12.11.2018 | Մեկնաբան | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ,
Հաջորդ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ կայցելի Բելառուս: Ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերում են Ալեքսանդր Լուկաշենկոյի բառերը. «Դուք մեր բարեկամներն եք, եւ մենք միշտ պարտաստ ենք ընդառաջել ձեզ: Իլհամ Հեյդարովիչի հետ պայմանավովարծությունը սուրբ է: Ադրբեջանի ու Բելառուսի հարաբերություններում փակ թեմաներ չկան»:
Անցած շաբաթ Աստանայում կայացել է ՀԱՊԿ վեհաժողովը, որը կարելի է համարել ամենաձախողվածը: Չի հաջողվել համաձայնեցնել համատեղ ՀՕՊ եւ ՀՀՊ հարցը, որը Մոսկվան էր ցանկանում: Լուկաշենկոն եւ Նազարբաեւը չեն կարողացել կազմակերպել Ադրբեջանի նախագահի այցը Աստանա եւ նրան ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակ շնորհել: Նախագահները չեն կարողացել նաեւ Բելառուսի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակել:
Փորձագետները նշում են, որ պատճառը Նիկոլ Փաշինյանի անսպասելի կիրառած վետոն է:
Աստանայում պարտությունից հետո Լուկաշենկոն Ալիեւի հետ ո՞ր «սուրբ» պայմանավորվածությունների մասին է հիշել: Շատերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածու Վյաչեսլավ Զասին համարում են Ադրբեջանին բելառուսական Պոլոնեզներ վաճառելու պայմանագրի «կնքահայրը»: Մինսկն ու Բաքուն մտադի՞ր են «ի հեճուկս Հայաստանի» պայմանավորվել սպառազինության նոր խմբաքանակի մատակարարման շուրջ:
Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սպառազինության մրցավազքը, իհարկե, քաղաքականության կարեւոր գործոն են, բայց եթե Մինսկը շարունակի զենք վաճառել Ադրբեջանին, սպառազինության նոր մրցավազքը կարող է վերջ դնել տարածաշրջանում ստատուս-քվոյին: Վերջերս ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երեւանում բաց տեքստով հայտարարել է Հայաստանին սպառազինություն վաճառելու ԱՄՆ պատրաստակամության մասին: Դա ամբողջությամբ փոխում է դասավորությունը:
Մինչեւ հիմա արեւմտյան երկրները զենք չեն վաճառել ղարաբաղյան հակամարտության կողմերին, եւ դա թույլ է տվել ՀԱՊԿ երկրներին, մասնավորապես՝ Ռուսաստանին եւ Բելառուսին, Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառելու մենաշնորհ պահպանել:
Հավասարակշռությունը կոտրել է Իսրայելը, որն Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն է վաճառել: Հավասարակշռության խախտման հետեւանքով Բաքուն հնարավոր համարեց 2016 թվականի ապրիլին հարձակում ձեռնարկելը: Երբ Հայաստանը հետ մղեց հարձակումը, Ռուսաստանը ստիպված էր վերականգնել հավասարակշռությունը՝ Հայաստանին Իսկանդեր մատակարարելով:
Այս տարի Բելառուսն Ադրբեջանին Պոլոնեզ է վաճառել, որը համեմատելի է Իսկանդերի հետ: Դա նորից համարձակություն է հաղորդել Ադրբեջանին: Հիմա էլ Ադրբեջանին որոշել են ընդունել ՀԱՊԿ-ում:
ԱՄՆ-ն խոսում է Հայաստանին սպառազինություն վաճառելու հնարավորության մասին, ինչը նշանակում է, որ տարածաշրջանում կարող է հայտնվել նոր հզոր խաղացող, որն ընդունակ է լիովին փոխել հավասրակշռությունը:
Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Աստանայում ՀԱՊԿ վեհաժողովին Լուկաշենկոն եւ Փաշինյանը վիճել են: Եթե Լուկաշենկոն որոշի Ադրբեջանին սպառազինության նոր խմբաքանակ վաճառել, դա կարող է ՀԱՊԿ դագաղին վերջին մեխը լինել: Նիկոլ Փաշինյանը կարող է բազմաթիվ անգամ կիրառել վետոյի իրավունքը՝ տորպեդահարելով ՀԱՊԿ որոշումները: Նիկոլի վետոն սարսափելի ուժ է: Այն կարող է վիժեցնել բռնապետերի ծրագրերը, որոնք սովոր չեն պարտվել իրենց կիսադաշտում:
lragir.am/2018/11/12/394672/