզմներ»: Սա չափազանց հետաքրքիր խնդիր է, եթե նկատի ունենանք, որ հայերեն բազմահազար բառերի մեջ 1959թ. (երբ ձեռնամուխ եղանք սեպագրի վերծանմանը) «ուրարտիզմների» թիվը սոսկ երեք տասնյակ էր:

Այս ուղին կարող է բացասել «ուրարտերենի» գոյությունը միայն այն դեպքում, եթե պարզվի, որ «ուրարտիզմների» թիվը շատ մեծ է, այսինքն՝ հասնում է մի քանի հարյուրի և կազմում է «ուրարտերենի» մեզ հայտնի բառապաշարի 60-80 տոկոսը: Լեզվաբանության տեսությունը չի ընդունում նման զանգվածային փոխառություններ: Սովորաբար մի լեզվից փոխառությունների քանակը չի անցնում 5-15 տոկոսից, իսկ եթե ավելին է, հարկ է լինում խոսել երկու լեզուների ազգացության և այլնի մասին:

Վերոհիշյալ ուղին բավականին դյուրին է, բայց մենք այն չէինք կարող ընդունել հետևյալ նկատառումներով: Բանն այն է, որ գիտությունը դեռևս չի կարողացել ճշտորեն ասել. հնչյունաբանորեն ճի՞շտ են կարդացվում «ուրարտերեն» բառերը, թե՞ ոչ:

Մենք ուշադրություն դարձրինք լեզվաբանների հետևյալ խոստովանությանը. «Առայժմ… մենք ի վիճակի չենք պարզելու «ուրարտական» նշանների իսկական արտասանությունը և ստիպված ենք դրանց տալ նույն հնչյունային նշանակությունները, որպիսիք նրանք ունեին ասուրերենում»,- ասել է Գ. Մելիքիշվիլին:

Հասկանալի է, որ ոչ մի իմաստ չուներ հնչյունաբանորեն նախապես աղավաղված «ուրարտաբանական» բառակազմը համեմատել հայերենի հետ. չէ՞ որ միայն պատահականությունը կարող էր բառային նմանությունների հանգեցնել, և սրանից հետո հարկ կա՞ զարմանալու, որ այդքան քիչ են «ուրարիզմներ» փնտրել հայերենում, երբ համեմատության օբյեկտը՝ «ուրարտական» բառակազմը, հնչյունաբանորեն աղավաղված է:

Եվ եթե այդպես է, մտածում էինք մենք, ուրեմն պետք է խոստովանել, որ հայերը (կամ «ուրարտացիները», ինչպես նրանց անվանում էին ասուրները), ասուրներից փոխառելով սեպագրերը, որոշ չափով փոխել են այն՝ հարմարեցնելով սեփական լեզվին՝ իրենց լեզվին առանձնահատուկ հնչյուններն արտահայտելու համար: Ճիշտ այնպես, ինչպես ռուսական այբուբենը վերցրած ժողովուրդները, ելնելով իրենց լեզվի առանձնահատկություններից՝ համապատասխան փոփոխությունների են ենթարկել այն:

Այսպիսով, մեր աչքի առաջ հստակ ուրվագծվեց հիմնահարցի անճիշտ ընկալումը: Կարդալով «ուրարտական» բառերը՝ գիտնականներն ակնհայտորեն դրանք արտասանում են սխալ, աղավաղված ձևով: Հայտնի չէ, թե՞ ոչ. սա առաջինը: Եվ երկրորդ՝ «ուրարտական» սեպագիրը գիտնականները կարդում են այնպես, ինչպես այն կկարդային ասուրները՝ ելնելով իրենց սեփական սեպագիր կոդեքսից: Իսկ թե ինչ փոփոխություններ են մտցրել սեպագրի մեջ իրենք՝ «ուրարտացիները» (հայերը), դա գիտությանը հայտնի չէ:
Բայց, այնուամենայնիվ, հնարավո՞ր է որոշել, թե ասորեստանյան սեպագիրը փոխառնելիս, հայերը («ուրարտացիները») ո՞ր նշաններն են փոփոխության ենթարկել և որոնք՝ ոչ: Կամ՝ նման փոփոխություններն ի հայտ բերելու հուսալի ուղիներ կա՞ն արդյոք: Պարզվում է՝ այո՛, կան:

Չէ՞ որ պահպանվել են այնպիսի անվանումներ, որոնց միջոցով անշուշտ կարելի է դատել փոխառման ժամանակ սեպագիր նշանների փոփոխությունների մասին: Մենք ընտրեցինք մի քանի այնպիսի նշանների անվանումներ, որոնց համապատասխանությունները կասկած չէին հարուցում: Դրանցից առաջինը «Բիայնա» անվանումն էր, որը համապատասխանում է հայկական «Վանին»:

Սեպագրություններից մեկում այդ տերմինը գրված է այսպես

KUR bi-a-na [-]
KUR-ը տեղանքի անվան դետերմինատիվն է, ուղղանկյուն փակագծերում՝ քերականական վերջավորությունը:

Հայերենում այս տերմինը հնչում է «Վան», հետևաբար.

1) Bi-վ
2) A-ա
3) Na-ն

Այսպես, ուրեմն, մենք արդեն ունենք հայկական սեպագիր կոդեքսի երեք նշանների ճշգրիտ իմաստները: Ասորեստանյան սեպագրերում «bi» նշանը հայերը վերափոխել են «վ»-ի, «a»-ն փոփոխության չի ենթարկվել, իսկ «na» նշանն արտասանվել է որպես «ն», այսինքն՝ ստացել է այբբենական հնչեղություն:

Վերցնենք հաջորդ տերմինը՝ «Արծբինի», որն անառարկելիորեն նման է հայկական «Արծիվ» բառին:

Վերլուծենք այն.

ar-si-bi-ni
ար-ծ(ի)-վ(ի)-ն(ի)
4) ar=ար
5) si= ծ(ի)
6) =1) bi= վ(ի)
7) ni=ն(ի)
Մեր տրամադրության տակ արդեն ունենք վեց կամ յոթ անվիճելի համապատասխանություններ: Այժմ, օգտվելով հայտնիներից, կարող ենք վերականգնել մյուս սեպագիր նշանների իմաստները:

Վերցնենք «արշե» բառը, որը նշանակում է «պատանյակ»: Այն գրվում է այսպես.

Ar-še

Առաջինը մեզ արդեն հայտնի է. 4) ar=ար: Še նշանի իմաստը հայտնի չէ, բայց կարելի է կարծել, որ այն խիստ փոփոխության չի ենթարկված: Եվ, իսկապես, հայերենում կա «արս» բառը, որը հին հայկական «այր» բառի սեռական հոլովն է (համեմատենք՝ Արս+են=Արսեն):

Հետևաբար կարելի է որոշ հավանականությամբ ասել, որ še=ս (ե): Այժմ տեսնենք, ճի՞շտ է արդյոք մեր ենթադրությունը, կա՞ն այլ բառեր ևս:

Še-ri («առանձին» – հին թարգմանություն)
ս(ե)-ռ(ի)

Հին հայերենում սեռ(ի) նշանակում է «գլխովին», «լիովին»: Եթե վերոհիշյալ բառը մենք տեղադրենք կոնտեքստում, ապա հին ընթերցման՝… «Այն, ինչ զինվորները հափշտակեցին, նրանք տարան առանձին» փոխարեն կստանանք նոր, ավելի ճշտորոշ ընթերցում՝

…Այն, ինչ հափշտակեցին, նրանք տարան լիովին»:
Այժմ մենք կարող ենք գրել մի համապատասխանություն ևս.

8) še-ս(ե):

Ահա մոտավորապես այսպես, քայլ առ քայլ բացահայտելով այն փոփոխությունները, որ կրել էր ասորեստանյան սեպագիր կոդեքսը հայերի մոտ, մենք նշանների թիվը հասցրինք 97-ի, այսինքն՝ արդեն կարելի է համոզված ասել, թե ասուրներից փոխառնված 97 սեպագիր նշաններն ինչպիսի հնչեղություն ունեին հայերի հետ:

Վերծանման բանալին գտնված էր: Այնուհետև սկսվեց աշխատանքի երկրորդ փուլը: Եթե, իսկապես, մեր գտած նշանների արժեքները ճիշտ են, դատում էինք մենք, ապա դրանք, տեղադրելով բոլոր հայտնի բառերի մեջ, մենք պետք է որ ստանայինք ինչ-որ նոր բառեր, որոնք հնչեղությամբ պետք է տարբեր լինեին, իսկ իմաստով՝ նույնը: Այլ կերպ ասած, ընթերցելիս պետք է ստանայինք հայերեն արմատները, իսկ տեքստը մնար անփոփոխ. Չէ՞ որ տեքստերը ստուգված էին երկլեզվյան գրություններով (բիլինգվաներով):

Միաժամանակ յուրաքանչյուր վերծանված բառ ստուգում էր սեպագիր նշանների նոր ընթերցման բանալու ճիշտ լինելը: Եթե մենք սխալվեինք թեկուզ մեկ նշանում, ապա այն, մի քանի անգամ կրկնելով տարբեր բառերում, կհանգեցներ արմատների, ուրեմն և, տեքստի աղավաղման:

Նշանների մեր գտած արժեքները տեղադրելով սեպագիր տեքստերի մեջ՝ մենք ստացանք հայերեն արմատներով 550 բառ, անուն և աշխարհագրական անվանումներ (բոլոր հայտնի բառերի 85 տոկոսը): Նոր գտնված բառերն իրենց իմաստով կամ կրկնում էին հներին, կամ ճշտում էին դրանք, որը վերծանման ճիշտ լինելու լավագույն ապացույցն էր:

Ստորև լուսաբանման համար կապակցված տեքստի մի հատված է բերվում, այսպես կոչված, Խոռխոռյան տարեգրությունից (Վանի մոտ գտնվող Խոռխոռունիք տանող ճանապարհին խոյացող ժայռի սեպագիր արձանագրությունից):

Հարկավոր է նկատի ունենալ, որ վերոհիշյալ տեքստում եղած հայերեն արմատները հազար տարուց ավելի հին են մեզ հայտնի մեսրոպյան գրություններում եղածներից: Այդ արմատները գրաբարից առավել հին են, ավելի շուտ դա արխայիկ գրաբար է, ուստի դրանք հանդիպում են կամ բարբառներում, կամ քիչ թե շատ աղավաղված ձևով՝ սակավ օգտագործվող բառերում:

Ահա Խոռխոռյան տարեգրության սկիզբը մեր ընթերցմամբ.

«Արգիստը աղե… սայթայեցի, ամրոցը հարեցի, այս ի… ավանը ատայեցի, պատառները ամաստայեցի, 3270 տարսա, ալք ցասքայեցի, ալք շենքերի ագայեցի»:

Նույն տեքստը ժամանակակից հայերենով (մեր ընթերցմամբ).

«Արգիստը ասում է… Ես ետ շպրտեցի, ամրոցին ես հարվածեցի, այս երկիրը ես կերա (ավերեցի), քաղաքները կործաներցի, 3270 չափահաս մարդ (գերեվարեցի), այլոց սպանեցի, այլոց էլ կենդանի առևանգեցի»:

Նույն տեքստը հին թարգմանությամբ.

«Արգիշտին ասում է… Ես ետ շպրտեցի. Ամրոցը ես նվաճեցի, տեղում (՞)…երկիրը ավերեցի, քաղաքները հրդեհեցի, 3270 մարդ (գերեվարեցի), ոմանց սպանեցի, ոմանց էլ կենդանի առևանգեցի»:

Իսկ այժմ, օգտվելով Ստ. Մալխասյանցի «Հայոց լեզվի բացատրական բառարանից» և Հ. Աճառյանի «Հայերենի արմատական բառարանից», որոշենք այդ բարեի նշանակությունները.

1) Արգիստ արմատն է «արգի» – արեգ-արև (համեմատենք «Գալուստ» հայկական անվան հետ):

2) աղե- պահպանվել է որպես «աղ+աղ+ակ», որը հնում կարող էր նշանակել «ասել», «խոսել»:

3) սայթա [յեցի] = սայթաք [ել]- «շպրտել», «խոտորել»:

4) հար [եցի] = հար [ել]- «ուժեղ հարվածել»:

5) ատա [յեցի]= համեմատենք ուտ[ել]- ուն- «կերա»:

6) պատառ [ներ]= պատ + առ = պատառնուլ- «պարսպապատված», այսինքն՝ «քաղաք»:

7) ամաստա [յեցի]= ամ (ա)+ աստալ- «կործանել»:

8) տարսա = տարս- «տարեց մարդ», «չափահաս մարդ»:

9) այլք= «այլ», «ուրիշ»:

10) ցասքա [յեցի]= ցասք- «ցասումն»:

11) շենհերի = շեն+հերի- «կենդանի»:

12) ագա [յեցի]= ագահել- «հափշտակել», «առևանգել»:

Ինչպես տեսնում ենք, բերված հատվածի բոլոր 12 բառերն էլ հայերեն արմատներ ունեն:

Ահա և Երևանի «ծննդյան վկայականը» մեր թարգմանությամ, վերցված դարձյալ Խոռխոռյան տարեգրությունից (2-րդ սյունակ, 32-37 տողեր).

«Հայկին բարշեն, Արգիստը Մինայի (որդին) աղե. Քաղաք Երվունին շենքաստավի Վանա երկրին ուժաշեն, ղուլան երկրները նայահայեցի. Քորանը քոլքինեցի այնու, առի շենիթառի իստին: Հզոր առնաշեն ցաթավի իստին, 6600 գանաշեն այրձգավի իստին Հաթե (և) Ծոփան երկրներից»:

Նույն տեքստը ժամանակակից հայերենով (մեր ընթերցմամբ).

«Հրամանատու Հայկ աստծուն ասում է Արգիստը՝ Մինայի որդին, քաղաք Երվունին ես կառուցեցի հզորագույն Վան երկրի (համար), սարսափի մատնեցի թշնամյաց երկրները, նրանց հողը ամայացրի, չթողեցի շինություն այնտեղ, մեծամեծ սխրագործություններ կատարեցի այնտեղ, 6600 ռազմիկ բնակեցրի այնտեղ՝ Հաթե և Ծոփան երկրներից»:

Հին թարգմանությունը.

«Խալդի աստծո հրամանով Արգիշտին՝ Մենուայի որդին, ասում է. Քաղաք Իրպունին ես կառուցեցի հանուն Բիայնիլի երկրի հզորության (և) թշնամական երկիրը հնազանդեցնելու (՞) համար: Հողն այնտեղ ամայի էր (՞), (և) այնտեղ ոչինչ (մինչ այդ) չէր կառուցված: Մեծամեծ գործեր ես այնտեղ կատարեցի. 6 (՞) հազար, 600 ռազմիկներ բնակեցրի այնտեղ՝ Հաթե՞ (և) Ծուպանի երկրներից»:

Հայկական սեպագրերի վերծանումը ցույց տվեց, որ հայերենից զատ, հայերենից տարբերվող «ուրարտական» լեզու գոյություն չունի, որ հայկական սեպագիր լեզուն հենց սեպագիր շրջանի՝ Հնագույն Հայաստանի լեզուն է:

Ապագա հետազոտողներին հարկ կլինի հետևել լեզվի քերականական կառուցվածքի զարգացման ավելի քան հազարամյա ուղուն, որն ընդգրկում է մեր թվարկությունից առաջ VII դարից մինչև մեր թվարկության V դարը: Այդ տեսակետից խիստ արժեքավոր նյութ են հայկական բարբառները, քանի որ հենց նրանք են պահպանում լեզվում երբեմնի իշխող հազվադեպ նմուշները»:

Պատրաստեց՝ Լիլիթ Մխիթարյանը

www.magaghat.am/archives/22167

Facebooktwitterredditpinterestlinkedinmail