Պոլիտիցիդը Հայոց ցեղասպանության համատեքստում. արևմտահայ մտավորականության ոչնչացումը Օսմանյան կայսրությունում

2014/04/22 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ:

Մելինե Անումյան

Պատմական գիտությունների թեկնածու

Զեկուցումը ներկայացվել է սույն թվականի ապրիլի 21-22-ին Երևանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից կազմակերպված «Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատը. Ցեղասպանություն, փախստականներ եւ մարդասիրական օգնություն» խորագրով միջազգային գիտաժողովում:

Պոլիտիցիդ կամ քաղաքական սպանություն` ցեղասպանագիտության մեջ հենց այս եզրով է սահմանվում ցեղասպանության զոհ հանդիսացող ազգի կամ ժողովրդի ազգային, քաղաքական, հասարակական, ռազմական, գիտական և մշակութային գործիչների կանխամտածված ու զանգվածային ոչնչացումը ցեղասպանությունն իրականացնող դահճի կողմից: Նպատակը մեկն է` ցեղասպանության իրագործումից առաջ կամ ընթացքում զրկել տվյալ էթնոսին ինքնապաշտպանության կազմակերպումն ստանձնելու կարող ուժից:
Պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի բնորոշմամբ` «Քաղաքական սպանության նպատակն է գլխատել ցեղասպանության ենթակա ազգին և կոտրել նրա դիմադրողական ոգին, որը գործողությունների ազատության լայն դաշտ է ստեղծում ցեղասպանությունը կիրառող պետությունների և կառավարությունների համար` զանգվածային սպանդ կազմակերպելու առումով»:

Հայոց ցեղասպանության դեպքում պոլիտիցիդի մեկնարկը տրվեց Մեծ եղեռնի ոգեկոչման օր համարվող 1915 թ. ապրիլի 24-ին, երբ սկիզբ դրվեց հայ քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների զանգվածային բնաջնջմանը: Հարվածն ուժգին էր հատկապես Կոստանդնուպոլսում, որտեղ բնակվում էր հայ մտավորականության սերուցքը` բազմաթիվ գրողներ, արվեստագետներ և գիտնականներ:

Հայ ականավոր գործիչների ձերբակալություններն այստեղ անձամբ ղեկավարում էր Ստամբուլի ոստիկանապետ Բեդրի բեյը: Նրան աջակցում էին քաղաքական գծով իր տեղակալը` Ռեշադը, և ընդհանուր անվտանգության պետ Ջանփոլադը: Ըստ երիտթուրքական իշխանությունների կողմից կանխավ պատրաստված սև ցուցակների` հատուկ կնքված ծրարներ էին ուղարկվել ոստիկանական բոլոր տեղամասեր:

Հին տոմարով 1915 թ. ապրիլի 11-ին, 12-ին և 13-ին տեղի ունեցան հայ քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների բազմաթիվ ձերբակալություններ: Այդ կալանավորումների մասին հետևյալն է պատմում Հայոց ցեղասպանությունը վերապրած մտավորականներից ազգային երեսփոխան Բյուզանդ Բոզաջյանը. «Վերջապէս երբ գրասենեակ հասայ, հոն լիուլի տեղեկութիւն առի թէ ո՛ր դասակարգի անձնաւորութիւնք ձերբակալուած էին, եւ այն ատեն միայն համոզում գոյացուցի, թէ քաղաքական նշանակութիւն ունեցող դէպք մըն էր այս: Նախասկիզբն էր հայ տարագրութեան դժոխային ծրագրին, զոր Իթթիհատական Կուսակցութեան դաւաճան պետերը պատրաստած էին Գերմանիոյ դժոխմբեր խորհրդով»:

Ձերբակալված հայ մտավորականների առաջին խումբը, որը շուրջ 200 հոգի էր կազմում, ազատազրկվեց Ստամբուլի կենտրոնական բանտում` մեհթերհանեում: Կալանավոր 5 հայ հոգևորականներից ծայրագույն վարդապետ Գրիգորիս Պալաքյանը, ով հրաշքով փրկվել է Եղեռնից, վերհիշում է. «…ահա բանտին հսկայ երկաթեայ դռներն չարագուշակ ճռինչով մը կրկին բացուեցան: Խուռներամ ներս հրուեցան բազմաթիւ դէմքեր, ամէնքն ալ ծանօթ յեղափոխական պետեր, հանրային գործիչներ եւ անկուսակցական եւ նոյնիսկ հակակուսակցական մտաւորականներ: (…) Ամէնքս ալ հետամուտ էինք լուծելու այս առեղծուածը եւ պատասխան կը փնտռէինք սա հարցերուն, բայց ինչո՞ւ աս հարիւրաւոր ձերբակալութիւնները, եւ արդեօք ի՞նչ պիտի ըլլայ ասոր վախճանը»:

Քսանչորսժամյա բանտարկությունից հետո, 1915 թ. ապրիլի 25-ին ձերբակալված քաղաքական, հասարակական և մշակութային գործիչները տարվում են Ստամբուլի Հայդարփաշա երկաթուղային կայարան, որտեղից էլ գնացքներով աքսորվում: Հայ ականավոր գործիչների մի մասը` 75 հոգի, ճանապարհին առանձնացվում է և ուղարկվում Այաշ, իսկ մյուս մասը` Անկարա:

Այաշ աքսորվածներին տեղավորում են սույն քաղաքի ծայրամասում գտնվող «Սարը քըշլա» զորանոցում և ենթարկում ահավոր տանջանքների: Այաշի աքսորյալների շարքում են եղել հայ մտքի այնպիսի ականավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են հայտնի դաշնակցական գործիչներ Խաչատուր Մամուլյանը (Ակնունի), Գարեգին Խաժակը, Ռուբեն Զարդարյանը, Սարգիս Մինասյանը, ազգային երեսփոխաններ Հարություն Ջանգյուլյանը, Նազարեթ Տաղավարյանը, Համբարձում Բոյաջյանը (Մեծն Մուրադ), բանաստեղծ Սիամանթոն, դերասան Ենովք Շահենը, վիպագիր Սմբատ Բյուրատը, բժիշկներ Խաչիկ Պարտիզակյանը, Կարապետ Փաշայանը, Տիգրան Ալլահվերդին և այլք: Նրանց շարքում գտնվող Բյուզանդ Բոզաջյանի խոսքերով` «Այաշի մէջ բանտարկուած էին հայ մտաւորական դասակարգին ամէնէն կարկառուն դէմքերը, զոր կառավարութիւնը «քաղաքական յանցապարտ» տիտղոսով որակած էր»:

Այաշի կալանավորներից հնչակյան գործիչ Համբարձում Բոյաջյանը կառավարության որոշմամբ ուղարկվեց Կեսարիա` իբրև թե տեղի ռազմական արտակարգ ատյանում դատվելու համար, սակայն կախաղան բարձրացվեց:

Այաշի աքսորյալները երբեմն խորհրդակցական գաղտնի ժողովներ էին գումարում այստեղ` Խաժակի կամ Ակնունու նախագահությամբ: Նման հավաքներից մեկի ժամանակ կայացված որոշման համաձայն` նրանք հեռագրով դիմեցին Ներքին գործերի նախարարություն` խնդրելով կա՛մ դատել իրենց, կա՛մ ազատ արձակել, սակայն` ապարդյուն: 1915 թ. օգոստոսի կեսերին Անկարայի փոխնահանգապետ Աթըֆի հրամանով Այաշի աքսորյալները սպանվել են` քարկոծվելով և սվինահար արվելով: Ուշագրավ է, որ այաշցի տասնապետ Ֆաշիլօղլու Ռեֆիքը չի ցանկացել կրակել հայ երևելիների վրա, սակայն կատաղի կոմիսար Զեքի Հասանը և չավուշ Հուրշիդը գազանաբար կոտորել են նրանց:

Տարագրյալ մտավորականների մյուս խումբը (մոտ 150 հոգի) ուղարկվեց Չանքըրը: Այս խմբում էին գտնվում հայ մտավորական սերուցքի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Կոմիտաս վարդապետը, ծայրագույն վարդապետ Գրիգորիս Պալաքյանը, հայ ականավոր բանաստեղծ ու բժիշկ Ռուբեն Չիլինգիրյանը (Ռուբեն Սևակ), բանաստեղծ ու դաշնակցական գործիչ Դանիել Վարուժանը, փաստաբան Գասպար Չերազը, «Սաբահ» պարբերականի խմբագիր և Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար Տիրան Քելեքյանը, «Բյուզանդիոն» թերթի խմբագիր Բյուզանդ Քեչյանը, ուսուցիչ և դաշնակցական գործիչ Արմենակ Բարսեղյանը, «Ոստանի» խմբագիր Միքայել Շամդանջյանը, հրապարակախոս և պատմաբան Արամ Անտոնյանը, ուսուցիչ և դաշնակցական գործիչ Մովսես Պետրոսյանը, հնչակյան գործիչ Սամվել Թոմաջանյանը, դեղագործ և հանրային գործիչ Վահրամ Աստուրյանը, ճարտարապետներ Սիմոն Մելքոնյանը և Մանուկ Բասմաջյանը, օսմանյան բանկի պաշտոնյա Վաղինակ Պարտիզպանյանը և ուրիշներ:

Նրանց մի մասին բաժանեցին երկու քարավանների, որոնցից առաջինում 52 հոգի էին, երկրորդում` 24: Այս երկու քարավաններն էլ աքսորվեցին Դեր Զոր: Առաջին քարավանից միայն Պարոնյան անվամբ մի հայ բողոքական գրավաճառ ազատվեց աքսորից` իր հղած բազմաթիվ դիմումների շնորհիվ, և վերադարձավ Ստամբուլ: Առաջին խմբի մնացած բոլոր անդամներն անգթաբար սպանվեցին Էլբիստանի ճանապարհներին: Իսկ երկրորդ քարավանից փրկվեց միայն Արամ Անտոնյանը, ով հիվանդանոց տեղափոխվեց` ճամփին ոտքը կոտրելու պատճառով: Երկրորդ խմբի մյուս բոլոր մտավորականները բերվեցին Էլմա լեռան ստորոտ և սրախողխող արվեցին:

Նրանցից 37 հոգի էին մնացել, այդ թվում` Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանն ու Տիրան Քելեքյանը: 37 հոգու ազատ արձակելու և Ստամբուլից բացի` ցանկացած տեղ գնալ թույլատրելու հրաման էր եկել: Սույն ցանկում ընդգրկված 5 անձինք արդեն իսկ կա՛մ Պոլիս էին մեկնել, կա՛մ էլ մյուս քարավանների մաս կազմել: Սակայն դրանց փոխարեն ազատ արձակման ենթակա անձանց ցանկում բացակայում էին 5 մտավորականների անուններ, որոնց մեջ էին նաև Դանիել Վարուժանն ու Ռուբեն Սևակը: Վերջիններս հեռագրով դիմեցին Ստամբուլ` Ներքին գործերի նախարարություն, որպեսզի իրենց ևս ընդգրկեն այդ ցանկում: Սակայն Չանքըրըի` Միություն և առաջադիմություն կուսակցության պատասխանատու քարտուղար Ջեմալ Օղուզի գործադրած ջանքերով որոշվեց, որ այդ հինգը տեղափոխվեն Այաշ: Կարծես ճակատագրի չար քմահաճույքով նրանց մեկնելուց ընդամենը մեկ օր հետո Ստամբուլից հեռագրի պատասխան ստացվեց, որ այդ հինգը ևս, մյուս 22-ի նման, ազատվեն աքսորից:

Սակայն նրանք գազանաբար սպանվեցին 1915 թ. օգոստոսի 13-ին Թունեյ գյուղի ձորակում: Նրանց վրա հարձակվեցին դաշույններով զինված քրդերը` ավազակ Հալոյի գլխավորությամբ, հայ աքսորյալներին իջեցրին ձորը և սրախողխող արեցին: Ուշագրավ է, որ մինչ այդ Ռուբեն Սևակը մահից փրկել էր քուրդ Հալոյի աղջկան: Քուրդ ավազակը հայ բժշկին առաջարկել էր մահմեդականություն ընդունել և իր դստերը կնության առնել` անխուսափելի մահից ազատվելու համար, սակայն կտրուկ մերժում էր ստացել:

37 հոգուն ազատ արձակելու մասին հիշյալ որոշումը ևս զուտ ձևական բնույթ էր կրում, քանի որ իրականում նրանք կաշկանդված էին հազար ու մի արգելքներով և շարունակում էին հալածանքների ենթարկվել: Նրանց մեծ մասն սպանվեց փոխադրության անվան տակ: Այդ սպանվածների մեջ էր նաև Տիրան Քելեքյանը, ով 30 տարի շարունակ պատմություն էր դասավանդել օսմանյան համալսարանում, խմբագրել «Սաբահ» օրաթերթը, կազմել ֆրանս-օսմաներեն բառարան: Նրան սպանեցին Սեբաստիայում` Ալիս գետի կամրջի մոտ:

Նշենք, որ Չանքըրըի` Միություն և առաջադիմություն կուսակցության պատասխանատու քարտուղար Ջեմալ Օղուզը հետագայում` 1919-1920 թվականներին, դատվել է Օսմանյան կայսրության Ռազմական արտակարգ ատյանի կողմից` Ստամբուլից Չանքըրը աքսորված հայերի սպանության մեղադրանքով: Նրա գործը նախ քննվել է Միություն և առաջադիմություն կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների դատավարության շրջանակներում:

Ամբաստանյալ Ջեմալ Օղուզը 1919 թ. դեկտեմբերի ու 1920 թ. հունվարի դատական նիստերի ընթացքում ձևացրել է, թե խելագարվել է, անընդհատ վիճաբանել դատարանի նախագահի հետ և մինչև իսկ ինքնասպանության փորձ արել: Ի վերջո նա կարողացել է համոզել դատարանի կազմին, որ իրեն ուղարկեն հոգեբուժարան: Թեև սկզբում ատյանը մերժել է նրա դիմումը, սակայն տասներորդ նիստում (1919 թ. դեկտեմբերի 29) նրա դատական գործն «առողջական խնդիրների» պատրվակով առանձնացվել է պատասխանատու քարտուղարների դատական գործընթացից:

Ջեմալ Օղուզի առանձին դատաքննությունը վերսկսվել է 1920 թ. հունվարի 27-ին: 1920 թ. փետրվարի 3-ի նիստում մեղադրյալի դեմ վկայություն է տվել հայ փաստաբան Գասպար Չերազը, ով դատարանին հայտնել է, թե ինքը Չանքըրը աքսորված լինելու պատճառով քաջատեղյակ է Դանիել Վարուժանի և Ռուբեն Սևակի սպանության մանրամասներին: Ըստ վկայի` Ջեմալ Օղուզն ինքն էր ուղարկել հայ մեծանուն բանաստեղծներին` այդպիսով կազմակերպելով նրանց սպանությունը: Գասպար Չերազը վկայություն է տվել` բոլոր փաստերի մասին դատարանին հայտնելով ճշգրիտ թվականներ և անուններ:

Հաջորդ նիստում, որը կայացել է 1920 թ. փետրվարի 5-ին, Ջեմալ Օղուզի դեմ ուղղված վկայությամբ է հանդես եկել Միքայել Շամդանջյանը, ով հաստատել է, թե հայ աքսորյալների երկու խմբերի ցանկերը (24 և 52 հոգանոց) կազմվել էին Չանքըրըում` Ջեմալ Օղուզի կողմից, ով ավելի զորավոր էր, քան Չանքըրըի մութասարիֆ Ասաֆ բեյը: Ջեմալ Օղուզը 1920 թ. մայիսին դատաքննվել է հարյուրապետ Նուրեդդինի հետ միասին:

1920 թ. մայիսի 27-ին նրան դուրս են գրել հիվանդանոցից և վերստին բերել կենտրոնական բանտ, քանի որ դատարանը նրան դատապարտել էր 5 տարի և 4 ամիս ազատազրկման, ապա Մեծ Բրիտանիայի Գերագույն կոմիսարության պահանջով` 1920 թ. օգոստոսի 2-ին նա հանձնվել է անգլիացիներին, ովքեր նույն տարվա սեպտեմբերի 30-ին հայերի կոտորածների մեջ մեղադրվող մի շարք այլ թուրք պաշտոնյաների հետ նրան էլ են աքսորել Մալթա:

Հայոց ցեղասպանության համատեքստում կիրառված պոլիտիցիդի ընդգծված օրինակ է նաև Փարամազի գլխավորությամբ 20 հնչակյան գործիչների մահապատիժը, ովքեր կախաղան բարձրացվեցին 1915 թ. հունիսի 15-ին` Պոլսի Սուլթան Բայազետ հրապարակում:
Հարկ է նշել, որ 1915-ին զանգվածաբար ձերբակալվեցին, աքսորվեցին և կոտորվեցին ոչ միայն Կոստանդնուպոլսի, այլ նաև գավառների հայ մտավորականները` բազմաթիվ գրողներ, մանկավարժներ, հասարակական գործիչներ (մոտ 800 հոգի): Նրանց մեջ էին Երուխանը, Թլկատինցին և ուրիշներ:

Ցանկանում ենք առանձնահատուկ անդրադառնալ նաև օսմանյան խորհրդարանի անդամներից ականավոր գրող, իրավաբան և հրապարակախոս Գրիգոր Զոհրապի և դաշնակցական գործիչ Վարդգես Սերենգուլյանի եղերական վախճանին: Նրանք մեղադրվում էին, այսպես կոչված, «պետական հանցագործության» մեջ և պետք է ներկայանային Դիարբեքիրի ռազմական արտակարգ ատյանին: Նրանց Ադանայի և Հալեպի վրայով տարան Ուրֆա, ապա տեղափոխեցին այստեղից մեկ ժամ հեռավորության վրա գտնվող Քարաքյոփրյու վայրը, որտեղ արդեն պատրաստ կանգնած էին զինված ավազակախմբերը` Չերքեզ Ահմեդի գլխավորությամբ, ով սպանեց նրանց` անասելի տանջանքների ենթարկելով:

Ուշագրավ է, որ երիտթուրքական առաջնորդների հրամանով Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորներ Գրիգոր Զոհրապին և Վարդգես Սերենգուլյանին սպանած և իթթիհադականների այլ քաղաքական հանցագործությունների իրագործման հարցում մեծ դեր կատարած Չերքեզ Ահմեդը, կենտրոնական կոմիտեի համար խնդիր չդառնալու նպատակով շատ չանցած հանձնվել է ռազմական դատարանին և 1915 թ. սեպտեմբերի 17-ին մահապատժի ենթարկվել: Ներքին գործերի նախարար Թալեաթը Ջեմալ փաշային մի հեռագիր հղելով` շեշտել է. «Նրա չեզոքացումը անհրաժեշտություն է: Հակառակ դեպքում նա խիստ վնասակար կարող է լինել հետագայում»:

Ամփոփելով նշենք, որ Մեծ եղեռնի ժամանակ նահատակված հայ ականավոր գործիչներից շատերը, ականատեսների վկայությամբ, մահից առաջ ափսոսանք են հայտնել` իրենց գործունեությամբ նաև թուրքերին ծառայած լինելու համար: Եթե ընկալելի է Հայոց ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրության մշակույթը զարգացրած արևմտահայ մտավորականության դյուրահավատությունը, ապա լրիվ անհասկանալի են թվում այն հայ գիտնականներն ու արվեստի գործիչները, ովքեր վերստին մեծ ներդրում ունեցան Թուրքիայի Հանրապետության գիտության և մշակույթի մեջ: Իսկ նմանների թիվը, զարմանալիորեն, փոքր չէ:

Հայոց ցեղասպանության ժամանակ կիրառված պոլիտիցիդի հիմնական հետևանքը եղավ ոչ միայն Մեծ եղեռնի ընթացքում և անմիջապես հետո արևմտահայության գլխատումը, այլ նաև` հետագա տասնամյակներին Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հայության, հատկապես պոլսահայության ապաքաղաքականացումը: Հիրավի, վերջին հարյուրամյակում, չնայած պոլսահայ համայնքի ոչ սակավ թվին, Թուրքիայի հայերի կողմից չի հիմնվել որևէ քաղաքական կուսակցություն: Միայն վերջին տարիներին, պայմանավորված Թուրքիայի` ԵՄ-ի անդամակցության գործընթացով, ստեղծվել են մի քանի հայկական հայրենակցական միություններ, որոնց գործունեությունը, սակայն, անհնար է բնորոշել որպես քաղաքական:

Հարկ է նաև շեշտել, որ պոլսահայությանն ուղղված պոլիտիցիդի երևույթը նկատելի է անգամ մերօրյա Թուրքիայում: Թե՛ «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը 2007 թ. հունվարի 19-ին և թե՛ վերջերս պոլսահայ լեզվաբան Սևան Նշանյանի ազատազրկումը պետք է դիտարկել որպես քաղաքական սպանության մասնավոր դեպքեր:

Վերջապես, անհնար է անգամ պատկերացնել, թե հայկական և համաշխարհային մշակույթի մեջ դեռ որքան մեծ ներդրում կունենային Հայոց ցեղասպանության ժամանակ Կոմիտասի նման հոգեցնցում ապրած կամ նահատակված հայ արվեստի և մշակույթի գործիչներից շատերը, եթե նրանց ապրելու և արարելու հնարավորություն տրվեր:

Akunq.net

Facebooktwitterredditpinterestlinkedinmail